Ռուսական կողմը չափազանց ափսոսում է Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության համար՝ «ՌԻԱ Նովոստիին» ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ «Այդպիսի տեմպերով համագործակցությունը խորացնելով նրանց հետ, ում նպատակը Ռուսաստանի ռազմավարական պարտությունն է, Երևանն իր ձեռքով վտանգում է լրջորեն ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում՝ ի վնաս սեփական անվտանգության»,- շեշտել է բարձրաստիճան դիվանագետը:               
 

Էդմոն Մարուքյան. Պարտության սիմվոլ վարչապետը պետք է հրաժարական տա

Էդմոն Մարուքյան. Պարտության սիմվոլ վարչապետը պետք է հրաժարական տա
07.12.2020 | 13:09

Պարտության սիմվոլ վարչապետը պետք է հրաժարական տա։ Լինելով խորհրդարանական երկիր՝ մենք հասկանում ենք, որ բոլոր գործընթացները պետք է տեղի ունենան խորհրդարանի դահլիճում, և խորհրդարանը պետք է ընտրի նոր վարչապետ։

Խորհրդարանը նաև պետք է ընտրի անցումային ժամանակաշրջանի վարչապետ, որովհետև այս խորհրդարանը չի կարող պաշտոնավարել մինչև իր սահմանադրական ժամկետի ավարտը՝ «Հայաստանի Հանրապետությունում ստեղծված իրավիճակից դուրս գալու գործողությունների ծրագիր սահմանելու մասին» խորհրդարանական լսուների ժամանակ ասաց ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ Նա նշեց, որ ըստ իրենց ճանապարհային քարտեզի՝ անցումային վարչապետը բոլոր ուժերի հետ կոնսենսուսով իր կաբինետում պետք է նշանակի իրենց ոլորտում հաջողության հասած մասնագետների։ Մարուքյանը հիշեցրեց, որ իրենց ներկայացրած ճանապարհային քարտեզի երրորդ կետը Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված հայտնի հայտարարության անորոշությունները բանակցելուն է ուղղված։ «Այսօր մենք գիտենք, թե ինչ խնդիրներ ունենք, առաջինը՝ ռազմագերիների, գերի ընկած քաղաքացիական անձանց, մեր նահատակների դիակների փոխանակման խնդիրն է, որն արձանագրված է հայտարարության մեջ, բայց ոչ մի վերջնաժամկետ նշված չէ։ Հաջորդը հայտնի GPS-ով քարտեզագրումն է, որի մասին ոչ մի տեղ չկա գրված, բայց մենք տեսնում ենք, որ սահմանները GPS-ով դեմարկացիայի են ենթարկվում։ Այսինքն՝ այս խնդիրների հստակեցում ու բանակցում պետք է լինի, որը մենք կարծում ենք, որ գործող իշխանությունն ունակ չէ անել։ Մենք սա նոյեմբերի 14-ին ենք հրապարակել, այսօր դեկտեմբերի 7-ն է, այս անցած ժամանակաշրջանն ապացուցում է, որ ունակ չէ և չի կարողացել այս խնդիրները լսել»,- ասաց Էդմոն Մարուքյանը։

Ըստ նրա՝ երկրում վտանգված է հանրային անվտանգությունը։ Հույս չկա, որ այդ անվտանգությունը կարող է շատ արագ վերականգնվել։ Հետևաբար, պետական մարմինների ամրապնդումը մեծ անելիք է։ Մարուքյանը կարևորեց ազատ ու արդար արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը։ «Այսինքն՝ մեր պատկերացրած անցումային կառավարությունն իր անցումային վարչապետով այս օրհասական ու հրատապ խնդիրները պետք է լուծի։ Ով էլ կլինի անցումային վարչապետը, մենք կարծում ենք, որ մեր հրապարակած ճանապարհային քարտեզի քայլերը պետք է իրականացնի։ Եվ ոչ մի ուժ ունակ չէ միայնակ ստանձնելու այս պատասխանատվությունը։ Հետևաբար, պետք է բոլորով այս ուղղութամբ աշխատանք տանենք։ Ոչ մի գործող քաղաքական միավորի հետ կամուրջներն այրված չեն, կարող ենք շփումները շարունակել և գալ ընդհանուր լուծումների»,- հավելեց նա։ Էդմոն Մարուքյանը նշեց, որ լսումներին հրավիրել էին նաև «Իմ քայլը» խմբակցությանը, բայց նրանք հրաժարվել են մասնակցել։ «Սահմանադրական ճանապարհով այդ փոփոխություններին հասնելու համար մեզ պետք է, որ Իմ քայլը խմբակցությունը գա այդ լուծումների դաշտ։ Բայց վերջին շրջանի գործողությունները ցույց են տալիս, որ Իմ քայլը խմբակցությանը մղում են շրջանային պաշտպանության կամ անկյուն, ինչը սխալ քաղաքական մոտեցում է»,- նշեց նա։

Դիտվել է՝ 2812

Մեկնաբանություններ