38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

ՄՏՈՐՈՒՄ ՎԱՉԱԳԱՆ Ա. ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵՎ ՆՐԱ «ԵՐԳՈՂ ԱՅԲՈՒԲԵՆ» ՍՐՏԱՔԱՄ ԳՐՔԻ ՄԱՍԻՆ

ՄՏՈՐՈՒՄ ՎԱՉԱԳԱՆ Ա. ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵՎ ՆՐԱ «ԵՐԳՈՂ ԱՅԲՈՒԲԵՆ» ՍՐՏԱՔԱՄ ԳՐՔԻ ՄԱՍԻՆ
16.03.2012 | 00:00

ՀԱՅՈՑ ԼԵԶՎԱԳԱՆՁԱՐԱՆ

Մի Հայ, հայ մի մարդ, որ հանդես է գալիս սովորական` իրեն բաժին ընկած Վաչագան Ա. Սարգսյան անուն-ազգանունով, բազմաշերտ, բազմամիտ, տարատարիք, դեռ խակ ու թունդ հասուն մարդկանց է բևեռում իր հայանպաստ անուն-գործի շուրջ, մտածել տալիս էն ամենի մասին, որ կոչվում է կյանք: Եվ պարզ անունով հայայրը տիրապետում է էնքան արհեստների ու արվեստների, որ դեմդ նկարեն հմայքով շողշողում են դարակերտ շնչավոր, փառաշուք տանջահար, կատարյալի կածանը բռնած ու Աստծո մոտ տանող երազուն աչքառ ճանապարհները: Զարմանալու փոխարեն աչքիդ երևում է մի եզերք, որ կարելի է կոչել Հայոց հնչյունների, տառերի, հենց Գրի հովիտ, ուր ամեն պահ տառը, սովորական տառը կարող է իր իսկ բացած մաքրաջինջ արահետով նետվել երկինք` որպես ծննդավայր: Սա հրաշքն է, կապտածրար հրաշքը, որ աստվածային է: ՈՒ մենք լեզվի, հնչյունի, բառուբանի հրաշքի մեջ ենք: Արդեն քանի դար փառաբանության մեջ ենք: ՈՒ եկել է մի մշակ` Վաչագան անունով ու իր փառածնության ծնծղաներն է խփում` հնչյունների մեջ խաղացնելով նվիրումի, սիրո իր արյունը: Մարդը զորավիգ է եղել ինքն իր էությանը` ստեղծելով մի Այբուբեն, որի էջերը հասկի նման լեցուն են ոսկետառ հատիկներով: Հեղինակին իր արվեստով լծկից է դարձել նկարիչ Խորեն Հակոբյանը: Ե՛վ Վաչագանին, և՛ Խորենին էնպես խորին խանդով են նայում նկարչագեղ տառերը, որ նրանց նույնպես կարելի է կոչել հեղինակ: Այո, ամեն մի տառ հեղինակ է:

Ծ-Ի ԵՐԳԸ
Ծ-ն եմ, ԾԱ-ն եմ ծիծաղկոտ,
Ծիլ եմ, ծաղիկ, ծփուն ծով,
Ծիրանն եմ ես հայկական,
Ծովինարն եմ Սասնա տան,
Ծովից ծնված ծիածան:

Ծիծաղը ձեր չի անցնի,
Երբ լրջորեն ձեզ ասեմ,
Թե առանց ինձ չի բացվի
Օրը պայծառ ու լուսե:

Իրոք, եկեք մտածենք`
Օրը ինչպե՞ս կբացվի,
Թե աքլորը վաղ ծեգին
Կանչի հանկարծ ուղրուղու
Եվ ոչ թե` զիլ ծուղրուղո՜ւ:

Մենք` բառերի մեջ, ամենուր բառեր ենք որոնում: Հողը քանի՞ բառով կարելի է վարել (մշակել), որ բերք ու բարիքը հենց հողն զգա, հացը քանի՞ բառով կարելի է ստեղծել: ՈՒ վերջապես, քանի՞ բառ է հարկավոր մարդու և հողի դաշնության, մտերմության համար: Բառ չէ` կյա՜նք է ՀԱՐԿԱՎՈՐ: Այո, Աստված ընտրել գիտե: Վաչագանն ընտրյալ է որպես գիտնական-հեղինակ: Նա համակ սեր է: Ամեն մի տառերգով նա զինվոր է ու զինվորագրյալ: Նա կարող է ասել` Ա-ն իմ երգն է, նույնը կարող է ասել տառը մարդու մասին: Եվ դա պիտի կոչենք մարդու (ժողովրդի) և իր այբուբենի սեր: Հիմա մի բան լավ ենք հասկանում, ինչպես չենք հասկացել մեր քրիստոնեական ակունքներում: Հարկավոր է տան նման, զավակի նման, հողի նման, պատմության նման փրկել մեր լեզուն: ՈՒ հենց լեզուն է զինվորագրվում: Բառդ աճել, լեզուդ հարստացել է էս հողի վրա: Եթե դու լքում ես քեզ ծնած բառահողը, բառատունը, էլ ի՞նչ հայրենիքի մասին կարող ենք խոսել: Հարյուրհազարավոր բառերի մեր գանձատուփ շտեմարանից հատիկ-հատիկ քանի տասնյակ ու շատ-շատ քանի բառ պետք է փռես ու փնջես երկրի ու երկնի, մարդ ու հողի, մարդ ու լեզվի, մարդ ու հայրենիքի, մարդ ու նրա բառուբանի կատարելությանը հասնելու համար: ՈՒ թե ձուլված ես քո հող ու լեզվին, ուրեմն Աստծո մոտ տանող ճանապարհը վախճան չունի: Ամեն պահ թվում է, թե շունչդ կտրվում է: Այո, հին սիրուց մարդու շունչ է կտրվում, ինչպես սեր է ծաղկում: Քո լեզուն, քո մայրենին քո անաղարտ, քո մաշտոցյան սիրուց քո շունչը կտրում է, ու դա ոչ միայն լավ է, այլև նորեն հավատում ես, որ էդ կտրվող սիրո շունչն է պահում քո երկիրը, որը ոչ թե հայրենիք կամ Հայաստան է կոչվում, այլ առաջին հերթին հայոց գիր ու տառ, որովհետև մեր հայրենիքը, մեր Հայաստանը ծնվել են ոչ միայն մեր սիրուց, այլև գրից:

Հ-Ի ԵՐԳԸ

Սիսին նստած մի Հ տառ,
Իսկ Մասիսին` մի Յ տառ,
Խորհում էին անդադար`
Ինչպես դառնան մի լավ բառ:
Բայց ինչպես էլ կանգնեցին,
Բառ չստացվեց, տխրեցին:

-Ա՜,- ծոր տվեց ՀՈ տառը,-
Իջնենք մոտիկ անտառը,
Անտառի մեջ արևոտ
Ա-ն է ապրում առաջնորդ.
Ի՞նչ կասի մեզ սրտամոտ:

Յ-ն աջ կողմից մոտեցավ,
Հ-ն ձախ կողմից մոտեցավ,
ՈՒ երբ հասան Ա տառին,
ՀԱՅ-ը ծնվեց այդ պահին:
Ծնվեց, ապրեց, ծովացավ,
Հայերենով զորացավ,
Կերտեց անմահ Հայաստան`
Հոգու տունը հայության:

Գրից են ծնվել մեր մասունքները, մեր հիմնը, մեր դրոշը, մեր զինանշանը: Եթե պահում ենք մեր լեզուն, մեր գիրը, ուրեմն պահում ենք մեր հայրենիքը: Մեր հայրենիքը` Հայաստանը` Հայաստանում: Լավ հայ ենք. էս աղբյուրը բղխում է ոչ միայն ջուր, այլև տառի պատկեր ու հենց տառահնչյուն, էս առուն ոչ միայն իր գրած բառային երգն է նվագում, այլև նոր բառեր է ծնում: Էսպես շարունակ: Մեր ձորերը, բառածնունդ մեր լեռները լիքը բառեր են: ՈՒ տխրում է մարդ, խենթանում-գժվում է մարդ, երբ փորձում է պատկերացնել էն առավոտը, երբ սարերը, ձորերը մարդաթափ կլինեն, իսկ բառերը հեղեղների բերանը կընկնեն ու կքշվեն մեր օտարասեր գետերով, կամ, որպես հանքանյութ, կմտնեն մայր հողի մաշված կրծքի մեջ: Րաֆֆուն հիշենք` չէր երևում միայն մարդը: Դրա համար ենք ասում` մենք մեր լեզվի փրկածն ենք, որովհետև մենք ծնվել ենք մեր լեզվից և այնքան նման ենք մեր լեզվամորը: Լեզուն դեռ բառ չէ, հնչյուն չէ: Դրա համար այսօր ամեն մի հայ պետք է մտածի ի՛ր փրկության, ասել է` իր լեզվի փրկության մասին: Թե ուզում ես փրկվել, պետք է փրկել մայրենին: ՈՒ ահա իր փրկագրքով, որ կոչվում է «Երգող այբուբեն», մեզ է ներկայանում մի հեղինակ, որն իր վարքով շատ նման է մեր Այբուբենին` դառնալով ոչ միայն հանճարագործ սուրբ Մեսրոպ Մաշտոցի աշակերտը, այլև, կասեի, արժանավոր զինվորը: Նա իր արյան միջից հանած սերը դարձնում է ձոն ու ձոներգ ու մեզ ներկայանում բառի հպարտ ու վեհ, վսեմ տեսքով: ՈՒ լավ է, որ սքանչելի ընծա էս գրքում երգում են ոչ միայն տառերը, այլև Մեր Այբուբենը երբեք չի վերջանում ՕՖ-երով:
Մեր ամենասուրբ կառույցի մեջ իրենց պատվավոր տեղն ունեն հնչյունատառը, ձայնավորը, տողադարձը, վանկը, բառը, բարդ բառը, ժողովրդական բանահյուսության երգը:

ՎԱՆԿԻ ԵՐԳԸ
Թե բառն ասես մասերով`
Մա-սե-րով,
Ամեն մասում մի ձայնավոր`
Ձայ-նա-վոր,
Դու կխոսես վանկերով`
Վան-կե-րով,
Ամեն վանկը կարտասանես
Մի շնչով,
Մի շնչով:

Կարդալով մեր լեզվի խոնարհ ծառա ու հպարտ տեր Վաչագան Ա. Սարգսյանի «Երգող այբուբեն» գիրքը` կխնդրեի, սիրելի ընթերցող, որ սկզբում կարդաս հեղինակի «Երկու խոսք` որպես վերջաբան»-ը, և քո ձեռքում կլինեն էն բանալիները, որ սրտիդ դեմ բացում են երգատների դռները, և մենք մեկ անգամ նորից տեր կզգանք էն մեծ աշխարհի, որ կոչվում է հայոց լեզվագանձարան:

Հրաչյա ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 6714

Մեկնաբանություններ