ԱՄՆ-ում ավարտվել է քվեարկությունը գրեթե բոլոր նահանգներում. Դոնալդ Թրամփը իր համար երաշխավորել է 267 ձայն ընտրողների կոլեգիայում, Քամալա Հարիսը՝ 226։ Հաղթանակի համար պահանջվում է առնվազն 270 ձայն։ Թրամփը շահել է տատանվող յոթ նահանգներից երկուսում՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում։ Նա Հարիսին գերազանցում է նաև այլ վիճելի նահանգներում, որտեղ վերջնականապես կորոշվի ընտրությունների ճակատագիրը։               
 

«Սուրբ խաչ, դու իմ Թամարն ես, գալիս եմ»

«Սուրբ խաչ, դու իմ Թամարն ես, գալիս եմ»
18.09.2012 | 01:40

ՀՀ ԳԽ և ԱԺ երեք գումարման նախկին պատգամավոր ԱՂԱՍԻ ԱՐՇԱԿՅԱՆԸ, թերևս, ամենագեղեցիկ ձևով է շնորհավորել Ստամբուլում կայացած շախմատային օլիմպիադայում հաղթած մեր թիմին: Մինչ մեր տղաներն իրենց հաղթական ուղին էին հարթում, Արշակյանը Վանա լճում լողանցել է 4 կմ (1 ժամ 55 րոպե ) ու հասել Աղթամար կղզի: Սուրբ խաչ եկեղեցում այդ օրը երրորդ անգամ էր պատարագ մատուցվում՝ Արևմտյան Հայաստանը հայաթափելուց հետո: Իր պապերի երկիր կատարած այցի, մասնավորապես Վանա լճում լողանցման երազանքի մասին մանրամասներ պատմեց Աղասի Արշակյանը:
«Մեծ բանաստեղծի հայտնի լեգենդի հետ ծանոթանալուց ի վեր երազի նման մի բան է եղել` լեգենդի հերոսի պես լողալով հասնել Աղթամար կղզի: Գիտեի Վանի ջրերի աղիության մասին, բայց ավելի շատ վախենում էի ջրի սառնությունից: Երբ չափեցինք ջրի ջերմաստիճանը, հասկացա, որ կարող եմ անարգել հաղթահարել այդ տարածությունը,- պատմեց Արշակյանն ու շարունակեց,- երբ ջուրը մտա, անկեղծ բացականչեցի՝ Սուրբ խաչ, դու իմ Թամարն ես, գալիս եմ»: Նախկին պատգամավորը նախ սկզբում խորհուրդ տվեց բոլոր նրանց, ովքեր նույն «վայրի միտքը» կունենան՝ 3-5 րոպեից ավելի Վանա լճում չմնալ: Հետո անցավ դժվարությունների թվարկմանը: Առաջին 7-8 հարյուր մետրն անցնելուց հետո Արշակյանը նկատել է, որ աչքերն այնքան են ծանրացել, որ հնարավոր է անգամ կուրանա: Արագ կողմնորոշվել է ու տեսողությունը խնայելու հրամայականը ստիպել է լողալը շարունակել փակ աչքերով (կողմնորոշումը չկորցնելու համար պարբերաբար բացել է աչքերը): «Այդ պահին մտածում էի՝ կարող է լեգենդի մեջ կրակը չեն հանգցրել, այլ լողորդի աչքի լույսն է մարել»,- ժպիտով նկատում է բոլոր դժվարությունները հաղթահարած Արշակյանը:
Ճանապարհի երեք քառորդն անցնելուց հետո լողորդի գլխավերևում է հայտնվել ջրերը պարեկող ուղղաթիռը, իսկ 15 րոպե անց նրան է մոտեցել փրկարարական մի նավակ: Թուրքերը հանգիստ են վերաբերվել, չեն խոչընդոտել, ավելին, հետաքրքրվել են նրա որպիսությամբ, իսկ կողքով անցնող բազմաթիվ զբոսանավերից ողջունել են՝ շչակներ հնչեցնելով, ձեռքերով ու բացականչություններով:
«Ես ինձ համար պարզեցի` Վանա լճում երկար լողալ չի կարելի: Չեմ ուզում կասկածի տակ դնել մեր մեծ պոետի լեգենդը, բայց որևէ մեկն ամեն գիշեր չի կարող լողալով հասնել կղզի, որովհետև աչքերիս վնասվածքներն անցան 5 օր հետո, իսկ մարմնիս վերքերը դեռ բուժման կարիք ունեն. առաջին և երկրորդ աստիճանի այրվածքներ են: Վանա լճում աղերի և սոդայի պարունակությունը 67 պրոմիլեի է հասնում: Իմ խորհուրդն է՝ առանց հատուկ միջոցների երկար ժամանակ չգտնվել ջրում: Թող ոչ ոք չփորձի»: Լողանցումից հետո, երբ շախմատային օլիմպիադայի վերջին տուրի ավարտին դեռևս 3 ժամ կար, Արշակյանը հաղթանակ է մաղթել մեր թիմին և ընդգծել. «Մենք Աղթամար կղզու Սբ. խաչ եկեղեցում մոմեր ենք վառել և մեր հոգևոր ջանքերով ենք աջակցել մեր թիմի հաղթանակին»:
Ինչ վերաբերում է Արևմտյան Հայաստան կատարած այցի տպավորություններին, Աղասի Արշակյանը շեշտեց. «Կարսի փողոցները հիշեցնում են մեր Գյումրին, իսկ Չարենցի հայրական ավերված տունը նույն վիճակում էր, ինչ Նազիկ տատիս «քռոյի մայլեն»: Դուռ-լուսամուտները թալանել, տարել էին: Ցավալի էր, որ Կարսի Սբ. Առաքելոց եկեղեցին այսօր հերթական անգամ վերածված էր մզկիթի:
Եղանք նաև Բայազետում, այդտեղից Արարատը թիկունքից ես տեսնում: Էլի փառահեղ է, բայց մեր կողմից դիտած Արարատի համեմատ անշուք է: Չկա այն վեհությունը, որն այս կողմից է»,- եզրափակեց նախկին պատգամավոր Աղասի Արշակյանը: Հայ ուխտավորները եղել են նաև Բագրատունյաց քաղաքամայր Անիում, շրջել կիսավեր ամրոց-քաղաքի ամայի փողոցներով, զգացել երբեմնի արվեստների ու արհեստների քաղաքի միջնադարյան շունչը, մոմեր վառել ու աղոթք ուղղել առ Աստված՝ Անիի Մայր տաճարում, իսկ խմբում ընդգրկված հոգևոր հայրերը հասցրել են հանպատրաստից ու անմոռանալի պատարագ մատուցել:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 4348

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ