«Ալեն Սիմոնյանի մաթեմատիկական հմտությունների բացակայության վրա չեմ զարմանում»
18.09.2020 | 00:23
Իշխող ուժն Ազգային ժողովում ապացուցեց, որ արդեն վաղուց կտրվել է հանրությունից, ժողովրդից ու, առհասարակ, իրականությունից, այլևս հակված չէ լսելու քաղաքացու ձայնը. ԱԺ-ում կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին անվստահություն հայտնելու գործընթացի հարցի քվեարկության ավարտից հետո «Իրատեսի» հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար ԳԵՎՈՐԳ ԳՈՐԳԻՍՅԱՆԸ: Պատգամավորն ապշած է՝ բարձրագույն ղեկավարությունը դիրքորոշում ու կարծիք արտահայտող քաղաքացուն պատրաստ է խավարամիտ անվանելու, ասելու՝ գլուխը պատին է տալիս: Նման որակումները, ասում է, տեսել ենք՝ ինչով են ավարտվել: Ցավով է արձանագրում, որ հեղափոխությամբ իշխանության եկած թիմն այսքան շուտ փչացավ, այսքան շուտ մոռացավ այն արժեքներն ու արժեհամակարգը, որոնք քարոզելով եկավ իշխանության:
-Գո՞հ եք խորհրդարանում ծավալված քննարկումից:
-Իրականում բոլոր խնդիրները չէ, որ կարողացանք բարձրացնել հարցապնդման ժամանակ, որովհետև Ազգային ժողովի կանոնակարգ-օրենքն այնպես է գրված, որ ընդդիմությունն իշխանություններին անհարմարություններ պատճառելու հնարավորինս քիչ մեխանիզմներ ու գործիքակազմ ունենա: Վարչապետն ու նրա թիմը կարծես շատ են սիրել խաղի այդ կանոններն ու պահպանում են դրանք: Ցավոք, ժամանակը քիչ էր, ու մենք չկարողացանք պատշաճ ներկայացնել բոլոր խնդիրները: Ակնհայտ էր, որ բոլոր հարցերի պատասխաններն էլ լղոզված էին, ոչ թիրախային ու ոչ տեղին: Շատ էր արդարացումը, շատ էր տեքստը, բայց դրանց մեջ բովանդակություն չկար: «Բարձրագույն կրթության ոլորտում փոփոխությունները պետք է շարունակական լինեն». մոտավորապես այսպիսին էր այն հարցի պատասխանը, թե ի՞նչ եք արել երկու տարում բարձրագույն կրթության ոլորտում: Մեկ այլ հարցի՝ ինչպե՞ս եք դպրոցական ծրագրերը համապատասխանեցնում միջազգային չափորոշիչներին ու պահանջներին, նախարարը պատասխանեց, թե աշխատում են այդ ուղղությամբ, քայլեր արվել են, բայց չափորոշիչներն ուսումնասիրելիս տեսնում ենք, որ որևէ խոսք չկա դրա մասին: Հակառակը՝ խնդրահարույց մի շարք դրույթների մասին են խոսում մասնագետները, որոնց, ցավոք, նույնպես ականջալուր չեն լինում: Բոլորս հիշում ենք նաև «Այբ» դպրոցի պատմությունը, երբ հայտարարեցին, որ այնտեղ կոռուպցիոն սխեմաներ են գործել, պետական փողեր են մսխվել, բայց որևէ մեկն այդպես էլ ոչինչ ո՛չ ցույց տվեց, ո՛չ էլ ապացուցեց: Իրավապահ մարմիները, որ նախարարի հայտարարությունից հետո պետք է բացահայտեին, թե ինչպես է դպրոցը կոռուպցիայի մեջ թաթախված եղել, ըստ երևույթին, որևէ բան չգտան, որ բացահայտեն: Եվ, փաստորեն, «Արարատյան բակալավրիատի» ծրագիրը, որ պետք է ներդրվեր հանրակրթական մյուս դպրոցներում նույնպես, Արայիկ Հարությունյանի ձեռամբ կյանքի չկոչվեց: Եվ այսպես է գրեթե բոլոր ոլորտներում. մշակութային դաշտում խնդիրները շարունակում են չլուծված մնալ, սպորտի ոլորտում որևէ առաջընթաց չկա: Բայց Հարությունյանը պատասխանատու է ոչ միայն այդ ոլորտների, այլև այսօրվա չափորոշիչներով կրթվող վաղվա սերնդի համար: Հենց այս նախարարության ուսերին է դրված պատասխանատվությունը, թե վաղն ինչպիսի հայ մարդ ու քաղաքացի ենք ունենալու, ինչպես ենք կառուցելու վաղվա Հայաստանը: Ելնելով նախարարի տված պատասխաններից՝ տպավորություն էր, որ նա իրականացրել է միայն այն ծրագրերը, որոնց համար գրանտներ են ստացել: Չունեն իրենց տեսլականը, թե դեպի ուր են գնում կամ ինչպիսին են ուզում տեսնել վաղվա Հայաստանը: Բոլոր հարցերին ոչինչ չասող պատասխաններ տրվեցին՝ հղում անելով ինչ-որ փաստաթղթերի անհայտ կետերի: Բայց խորհրդարանում մենք քննարկում էինք մեր երկրի վաղվա օրը, ինչն իշխանության ներկայացուցիչներն ամբողջությամբ ֆարսի վերածեցին, փորձեցին շոու սարքել, ծաղրել ՀՀ քաղաքացիներին, որոնք Ազգային ժողովի բակում բողոքի ձայն էին բարձրացրել, որոնք, ի դեպ, միայն մեր համակիրները չէին, այլ ուղղակի քաղաքացիներ, որ դժգոհ են Հարությունյանի վարած քաղաքականությունից: Եվ սա կառավարության աշխատաոճն է՝ ցանկացած հարց, որին ի զորու չեն պատասխանելու, ծաղրի են վերածում, տարաբնույթ գնահատականներ տալիս և այլն: Դա քաղաքական մրցակցություն չէ, առողջ պայքար չէ, դա երկիրը տանում է վատ տեղ: Խորհրդային Միության տարիներին տեսել ենք՝ ինչպես է մի մարդ որոշում ամեն ինչ, լսել ենք 1930-ականների պատմությունները, բայց նույնը չպետք է այսօր լինի:
-Նախարարի պատասխաններին ի՞նչ գնահատական կտաք:
-Իհարկե՝ ոչ բավարար, ու ոչ միայն նա, այլև իշխանական պատգամավորները բովանդակային քննարկման փոխարեն փորձեցին շոու սարքել: Հարությունյանն իր գոռոզ կեցվածքն ու իր դեմքն ի ցույց դրեց, և այդ վերաբերմունքն ուղղված էր ոչ թե ընդդիմադիր խմբակցությանը, այլ Ազգային ժողովին:
-Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն այն համոզմանն է, որ «17 պատգամավոր 17 համակիր չեք կարողանում հավաքել»:
-Ես չեմ զարմանում Ալեն Սիմոնյանի մաթեմատիկական հմտությունների բացակայության վրա, մինչև 100 նա երևի չի կարողանում հաշվել, գուցե մինչև 88 կամ 132 է հաշվում, բայց փաստ է, որ չի կարողացել հաշվել, թե քանի մարդ էր հավաքվել խորհրդարանի բակում: Նույն ձեռագիրն է, գործելաոճը՝ լրջագույն հարցի քննարկումը վերածել շոուի ու ֆարսի: Եվ դա բնական է, երբ հարցի վերաբերյալ ի վիճակի չեն գաղափարական բանավեճի մեջ մտնելու, ասելիք չունեն, բանավիճել չեն կարողանում, նման կերպ են վարվում: «Իմ քայլի» պատգամավորներից որևէ մեկը չկանգնեց ու չանդրադարձավ առկա խնդիրներին: Նրանք ամեն մի լուսավոր ու պայծառ բան պատրաստ են կրկեսի վերածելու:
-Ի՞նչ եք նախատեսում անել, այսքանով կավարտվի՞ պայքարն ընդդեմ Արայիկ Հարությունյանի, թե՞ արտախորհրդարանական ուժերի հե՞տ համագործակցելու:
-Քննարկումներ ենք ունեցել, հայտարարել ենք, որ հավաքը բաց է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու համար: Ինչ վերաբերում է հետագա անելիքներին՝ կարևորագույն խնդիր ենք դրել մեր առջև, այն է՝ ինչպես քաղաքացիներին առերեսել իրականության հետ, որովհետև այժմ հզոր քարոզչության միջոցով (թող ինձ ներեն մեր քաղաքացիները) իշխանությունները լվանում են մարդկանց ուղեղները: Քաղաքացիներին անընդհատ խաբում են, ու մենք պետք է այնպես անենք, որ ՔՊ-ն հաջորդ ընտրություններին այլևս չլինի իշխանություն, որովհետև կառուցված է ստի, խաբեության, մանիպուլյացիաների ու մարդկանց նուրբ զգացմունքների հետ խաղալու վրա: Այդ ամենը պետք է օր առաջ վերջ ունենա, իսկ մենք ամենօրյա աշխատանքով պետք է ցույց տանք, որ այն ամենը, ինչ ասվել է, իրականությունից հեռու է: Քաղաքացիները պետք է տեսնեն դա:
Զրույցը`
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԻ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ