Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Գնաց դեպի Էրգիր

Գնաց դեպի Էրգիր
15.01.2016 | 02:13

Ինչ դժար ու դժվարին բան է վատ-գեշ լուր առնելը։ Ե՛վ ասելն է դժվար, և՛ հեշտ չէ նաև լսելը։ Մի լավ բանը, ասես, կտրել էր աշխարհի երեսից, և պիտի լսեի վաղուց անկողնուն գամված (է՜, ես էլ սովորեցի անկողնուն) Սասուն Գրիգորյանի... Սասունը, որ հիշողության լեփ-լեցուն ամբար էր, մատյան էր ու մատենագիր, որ զարմանալի աշխատասիրություն ուներ, զինվորագրվել էր ու նվիրվել մի գործի, որը նրա համար դարձավ կոչում, նվիրում։
Առավոտ շուտ էր։ Կրկնակի քնաբերով շնթռածս լսեցի մեծ տղայիս ձայնը, բայց չկարողացա բացել աչքերս։ Սասունը իր Ծովինարին էր... Մի քանի տարի առաջ սիրելի կնոջը՝ Մարիին էր տարել սիրասուն աղջկա մոտ, հիմա էլ ինքն է գնալու։ Մի քանի օր առաջ մեր ժողովրդական արտիստուհին՝ Ժենյա Ավետիսյանն էր ասում. «ՈՒժ չունեմ, էնպես եմ ուզում տեսնել Սասունին (Սամվել Մուրադյանը խոստացել է, քեզ էլ կվերցնենք ու կգնանք), Մարին իմանա, որ երկու ամիս կլինի չեմ գնացել, էնտեղ կնեղանա...»։ Ձայնը մատնեց, որ արցունք է թափում... Ի՞նչ կարող էի ասել։ Կարողացա բառեր ճարել. «Գլխավորը, Ժենյա ջան, վաստակած, ծանրաբեռն է գնում։ Պարտքը մարած է գնում»։ Մտքումս Սասունի հրաշալի տղային՝ Մհերին եմ ասում՝ այ Մհեր ջան, մի լավ բան ասեիր, էլի։ Եվ իմ տղային՝ Վահագնիս եմ մտքումս ասում՝ տղաս, օրը գոնե մի քիչ լիսապեծեր, հաբերս խմեի, մի բուռ ջուր տայիք երեսովս, մի թեթև ուժ առնեի, նոր... Եվ ինչո՞ւ եմ մտքով ճանապարհ ընկնում դեպի Թալին, հառաչելով ափսոսանք եմ ապրում Խաչիկ Դաշտենցի ու Մուշեղ Գալշոյանի, Գևորգ Հակոբյանի ու իմ Սասունիկ Թորոսյանի ու Վրեժ Իսրայելյանի, Արցախյան ազատամարտում ընկած սասնաժառանգ, մուշաշունչ զավակների համար, այլ, այ քեզ զարմանք, ասես, հանկարծ կաղնին իր արմատները բացի՝ Աշտարակում Արևշատ Ավագյան, Դավթաշենում՝ Անդրանիկ Ավետիսյան կա, ՈՒջանում՝ Ղուկաս Սիրունյան, հայրենասեր ու հայասեր վարչապետ Անդրանիկ Մարգարյանը և նրա որդի Տարոնը Մուշեղ Գալշոյանի անվանը վայել թանգարան կառուցեցին Կաթնաղբյուրում, Ներքին Բազմաբերդում՝ Նորայր Գրիգորյան, Մաստարայում՝ Ռուզան Ասատրյան... ՈՒ հանկարծ տխրության միջից ծոր է տալիս մի ալիք՝ աշնակցի Վրեժի տղան ստեղծագործում է... Վերջին անգամ Աշնակում եղել եմ մի քանի տարի առաջ։ Երեք հոգով էինք, թեկուզ երկուսով լինեինք՝ մեկին պիտի ճանաչենք որպես հրամանատար։ Հրամանատարը քաջարի Արկադի Տեր-Թադևոսյանն է։ Զինվորը Նորայր Մուշեղյանն է։ Ինձնից ո՛չ հրամանատար դուրս կգա, ոչ էլ զինվոր։ Աշնակցի ամեն մի երեխա ու ալեհեր ինքն իր զինվորն է ու հրամանատարը։ Գեներալը շատ է կարոտել իր զինվորներին, որոնք հանգչում են այստեղ։ Գեներալը խոնարհվում է իր քաջ զինվորների շիրիմների առջև, ծաղիկներ դնում, սիրո, ցավի խոսք ասում հայերեն, իսկ ես խոնարհվում եմ լեգենդի առջև։ ՈՒ հիշում ենք բոլոր նրանց, ովքեր պատերազմի ժամանակ Արցախում էնպես էին կռվում, ինչպես Էրգրում բազմաթիվ ֆիդայիներ։ Էս քարանյարդ հողը ի՜նչ հրաշալի զավակներ է ծնել, նաև գրողներ՝ Վրեժ Իսրայելյան, Ռոլանդ Շառոյան, Վրեժ Սարուխանյան... Էլի կան։ Ոչ միայն Աշնակում, այլև ամենուր հնչեցնում են անունները քաջազուն աշնակցիների։ Ափսոս, պատմաբան Գեղամ Կիրակոսյանը չհասցրեց գրել իր գյուղի պատմությունը, բայց կարողացավ «քայլող հող» Մեսրոպ արքեպիսկոպոս Աշճյանի կազմած խմբի հետ լինել պատմական հայրենիքում ու հրաշալի գիրք գրել իր մեծ, մեր մեծ կարոտի մասին։ Եվ փառք ու պատիվ էինք ասում Սասուն Գրիգորյանին, որ Մեծ հայրենականում զոհվածի տղան կարողացավ կենսագիրը դառնալ բոլոր նրանց, ովքեր մտավորականներ էին՝ գրողներ, բժիշկներ, ուսուցիչներ, որոնք 1915-ին սպանդվեցին ավելի գազան ու վայրենացած թուրքերի կողմից։ Սասունը կենսագիրը դարձավ նաև համայնացման տարիներին, 37-ին, 49-ին (կարելի է ասել՝ քիչ դադարներով) Ալթայ ու սիբիրներ քշված հազարավոր հայերի՝ ամբողջ ընտանիքներով նաև...
Սասունին, որ ճանաչում եմ պատանեկությանը նոր հրաժեշտ տված ժամանակներից (հասակակիցներ ենք, հունվարի 15-ի ծնունդ է), Այգեստան թաղամասում էինք վարձով ապրում, առավոտ շուտ հիշողությունների բլուրներ են բարձրանում, բանաստեղծը բանաստեղծ էր, կարելի է անձամբ շեշտել՝ նաև քառյակագիր էր, հրապարակագիր, գրականագետ, ռազմական պատմաբան։ Հարցը պիտի տրվի՝ ի՞նչ է արել, ի՞նչ է թողել սիրելի անաչառը։ Նա երբեք անպաշտոն չի մնացել, բայց ոչ մի դեպքում պաշտոնը չի նպաստացրել իր նպատակներին։ Նա նախկին ԽՍՀՄ գրողների միության անդամ էր, Գրողների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ, Հայոց ազատամարտի «ՈՒխտատուն» թանգարան-ինստիտուտի տնօրենն էր ու գիտական խորհրդի նախագահը... (Կարելի է շարունակել. հազար ափսոս, որ կյանքը շարունակելի չէ)։ ՈՒ նա ամենուր հայ էր որոնում, արմատ էր որոնում, ու աշխարհի տարբեր ծեգերում ապրող հայ գրողները, շատ ու շատ կարոտյալներ առանց սասնակայանի չէին վերադառնա իրենց գտած եզերքը։
Մնաք բարով ասելը հեշտ չէ... ոչ միայն ասողի, այլև լսողի համար։ Նաև՝ ընթերցողի։
Մնաք բարով, իմ սերեր, էլ ձեր Սասունը չկա,
ՈՒմ այրել է կամ սիրել, էլ էն Սասունը չկա,
Մինչ հանդիպելն էն կյանքում՝ խենթություններս ներեք,
Էլ ո՛չ հրդեհ, ո՛չ վրեժ, էն Սասնա ծուռը չկա։
Մի օր Սասունին հարցրի՝ ինչո՞ւ մանկական բանաստեղծություններ, պատմվածքներ չի գրում։ Պատասխանեց՝ ես մանկություն և պատանեկություն չեմ ունեցել։
Սասունը կարողացավ պահել գյուղի՝ հենց մոր փրկած տունը։ Այգին այգի զգաց, հողը՝ հող։ Սասունը կարողացավ գրքեր գրել նաև հայրամայրական տանը, Սասուն, Մարի թոռներին Ներքին Սասնաշենի առավոտներ ու երեկոներ նվիրել, սովորեցնել էրգրի լեզուն, բարբառը։
...Հիշում եմ. ցուրտ մի օր, երբ դոշս բռնեց փողոցում, ինչ խելք արեցի՝ քայլերս ուղղեցի դեպի Սասունանոց՝ Լեզվի ինստիտուտի հին շենքը։ Գիտեմ, էս ժամին լույս-հոսանք ու... սուրճ ունի Սասունը։ Դիմացից գալիս է միշտ մարտական-հավատավոր ազատամարտուհին՝ սիրելի Շուշանիկ Աբրահամյանը, որի հետ ծանոթացել եմ պատերազմի ժամանակ, Մարտակերտում։ Ասեմ նաև, որ առաջին անգամ հրաշալի բանաստեղծ Ռոբերտ Եսայանին հանդիպել եմ, ինչպես ասում են, կրակի առաջին գծում։ Ողջագուրվում ենք Շուշանիկի հետ։ Ես, նայելով պատանիներին, ջահելներին, ոնց որ մի թեթև կամ կարգին վախեցել էի։ Դե, պարծենալ չլինի։ Ինձ նման մի թեթև վախեցածները հիմա... կարգին թոշակ են ստանում։ Նրանց հալալ է։ Ասաց՝ ինձ էլ հետդ տար, թեև գիտեմ, որ ... անտերին ո՞վ է հիշում։ Շուշանը լուրջ աղջիկ է, ինչո՞ւ է նման բան ասում։ Ամուսինը զոհվել է, չի կարողանում ստեղծել էն փաստաթղթերը, որ իր աղջիկը՝ Վարվառա Վյաչեսլավի Հայրապետյանը, մեծանում է անհայր։ Ասացի՝ էդ բոլորը Սասունին կասես։ Ըհը, մեր բախտից՝ հոսանք կա, սուրճ կա։ Եվ Սասունի մեղմ ժպիտը, յոթ տարվա կարոտով համբուրում է Շուշանին, իմանալով, որ Ղարաբաղում է կռվել, ավելի սիրալիր է դառնում։ Ասաց. «Շուշան ջան, դո՛ւ միայն անուն-ազգանունն ասա»։ Շուշանն ասաց. «Սլավիկ Զարմիկի»։ Սասունը էջեր շրջեց, էջեր շրջեց, հասավ որոնած տառին ու կարդաց. «Վյաչեսլավ Խաչատուրի Հայրապետյան. ծնվել է 1961-ի սեպտեմբերի 24-ին, Սումգայիթում, 67-ից ապրել է Աբովյանում, զոհվել է 92-ի հունվարի 23-ին՝ Ասկերանի շրջանի Սուրբ Աստվածածին, 4-րդ դարի եկեղեցու մոտ»։
Կարող եմ վկայել, և վկայելու հարկ էլ չկա, որ հազարավոր կենսագրություններ է փրկել մեր Սասունը` ստեղծելով նաև իր կենսագրության հարուստ էջերը։ «Սասնա պար»-ով սկսվեց նրա գրական գրքամուտքը։ «Նրանք ընկան երգը շուրթերին», «Մուսաները չլռեցին» և տասնյակ ու տասնյակ գրքեր է տպագրել ու թողել նաև... որպես հարուստ-հարուստ արխիվ։
Սասուն-բանաստեղծի, Սասուն-պատմաբանի, Սասուն-հայրենագիտակի, Սասուն-հրապարակախոսի, թանգարանագետի, հայրենասերի մասին գրվել է, հիմա, էս տխուր ժամին պետք է խոսք ասել, դրա համար ցավակցելով մեր գրական ընտանիքի ավագագույն, տաղանդավոր, բազմաշերտ գրողի մահվան առթիվ, ուզում եմ հպարտությամբ շեշտել, որ նա Հայ դատի պաշտպանների պաշտպանն էր։
Քանի ես կամ, քո վրեժն ու ցասումն եմ
Հայոց ուխտի և դրախտի մասունքն եմ,
Մինչ չլուծվի Արդար դատս հոշոտված,
Ես չեմ լռի, կմարտնչեմ, Սասունն եմ...
...Սասունի մահվան լուրն առնելուն պես, մտքիս մեջ նրա հետ չոլերն ընկա, նորից գնացի գյուղի նրա տուն, ո՞ւմ զանգեմ, ո՞ւմ ինչ ասեմ, առավոտ շուտ ի՞նչ անեմ և... իմ սիրելի արձակագրին, դավթաշենցի ուսուցիչ, բանաստեղծ Սամսոն Ավետիսյանի որդուն եմ հիշում.
-Անդրանիկ... Բարի լույս։ Հո քնա՞ծ չես։
-Արթուն եմ։ Գո՞րծ կա, ինչո՞վ օգնեմ։
-Իմացա՞ր, Սասունը գնաց։
-Ո՞Ւր գնաց.
-Գնաց դեպի Էրգիր։

Հրաչյա ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 2286

Մեկնաբանություններ