ԱՄՆ-ում ավարտվել է քվեարկությունը գրեթե բոլոր նահանգներում. Դոնալդ Թրամփը իր համար երաշխավորել է 267 ձայն ընտրողների կոլեգիայում, Քամալա Հարիսը՝ 226։ Հաղթանակի համար պահանջվում է առնվազն 270 ձայն։ Թրամփը շահել է տատանվող յոթ նահանգներից երկուսում՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում։ Նա Հարիսին գերազանցում է նաև այլ վիճելի նահանգներում, որտեղ վերջնականապես կորոշվի ընտրությունների ճակատագիրը։               
 

Տիգրա՛ն, Սեյրա՛ն, Դերո՛

Տիգրա՛ն, Սեյրա՛ն, Դերո՛
18.09.2012 | 02:41

Հինգշաբթի օրը տեղի ունեցած ՀՀԿ գործադիր մարմնի նիստում Սերժ Սարգսյանը, որը նախորդ ԳՄ-ների ժամանակ խստիվ զգուշացրել էր չարձագանքել ոչ միայն Գագիկ Ծառուկյանի` Մասիսում հնչեցրած հայտարարությանը (երեսուն տոկոսի և վարչապետի պաշտոնի «ուզումի» մասին), այլև «գազային» և այլ կալիբրի հայտարարություններին, իր ծերակույտին հարկ էր համարել բառացիորեն ասելու հետևյալը. «ՈՒզում եմ տեղեկանաք, որ այն ամենը, ինչ գրվում և հայտարարվում է մամուլում վարչապետի մասին, հերյուրանքներ են. նման բան չըկա՛»: Ինչից էլ ծերակույտը, մանավանդ վարչապետ չսիրողները, հստակ հասկացել էին, որ Սերժ Սարգսյան-Տիգրան Սարգսյան տանդեմը շարունակում է խիստ սինխրոն աշխատել:
Այս պասաժն ապահովելուց հետո շաբաթ օրը Սերժ Սարգսյանը տվեց նախագահական ընտրությունների ստարտը` դատաստանն սկսելով սեփական տնից: Միանգամից մի քանի նապաստակներ խփեց, դրեց խաղը և մոդուլյացիաները լավ չպատկերացնողների սեղանին` «կուժ ասեմ, կուլա լսիր» չափաբանությամբ: Ընդ որում, բավականին հետաքրքիր էր նաև այդ ամենի կատարումը: Սառը, դանդաղ Սերժը, մի կողմից, սեփական տան անդամների (Տիգրան, Սեյրան, Դերո… Հասմիկի անունը նրբանկատորեն և կնամեծարության պատճառներից ելնելով չտրվեց, սակայն հանրային գրադարանը, նույնպես, վարչապետն իր հոր տնից չի բերել) քննադատությունը կառուցել էր մտերմության խիստ նուրբ դոզայով, որպեսզի «կոնկուրենտ ֆիրման» խոր հոգեխանգարմունքի մեջ չհայտնվի` կարծելով թե հրես, կառավարության երեսուն տոկոսը` յուր վարչապետով, իրենց, իսկ առավել ստույգ` իրենց հետևից երևացող ականջավորի «ջիբումն» են:
Մյուս կողմից էլ` քիչ ենք տեսնում «ափերից դուրս եկած», ձեռքը սեղանին խփելու պատրաստ, մինչ վերջ գնալու ազդակ «ղրկող» Սերժ Սարգսյան:
Այսօր բոլորին` ֆեյսբուքահայությունից մինչև մեր ընտանիքի անդամներ, հետաքրքրում է` անկե՞ղծ էր Սերժ Սարգսյանը, թե՞… Որ հարցնում են, պատասխանում ենք. անկեղծ էր, սակայն այդ անկեղծությունը «պղպեղված» էր պոպուլիզմի չափավոր դոզայով:
Անկեղծ էր, որովհետև այլընտրանք չունի: Նահանջի տեղ` նույնպես: Վերջին տարիներին, մանավանդ մարտի 1-ի թափված արյունից (արյուն, որն առաջին հերթին ձեռնտու չէր հենց իրեն, բայց պարտադրվեց «այլոց» կողմից) հետո, նա փորձում էր կերտել նոր իմիջ, ժամանակակից-հանդուրժող, գլոբալ աշխարհի համար հասկանալի, կանխատեսելի գործչի կերպար, որը տրանսֆորմացիոն, փափուկ, միևնույն ժամանակ խիստ պրագմատիկ գծի կողմնակից է, և կոշտ, «տապորային» քայլեր չեն եղել և չեն իր ժանրում: Հիմա, այս փուլում, երբ վտանգ կա, որ կրկին հնարավոր է այլոց «տապորը» գործի` նախագահական ընտրություններին զուգահեռ (իսկ այդ մասին արդեն նախագահի որոշ թեկնածուներ բարձրաձայն ասում են, ոմանք էլ` իրենց հոգու խորքում լուռ փայփայում) Սերժ Սարգսյանը նոր տակտիկա է որդեգրում` հասկացնելով բոլոր խաղացողներին, որ` «у меня тоже есть голос»... Ասել է` կոշտությունն իր ժանրում չէ, սակայն նաև սարերի հետևում չէ, և եթե ինքն այսպես է խոսում իր թիմակիցների հետ, ապա ինչպե՜ս կխոսի մյուս «մեծերի» հետ` անհրաժեշտության դեպքում:

Հիշենք` ինչ ասաց նա այդ խորհրդակցության ժամանակ. ԱԱԾ-ն ու գլխավոր դատախազությունը լրջորեն պետք է զբաղվեն այս բացթողումներով, չպետք է գնան 1,5-2 միլիոնի հետևից. «Գլխից պետք է բռնենք` մեծերին» (մի հարցնող ըլնի` էն Ամերիկան ինչ է մեջ ընկնում, խառնվում մեր գործերին, Վարդան Ճայզարկիչին տուգանում եսիմքանի միլիոնով` հասկանալի մեսիջով զգուշացնում Ճայզարկիչի երբեմնի բոսերին` այդ գործը մենք էլ վատ չենք անի)։
Եվ որքան էլ Սերժ Սարգսյանը նշի, որ արդեն ահագին ժամանակ է, ինչ նոր նախարարներն աշխատում են, այնուհանդերձ, շեշտված նախարարությունները, ինչպես նշեց շատ արագ կողմնորոշվող, ճկուն, համատեղությամբ` Հովիկ Աբրահամյանի տեղակալ Շարմազանով Էդիկը. վարչապետն իր հոր տնից չի բերել. այդ կառավարությունը մի քանի ամիս առաջ այլ մեծամասնության կառավարությունն էր, և «սարն ամենքինն էր հավասար»:
Մնում է սպասել «կոնկուրենտ ֆիրմայի» արձագանքին: Եթե պարզվի, որ այնտեղ դեռ գտնում են` սարն ամենքինն է հավասար, բայց իրենք ավելի հավասար են, հաջորդ «կառավարական» խորհրդակցությունում չի բացառվում, որ գլխավոր դատախազությունն ու ԱԱԾ-ն սկսեն այդ հավասարման «մեծական» գումարում-հանումը և նույնիսկ` բաժանումը:
Էլ չենք խոսում արմատ հանելու մասին:

Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 7751

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ