Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Հանեք «սև ակնոցները», հարգելի «կանաչներ», դրանք փչացնում են ոչ միայն տեսողությունը

Հանեք «սև ակնոցները», հարգելի «կանաչներ», դրանք փչացնում են ոչ միայն տեսողությունը
16.12.2008 | 00:00

ԱՄԲՈԽԱՀԱՃՈ ԱՃՊԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Ինչ ուզում եք ասեք, հնարամիտ ժողովուրդ ենք հայերս։ Մանավանդ, երբ բանը հասնում է նորին մեծություն շահին։ Եվ կարևոր չէ, թե ինչ դիմակի տակ է թաքնվում այդ շահ կոչվածը. փողի՞, մանդատի՞, աթոռի՞, կոչմա՞ն։ Վերջին հաշվով, սրանք բոլորն էլ նույն մեդալի տարբեր երեսներն են ու ծառայում են մեկ նպատակի` տաքուկ մի անկյուն ապահովել այս մեղսոտ-մեղավոր աշխարհի վրա։ Դե, իսկ երբ գալիս մեկտեղվում, միավորվում են մի քանի շահեր, այն էլ` քաղաքական, հնարամտությունն իր կերպը փոխում, վերածվում է պարզունակ դեմագոգիայի, որի մաղով ինչ ասես կարող ես անցկացնել, այդ թվում` բացահայտ ապատեղեկատվություն, ընդ որում` մաքուր ճշմարտության քողի տակ։
Ասվածի լավագույն ապացույցը խորհրդարանական վերջին լսումներն էին` Հայ հեղափոխական դաշնակցության խորհրդարանական ֆրակցիայի նախաձեռնությամբ։ Թեման` մայրաքաղաք Երևանի էկոլոգիական վիճակն ու այս ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը։ Առաջին հայացքից խիստ ազգաշահ մի նախաձեռնություն` 118-ամյա ազգային կուսակցության պատկառելի տարիքին ու հեղափոխական ոգուն համարժեք։ Բայց միայն առաջին հայացքից, քանզի լսումների իրական շարժառիթը ոչ թե էկոլոգիական, այլ քաղաքական էր, և դրա թիկունքում էլ ոչ թե ՀՅԴ-ն էր, այլ ԱԺ հանրապետական նախագահ Հովիկ Աբրահամյանը` Երևանի ապագա քաղաքապետի իր մի քանի «կարկառուն» թեկնածուներով։ ՀՅԴ-ն այս պարագայում ընդամենը շիրմա էր, թեև գալիք տարի քաղաքապետի ընտրություններում սեփական թեկնածուով (ամենայն հավանականությամբ` Վահան Հովհաննիսյան) մասնակցելու դաշնակցության պինդ որոշումը, ինչ խոսք, «սեփական բուրդը» կոալիցիոն դաշնակցի «բրդից» վեր դասելու գտնված առիթ է ՀՅԴ-ի համար։ Շահերի համատեղման կարգով այս լսումներում որպես երրորդ կողմ էին հանդես գալիս մի խումբ էկոլոգներ և, իհարկե, բնապահպանության նախկին նախարար Կարինե Դանիելյանը, ով թեև բարձր պաշտոն չի զբաղեցնում հիմա, սակայն հասարակական կազմակերպության ղեկավար լինելով` արտասահմանյան գրանտներից օգտվելու մեծ հնարավորություններ ունի։ Գրանտներն էլ, հայտնի բան է, ձեռքերը ծալած նստելու համար չեն տալիս, գործուն ծրագրերը կյանքի կոչելու համար են տալիս, իսկ ավելի հաճախ` այդ ծրագրերն աշխատեցնելու փայլուն իմիտացիայի համար, ինչով էլ վերջին տարիներին զբաղված է նախկին նախարարը։ Ընդ որում, պոպուլիզմի ժանրում տալով-անցնելով այս ոլորտի նախկին «դասականներ» օրինացերկրական պատգամավորներին։ Հայերս էլ` պոպուլիզմի մեռած, հացուջուր մի տուր, կերակրիր իշխանություններին քլնգելով, տեղը-տեղին կկշտանանք։ Եվ բնավ կարևոր չէ` ճի՞շտ քլնգոց է, թե՞ սարքովի։ Կարևորը բարձր ամբիոններից տաք-տաք խոսելն է, պետության, այս պարագայում` մայրաքաղաքի ճակատագրով «բեսամթ» մտահոգ քաղաքական կամ հասարակական գործչի տպավորություն թողնելը։
Եվ, ուրեմն, դառնանք խորհրդարանական վերջին լսումներին, որոնց հիմնական բանախոսը դաշնակցության ներկայացուցիչն էր։
«Վերջին մի քանի տարում ոչնչացվել է մայրաքաղաքի կանաչ տարածքների երկու երրորդը»,- խորհրդարանի ամբիոնից գուժեց Երևանի դարդն իր վտիտ ուսերին առած պատգամավորը։
Հարց` որտե՞ղ է ոչնչացվել, ընկեր դարդիման դաշնակցական, ինչո՞ւ չեք մատնանշում ձեր կողմից հիշատակվող երկու երրորդի թեկուզ տասնապատիկը կազմող տարածքների ստույգ տեղը։
Իսկ չի մատնանշում այն պարզ պատճառով, որ չի տիրապետում նյութին, ավելին, խորհրդարանական մեր վստահելի աղբյուրի տեղեկացմամբ, տեքստը գրել-տվել են ձեռքն ու բարձրացրել ամբիոն։ Սա, ի դեպ, տեսանելի էր նույնիսկ անիրազեկ աչք ու ականջի համար, քանզի պատրաստի տեքստը կարդում էր կմկմալով, ակնհայտ դժվարությամբ, մի քանի անգամ էլ բացահայտ սխալներ թույլ տվեց, զորօրինակ, «որակներ» բառը կարդալով «որակական»։ Նույն աղբյուրի փոխանցմամբ` վերոհիշյալ տեքստի իրական հեղինակը բնապահպանության նախկին նախարար տիկին Դանիելյանն է, ով ոչ մի կերպ չի կարողանում մարսել այն նվաստացուցիչ իրողությունը, որ իր պաշտոնավարման տարիներին գրեթե ամբողջապես քոքահան արված երևանամերձ անտառային գոտին պետականորեն հաջողվել է հնարավորինս վերականգնել վերջին հինգ-վեց տարում միայն` մի՜ կերպ հասցնելով իննսունքանի թվերի մակարդակին։ Չի կարողանում նաև հաշտվել այն մտքի հետ, որ յուրաքանչյուր կտրած ծառի դիմաց առնվազն հարյուր նոր ծառ է տնկվում քաղաքային իշխանությունների կողմից, որ միայն Հյուսիսային պողոտայում 65 եղևնի է տնկվել, թեև ինքը շատ է սիրում տարբեր ամբիոններից բարձրաձայնել, թե այս պողոտայում ոչ մի «ժիվոյ» ծառ չկա, որ... Չշարունակենք, որովհետև լեզուն ոսկոր չունի, հատկապես կնոջ լեզուն, և որոշակի նպատակ հետապնդելու դեպքում ի՜նչ ուզես, կարող ես ասել։ Խոսելն էլ հո փողով չի՞` կասեր ժողովուրդը և կսխալվեր, որովհետև սա հենց այն դեպքերից է, երբ խոսելու համար լավ էլ փող են տալիս` տարբեր գրանտների տեսքով։ Հետաքրքիր է, աջուձախ փող ցփնող միջազգային այդ կազմակերպությունների մտքով չի՞ անցնում` մի օր վեր կենալ-գալ ու տեղում ճշտել, թե ինչի վրա են ծախսվում իրենց «կանաչները» այստեղ` Հայաստանում պաշտոնապես գրանցված մեր «կանաչների» կողմից։ Գալ ու սեփական աչքով տեսնել, թե կանաչ գոտիների մեծն պահապան տիկին Դանիելյանը, օրինակ, սեփական ձեռքով մի ծառ տնկե՞լ է, թե՞ զբաղված է ընդամենը ծառ տնկողների ձեռքը «չորացնելու» անպտուղ հռետորությամբ։
Ասենք, օտարների՞ն ինչ, նրանք իրենց ծրագրերն ունեն, որոնցից մեկն էլ հայերիս իրենց «կանաչ», «երկնագույն» և այլևայլ ռանգի արժեհամակարգերին սահուն և արագ ինտեգրացնելն է։ Մեր խելոքներն էլ, ի դեմս տարբեր հասարակական կազմակերպությունների, ինտեգրացվում են` մի քանի տրցակ եվրոյի կամ դոլարի դիմաց մածունը` սև, ածուխը` սպիտակ ներկայացնելով։ Իսկ ամբոխահաճո այս աճպարարությունն արդեն միայն տեսողության հերը չէ, որ անիծում է։ Ավելի կարևոր բաներ են փչանում հայ մարդու ներսում, իսկ դրանք արդեն միջազգային բոլոր ստանդարտները բավարարող և ոչ մի «լինզայով» չես վերականգնի։
Լիլի ՄԱՐՏՈՅԱՆ

Դիտվել է՝ 3723

Մեկնաբանություններ