38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

«ԱՍԵՂՆԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՐՎԵՍՏՆ ԱՅՍՕՐ ԷԼ ԱՍԵԼԻՔ ՈՒՆԻ»

«ԱՍԵՂՆԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՐՎԵՍՏՆ ԱՅՍՕՐ ԷԼ ԱՍԵԼԻՔ ՈՒՆԻ»
24.06.2011 | 00:00

Ժողովրդական վարպետ ԼՈՒՍԻՆԵ ՄԽԻԹԱՐՅԱՆԻ վերջերս լույս տեսած «Մարաշի ասեղնագործության գաղտնիքները» գիրքը նվիրված է Մարաշի հյուսքակարի ուսուցմանը: Այն կարող է ուղեցույց լինել ասեղնագործել սիրող մարդկանց համար: «Հայկական ձեռագործ արվեստը իր բազմազանությամբ և բարձրաճաշակ ոճով դարեր շարունակ հիացմուք է պատճառել և՛ օտարերկրացիներին, և՛ արվեստաբաններին, և՛ գիտնականներին»,- գրում է հեղինակը և տեղեկացնում, որ ասեղնագործական մշակույթը Հայաստանում զարգացել է երեք հիմնական ուղղություններով` գյուղական, քաղաքային և եկեղեցական: Հայտնի էին ասեղնագործ տարբեր կարատեսակներ, պարզ ու հանրամատչելիի հետ մեկտեղ նաև բարդ գաղտնակարեր, որոնք բնորոշ էին միայն որոշ կենտրոնների (Մարաշ, Այնթապ): «Մշակութային ժառանգության պահպանման խնդիրը խիստ արդիական է: Աշխարհում կատարվող փոփոխություններն ավելի են արագացնում ավանդական և ազգային շատ արժեքների դուրսմղումը կիրառությունից: Անհրաժեշտ է խնամքով վերաբերվել ժողովրդական հմտությունների պահպանմանը այնպիսի կարևոր ճյուղերում, ինչպիսիք են ասեղնագործությունը, ժանյակը և, ընդհանրապես, գեղարվեստական գործվածքը»,- նկատում է պատմական գիտությունների թեկնածու, ազգագրագետ Սվետլանա Պողոսյանը:
«Քանդակի և մանրանկարի զարդերն այնքան նմանություն ունեն Մարաշի ասեղնագործ գաղտնակարի հետ, որ կարելի է ենթադրել, թե քանդակագործը դրանից է արտանկարել նախշը»,- ասում է Լուսինե Մխիթարյանը:
Մարաշի հյուսքակարը Հայաստանում լայն տարածում է գտել 10-12-րդ դարերում, սակայն այս կարատեսակի ստեղծման ժամանակաշրջանը անհայտ է: Մարաշի ասեղնագործությունը այսօր էլ պահպանվում է Բեյրութի հայկական համայնքում:
«2010-ից մշակույթի նախարարության ծրագրով ֆինանսավորվում է ձեռագործ գորգերի ուսուցողական ծրագիրը,- ասում է Լուսինե Մխիթարյանը:- ՈՒրախալի է, որ պահպանվում է գորգագործության արվեստը, բայց պակաս կարևոր չէ նաև ասեղնագործության արվեստի պահպանումը: Ցավալի է, բայց ևս մեկ սերունդ հետո հնարավոր է մոռանանք, թե ինչպես են գործում հայկական ժանյակը, օյա ժանյակը, կարելի է ասել` արդեն մոռացվել են ՈՒռհայի կարը, ոսկեքուղ ասեղնագործությունը թավշի վրա: Ասեղնագործության արվեստն այսօր էլ ասելիք ունի: Պետք է օգտագործել գիրքը, համացանցը, ցուցահանդեսները` աշխարհին ներկայացնելու համար հայկական ասեղնագործության արվեստը»: Հետաքրքիր մի դիտարկում ևս. Լուսինե Մխիթարյանը գեղագիտության ազգային կենտրոնի կերպարվեստի և դեկորատիվ-կիրառական արվեստի ստուդիա-քոլեջի ուսուցչուհի է և ասում է, որ հինգ տարեկան երեխան կարող է անթերի ձեռագործ անել, անգամ ծնողները զարմանքով նկատում են, որ ձեռագործ արվեստի շնորհիվ փոխվում են երեխայի բնավորության գծերը:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 4313

Մեկնաբանություններ