Չորրորդ տուրը թե՛ Չեմպիոնների, թե՛ երեկ երեկոյան կայացած Եվրոպայի լիգայի խաղարկությունները կազմածների համար հայելային է. մրցակիցներից հյուրը դառնում է տանտեր, տանտերը՝ հյուր։ Թե այս փոխակերպումից որն ինչքան ու ինչքանով է օգտվում, միայն ֆուտբոլային առավել կամ նվազ կարգի խնդիր չէ, որովհետև ֆուտբոլը թվաբանական աղյուսակ չէ, որտեղ այսինչ անգամ այնինչն ունի հստակ պատասխան։
A ԽՈՒՄԲ
Մրցավարը չհաշվեց 68-րդ րոպեին Կոկեի կողմից դարպասի գրավում, և «Աթլետիկո»-Մոսկվայի «Լոկոմոտիվ» հանդիպումը հանգուցալուծվեց գոլազուրկ հաշվով։ Իրականում այս արդյունքը կասկածի տակ չդրեց այն ճշմարտությունը, որ խմբայինից դուրս եկող երկրորդ թիմը «Աթլետիկոն» է լինելու, բայց որ փաստին նյարդայնություն հաղորդեց, անվիճելի է։ Միավորը ձեռք բերելուց խենթացած «Լոկոմոտիվը» փոքր-ինչ ավելի վստահ կարող է նայել Եվրոպայի լիգայի ուղեգիր նվաճելուն, քանի որ «Զալցբուրգը» կրեց հերթական պարտությունն ու մնաց մեկ միավորով։ Ավստրիացիներին 4։0 հաշվով պարտության մատնածը Մյունխենի «Բավարիան» էր՝ խմբի բացահայտ առաջատարը, չորս խաղից հետո բացարձակ արդյունք ունեցողը։ Մադրիդցիներն ունեն հինգ, մոսկվացիները՝ երեք միավոր։
B ԽՈՒՄԲ
Կարծես ավելի քան ռեալ է դառնում այն փաստը, որ երկրորդ տարին անընդմեջ «Ինտերի» համար դաժան փորձության է վերածվում Չեմպիոնների լիգայի խաղարկությունը։ Ընդամենը երկու միավոր ունեցող միլանցիները սեփական հարկի տակ 0։2 հաշվով զիջեցին Մադրիդի «Ռեալին» (մարզական ոչ պատշաճ պահվածքի համար 33-րդ րոպեին խաղադաշտից հեռացվել է Արթուրո Վիդալը) ու միակ բանը, որ այսուհետ կարող են անել, Եվրոպայի լիգայի ուղեգրի համար պայքարելն է։
Ի բարեբախտություն Անտոնիո Կոնտեի սաների, իր հերթականը պարտությամբ է ավարտել և Դոնեցկի «Շախտյորը»՝ արտագնայում 0։4 անպատվաբեր հաշվով զիջելով Մենխենգլադբախի «Բորուսիային», որն ութ միավորով գլխավորում է աղյուսակը։ «Արքայականը» հետ է մնում մեկ նիշով, չորս միավոր ունեն ուկրաինացի ֆուտբոլիստները։
C ԽՈՒՄԲ
«Մարսելը» շարունակում է խայտառակ մրցելույթների շարքը՝ այդպես էլ մնալով առանց միավորի։ Հյուր եկած «Պորտուն» այս անգամ էլ գերազանցեց ֆրանսիական թիմին ու դա արեց երկու անպատասխան գնդակի առավելությամբ։ Այս հաղթանակը պորտուգալացիների համար փաստացի ապահովեց խմբայինի երկրորդ ուղեգիրը։ Ինչ վերաբերում «Մանչեստր Սիթիին», այն «Օլիմպիակոսի» հետ արտագնայում բավարարվեց նվազագույն հաշվով հաղթանակով։ Անգլիական ակումբն ունի 12, պորտուգալականը՝ 9 միավոր։
D ԽՈՒՄԲ
Նախորդ տուրում սեփական հարկի տակ «Լիվերպուլից» 0։5 հաշվով կրած պարտության վրեժն «Ատալանտային» հաջողվեց առնել։ «Էնֆիլդում» իտալացիները երկու անպատասխան գնդակի առավելությամբ հաղթեցին լիվերպուլցիներին, որոնք սեփական դաշտում խիստ հազվադեպ են պարտվում։ Այս հաղթանակը «Ատալանտային» օգնեց մնալու պայքարի մեջ, «Այաքսի» պես ունենալ 7 միավոր. հյուրընկալելիս հոլանդական ակումբը 3։1 հաշվով պարտության է մատնել խմբային անհուսալի ձախողակ «Միդտյուլանդին»։ Այնպես որ մնացած երկու հանդիպումները հավասարապես լարված են լինելու ոչ միայն «Ատալանտայի» ու «Այաքսի», այլև «Լիվերպուլի» համար, որի անվան դիմաց 9 միավոր է։
E ԽՈՒՄԲ
Առաջին դիմակայությունում կրասնոդարցիներից բավականաչափ նեղություն կրած անդալուզցիներն այս անգամ ավելի հավաք ներկայացան խաղին՝ տանտերերին պարտադրելով հետապնդողի դերը։ Մրցավեճն այս տրամաբանությամբ շարունակվեց մինչև 56-րդ րոպեն։ Խաղն այդպես էլ կարող էր գնալ խաղաղ հանգուցալուծման, սակայն «Կրասնոդարին» կրկին արջի ծառայություն մատուցեց նման բարձրակարգ խաղերի փորձառության պակասը։ Էլ-Հադադին հավելյալ ժամանակում խփեց հաղթական գոլը, և անդալուզցիները կրկին հաղթեցին ռուսական թիմին։
Ճիշտ նույնպիսի սցենարով զարգացավ նաև «Ռեն»-«Չելսի» մրցակցությունը։ Հաղթական գոլն այստեղ էլ գրանցվեց հավելյալ ժամանակում։ 2։1, ու դարձյալ հաղթանակը տոնողը հյուրերն էին։ Այս հանդիպումները սկզբունքորեն ոչինչ նոր չավելացրին այն բացահայտ ճշմարտությանը, որ խմբայինի ուժեղագույնները «Չելսին» ու «Սևիլիան» են, պարզապես միակ ինտրիգն այն է, թե նրանցից որն է լինելու առաջինը, որը՝ երկրորդը։ Ի դեպ, դա շատ բաներով կարող է պարզ դառնալ հաջորդ տուրում (մրցելու են իրար հետ), եթե, իհարկե, բանը չթողնեն վերջին տուրի քմահաճույքին։ Նկատենք, որ երկուսն էլ ունեն տասական միավոր, լրացուցիչ գործակիցների հաշվարկով առջևում անգլիացիներն են։
F ԽՈՒՄԲ
«Լացիոն», այսպես ասենք, զվարթացավ «Զենիթի» հետ խաղում՝ պարտության մատնելով 3։1 հաշվով։ Կրկին գործել է հռոմեացիների ծանր հրետանին՝ Չիրո Իմոբիլեն՝ հեղինակելով դարպասի երկու գրավում։
Երեք գոլ հեղինակել է նաև «Բրյուգեին» հյուրընկալած Դորտմունդի «Բորուսիան»՝ սեփական դարպասն անառիկ պահելով։ Այստեղ խմբային առաջատարը գերմանացիներն են 9 միավորով, նրանցից ընդամենը մեկով պակաս են վաստակել իտալացիները։ Բավական է առաջիկա երկու խաղից գոնե մեկում վրիպի «Բրյուգեն», ու խմբային երկու ուղեգրերի տերերի հարցը մեջտեղից վերացած կլինի։
G ԽՈՒՄԲ
Ներքին առաջնությունում որքան վատ է հանդես գալիս «Բարսելոնը», նույնքան գերազանց է այս խաղարկության մրցելույթներում։ Կատալոնցիների վերջին հաղթանակը Կիևի «Դինամոյի» նկատմամբ էր, նրա իսկ դաշտում, չորս անպատասխան գնդակի խայտառակությամբ։ «Բարսելոնը» 12 միավորով խմբային առաջատարն է գնդակների 13։2 փայլուն հարաբերակցությամբ։
Կասկած չկա, որ խմբային երկրորդ ուղեգրի հարցն էլ լուծված է, քանզի «Յուվենտուսի» ունեցած 9 միավորն իտալացիներին մյուս երկուսի համար դարձրել են անհասանելի։ Սակայն միաժամանակ նշենք, որ թուրինցիներին բնավ էլ հեշտ չի տրվել «Ֆերենցվարոշի» նկատմամբ հաղթանակը՝ 2։1։ Հաղթական գոլը գրանցվել է հավելյալ ժամանակում, ու դրա համար իտալական գրանդը պակաս քրտինք չի թափել՝ դառնալով կամային հաղթանակի հեղինակ։
H ԽՈՒՄԲ
«Լայպցիգի» հետ տնային խաղում չհաղթեր «Պարի Սեն Ժերմենը», գործնականում ձախողած կլիներ Չեմպիոնների լիգայի այս խաղարկությունը։ Հուրախություն սեփական երկրպագուի, հաղթել է, ու դա շնորհիվ Նեյմարի կողմից 11-մետրանոցի անվրեպ իրացումի։ Այս հաղթանակից հետո ֆրանսիացիները միավորներով՝ 6, հավասարվել են գերմանացիներին՝ պահպանելով խմբայինի ինտրիգը։
Այս զույգի համեմատ շատ ավելի պակաս նյարդային ցնցումներով է անցել «Մանչեստր Յունայթեդ»-«Բաշակշեհիր» դիմակայությունը, որտեղ անգլիացիների չորս գոլին թուրքերը կարողացել են պատասխանել ընդամենը մեկով։ «Կարմիր հրեշներն» ինը միավորով գլխավորում են աղյուսակը, ինչը, սակայն, դեռևս ոչինչ չի երաշխավորում։
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ