Մեր լռությունն ու համբերությունն էլ սահման ունեն
09.10.2020 | 00:22
Երբ այս օրերին ողջ ընդդիմադիր դաշտը, մամուլը հանուն մեր զինվորի ու հաղթանակի մի կողմ են դրել իշխանության հետ բոլոր տարաձայնությունները և միասնաբար լծվել հայրենիքի պաշտպանության գործին, կարծես նույն այդ իշխանությունում ճիշտ չեն հասկացել այս ուղերձը։ Սահմանում թուրքն է կանգնած, իսկ սրանք ներքին թշնամիների անվերջանալի փնտրտուքի մեջ են, ու ինչպես միշտ թիրախում առաջինը լրագրողներն են։
Այս օրերին, երբ մեր գործընկերները հրթիռակոծության տակ շարունակում են իրենց մասնագիտական պարտականությունները, աշխարհին ներկայացնում թուրք-ադրբեջանական վայրագությունը խաղաղ բնակչության դեմ, Հայաստանի խորհրդարանում տաքուկ ծվարածները որոշում են, թե լրատվամիջոցներից որն ինչ վերնագրերով պիտի նյութեր ներկայացնի։
Այս շաբաթ որոշ իմքայլականներ որոշել էին «TV5» հեռուստաընկերությանն «անարգանքի սյունին գամել» միայն այն պատճառով, որ ֆրանսիական լրատվամիջոցի նյութը թարգմանաբար ներկայացնելիս իրենց քիմքին ոչ հաճո վերնագիր են ընտրել։ Այսինքն, պատերազմի այս արհավիրքի մեջ Հայաստանի պատգամավորի ողջ մտահոգությունը, մտքի մորմոքը ինչ-որ նյութի վերնագիրն է, որը խորհրդարանում այդ լրատվամիջոցի լրագրողի հանդեպ անվայել պահվածք դրսևորելու հիմք է դարձել։
Երբ Արցախի սիրտը բազմաթիվ վերքերից արնահոսում է, ու թշնամին անթույլատրելի զենքերով ավերում է Ստեփանակերտը, իսկ միջազգային լրատվամիջոցն աշխարհին ներկայացնում է թշնամու անմարդկային դեմքը, պետք չէ սազը վերցնել ու Ֆեյսբուքում ինքնահաստատվել։ Բայց մենք լռում ենք, առայժմ։ Չնայած շատ բան կա ասելու։ Ընդամենը մի դիտարկում. խորհրդարանը «կամուֆլյաժ» հագած անհավասարակշիռ կանանց ու տղամարդկանց հավաքատեղի չէ. եթե չեք կարողանում լրատվամիջոցների հետ աշխատել, էլ չենք խոսում հանրությանն օգտակար լինելու մասին, գոնե ծպտուն մի հանեք, խնայեք մարդկանց նյարդերը։
Ի դեպ, «TV5» հեռուստաընկերությունն այս միջադեպի հետ կապված դիմել է դատախազություն։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ