Արուճից արտագաղթածները չեն մոռանում վճարել իրենց չմշակվող հողերի հարկերը
06.09.2019 | 01:12
«ԳՅՈՒՂՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԴԵՌԵՎՍ ՉՈՒՆԻ ԻՆՏԵՆՍԻՎ ԱՅԳԻՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ»
Արագածոտնի մարզի Արուճ գյուղի գյուղապետարանի շենքը երկար փնտրելու հարկ չկա, քանի որ գյուղի առաջին շինությունն է՝ շրջապատված մրգատու այգիներով: Գյուղապետարանի օպերատոր-հաշվապահ ԱՍՏՂԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՆ առաջին զրուցակիցս է: Գյուղի մասին գովասանքով է խոսում. «Արարատյան դաշտի ծիրանի անունն է դուրս եկել, այ, որ մեր ծիրանն ուտեք, համից չեք կշտանա, մերի համն ուրիշ է, հողից ա, և հետո շատ զոռ չենք տալիս ջրելուն, դրա համար էլ համով ա»: Իրոք, համտեսելուց հետո համոզվեցի, որ հպարտանալու տեղ ունեն:
Արուճը հայտնի է իր չոր ու շոգ կլիմայով, սակայն այգիների առատությունը վկայում է, որ գյուղը ոռոգման խնդիր չունի: Արուճի հողահանդակներում մեծ բաժին ունեն վարելահողերն ու արոտավայրերը` կազմելով համապատասխանաբար 740 հա և 765 հա: Պտղատու ծառերի և խաղողի այգիները զբաղեցնում են մոտ 96 հա: «Իրատեսի» հետ զրույցում համայնքի ղեկավար ԲԱԳՐԱՏ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՆ ասաց, որ ի տարբերություն անցյալ տարվա, այս տարի Արզնի-Շամիրամ ջրամբարի առատ ջրի և «Շամիրամ» ՋՕԸ-ի կողմից բարեխղճորեն տրամադրվող ոռոգման ջրի շնորհիվ հողի բերքատվությունն աճել է: Արուճցիները հիմնականում զբաղվում են խաղողագործությամբ, պտղաբուծությամբ, դաշտավարությամբ, մշակում են հացահատիկային, բանջարաբոստանային կուլտուրաներ: Գյուղի բնակչության (1040 մարդ) կեսը զբաղվում է հողագործությամբ, մյուս կեսը գերադասում է անասնապահությունը, համարելով, որ հողագործությունը ռիսկային է, կարկուտն ու քամին միևնույն է, մշակածը գետնին են հավասարեցնում: Այդ կեսի համար 600 գլուխ կովի, 400 հորթի ու 500 ոչխարի խնամքից ստացած եկամուտը եթե շատ էլ չէ, գոնե եղանակից չի տուժում, կաթի ու մսի առևտրով տարին փակում են, չեն դժգոհում:
-Մի կողմից լավ է, որ պետությունը սուբսիդավորում է անասնապահության համար, մարդիկ 5 %-ով 4-5 միլիոն դրամի չափով վարկ են վերցնում, անասուն են առնում, ծառեր են տնկում, բայց ինտենսիվ այգեգործության ծրագրից չեն օգտվում, որովհետև դրա համար հակակարկտային ցանցեր ու կաթիլային ոռոգման համակարգ է հարկավոր, բացի դրանից գյուղում մեծ հեկտարներով հողեր չկան, եղածն էլ ժամանակին բնակիչներին հող բաժանելիս 1 հեկտարը մի տեղում են հատկացրել, 1 հեկտարը մեկ այլ տեղում, ծիրանի այգիների համար առանձին հողատարածք է, խնձորի համար առանձին, մշակելը դժվար է: Գյուղը 32 հեկտար ծիրանի, 80 հեկտար խնձորի ու քիչ թվով խաղողի այգիներ ունի,- ասում է Բագրատ Մարտիրոսյանը:
Նրա համոզմամբ այդքան «մոդա» դարձած ինտենսիվ այգիների վատն այն է, որ գյուղնախարարությունը դեռևս չունի ինտենսիվ այգիների մշակման քաղաքականություն, որպեսզի հստակ նշվի, թե որ տարածքներում ինչ մրգատու ծառեր են տնկվելու: Եթե մի տարի խնձորի բերքը լավ է, բոլորը սկսում են համատարած խնձորի ծառ տնկել, հետո առաջանում է բերքի ավելցուկ, խնձորի գինն ընկավ, մարդիկ հարկադրված սկսեցին խնձորից օղի թորել, որպեսզի մառաններում մնացած մթերքը չփչանա:
Գյուղի բյուջեն կազմում է 32 միլիոն դրամ, կառավարության կողմից տրամադրվող դոտացիան՝ 19 միլոն 900 հազար դրամ: Արուճում կան չմշակվող հողեր, որոնց սեփականատերերը մեկնել են այլ երկիր՝ մշտական բնակության կամ արտագնա աշխատանքի: Բ. Մարտիրոսյանի հավաստմամբ նրանք այնուհանդերձ բարեխղճորեն ուղարկում են հարկերի համար վճարվող գումարները: Մինչև տարեվերջ կառավարության կողմից 8 միլիոն դրամ և նույնքան էլ գյուղապետարանի կողմից հատկացվող գումարով կասֆալտապատվեն ներհամայնքային ճանապարհները:
Արուճում բնակվել են նաև եզդիներ, ովքեր տները վաճառել ու հեռացել են գյուղից: Երկնագույն վառելիքը դեռ խորհրդային տարիներից շրջանցել է գյուղը: Բ. Մարտիրոսյանի խոսքով Թալինի և Աշտարակի շրջանների շուրջ 15 գյուղ առհասարակ գազաֆիկացված չէ, կան գյուղեր, որտեղ երկնագույն վառելիքը մուտք է գործել, սակայն բնակիչը դարձյալ գերադասել է փայտն ու աթարը: «Բայց, դե, աթարն ամեն մարդ չի վառում, հոտ է գալիս, հետո բոլորն էլ այգիներ ունեն, չորացած ծառերն օգտագործում են որպես վառելիք: Ճիշտ է, գազաֆիկացման համար կառավարությանը բազմիցս նամակներ ենք ուղարկել, սակայն արձագանք չի եղել, թեև շատ էլ շահագրգռված չենք այդ գործում, միևնույն է, ծախսը շատ է, ժողովուրդը՝ անվճարունակ»,- ասում է համայնքապետը:
«ԵԹԵ ՄԱՐԴԸ ԿԱՐՈՂ Է ԱՎԵԼԻ ՇԱՏ ՎԱՍՏԱԿԵԼ, ԱՎԵԼԻ ԼԱՎ ԱՊՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԻՆՉՈՒ՞ ՉԳՆԱ ՔԱՂԱՔ»
Հանրապետության շատ գյուղերի նման Արուճի դեմոգրաֆիկ վիճակն անմխիթար է: Գուղում ընթացիկ տարում ընդամենը 2 երեխա է ծնվել: Պետության կողմից տրամադրվող երեխայի ծննդյան միանվագ նպաստից բացի գյուղապետարանի կողմից հատկացվում է ևս 25 հազար դրամ: Արուճի դպրոցն ունի 150 աշակերտ, այս տարվա շրջանավարտները երեքն էին, սեպտեմբերին դպրոցը կունենա 21 1-ին դասարանցի:
Արուճի գյուղապետը դժգոհում է, որ գյուղի երիտասարդները չեն ամուսնանում, նախ, որ աշխատատեղ չկա, և հետո գյուղում ազատ հողատարածքներ չկան, որպեսզի երիտասարդ ընտանիքներին տրամադրեն տուն կառուցելու համար, ուստի գյուղը լքելու երիտասարդների քայլը կարելի է արդարացնել, քանի որ նրանցից մեկն իր որդին է: «Տղաս ամուսնացել է, Երևանում հիփոթեքով տուն ենք վերցրել: Նա գերազանց ավարտել է բուհը, մասնագիտություն ունի, մնա գյուղում ի՞նչ անի, գյուղում ապագա չկա: Եթե մարդը կարող է ավելի շատ վաստակել, ավելի լավ ապրելու համար ինչու՞ չգնա քաղաք, բա պիտի ապրի Երևանում, բա ո՞նց»:
Մինչդեռ գյուղապետարանի օպերատոր-հաշվապահ Աստղիկ Հովհաննիսյանի խոսքով միակ որդու հիմնական զբաղմունքը հողագործությունն ու անասնապահությունն է: «Կրթություն ունի, կարող էր գնալ լավ կյանքի հետևից, բայց նախ չուզեց ինձ մենակ թողնել և հետո աշխատանք գյուղում էլ կա: Չորս գլուխ անասուն ունենք, նրանցով է զբաղվում, տնամերձ ու ծիրանի ընդարձակ այգիներ ունենք, այդ բոլորն ինքն է մշակում, իրացումն էլ ինքն է կազմակերպում, ողջ օրը զբաղված է: ՈՒզում եմ ամուսնացնել, որ մնա գյուղում, թեև եթե ուզեր, արդեն գնացած կլիներ»,- ասում է տիկին Աստղիկն ու խոսքը փոխելով անդրադառնում է գյուղի միակ հպարտության՝ Արուճի մայր տաճարի պատմությանը:
ԱՐՈՒՃԸ ՀՆԱՎԱՅՐ Է
Տարբեր ժամանակներում Արուճը հիշատակվել է որպես դաստակերտ, գյուղաքաղաք: Այստեղ մ.թ.ա. 2-րդ դարից համանուն բնակավայրում պահպանվել են հնագույն ամրությունների փլատակներ: Գյուղական գերեզմանոցում պահպանվել են 5-րդ դարի միանավ բազիլիկ եկեղեցու փլատակներ և 5-7-րդ դարերի հետաքրքիր տապանաքարեր: Արուճը 5-րդ դարում եղել է արքունական զորքերի ձմեռային կայան, իսկ հայոց կառավարիչ Գրիգոր Մամիկոնյանը (661-682 թթ) այն դարձրել է աթոռանիստ: Արուճի տաճարը՝ Սուրբ Գրիգոր եկեղեցին, հայկական հոգևոր ճարտարապետության նշանավոր կոթողներից է, կառուցել է Գրիգոր Մամիկոնյանը կնոջ՝ Հեղինեի հետ 7-րդ դարի 60-ական թվականներին: Ներկայումս Արուճի տաճարի խորհրդավոր տեսքը բազմաթիվ զբոսաշրջիկների է գրավում: Թեև տաճարն առանց տանիքի է և օղակաձև գմբեթից երևացող երկնքի ֆոնին սավառնող ագռավներն իրենց կռինչներով էլ ավելի խորհրդավոր են դարձնում տաճարի շրջակայքը, այնուհանդերձ այն գյուղի երեխաների սիրած վայրն է, ոչ թե խաղալու, այլ ամեն շաբաթ տաճարի շրջակայքը մաքրելու համար:
Պատմում են, որ տաճարի հարևանությամբ գտնվող տներից մեկի բակում շինարարական աշխատանքներ կատարելիս մարդու երեք կմախք են գտել, զարմացել էին ամուր և առողջ ատամնաշարի վրա: Թեև խորհուրդ են տվել այդ մասին տեղեկացնել հնագետներին, սակայն ավելորդ գլխացավանքից խուսափելու համար տան բնակիչները գտածո ոսկորները թաղել են բակից դուրս:
Արուճի մայր տաճարի և շրջակայքում գտնվող գերեզմանոցի տապանաքարերն իրենց տեսքով հիշեցնում են Նորատուսի հայտնի գերեզմանոցի տապանաքարերը: Գյուղապետի հավաստմամբ՝ իրենց առաջնակարգ ծրագրերում ներառված է նաև տաճարի գմբեթի վերանորոգումը:
Անուշ ՆԵՐՍԻՍՅԱՆ
Լուսանկարներ
Հեղինակի նյութեր
- ՈՍԿԵՊԱՐ. այդ քաղցր բառը՝ խաղաղություն
- «Արվեստագետն ու գիտնականը պիտի համոզվեն, որ թիկունքում պետություն կա»
- «Արհմիություն-գործատու համագործակցությունից կշահեն թե՛ աշխատողը, թե՛ գործատուն ու իր բիզնեսը»
- «Ներկայիս կառավարման համակարգը ոչնչով չի տարբերվում նախկին իշխանությունների վարած տնտեսական քաղաքականությունից»
- Երանի թե հայ գյուղացու բոլոր օրերի լուսաբացն ու մայրամուտն ավարտվեն խինդով և ուրախությամբ
- Գործատուն պարտավոր է հարգել աշխատողի աշխատանքային իրավունքը` առանց գործադուլավորի պարտադրման
- «Անհրաժեշտ է կանխել գյուղնշանակության հողերի դեգրադացումը»
- Ահագնացող աշխատանքային միգրացիան երկիրը «դատարկեց» որակյալ մասնագետներից
- Ոչ միայն երազանք, այլև իրականություն
- Տուրիզմով զբաղվելու համար նախ պետք է սիրել հայրենիքը
- Գառնառիճ՝ երեք պետությունների խաչմերուկում ապրող գյուղը
- «Վայել չէ թագավորի և իշխանի համար գողեր և ավազակներ ունենալ, այլ միայն լրտեսներ, որ հետախույզներ են»
- «Արհմիությունների հանդեպ վստահության վերականգնումը պետք է սկսել զրոյից»
- Աշխատողը պետք է ստանա այնքան աշխատավարձ, որ այն բավարարի ոչ թե գոյատևելու, այլ ապրելու համար
- «ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարը չկարողացավ լուծել ԵՊՀ արհմիության հետ կոլեկտիվ պայմանագիրը»
- Գազատար խողովակները կան, բայց բնակիչը գերադասում է փայտը
- Դիլիջանն իր ռեսուրսներով կարող է ապրել
- Մեղրի եկողը, դեռ չմեկնած, մտածում է հաջորդ այցի մասին
- Տաշտունը 160 ծուխ ուներ, այսօր մնացել է 22-ը՝ 60 բնակչով
- Անտառներով շրջապատված բնակավայրն իր ջեռուցման հարցը լուծել չի կարողանում, օրենքը թույլ չի տալիս
Մեկնաբանություններ