Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

«Մեծ մարդ էր, ջրի պես պարզ»

«Մեծ մարդ էր, ջրի պես պարզ»
01.05.2009 | 00:00

(Մայիսի 1-ին լրանում է 1960-ականների հայ ազգային ընդհատակյա շարժման աննկուն մարտիկ ՇԻՐԱԿ ԳՅՈՒՆԱՇՅԱՆԻ ծննդյան 70-ամյակը)
ՀԱՅ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐ
Հայրենիքը որևէ մեկինը չէ, ժողովրդինն է, ով սիրում է իր հայրենիքը` երբեք չի կարող ուրիշին ծառայել: Եթե յուրաքանչյուրը հայրենիքի հանդեպ կատարի իր պարտականությունները, հատուկ հերոսանալու կարիք չի լինի:
Հայրենասիրությունն արյան հետ տրվում է, հոգու հետ հեռանում, այն հագուստ չէ, որ փոխվի, որ «մոդայի» հետ հանվի-հագնվի:
Հայ ժողովրդի մատաղացուներն էլ ենք մենք, գութան քաշողներն էլ, ուրեմն մենք էլ պետք է այդ հոգսերը տանենք:
Մի պահեք կուսակցություն ընտանիքի հաշվին և ոչ էլ ընտանիք` կուսակցության հաշվին: Անիծվի նա, ով իր երեխայի համար մի, իսկ ուրիշի երեխայի համար այլ խրատ ունի:

Շիրակ ԳՅՈՒՆԱՇՅԱՆ
Շիրակ Պավելի Գյունաշյանը ծնվել է Ախուրյանի Հայկավան գյուղում: Արմատներով կարսեցի էր: 1946-56 թթ. սովորել է Երևանի թիվ 36 միջնակարգ դպրոցում: 1959-ին ընդունվել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտ: 1961-ին մեկնել է բանակ: 1964-ին աշխատել է Երևանի լամպերի գործարանում: Այստեղ էլ ծանոթանում է Հովիկ Վասիլյանի և Գևորգ Հեքիմյանի հետ, իսկ վերջինիս միջոցով Ասատուր Բաբայանի, Սարգիս Թորոսյանի, Աղասի Անտոնյանի, ավելի ուշ` նաև Հայկ Իսկանդարյանի հետ: Ընդհատակյա պայմաններում նրանք հիմնադրում են «ՀԱՆՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ» կազմակերպությունը, որի նպատակները բացառապես հայրենասիրական էին և ընդգրկում էին Արցախի ու Նախիջևանի վերամիավորման, Արևմտյան Հայաստանի վերադարձման, ազգային աշխարհընկալման ու լեզվի անաղարտության հարցեր: Խիստ գաղտնի պայմաններում այդ խումբը ձեռնարկում է ամսագրի հրատարակում, սակայն մատնությամբ նրանց հանդուգն ձեռնարկը բացահայտվում է. 1968 թ. հուլիսի 2-ին ՊԱԿ-ը բռնագրավում է ամսագրի ողջ տպաքանակը (մոտ 400 օրինակ) և ձերբակալում հրատարակիչներին: Սկսվում են հարցաքննությունները: Առեղծվածային պայմաններում ՊԱԿ-ի նկուղներում մահանում է Հայկ Իսկանդարյանը, իսկ մնացածները Հայկական ԽՍՀ ՔՕ 65 հոդվածի 1-ին մասով և 67 հոդվածով դատապարտվում են տարբեր պատժաչափերով և դատավարությունից հետո հայտնվում Մորդովիայի քաղաքական ճամբարներում: Շիրակ Գյունաշյանը դատապարտվում է 4 տարով։ 1972-ին վերադառնալով Երևան` վերականգնում է իր ուսանողական իրավունքները, ապա աշխատում «Հայգազ» վարչությունում:
1982-ին Շիրակ Գյունաշյանը Հայկական ԽՍՀ ՔՕ 203 հոդվածով երկրորդ անգամ է դատապարտվում` 3 տարի ժամկետով: Խուզարկությունների ժամանակ նրա մոտ հայտնաբերում են ընդամենը ծովից ծով Հայաստանի քարտեզը, հեռախոսահամարների ծոցատետր և «Ռանչպարների կանչը» գիրքը` Խաչիկ Դաշտենցի մակագրությամբ. «Սիրով նվիրում եմ մեծ հային` Շիրակ Գյունաշյանին»: Դատավարության ընթացքում Շիրակի պահվածքը զգաստացնում էր անգամ դատավորներին. «Դուք մեզ դատում եք ազգին ու հայրենիքին նվիրվելու համար, ուրեմն խոսենք հենց այդ մասին, և մի փորձեք այլ ուղղություն տալ»:
1985-ին բանտից վերադառնալուց հետո Շիրակը շարունակում է աշխատել «Հայգազ» վարչությունում, սակայն ընդհատակում շարունակում է զբաղվել նաև քաղաքական գործունեությամբ: 1987-ին «ՀԱՆՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ» կազմակերպությունը պաշտոնապես հռչակվում է «ՀԱՅ ԴԱՏ» անունով: 1988-ին սկսվում է արցախյան շարժումը, «ՀԱՅ ԴԱՏ»-ը նախաձեռնում է Շուշիի շրջանի Բերդաձորի ինքնապաշտպանությունը: «Էրեբունի» օդանավակայանում Շիրակը կամավորապես իր ուսերին է վերցնում Արցախում մարտնչող հերոսներին զենք-զինամթերք մատակարարող-կոորդինացնողի պարտավորությունը:
1991-ին Շիրակ Գյունաշյանը մասնակցում է «Ազգային վերածնունդ» կուսակցության հիմնադրմանը, իսկ 1997-ին դառնում է ԽՍՀՄ հայ նախկին քաղբանտարկյալների նորաստեղծ «Ակումբ-65» հասարակական կազմակերպության նախագահը: Նույն թվականի սեպտեմբերի 20-ին, 58 տարեկանում, Շիրակը հանկարծամահ է լինում:
Շիրակը զտարյուն հայ ազգայնականի տեսակ էր, որ ապրեց հայրենիքի անմնացորդ նվիրումով։ Ազգայնականների շրջապատում նա մշտական Թամադա էր, Հոպար ու Կնքահայր, նրա իմաստուն և համ ու հոտով խոսքն այդպես էլ մնաց անգերազանցելի:
«Շիրակը պայքարեց իր ողջ կյանքում, առանց ավելորդ ցուցադրանքի, անաղմուկ, համեստ ու իմաստուն»:
ՀՈՎԻԿ ՎԱՍԻԼՅԱՆ (ԽՍՀՄ հայ նախկին քաղբանտարկյալ)- Շիրակն ազգային գործիչ էր և ազգային հերոս: Նրա անունը պետք է գրվի հայ ժողովրդի մեծ զավակների անվանացանկում:
ԱՇՈՏ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ (ԽՍՀՄ հայ նախկին քաղբանտարկյալ)- Շիրակը հայ ազգայնականներին ժառանգեց նաև «Հիրուր խետ»-ը` որպես գաղափարախոսություն, որը ոգեղեն իմաստ ունի և խորհրդանշում է հայի միասնականությունը: Իսկ ինչպե՞ս է մասնագիտորեն ստուգաբանվում «հիրուր խետ» բարբառային արտահայտությունը հայերեն լեզվի գիտակների կողմից:
ՎԱՉԱԳԱՆ Ա ՍԱՐԳՍՅԱՆ («9-րդ հրաշալիք» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր)- Բնականաբար` իրար հետ, այսինքն` միասին, մեկտեղ, համատեղ, միատեղ, միաջան, միաբան, միաշունչ և այլն:
Նոր Ջուղայի բարբառում ունենք յիրուր բարբառային ձևը, որը, ըստ հնչման, այսօր գրվում է հիրուր: Սա գրաբարյան իրեար բառի բարբառային տարբերակն է: Հետաքրքրական են նաև Ղարաբաղյան տարբերակը` խրիւր (յուրյուր), Ոզմի տարբերակը` հրօր, Ագուլիսի` յիւրւր (հյուրյուր), Մուշի` հիրար, և այլն: Իրեար բառից հետագայում առաջացել է իրար բառը, որ ցույց է տալիս գործողությամբ միմյանց հետ կապված անձեր կամ առարկաներ, նշանակում է նաև «մեկմեկու, մեկզմեկ»:
Հնարավոր է, որ առաջացել է ի «մի բան» արմատից, -ր ածանցիչով և -եար հին հայերենի հոգնակերտ-հավաքական ածանցից: Ինչ վերաբերում է խետ ձևին, ապա պարզ է, որ այն հետ բառն է, որի նախնական նշանակությունն է «ոտք»: Հետագայում փոխաբերաբար նշանակել է նաև «միասին, միատեղ, հետը»: Հետ-ը Վանա բարբառում դարձել է խետ:
Այսպիսով` «Հիրուր խետ», այսինքն` միասին, այսինքն` միով բանիվ և գործիվ:
«ՀԻՐՈՒՐ ԽԵՏԸ» ՃԻՇՏ ԵՆՔ ՀԱՍԿԱՑԵԼ
(պատմում է «ՀայՌուսգազ» ՀՁ-ի նախկին տնօրեն ՌՈԼԱՆԴ ԱԴՈՆՑԸ)
Շիրակը մեծ մարդ էր, ջրի պես պարզ: Թեև ցավում էր նաև գործի համար, սակայն այլ շահ, բացի ազգի շահից, չուներ. միայն հայրենիք և վերջ: Շիրակն իր անձնական օրինակով ապրում էր այնպես, որ այս երկիրը կարգին երկիր դառնա: Հավատում էր դրան: Ասում էր. «Այսօր կարևորը մեր պետության հիմքերն ամրապնդելն է, և դեռ երկար ժամանակ դա առաջնային կլինի, բայց վատ պետությունն ավելի լավ է, քան կուշտ կյանքն առանց պետության»:
Մենք իրար հետ երկար ենք աշխատել, սակայն ոչ վերադաս-ենթակա հարաբերությամբ: Պաշտոնական հարցերը նույնպես լուծում էինք միայն ընկերական հարաբերություններով: Նա մանրամասն ու խորը վերլուծում էր հարցերը, ապա կոնկրետ վճիռ կայացնում: Որպես մասնագետ բարձր կարգի էր, գործի նկատմամբ վերին աստիճանի պատասխանատու էր, պարտաճանաչ:
Թե՛ գործով, թե՛ կյանքով, թե՛… «խմելով» մենք ընկերներ էինք: Մեր կողմից շահագործման ենթակա օբյեկտները տարածված էին ամբողջ Հայաստանով: Միասին անցել ենք հայրենի սարերով, դաշտերով: Հաց ենք կտրել տարբեր մարդկանց հետ, և չի եղել այնպիսի դեպք, որ մեր պահվածքից մարդիկ բորբոքվեն, մեզանից բողոքներ էլ չեն եղել: Որովհետև մաքուր էինք, շա՜տ… Այո՛, խմել ենք «հիրուր խետ», այն շատ ենք ասել ու ճիշտ ենք հասկացել: Ռեստորաններ չէինք գնում: Նա ինքն էլ հարուստ չէր, ես էլ կողմնակի գումարներ չունեի, թեև շատ էին մեր հնարավորությունները: Բավարարվում էինք եղածով, դրա համար էր գուցե, որ նա ինձ շատ էր սիրում: Ոչ մի անգամ նա մեր մտերմությունը չօգտագործեց անձնական որևէ հարց լուծելու համար: Միշտ մնաց անշահախնդիր, օրինակ` երբեք չդիմեց, թե «պրեմիա» գրիր, աշխատավարձս բարձրացրու և այլն:
Խորհրդային տարիներին կադրեր ընտրելիս ուշադրություն դարձնում էինք առաջինը մասնագիտական ունակությունների ու նաև մարդկային որակների վրա: Շիրակը դրանցից շատ ուներ, և նրա քաղաքական, այսպես ասած, «այլախոհական» հայացքները նրան գործի ընդունելիս անտեսվում էին:
Շիրակն ինձ մոտ էր աշխատում, իսկ ՀՀ նախկին վարչապետ, այժմ լուսահոգի Անդրանիկ Մարգարյանը` եղբորս: Այդ առիթով Շիրակը կատակում էր, որ երկու եղբայրներով մեզ «վերահսկողության» տակ են պահում: Ընդհանրապես իր քաղաքական գործունեության մասին չէր պատմում: Ես էլ չէի խանգարում, երբ ընկերներով գալիս էին մեզ մոտ ու ազգային խնդիրներ քննարկում: Նրանք բեռն իրենց ուսերին կամավոր էին կրում և չէին ուզում բարդել դա նաև ինձ վրա: Սակայն երբեք իմ կուսակցական լինելը չի խանգարել, որ իրար նկատմամբ անկեղծ չլինենք, որ շփվենք ու հաղորդակցվենք իրար կասկածելով:
Ես պրոֆեսորի ընտանիքում եմ մեծացել: Շիրակը մեր տուն հաճախ էր գալիս ու իրեն ազատ էր զգում: Գրքեր էինք փոխանակում: Ինձ զարմացնում էր նրա այդքան շատ կարդացած լինելը: Քաջատեղյակ էր համաշխարհային գրականությունից, փիլիսոփայությունից: Նրա իմացության շրջանակը լայն էր, ծանոթ էր Կանտի, Հեգելի, Նիցշեի, Շոպենհաուերի աշխատություններին: Ինձ համար էլ էր հաճելի կարդացած մարդու հետ խոսելը, վիճելը` նույնպես: Նրանից շատ բան եմ վերցրել:
Ընկերությունը փոխադարձ էր: Մեր կյանքի մի մասն իրար հետ քայլեցինք` իրար լրացնելով: Նա իսկական կյանքի մարդ էր, մեծ փորձով, կարևոր հարցեր էր լուծում` բարձր մակարդակով, բայց ոչ «խուլիգանական», փողոցային, «ախպերական» եղանակներով: Այդպիսի ձևերը չէր հանդուրժում և կյանքին լուրջ էր վերաբերվում:
Միաժամանակ իր բարությամբ ու ազնվությամբ ուժեղ անձնավորություն էր, խիստ էր ու պահանջկոտ:
Շիրակի երկրորդ դատվածությունից հետո մի քանի անգամ այցելել եմ Սևանի կալանավայր. այնտեղ մի առանձնահատուկ վերաբերմունք կար Շիրակի նկատմամբ: Հարգում ու գնահատում էին: Իրոք հեղինակություն էր:
Երբեք չեմ մոռանում, երբ նման տպավորություն էլի ստացա Էրեբունի օդանավակայանում, որտեղ Շիրակը զբաղված էր Արցախ բեռնափոխադրման հարցերով: Ծանր տարիներ էին: Գիշեր-ցերեկ Շիրակն այնտեղ էր: Միշտ մտահոգված էր: Նրա մոտ ցանկացած անլուծելի թվացող հարց լուծում էր ստանում: Ցուրտ ձմեռ էր, Շիրակի հագին մի հնամաշ, բարակ «կուրտկա» էր: «Կռվող» տղաների համար տաք մուշտակներ էր ուղարկում ու երբեք մտքով իսկ չէր անցկացնում իր համար դրանցից վերցնել: Դեռ հակառակը, հագի վերջին շապիկն էլ կհաներ, կուղարկեր նրանց…
Շատ ափսոս, որ Շիրակն այսքան վաղաժամ հեռացավ մեզանից: Եթե նա ողջ մնար, անպայման որոշ մարդկանց վրա շրջադարձային ազդեցություն կունենար:
Տպագրության պատրաստեց Ներսես ՆԵՐՍԻՍՅԱՆԸ
«Հանուն հայրենիքի» ՀԿ-ի նախագահ

Դիտվել է՝ 5047

Մեկնաբանություններ