Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

ԱԲԽԱԶԻԱՅՈՒՄ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ԱԲԽԱԶԻԱՅՈՒՄ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ԴՐՈՒԹՅՈՒՆԸ
26.02.2010 | 00:00

Աբխազիայում հայ բնակչության ներկայիս դրությունը տագնապ է առաջացնում։ Հայտնի իրադարձությունների հետևանքով 1992-ից մինչև 2006-ը Աբխազիայում հայերի թվաքանակը 76,4 հազարից կրճատվեց մինչև 44,5 հազար, և սա միայն պաշտոնական տվյալներով։ Եթե անգամ ենթադրենք, որ հայերի թիվն Աբխազիայում հասնում է 51 հազարի, ապա, այսպես թե այնպես, նախկինի համեմատ այն կրճատվել է 34 տոկոսով, ընդ որում, ընտրական իրավունք ունեցող հայերի թիվը 32 հազար է։
Որոշ գնահատականների համաձայն, հայերի թվաքանակն Աբխազիայում կայունացել է, սակայն կան տեսակետներ, որ արտագաղթը շարունակվում է։ Դա իր ծայրահեղ ազդեցությունն է թողնում Աբխազիայի հայկական համայնքների տնտեսական գործունեության վրա, հանգեցնելով վաղուց ձևավորված կրթական համակարգի փլուզմանը։ Աբխազիայում 56 հայկական դպրոցներից մնացել են միայն 34-ը` աշակերտական թվակազմի զգալի նվազումով։ Հայ բնակչության տնտեսական գործունեությունը դարձել է ավելի սահմանափակ, նրանք զբաղված են հիմնականում ցիտրուսային մրգերի աճեցմամբ և տուրիստների սպասարկմամբ։ Սա այն դեպքում, երբ նախկինում կային ոչ քիչ արդյունաբերական ու շինարարության մեջ ընդգրկված բանվորներ, տրանսպորտի և կառավարման ոլորտի աշխատողներ։ Հայկական համայնքի ղեկավարների կարծիքով, կարևոր և չլուծված պրոբլեմ է հայերի ներկայացվածության խնդիրն իշխանության մարմիններում։ Եթե նախկինում ոչ քիչ թվով հայեր աշխատում էին կառավարությունում, իրավապահ մարմիններում, պաշտպանության համակարգում և անվտանգության ծառայություններում, ապա այսօր հայերի կողմից զբաղեցվող ամենաբարձր պաշտոններն են խորհրդարանի փոխնախագահը և գյուղատնտեսության փոխնախարարը։
Նկատի ունենալով Աբխազիայում հայերի տեսակարար կշիռը, որը 20-23 տոկոսից պակաս չէ, հայերը խորհրդարանում ներկայացված են ընդամենը 3 պատգամավորներով` ընդհանուր 33-ի մեջ։ Իշխանության մարմիններում ու պետական կառավարման համակարգում այսպիսի ցածր ներկայացվածությունն իր բացասական ազդեցությունն է թողնում հայ բնակչության տրամադրությունների վրա և նրա, վստահության առումով, ապագայի նկատմամբ։ Ներկայումս Աբխազիայի հայ համայնքը փորձում է ավելի կազմակերպվել, ստեղծել է նոր հասարակական կազմակերպություններ և պատրաստ է պաշտպանելու իր շահերը։ Սակայն 2007-ի մարտի 4-ի խորհրդարանական ընտրություններն անցան ոչ միայն աբխազ, այլև հայ բնակչության ցածր մասնակցությամբ։ 2009-ի դեկտեմբերի նախագահական ընտրություններում հայերն ավելի ակտիվ էին ու լավ կազմակերպված, սակայն մասնակցության աստիճանն ընտրություններին դարձյալ ցածր էր։ Աբխազիայում գոյություն ունեցող ներկայիս միտումները հայկական համայնքին հույսեր ներշնչում են, որ եթե իրենք ամրապնդվեն այստեղ, կուժեղանան իրենց հասարակական ու քաղաքական դիրքերը։ Կրթված աբխազները հրաշալի հասկանում են, որ ինչպես էլ զարգանան քաղաքական ու սոցիալական գործընթացները, իրենց համար դժվար է լինելու առանց հայերի տնտեսական շրջանառության մեջ դնել բնական ու տնտեսական ռեսուրսները, լուծել կարևոր տնտեսական ու քաղաքական խնդիրները։
Նախկինում աբխազական քաղաքական շրջանակները հասկանում էին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարևոր նշանակությունն իրենց համար։ Չնայած Վրաստանի հետ հարաբերություններ պահպանելու անհրաժեշտությանը, Հայաստանի և հայկական սփյուռքի պայքարը ԼՂՀ-ի իրավունքների համար, ինչպես ոչ մի այլ բան, նպաստում էր նաև Աբխազիայի իրավունքների պաշտպանությանը։ Կարևորագույն ուղղությունը, ուր Հայաստանը կարող էր աջակցություն ցուցաբերել Աբխազիայի հայ բնակչությանը, մասնագիտական կադրերի` ուսուցիչների, բժիշկների, շինարարների, գյուղատնտեսության և տեխնիկական ոլորտների մասնագետների, միգուցե նաև ռազմական կադրերի պատրաստումն է։ Միաժամանակ հարկ է նշել, որ աբխազական հասարակության մեջ ծնունդ են առել և ուժգնացել որոշակի ֆոբիաներ, որոնք նախկինում այդպիսի ակնհայտ դրսևորում չունեին։ Դրանք հանգում են հետևյալին. վրացիները կարող են ոչնչացնել Աբխազիայի անկախությունը, հայերը վտանգավոր են, քանի որ կարող են դուրս մղել աբխազներին կենսագործունեության կարևոր ոլորտներից ու հավակնել իշխանության մի մասին, իսկ ռուսները կարող են պարզապես ուծացնել աբխազներին։ Բնութագրական է, որ աբխազական պետության կայացման հետ այս ֆոբիաներն ավելի են ընդգծվում։ Մինչդեռ հենց աբխազների և «աբխազական ազգը» կազմող այլ համայնքների, ամենից առաջ ռուսների և հայերի շահերից է բխում Աբխազիայի բազմահամայնքային պետական կառուցվածքի հաստատումը։ Դա ենթադրում է նաև Գալիի շրջանի վրացական բնակչության ակտիվ մասնակցությունը երկրի հասարակական ու քաղաքական կյանքին։ Վերջին նախագահական ընտրությունները ցույց տվեցին, որ վրացական բնակչությունը միանգամայն պատրաստ է մասնակցելու այդ գործընթացներին և, անկախ հակամարտության կարգավորումից, իր ապագան տեսնում է այս տարածաշրջանում։ Բարենպաստ կլիմայական պայմաններ ունեցող Գալիի շրջանից և, առհասարակ, Աբխազիայից դուրս այդ բնակչությունը, ներկայիս քաղաքական ու տնտեսական պայմաններում երբեք չի դառնա հողի սեփականատեր և նրանց սպասում է, լավագույն դեպքում, մարգինալ գոյություն մեծ քաղաքների արվարձաններում։ Բացի այդ, Գալիի շրջանի բնակիչներն էթնիկ առումով ավելի շատ մեգրելներ են և նույնիսկ աբխազներ։ Այդ բնակչության ինտեգրացիան աբխազական պետության շրջանակներում կարևորագույն փաստարկ կարող է դառնալ երկրի անկախության միջազգային ճանաչման առումով։ Մինչդեռ մոնոէթնիկ քաղաքական հասարակություն կառուցելով, նույնիսկ մյուս համայնքների պահպանմամբ, որպես ժամանակակից պետություն Աբխազիան երբևէ չի ունենա հեռանկար։ Գալիի շրջանում առավել դժվար պրոբլեմն Աբխազիայի իշխանությունների կողմից վերահսկվող անվտանգության համակարգի բացակայությունն է։ Աբխազական չինովնիկների պնդմամբ, դրա համար միջոցներ չկան, մինչդեռ կարևոր է տարանջատել Աբխազիայի վրացական բնակչությանը Վրաստանի ոտնձգություններից ու սադրանքներից։ Այդ բնակչությունն այսօր 42-71 հազար է, որը Աբխազիայում երկրորդ համայնքն է իր թվակազմով, չնայած, ինչպես աբխազական, այնպես էլ վրացական իշխանություններն առանձնակի ցանկություն չեն դրսևորում` ճշգրիտ նշելու այդ բնակչության թիվը։
Թուրքիայում բնակվող աբխազական համայնքի միջոցով Անկարան վերջին շրջանում փորձում է ներշնչել Աբխազիայի ղեկավարությանը, որ հայերի թվակազմի կրկին մեծացումը և նրանց ամրապնդումն Աբխազիայում անթույլատրելի է։ Միանգամայն հավանական է, որ Թուրքիան պատրաստվում է իր ազդեցության ուժեղացման նոր փուլին այս հանրապետությունում։ Հարկ է նշել, որ Թուրքիայի աբխազական համայնքն առայժմ չի կարող դիտարկվել իբրև թուրքական քաղաքականության կարևորագույն գործիք։ Այդ համայնքը տարաբաժանված է, ընդունակ չէ պատմական հայրենիքին առաջարկելու լուրջ տնտեսական օգնություն։ Իր կազմում ունենալով 300-500 հազար մարդ, այդ համայնքը նաև ազդեցություն չունի Թուրքիայի կառավարության վրա` Աբխազիային քաղաքական աջակցություն ապահովելու առումով։ Թուրքական աբխազները պատմական հայրենիքը դիտարկում են իբրև սեփական հող ունենալու ու տնտեսապես ապահովված լինելու հնարավորություն, ինչին չեն կարողացել հասնել Թուրքիայում բնակության 140 տարիների ընթացքում։ Իսլամն այդպիսի խոր արմատներ չունի թուրքաբնակ աբխազների շրջանում, թեկուզ և պատմական հայրենիք վերադառնալով` նրանք նախընտրում են ի ցույց դնել իրենց կեղծ կրոնամոլությունը։ Աբխազիայի անկախության ողջ ժամանակաշրջանում Թուրքիայից այստեղ է վերադարձել մոտ 800 մարդ, որոնք այդպես էլ տնտեսապես ինքնաբավ չեն դարձել, չեն կարողացել կառուցել թեկուզ մեկ մզկիթ։ Հայրենադարձված աբխազներն անընդհատ դիմում են երկրի իշխանություններին` իրենց աշխատանք տրամադրելու խնդրանքներով։
Աբխազների հայրենադարձությունն առայժմ միայն մեկ քաղաքական իմաստ ունի. Աբխազիայում, հնարավոր է նաև Հյուսիսային Կովկասի հարևան, հատկապես չերքեզական տարածաշրջաններում, թուրքական գործակալական ցանց ստեղծելը։ Վրաստանի ազգային անվտանգության ծառայությունը մի քանի տարի առաջ հայտնաբերեց 9 աբխազներից ձևավորված խումբ, որոնց մի մասը Թուրքիայի քաղաքացի էր և նպատակ ուներ հետախուզական գործունեություն ծավալելու Վրաստանի տարածքում հօգուտ Թուրքիայի։ Անկարայի համապատասխան խնդրանքի համաձայն, 2004-ի սկզբին այդ մարդիկ հանձնվեցին թուրքական կողմին։ Թուրքիան չի կարող չհասկանալ, որ Կովկասի ժամանակակից ժողովուրդները, այդ թվում` չերքեզները, հեռու են թուրքական շահերի կրողները դառնալու գաղափարներից և, ըստ այդմ, լեգալ հասարակական կազմակերպությունների ու խմբավորումների վրա հենվելը գործնականում անիմաստ է։ Այդ իսկ պատճառով բավական մեծ ջանքեր են գործադրվում գործակալական ցանցի ստեղծման ուղղությամբ, որպես ազդեցության հաստատման առաջին և կարևոր փուլ։ Այդ վտանգը չեն կարող չհասկանալ աբխազական ղեկավարները, սակայն միաժամանակ հայրենադարձությունը սահմանափակելու մասին խոսք անգամ լինել չի կարող` նկատի ունենալով աբխազների առանց այդ էլ սահմանափակ թիվն Աբխազիայում։
Ռուսաստանի կողմից Աբխազիայի անկախության ճանաչման պատճառով առաջացած ողջ էյֆորիայով հանդերձ, այս փոքրիկ պետության ներգրավումը միջազգային հարաբերությունների ոլորտ, դեռ շատ հեռու է իր ավարտից։ 2008-ի օգոստոսյան ռուս-վրացական պատերազմից ոչ շատ առաջ, իսկ ավելի ճիշտ` այդ հանգուցալուծումից երկու տարի առաջ, տեղի ունեցան նշանակալի իրադարձություններ Աբխազիայում ոչ կառավարական կազմակերպությունների բազմաբնույթ ցանց ստեղծելու, ինչպես նաև սոցիալական ծրագրեր զարգացնելու ուղղությամբ, ինչը նպատակ էր հետապնդում ինտեգրել Աբխազիան եվրոպական ազդեցության դաշտում, թեկուզ և այդ ծրագրերը կապված էին ոչ միայն մայրցամաքային Եվրոպայի պետությունների, այլև Մեծ Բրիտանիայի ու ԱՄՆ-ի քաղաքականության հետ։ Այդ ծրագրերի իրագործումը հիմնավորվում էր այն իրողությամբ, որ Աբխազիան համարվում է շատ ինքնատիպ հանրապետություն, ուր գոյություն ունեն ընդդիմադիր և բացահայտ հակառուսական տրամադրություններ, ինչը հույսեր է ներշնչում այստեղ Արևմուտքի ցանցային կառույցների հաստատման առումով, որպես ազդեցության հենարան և Աբխազիան ռուսական ազդեցությունից դուրս բերելու միջոց։ Աբխազիան գնալով ավելի մեծ աշխարհաքաղաքական նշանակություն սկսեց ստանալ Սևծովյան տարածաշրջանում իր ռազմաքաղաքական ազդեցությունը մեծացնելու ԱՄՆ-ի մտադրությունների հետ կապված։ Այն ժամանակից ի վեր ԱՄՆ-ի մտադրություններում արձանագրվել է որոշ փոփոխություն, թուլացել է հետաքրքրությունը Սև ծովի նկատմամբ, սակայն Աբխազիան նախկինի պես արևմտյան հանրության ուշադրության առարկան է։ Կարելի է ենթադրել, որ որոշակի իմաստով ամերիկացիներին ու եվրոպացիներին շատ դուր է գալիս այն ամենը, ինչ տեղի ունեցավ Աբխազիայում։ Արևմտյան հանրության տեսանկյունից այս հանրապետությունն առանց Արևմուտքի համար խնդիրներ հարուցելու վերջնականապես դուրս եկավ Վրաստանի հսկողությունից, որը, ի դեպ, խնդրահարույց երկիր է և ի վիճակի չէ համարժեք կատարելու այն գործառույթները, որոնք նախատեսված էին նրա համար։
Ներկայումս, չնայած Ռուսաստանի ուժեղ ազդեցությանը, Աբխազիան միանգամայն հարմար հարթակ է այս կամ այն աշխարհաքաղաքական ծրագրերի զարգացման և մոտակա հեռանկարում ողջ Կովկասի տարածքով և ամենից առաջ Հյուսիսային Կովկասում մասշտաբային սադրանքների իրականացման համար։ Դեռ 2-3 տարի առաջ Վրաստանը մեծ դժգոհություն էր հայտնում Աբխազիայում հասարակական ոլորտի զարգացման ծրագրեր իրագործելու Արևմուտքի մտադրությունների վերաբերյալ։ Այդ ծրագրերն այսօր էլ սպառված չեն, դրանք հաջողությամբ իրագործվում են, ինչը հանգեցրել է նրան, որ Աբխազիայում գոյություն ունեցող քաղաքացիական հասարակությունն ամբողջապես ներգրավված է այդ կազմակերպություններում։ Միևնույն ժամանակ, ավելի ու ավելի զգալի է դառնում մայրցամաքային եվրոպական պետությունների տարաբաժանվածությունն ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի մտադրություններից, ինչը նշանակում է, որ Եվրամիությունը նույնպես մտադիր է մեծացնելու այստեղ իր ազդեցությունը, Աբխազիան շարունակում է մնալ արևմտյան ու եվրոպական քաղաքականության ուշադրության դաշտում։
Թուրքիան ևս չի կարող անմասն մնալ այս գործընթացներից և մտադիր է ամրապնդել իր ներկայությունն Աբխազիայում` առանց Վրաստանին դիմելու, որին միջազգային հանրությունը Աբխազիայի մասով ավելի ու ավելի է անտեսելու։ Ներկա իրադրության մեջ արևմտյան հանրությունը չի դիմադրի Աբխազիայում ազդեցության հասնելու Թուրքիայի ջանքերին, քանի որ դա հնարավորություն կտա բազմազանություն մտցնել իրավիճակում, նեղել Ռուսաստանին` ընթացող խաղը «ջարդելու» ճանապարհով։ Թուրքիան արմատապես փոխել է իր դիրքորոշումն Աբխազիայի նկատմամբ, ինչը նույնիսկ կախված չէ ԱՄՆ-ի դիրքորոշումից, որը հռչակում է, թե երբևէ Աբխազիան չի ճանաչելու։ Թուրքիայի դիրքորոշումը պայմանավորված է ոչ միայն ԱՄՆ-ի տեսակետն անտեսելու ցանկությամբ, այլև այն իրողությամբ, որ Ռուսաստանը ցանկություն չունի կոշտ ձևերով սահմանափակելու թուրքական էքսպանսիան դեպի Աբխազիա` թերևս հուսալով, որ Անկարան կճանաչի Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը։ Ռուսաստանն իրեն վստահ է զգում և մեծ սպառնալիքներ չի տեսնում Թուրքիայի ազդեցության մեծացումից։ Սակայն Ռուսաստանի, մասամբ նաև Եվրամիության այս դիրքորոշումը գոյություն կունենա միայն այնքան ժամանակ, քանի դեռ Թուրքիան չի վերածվել վտանգավոր մրցակցի։ Անկասկած է, որ աբխազական ղեկավարությունն արդեն իսկ ազդակներ է ստացել Թուրքիայից` Աբխազիայի անկախության ճանաչման հետ կապված և ամեն ինչ անում է այդ նպատակին հասնելու համար։ Ռուսաստանի տեսանկյունից, Աբխազիան ոչ միայն բացառիկ վերամշակման ենթակա գոտի է` ռազմածովային և ռազմաօդային բազաներ հիմնելու տեսանկյունից, այլև կարևորագույն քաղաքական հանգույց, որը միշտ իրեն է ձգել Հյուսիսային Կովկասի ադըղեական ժողովուրդների հավակնությունները և ցանկությունները։ Ռուսաստանն իրեն միանգամայն վստահ է զգում, նրան նույնիսկ դուր է գալիս Աբխազիայում հետաքրքիր աշխարհաքաղաքական խաղի գոյությունը։ Միաժամանակ Ռուսաստանն ու Թուրքիան այստեղ զբաղված են նորանկախ պետությունների միջազգային ճանաչման փորձարարությամբ, որը կարող է հարուստ նյութ դառնալ այդ երկու պետությունների համար երկարաժամկետ քաղաքականություն իրագործելու առումով։
Հարավային Կովկասում իրադարձություններն այսօր զարգանում են շատ բարձր դինամիկայով, և այստեղ կարևոր է Աբխազիայի դերը, որպես տրանզիտային երկրի, ինչն առնչվում է կոմունիկացիաներով շահագրգռված շատ պետությունների շահերին։ Վրաստանը, հայտնվելով այսքան բարդ իրավիճակում և հասկանալով, որ կոմունիկացիաների շրջափակումը ոչ մի դրական բան չի բերում և նույնիսկ վնասում է իրեն, այսպես թե այնպես, դրական է վերաբերվելու աբխազական ուղղության ապաշրջափակմանը։ Բացառված չէ, որ Աբխազիայի նավահանգիստներից մեկը ձեռք բերի կարևոր առևտրային նշանակություն։ Առայժմ ոչ ոք չի կարող պատկերացնել, թե Վրաստանում ինչպես կընկալվի Աբխազիայի վրացական բնակչությանն ապագայում որոշակի սահմանադրական իրավունքների տրամադրումը։ Բայց, անկասկած է, որ Աբխազիան շատ շուտով ներդրումային առումով կդառնա գրավիչ։ Այս իրադարձություններն ու գործընթացները չեն կարող ազդեցություն չունենալ ամբողջ տարածաշրջանի վրա, ներառյալ Հայաստանն ու Իրանը` ամենից առաջ կոմունիկացիաների առումով։
Ահա այս հեռանկարը հաշվի առնելով էլ Աբխազիայի բոլոր էթնիկ համայնքները կարևոր նշանակություն են ձեռք բերում, և չի կարելի չընդգծել ինչպես Աբխազիայի, այնպես էլ Ռուսաստանի հարավի հայկական համայնքների կարևորությունը Հայաստանի համար, ինչպես նաև Թուրքիայի կողմից իրագործվող քաղաքականության մասով։ Հայկական համայնքն Աբխազիայում բավականաչափ քաղաքականացված է, նոր վերելք է ապրում, և մեծագույն սխալ կլիներ նրան դիտարկել որպես զուտ ազգային կյանքի նեղ հրապարակ։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 1637

Մեկնաբանություններ