Ես քո մասնիկն եմ, հո՛ղ
20.09.2019 | 00:52
Յոթ տասնյակից մի քիչ անց էր, ու Վայոց ձորի տաք արևի լույսը կարող էր վայելել, եթե սիրտը դիմանար մինչև սեպտեմբերի 20-ը, քանի որ հեռավոր Ռուսաստանից զավակներն ու թոռները շնորհավորելու էին հերթական տարեդարձը, իսկ Հայաստանում ապրող դուստրը, թոռներն ու հարազատները հերթական անակնկալով նրա օրը լցնելու էին խինդով: Սակայն նրա կյանքն արդեն պատմություն է ու ճիշտ ապրելու արվեստի դասագիրք՝ ժառանգների համար: ՆԻՆԱՆ հազարավոր այն մայրերից էր, ովքեր ապրում էին օտարության մեջ տնավորված զավակների կյանքով ու սեփական օջախի լույսն ու ջերմությունն ամեն գնով պահպանելու ձգտումով:
…Եթե կյանքը դառն է, նրան պետք է մի քիչ աղ ու ժպիտ խառնել: Աղը օջախն ու զավակներն են, ժպիտը՝ իր մենակությունը շիրմայող շղարշը: Երբ զավակները մեծանում ու լքում են օջախն ու մորը, վերջինս մնում է մենակ, ու թվում է, թե համատարած լռության մեջ տան պատերը գոռում են իր վրա, ու որպեսզի չխլանա լռության մեջ արձագանքող ձայնից, վեր է կենում ու գնում նրանց հետքերով, համոզվելու, թե որքան է ամուր նրանց կառուցած երջանկությունը, և ինչ տեսք ունի այն: Տեսնում, համոզվում է, որ ամեն ինչ լավ է, ու իր բաժին երջանկությունը փնտրում է թոռների անհոգ մանկության մեջ:
Օտարության մեջ նա շարունակում էր տքնել հացի թխման մի փոքրիկ արտադրամասում, օր ու գիշեր աշխատելով ու փռի ջերմությունից շիկացած մատներով հացը սեղանին դարսելով չէր էլ զգում մատների ցավը, մտովի հաշվում էր, թե վաստակած օրավարձով ո՞ր մի զավակի հոգսն էր թեթևացնելու, իրեն ոչինչ չպահելով: Ռուսաստանի խստաշունչ ձմեռը չէր վախեցնում նրան, շուկայի մի անկյունում կանգնած ռուս կանանց հետ հաց էր վաճառում: Շուկայում հերթապահող ռուս ոստիկանների քար սիրտն անգամ փափկել էր նրա բարությունից: ՈՒ փոխարենը նրան նեղացնող չկար, նրան շրջանցում էր շուկայի բիրտ, բայց օրինական պահանջը: Փոքրամարմին հայաստանցի կինն այստեղ իր մշտական տեղն ունենալու իրավունքը վաստակել էր ոստիկանների հանդեպ մայրական հոգատարության դրսևորմամբ: Ռուս ոստիկանները դա հասկացել ու ընդունել էին որդու հնազանդությամբ:
Նա Ռուսաստան մեկնում էր հիմնականում ձմռան ամիսներին, քանի որ Հայաստանում իր տան վառարանի համար հաճախ վառելափայտն ու աթարը պակասում էին: Բայց որոշ ժամանակ անց զավակների ուղարկած գումարով կարողանում էր ապահովել օջախի ջերմությունը: Օտարության մեջ ապրող որդիները կանչում էին իրենց մոտ: Ամեն անգամ, մի կարճ ժամանակ նրանց հետ ապրելով, այնուհանդերձ սիրտը ձգտում էր դեպի հայրենի հողը, ջուրն ու ճաք տված պատերով տունը:
ՈՒ ամեն գարնան, երբ հողի շնչառությունն աստիճանաբար բացվում էր, նա վերադառնում էր տան սառած պատերն իր տաք շնչով ջերմացնելու, ջերմոցի քամուց քրքրված ցելոֆանե ծածկը թարմացնելու, հողամասի տարբեր կողմեր տանող արահետները ձյան շերտից ազատելու: Վառարանի ջերմությունից տան ցուրտը նահանջում էր, հողամասը, զգալով տիրոջ ու գարնանային ժլատ արևի ներկայությունը, շնչավորվում էր, տունը լցվում էր ինքն իր ու բախտի հետ կռիվ տվող կնոջ շնչով: Ոչինչ, որ ինքն իր հետ մենության պահերին կռիվ էր տալիս, կարևորն այն էր, որ եկողի դեմ արդեն դուռը բացող կար: Տանիքից ձգվող ծխից գյուղն իմանում էր, որ Նինան վերադարձել է Ռուսաստանից: Հարևանները գալիս էին տեսակցության, ու հնչում էր «Հը՞, նորից գնալու՞ ես» ավանդական հարցը: Նույն պատասխանն էր, «Տանս, գյուղի ու հողիս կարոտից քունս չէր տանում» : ՈՒ «Էլ Ռուսաստան չեմ մեկնելու» որոշումը ձգվում էր մինչ հաջորդ ձմեռ, ու նորից գնաս բարով, ու նորից բարի վերադարձ:
Թվում էր, թե վարժվել է երկփեղկված կյանքին, դրսում՝ զավակները, ներսում` հողն ու ջուրը, որոնք ոչնչի հետ չէր փոխի: Կեսգիշերին ջրվորի ձայնից արթնանում էր, որ ջրեր հողը. իր հերթն էր, ցանածն ու մշակածը հո չէ՞ր թողնի անջրդի, հողը ծարավ չէր թողնի, ու մինչ լուսաբաց աչք չէր փակում: Տղամարդու ձեռքը պակասում էր, հողի աշխատանքների մեծ մասն իր ուժերից վեր էր, ու թեև պատկից հարևանը միշտ օգնության էր հասնում, բայց ամաչում էր ամեն անգամ դիմել: Հարևան հարս ու աղջիկները նրա տան մաքրությունն ու վերադասավորումն անում էին, չսպասելով նրա խնդրանքին, Նինան ուրախ կատակներով հյուրասիրում էր նրանց, հաճախ էր կրկնում՝ ներսինը դուրս, դրսինը՝ ներս: Բայց կարող էր, չէ՞, այլ կերպ լինել, որ տանը եռուզեռ անողն իր զավակները լինեին, սակայն չէր դժգոհում, համացանցով շփվում էր՝ Աստծուն փառք տալով, որ իր նման հազարավոր մայրերի համար այդ հնարավորությունը կա: Մի մատնոցի չափ ունեցածը շերեփի չափով էր ներկայացնում: Սիրտը մեծ էր: «Մի ձեռքով տուր, որ մյուսով առնելիս չամաչես»,- հաճախ էր ասում:
Հողն իր քրտինքով էր ջրում, վայելում էր յուրաքանչյուր ծառի բողբոջի ծնունդը, հայացքով վայելում էր սպասվող բերքի արդյունքը, դեղերի համար ուղարկված գումարով պարարտանյութ էր գնում, ասում էր. «Ախր ծառ ու թփին բուժում է պետք», իսկ իրե՞ն:
Այսպիսի մայրեր Հայաստանի տարբեր անկյուններում շա՞տ կան, որոնց աչքերը թեև չեն արցունքոտում, սակայն սիրտն էլ չի ուրախանում լիարժեք, որոնց կոկորդում կերածը երբ կուլ չի գնում, շտապ զանգում են օտարություն` իմանալու` հո բան չի՞ պատահել, սոված հո չե՞ն, հո ցավ չունե՞ն:
Ապրեց հողի պես ամուր ու անխռով, ջրի պես խոր ու մաքուր, եղավ կրակի պես ջերմ ու եռանդուն, հեռացավ կարոտը հոգում…
Անուշ ՆԵՐՍԻՍՅԱՆ
Հեղինակի նյութեր
- ՈՍԿԵՊԱՐ. այդ քաղցր բառը՝ խաղաղություն
- «Արվեստագետն ու գիտնականը պիտի համոզվեն, որ թիկունքում պետություն կա»
- «Արհմիություն-գործատու համագործակցությունից կշահեն թե՛ աշխատողը, թե՛ գործատուն ու իր բիզնեսը»
- «Ներկայիս կառավարման համակարգը ոչնչով չի տարբերվում նախկին իշխանությունների վարած տնտեսական քաղաքականությունից»
- Երանի թե հայ գյուղացու բոլոր օրերի լուսաբացն ու մայրամուտն ավարտվեն խինդով և ուրախությամբ
- Գործատուն պարտավոր է հարգել աշխատողի աշխատանքային իրավունքը` առանց գործադուլավորի պարտադրման
- «Անհրաժեշտ է կանխել գյուղնշանակության հողերի դեգրադացումը»
- Ահագնացող աշխատանքային միգրացիան երկիրը «դատարկեց» որակյալ մասնագետներից
- Ոչ միայն երազանք, այլև իրականություն
- Տուրիզմով զբաղվելու համար նախ պետք է սիրել հայրենիքը
- Գառնառիճ՝ երեք պետությունների խաչմերուկում ապրող գյուղը
- «Վայել չէ թագավորի և իշխանի համար գողեր և ավազակներ ունենալ, այլ միայն լրտեսներ, որ հետախույզներ են»
- «Արհմիությունների հանդեպ վստահության վերականգնումը պետք է սկսել զրոյից»
- Աշխատողը պետք է ստանա այնքան աշխատավարձ, որ այն բավարարի ոչ թե գոյատևելու, այլ ապրելու համար
- «ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարը չկարողացավ լուծել ԵՊՀ արհմիության հետ կոլեկտիվ պայմանագիրը»
- Գազատար խողովակները կան, բայց բնակիչը գերադասում է փայտը
- Դիլիջանն իր ռեսուրսներով կարող է ապրել
- Մեղրի եկողը, դեռ չմեկնած, մտածում է հաջորդ այցի մասին
- Տաշտունը 160 ծուխ ուներ, այսօր մնացել է 22-ը՝ 60 բնակչով
- Անտառներով շրջապատված բնակավայրն իր ջեռուցման հարցը լուծել չի կարողանում, օրենքը թույլ չի տալիս
Մեկնաբանություններ