Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՈՒկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանին Թեհրանի աջակցության պատճառով՝ երկուշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են նավերի և նավահանգիստների դեմ, որոնք օգտագործվում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման համար՝ ասված է զեկույցում:               
 

Ծառուկյանը հարկադրված է. կա´մ` դես, կա´մ` դեն

Ծառուկյանը հարկադրված է. կա´մ` դես, կա´մ` դեն
25.04.2013 | 17:29

Երեկ Ծիծեռնակաբերդում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին ոստիկանները ցույց են տվել, այսպես ասած, իր տեղը: Պարզ է, որ ոստիկանները չէին կարող ինքնագլուխ նման որոշումներ կայացնել, առավել ևս, որ Ծառուկյանը մինչ այս օգտվել է մի շարք արտոնություններից, որոնք սահմանել է իշխանությունը որոշ կատեգորիայի մարդկանց համար: Որոշ ԲՀԿ-ականներ հայտարարեցին, թե ոստիկանությունը պետք է պարզաբանի տեղի ունեցածը, քանի որ Ծառուկյանը անվտանգության խորհրդի անդամ է, ուրեմն և իրավունք ունի հետ դառնալ այն նույն ճանապարհով, որով եկել է: Ոստիկանությունն էլ պատասխան հայտարարությունն արեց, թե որևէ սխալ չի եղել: Որն է իրականում խնդիրը:
Գագիկ Ծառուկյանը հայտնվել է երկու կրակի արանքում, ուր թեքվի` վտանգավոր է, այդ է պատճառը , որ մինչ օրս խաղում է կենտրոնում` երբեմն-երբեմն մի քիչ ավելի շատ թեքվելով դեպի այս կամ այն կողմ, որից հետո ստանում է պատասխան հարված` համապատասխաբար իշխանության և ընդդիմության կողմից: Մի կողմից ՀԱԿ-ն է ԲՀԿ-ին մղում ընդդիմադիր քայլերի, մյուս կողմից իշխանությունն իր կողմն է քաշում «մոլորյալ զավակին»:
Երեկվա միջադեպը ոստիկանության ու Ծառուկյանի միջև, կարծում ենք, արձագանքն էր օրերս Վարդան Օսկանյանի ֆեյսբուքյան գրառմանը, թե ԱԺ սեպտեմբերյան նստաշրջանին ԲՀԿ-ն ճիշտ կանի իրեն ընդդիմադիր հռչակի: ԲՀԿ առաջնորդը օսկանյանական այս մտորումներին ոչ մի կերպ չարձագանքեց, իսկ իշխանությունը ԲՀԿ-ից մեկնաբանություն է սպասում: Գագիկ Ծառուկյանը, ի վերջո, պետք է որոշում կայացնի` իշխանությա՞ն հետ է, թե՞ ընդդիմության: Իրականում կարևոր էլ չէ, թե ինչ կորոշի Գագիկ Ծառուկյանը: Հենց թեկուզ իր համար: Միայն թե վերջինս ինքը պիտի դա հասկանա. երբ չգիտես ուր ես գնում, քայլելն ավելի դժվար է դառնում:
Ծառուկյանի որոշմամբ ոչ միայն պարզություն կմտնի քաղաքական դաշտում, այլև կյանքը ԲՀԿ-ի համար կհեշտանա: Անցել են ժամանակները, երբ կարելի էր երկակի խաղ խաղալ ու, կենտրոնամետի թիկնոցն ուսերին առած, բարգավաճել: Ծառուկյանն այդ ռուբիկոնը վաղուց է հատել, նրա հեքիաթներին այլևս ոչ ոք չի հավատում, ու ոտքները կախ գցած ՀԱԿ-ի ու իշխանության համբերությունը կարող է սպառվել: Այդ պարագայում արդեն Ծառուկյանը կարող է լուրջ հարվածներ ստանալ երկու կողմից էլ, որից մինչև ուղղահայաց գահավիժում վայրկյաննների հարց է: Մինչ այժմ քիչ թե շատ քաղաքական ընկալվող այս ուժը կարող է դուրս մղվել քաղաքական դաշտից, որը Ծառուկյանի համար կարժենա ավելի թանկ, քան իշխանության հետ մնալը կամ էլ իսկապես ընդդիմություն դառնալու հայտ ներկայացնելը:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 3325

Մեկնաբանություններ