Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

Եկել էին Արգամիչին շնորհավորելու...

Եկել էին Արգամիչին շնորհավորելու...
03.10.2008 | 00:00

ԷԴ Ո՜ՆՑ ԲԱՐՁՐԱՑՐԻՆ...
Երեքշաբթի, հետկեսօրին, երբ ԱԺ դահլիճում հայտարարությունների ժամ էր, խորհրդարանի բակում հոծ ամբոխ էր հավաքվել: ՈՒժեղ աժիոտաժ էր: Մտածեցինք` բան է պատահել կամ ՀՀԿ ֆրակցիայի նախագահ Կարեն Կարապետյանին են «էն անիրավ աշխարհ ճամփում» (վերջինիս հրամանն արդեն եղել էր):
Պարզվեց` չէ: Բոլորն անծանոթ էին: Թափորն ուղղվեց դեպ ԱԺ մուտք և խիստ վեհանձն ներս մտավ: Հասա-հարցրի` էս ո՞ւր: «Ո՞նց թե ուր, կարևոր գործով»: Մոտ հիսուն հոգի ԱԺ երկրորդ հարկի միջանցքը բռնած` սեփական տուն այցելածի քելքով առաջանում էին այնքան երջանիկ, այնքան հիացած, այնպես ինքնաբավ. այդպես հավատացյալներն են Աստծո դուռը գնում կամ ժողովուրդները «ժողովրդի հոր»` Ստալինի, կամ Ռոբեսպիերի ու դը Գոլի մոտ:
Ենթարկվեցի իրենց ռիթմին ու քելքին, իրենց պես հիացած սկսեցի նայել ԱԺ միջանցքների պատերին, դռներին։ «Էս Սաշիկ Սարգսյանի սենյակն է». ցուցանակն էր ավետում։ Բոլորս մեկ մարդու նման կարդացինք, հիացանք, իսկ Գլխավորն ազդարարեց. «Ազատիչի եղբայրն է», ու բոլորով անբացատրելի մի հարգանքով անցանք էդ դռան մոտով: Էս մեկը ԲՀԿ-ի սենյակն է: Ոչ մի վերաբերմունք: Առաջացանք:
Հարցրի կողքիցս քայլող ահավոր երջանիկ, դեղին, ուժեղ «ֆեն» արած մազերով տիկնոջը. «Էս ո՞ւր ենք գնում էսպես երջանիկ»: «Ո՞նց թե` Արգամիչին շնորհավորելու»: Ո՞վ եք, որ: «Չհասկացա, դու մեզ հետ չե՞ս»: «Մեզ» հետ եմ, բայց չգիտեմ` որ կողմով ենք գնում, կարող էինք էն կողմով գնալ, ավելի կարճ էր: «Շատ մի խոսա, ոնց տանում են, էնպես էլ պիտի գնանք, կողք քաշվի»: Կողք քաշվեցի. հսկա ծաղկի զամբյուղը` մոտ մետրուկես «ձողիկներով», բույսերով, ճերմակաթույր վարդերով, երկու կողմից բռնած տղամարդիկ առաջ տարան: Հասցրի հարցնել` շա՞տ թանկ է. «Չգիտենք, մենք «Բրաբիոնի» առաքողներն ենք, բերել-հասցրել ենք, քուր ջան»: «ՈՒղիղ Ա՞Ժ»: «Չգիտենք, քուր ջան, չգիտենք, իրենց հարցրու»:
Նորից դիմեցի դեղին մազերով տիկնոջը. «Շատ ուրախ եք»: «Ընչի՞, դու ուրախ չե՞ս»: Ուրախ եմ, իսկ ո՞վ կա այսօր «մեզ» հետ: «Չե՞ս տեսնում` ողջ մարզպետարանն է, մարզպետն է, մարզի քաղաքապետերն են, վարչության պետերը»: Խոսքն Արարատի մարզի մասին էր, պարզվեց: Շա՞տ չենք մի տեսակ, էն էլ` ԱԺ-ում, էլի հարցրի: «Ի՞նչն է շատ, Արգամիչը սրանից շատին է արժանի»: Իսկ դուք ո՞վ եք: «Չգիտե՞ս, մարզի սոցիալական ապահովության վարչության պետն եմ»: Արժեր հասնեիք ԱԺ` ասի. բա հիմա մարզպետարանում աշխատանքային ժամ չէ՞, որ էսքանով վեր կացել-հասել եք Երևան, բա մարզն անտեր չի մնացե՞լ, ո՞վ պիտի աշխատի էնտեղ, եթե անհրաժեշտ մի բան լինի: «Իա՜, լսի` կարո՞ղ ա դու ուրիշ տեղից ես, մի տեսակ ուրիշ հարցեր ես տալի»: Արդեն հասել էինք ԱԺ 334-րդ` ասուլիսների սենյակին: Բոլորով ներս մտանք, «կիլոմետրանոց» ծաղկեպսակը հանգրվանեց «նախագահության» սեղանի մոտ, ամենաառջևում նստած Արարատի մարզպետին հարցրի` Դուք համ էլ Արգամիչի բարեկամն եք, չէ՞` քավոր-սանիկ եք, ու ոնց որ կարող էիք այլ պայմաններում էլ շնորհավորել նրան: «Այո, մենք` այսօր այստեղ եղողներս, բոլորս նրա հարազատներն ենք, իմացա՞ք»: Մինչ կհասցնեի իմանալ «զբանս հանճարոյ», ինձ հայտնաբերեց Արգամիչի վարորդն ու պահանջեց արարողակարգի աշխատակցից` հանդիպման հետ կապ չունեցող մարդկանց հանել ասուլիսների սենյակից:
Դուրս եկա, գնացի հայտարարությունները լսելու: Նիստը նախագահում էր Հրայր Կարապետյանը, իսկ դահլիճը` դատարկ-դատա՜րկ, ընդամենը 5-6 հոգի, որ սպասում էին հայտարարության իրենց հերթին: Փաստորեն, Արգամիչն իր աշխատանքային առաջին օրը «աշխատանքի» չէր եկել, ու նիստը վարում էր Հ. Կարապետյանը, որովհետև ԱԺ նախագահը կարևոր` «պետական» նշանակության հանդիպման էր ու չէր կարող կատարել խոստումը, թե ԱԺ հաճախելն այսուհետ բոլորովին այլ է լինելու, ու դատարկ դահլիճ չենք ունենալու:
Մոտ քառասուն րոպե հետո, նույնպես պատահաբար, ԱԺ պատուհանից տեսա, թե ինչպես է Արարատի մարզը (չէ, նրա «սվիտան», որովհետև Արարատի ժողովուրդը, որպես օրինաչափություն, հինգշաբթի օրերին հավաքվում է կառավարության շենքի առջև` իր հոգսերն ու ցավերը գործադրին ներկայացնելու համար) լքում Ազգային ժողովի շենքը` նույնքան առինքնող, նույնքան ինքնավստահ ու բավարարված քելքով:
Բաց էր մնում մեկ հարց. ԱԺ նիստերի օրերին, երբ օձն իր պորտով, հավքն իր թևով չէր կարող թափանցել ԱԺ, ասել է` դրսից որևէ մարդ չի կարող մուտք գործել ԱԺ (բացի ամենաբացառիկ ու հատուկ դեպքերից` հատուկ թույլտվությամբ), այդքան չինովնիկ ո՞նց էր մտել ԱԺ` իրենց ծաղկեպսակով հանդերձ ու այդպես ինքնամոռաց «բարձրացնում» ԱԺ աշխատանքային արդյունավետությունն ու դերակատարությունը, ինչպես և խոստացել էր հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 4678

Մեկնաբանություններ