«Կառավարության կազմը, այո, 100 տոկոսով պետք է փոխվի»
07.07.2020 | 00:58
ԲՀԿ-ն շարունակում է կոնսոլիդացիոն հանդիպումներ ունենալ: «Իրատեսի» զրուցակիցն է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ ՇԱՔԵ ԻՍԱՅԱՆԸ։
-«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն անհանգստություն է հայտնում հայ-ռուսական հարաբերությունների առնչությամբ. այդ մասին նաև Գագիկ Ծառուկյանն է հայտարարություն տարածել: Ի՞նչն է ԲՀԿ-ի անհանգստության պատճառը։
-Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ «Բարգավաճ Հայաստան» և «Единая Россия» կուսակցությունները երկար տարիներ սերտորեն համագործակցում են։ Բացի այդ, մենք մշտապես կարևորել ենք հայ-ռուսական հարաբերությունների դարավոր պատմությունը, մշտապես ընդգծել ենք այն հանգամանքը, որ Ռուսաստանի Դաշնությունը մեր ռազմավարական դաշնակիցն է: Պարոն Ծառուկյանի և մեր խմբակցության ներկայացուցիչների մտահոգությունը պետք է դիտարկել հենց այդ համատեքստում՝ հաշվի առնելով, որ Հայաստանի պետական անվտանգության ու սոցիալ-տնտեսական մի շարք հարցեր ուղղակիորեն կապված են Ռուսաստանի հետ։
-Ի դեպ, շատերը ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի ու «Հայրենիք» կուսակցության «բանակցային գործընթացները» կապում են հենց ռուսաստանյան քաղաքական վերնախավի հետ և դրանց հետևում ՌԴ-ի «ականջներն» են տեսնում:
-Քաղաքական իմ կարճ գործունեության ընթացքում մի պարզ բան եմ հասկացել՝ այս կամ այն գործընթացների ժամանակ միշտ էլ տարբեր արհեստական թեզեր են ներմուծվում, թե` այ, տեսեք «իքս» ուժի կամ անհատի «ականջներն» են երևում այստեղ: Ի՞նչ ասեմ, շա՛տ չարչրկված մեխանիզմ է դա։ Իմ խորին համոզմամբ՝ այդ ամենը կատարվում է՝ նսեմացնելու համախմբման գործընթացի բուն գաղափարը, այդ իսկ պատճառով անգամ հակադարձել չեմ ուզում: Մենք շարունակում ենք առաջ գնալ, նպատակային ծրագրեր իրագործել ու արհամարհել նման թեզեր շրջանառողներին:
-Արտաքին ճակատում առհասարակ ունե՞նք առաջընթաց: Իշխանությունները պնդում են, թե «տարբեր երկրներ շարունակում են ողջունել Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա հեղափոխությունը»: Եթե դա անգամ այդպես է, ապա այն ի՞նչ է տալու մեզ:
-Դարձյալ որևէ մեկի համար գաղտնիք չեմ բացահայտի, հիշեցնելով, որ 2018-ին տեղի ունեցած քաղաքական վերադասավորումների մասով դրսից եկող ազդակները դրական էին, կարևորն այն էր, որ կարողանայինք օգտագործել այդ հանգամանքն ու առաջ շարժվեինք: Բայց այսօր իշխանությունը դեռ շահարկում է երկու տարի առաջ տեղի ունեցած փոփոխության թեման՝ խոսելով հեղափոխության եղած ու չեղած արժեքների մասին: Կրկնում եմ՝ վաղուց ժամանակն է խոսքից գործի անցնելու և առաջ նայելու:
-Ընդդիմադիր դաշտում, այնուամենայնիվ, անհասկանալի վիճակ է. մի կողմից, հայտարարում եք՝ Փաշինյանը պիտի հեռանա, մյուս կողմից էլ լայն կոնսոլիդացիա չկա։ Այս իրավիճակում ի՞նչ զարգացումներ կարելի է սպասել:
-Այո՛, մենք այսօր էլ շարունակում ենք պնդել, որ բոլոր ոլորտներում արձանագրում ենք ձախողում: Ցավոք, 2 տարի առաջ տրված խոստումներն ու արված հայտարարություններն անկատար մնացին, և, այո, կառավարության կազմը պետք է 100 տոկոսով փոխվի։ Այո, մենք բարձրաձայնեցինք համախմբվելու և առողջ ու կարող ուժերով երկիրն այս վիճակից դուրս բերելու մասին, և ինձ համար փոքր-ինչ անհասկանալի է, երբ ասում են` լայն կոնսոլիդացիա չկա: Քաղաքական քննարկումներն ընթանում են բնականոն հունով, մեր հանդիպումները շարունակվում են: Մեկ անգամ չէ, որ ասել ենք՝ այս գործընթացն առավել քան թափանցիկ է, մեր ծրագրերն ու օրակարգն ունենք, խնդիրների լուծման ճանապարհային մեր քարտեզը: Առավել քան վստահ ենք մեր քաղաքական ներուժի վրա։ Ինչ վերաբերում է հետագա գործողություններին, ապա սպասենք զարգացումներին։
-Անդրադառնալով ներքաղաքական օրակարգին՝ ասում եմ, որ մի շարք ուժերի ու մասնագետների համոզմամբ, Սահմանադրական դատարանի ճգնաժամը նոր է սկսվել: Համակարծի՞ք եք:
-Այո՛, Սահմանադրական դատարանում ա՛յ հիմա է ճգնաժամային իրավիճակ: Խորապես ցավում եմ, որ իշխանությունը 1,5 տարի շարունակ ինչ ասես, որ չարեց, պետական մակարդակով տարատեսակ փորձարկումների դիմեց, տարաբնույթ ռեսուրսներ օգտագործեց ՍԴ-ի իբր թե «թնջուկը» լուծելու համար, սակայն` ապարդյուն։
-Ազգային ժողովի որոշմամբ լիազորություններից զրկված ՍԴ դատավորները պատրաստվում են դիմելու ՄԻԵԴ. սա ինչպե՞ս կարող է անդրադառնալ Հայաստանի վարկանիշի վրա:
-Եթե չեմ սխալվում, «Բական ընդդեմ Հունգարիայի» գործով ՄԻԵԴ-ն ունի նախադեպային որոշում: Բնականաբար, չեմ կարող կանխագուշակել, թե ինչ ընթացք ու հանգուցալուծում կլինի, եթե ՍԴ դատավորները դիմեն ՄԻԵԴ, բայց եթե դատարանը որևէ խախտում հայտնաբերի, ապա դա Հայաստանի դեմ հերթական վճիռը կլինի:
-Ո՞րն է երաշխիքը, որ նոր նշանակվելիք դատավորները բացառապես օրենքին ու պետությանն են ծառայելու ու չեն սպասարկելու օրվա իշխանությունների օրակարգը:
-Մամուլը մեկ անգամ չէ, որ գրել է ՍԴ-ն իշխանամերձ անձանցով համալրելու միտումի մասին: Քանի դեռ պաշտոնապես ներկայացված թեկնածուներ չկան, զերծ կմնամ որևէ մեկնաբանությունից: Մեզ համար աներկբա է, որ պետական բոլոր ինստիտուտները պետք է ժողովրդամետ թեկնածուներով համալրված լինեն: Պետական որևէ կառույց այս կամ այն իշխանության «ֆորպոստը» չպետք է դառնա:
Զրույցը՝
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԻ
Հեղինակի նյութեր
- Ինչու՞ և ինչպե՞ս
- Աղոթք
- «Հունվարին պարենային մի շարք ապրանքատեսակների գծով երկնիշ գնաճ է գրանցվել»
- Իշխանությունը պայքարում է իր իսկ ծնած երևույթի դեմ
- Բուհի ռեկտոր ընտրողը նախարարն է լինելու
- Աղջիկներս Շուշիում տուն են կորցրել, բայց ամենամեծ կսկիծն այնտեղ մնացած մյուս դստերս շիրիմն է
- Երազել ու թռչել, այո, պետք է, բայց ձեր իշխանությունը բոլորին է թևաթափ անում
- Պատերազմի պատրաստվելը դպրոցական հանդես չէ, որ չհասցնեիք
- Արծրուն Հովհաննիսյանը մեկ բառ պետք է ասեր՝ ներողություն
- «Հայաստանի ու Ադրբեջանի մասով Իրանը փոխել է հռետորաբանությունը»
- Իշխանությունն արտահերթ ընտրության թեման 2-րդ պլան է մղում
- Փաշինյանն ու Ալիևն Շուշիի մասին նույն բանն են ասում
- Լենա Նազարյանին գործուղեք Մառնեուլի
- Ինքնաթագադրված «թաղապետը»
- Դավիթ Տոնոյան՝ մեծ-մեծ «փրթողը»
- Փաշինյանի որևէ նշանակում ո՛չ հուզում, ո՛չ անհանգստացնում է ինձ
- Կոդ Բ-Դ-Խ, վարձով է տրվում 3 հարկանի գոմ Մոնումենտում
- Իշխանությունը Ջհանգիրյանին, աներկբայորեն, ԲԴԽ անդամ կընտրի
- Վիգեն Ստեփանյանի հոգեհանգստին իշխանությունից որևէ ներկայացուցիչ չէր եկել
- Գժվելու բան է՝ իշխանությանն ազգովին 2 օր է համոզում ենք, որ Շուշին հայկական է
Մեկնաբանություններ