Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

ՁԵՐ «ՓԱՓՈՒԿԸ» ՄԵՐ ԿՈՇՏՈՒԿԻՆ ՎԸ՛-ՆԱ՛-ՍԱ՛

ՁԵՐ «ՓԱՓՈՒԿԸ» ՄԵՐ ԿՈՇՏՈՒԿԻՆ ՎԸ՛-ՆԱ՛-ՍԱ՛
09.03.2010 | 00:00

Իմաստությունն ասում է` այն, ինչ եղել է մեկ անգամ, դժվար է ասել, թե կկրկնվի, իսկ այն ինչ եղել է արդեն երկու անգամ, հաստատ անվերջ կկրկնվի:
Այո՛, ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն արդեն չորրորդ անգամ ընդունեց համապատասխան բանաձևը: Եվ` ոչ ավելին: Փոքրիկ տարբերություն, այնուհանդերձ, կա:
Բանն այն է, որ հարցերի լուծման «փափուկ» կուրս որդեգրած Օբամայի վարչակազմի համար այս մի «ընդունումը» առանձնացավ նրանով, որ միջազգային օրակարգում էր հայ-թուրքական սահմանի բացման, դիվանագիտական հարաբերությունների հաստատման հարցը: Ընդամենը:
Չէ՛, մի հետաքրքիր բան էլ կար. «դեմ» և «կողմ» ձայների հարաբերակցությունը` 22-23: Սա արդեն շատ բան է ասում.
ա) մի կերպ դրական պատասխան ապահոված (այն էլ վերջին վայրկյաններին) բանաձևը Կոնգրեսի լիագումար նիստում տապալվելու նույնքան «լիագումար» հնարավորություն ունի (եթե մտնի օրակարգ):
բ) Ամերիկայի թուրք «ռազմավարականները» կարող են զսպել բողոքավորի իրենց «ոգևորությունը»` բավարարվելով Միացյալ Նահանգներից սեփական դեսպանին «տուն» տանելու քայլով, որովհետև հետագա վտանգը մեծ չէ. «փափուկ» ԱՄՆ-ը խաղում է նուրբ եզրի վրա` օգտագործելով հայկական իմաստությունը` «ո՛չ շիշը, ո՛չ քյաբաբը» տարբերակով:
Այո՛, փաստորեն և ուղիղ հաշվով ոչինչ չնշանակող բանաձևը հերթական պտույտի մեջ հայտնվեց, և դժվար է չկիսել փորձագետների կարծիքը, որ Հայաստանի շահերի հետ ոչ մի կապ չունեցող բանաձևը մեր հերթական բարոյական հաղթանակն էր` Տղմուտ գետի ափին:
Ի դեպ, հետաքրքիր էին նաև բուն քննարկումները: Փաստորեն, մեծ երկիր են` միջուկային գերտերություն, բայց ինչքա՜ն ընդհանուր բաներ ունեն մեզ հետ, առավել ստույգ` մեր ԱԺ-ի հետ: Նիստ վարողն անվերջ խոստովանում էր իր չիմացությունը, բայց դեպքը «փափուկ» էր այնքանով, որ մարդն իր չիմացության համար պատրաստ էր ներողություն հայցել, «ուղղվել»:
Հա, ի դեպ, էդ հանձնաժողով ասածն ու այնտեղ հնչած ելույթների մակարդակը ևս քաղաքագիտական գոհարների շարքից չէին (իսկ ահա, երբ ասում ես` Կոնգրես, բա՜րձր է հնչում)։
Դառնալով հանձնաժողովի հաստատած բանաձևին, ասենք, որ այդ գործընթացում մի քանի այլ նրբություններ էլ կային: Ակնհայտ է` «ասիմետրիկի» համարում ունեցող ղարաբաղյան և հայ-թուրքական հարաբերությունները գերտերությունների խաղի կանոններում խիստ սիմետրիկ են. ԱՄՆ-ի համար առևտրի խոշոր առարկան հայ-թուրքական հարաբերություններն է, որոնք ակտիվ շահարկելով` Միացյալ Նահանգները կարգին դիվիդենդներ է ձեռք բերում Մերձավոր Արևելքում Թուրքիան, որպես սեփական բուֆեր, ժանդարմ պահել-գործածելու տեսանկյունից:
Ընդ որում, զինաթափող էր այս առնչությամբ կոնգրեսականների անկեղծությունը. կուշտ-ապահով, չցեղասպանված իրենց գենեզիսի խորքից նրանք ասում էին` «բա մեզ բմբուլ պե՞տք է», այն է` ցեղասպանության ճանաչումը չի բխում ամերիկյան շահերից, մոռանալով, որ մեկ երեխայի արցունքն իսկ (Դոստոևսկին սա լավ գիտեր) տիեզերքը խիստ լավ է մտապահում:
Դառնանք Ռուսաստանին. վերջինս նույն կարգի «տորգ» է անում տարածաշրջանում` Լեռնային Ղարաբաղի հաշվին:
Եզրահանգումը մեկն է` ո՛չ ԱՄՆ-ը երբևէ (գոնե տեսանելի ապագայում) կճանաչի ցեղասպանությունը, ո՛չ էլ Ռուսաստանը կհասնի նրան, որ լուծվի ղարաբաղյան խնդիրը: Բայց սա ամենևին էլ չի նշանակում, թե ստատուս-քվոն կպահպանվի` երկու խնդիրներում էլ:
Դիտենք նախ հայ-թուրքականը` հարցադրումով. այնուհանդերձ, ինչո՞ւ այդքան անհանգստացած էր Թուրքիան բանաձևի ընդունմամբ: Այն պարզ պատճառով, որ փոփոխվող աշխարհակարգի, ներքին մեծ մարտահրավերների առաջ կանգնած Թուրքիային սա զգուշացում էր ոչ թե հայ-թուրքականի մասով, այլ առաջին հերթին թուրքական ամբիցիաների, ինքնուրույն խաղը շատ առաջ չտանելու:
Ասացինք` այս բանաձևից մենք ոչինչ չենք շահում, բացի «բարոյական հաղթանակից»: Ի դեպ, շատերը այլ հաղթանակ են տեսնում նաև սրանում, որովհետև քննարկումների ընթացքից շատ վախեցած են եղել, որ հնարավոր է և` բանաձևը չհաստատվի. «Բա էդ ժանանակ ի՞նչ էինք անելու, խայտառակ կլինեինք ողջ աշխարհում, էլ չենք ասում, թե ինչ դիվիդենդներ կտայինք Թուրքիայի ձեռը»:
Իսկ մենք հակադարձում ենք` «դարդ միք անիլ, չէինք լինի, մի՞թե հանձնաժողովի աշխատանքներին, քվեարկությանը հետևելիս ակնհայտ չէր, որ ԱՄՆ-ը քաղաքական որոշում է կայացրել` հաստատել բանաձևը հանձնաժողովի մակարդակում, ու նիստը նախագահողը գնա` գալիս եմ` հազար ժամ սպասելու էր, որ դրական քվեարկողները գան»:
Էստեղ խնդիրը փոքր-ինչ այլ էր. բանն այն է, որ աշնանն ընտրությունների գնացող կոնգրեսականները, որոնց համար անչափ էական են հայ լոբբիի ձայները, շատ բաներից խոսեցին, սակայն, ի տարբերություն թուրքական «լոբբիստների», կարծես այդպես էլ չխոսեցին ԱՄՆ-ի համար մեր «ռազմավարական» անհրաժեշտության մասին, բայց չէ՞ որ մենք նույնպես շատ լավ տարանցիկ երկիր ենք` հայ-թուրքական սահմանի բացման դեպքում` դեպ նույն Աֆղանստան, նույնիսկ Իրաք, որի համար և առաջին հերթին բարձր է գնահատվում Թուրքիան։ Բայց չէ՞ որ նույն այդ Թուրքիան էր, որն իր օդային «ճամփան» չտվեց Միացյալ Նահանգներին` Իրաք «գնալու» համար:
Ընդ որում, չի բացառվում նույնիսկ, որ ավելի մեծ գլխացավանքից, այլ հարցերով առկա ամերիկյան մեծ ճնշումից ազատվելու համար Թուրքիո պառլամենտը վերցնի ու վավերացնի արձանագրությունները, ինչպես գրում են թուրքական լրատվամիջոցները` որոշ վերապահումներով:
Դե, էդ ժամանակ չի բացառվում, որ մենք էլ վերապահումներով ստորագրենք (եթե հետ չկանչենք) արձանագրությունները` ու դուրս գա, որ պրոցեսը փսորվեց, սակայն ժամանակ շահվեց, պարոն Օբաման կարողացավ այս անգամ ևս խուսափել և գլուխը պրծացնել Մեծ եղեռն կամ համարժեք մեկ այլ բառով:
Այժմ մի երկու տող ղարաբաղյան խնդրի և այդ «մասում» տեղի ունեցող առևտրի մասին: Այո՛, Ռուսաստանն ամեն ինչ անում է, որ «պրեամբուլան» ստորագրվի` սեփական խաղաղապահներին Իրան-Հայաստան-Ադրբեջան «օսում» տեղակայելու համար:
ՈՒ թե Ռուսաստանը կարողանա հասնել նրան, որ գոնե երեք շրջանից (ավելին նույն Ռուսաստանը չի էլ ցանկանա, թերևս, որովհետև «տորգը» պետք է շարունակել երկար և «մուչիտելնո») հայկական զորքերը դուրս գան, ապա ռուս խաղաղապահներն Ադրբեջանի համար ուղղակի գտնված են: Այդ իսկ պատճառով Ադրբեջանը համաձայն է մադրիդյան սկզբունքներին ու առաջարկներ չունի, որովհետև, ըստ ամենայնի, կարծես մասամբ պայմանավորվել են այդ հարցով Ռուսաստանի հետ:
ՈՒ սա է պատճառը, որ Հայաստանն այդքան «դժկամ» է առաջարկների հարցում. մեկ ասում է, որպես այդպիսին, ինքն առաջարկ չի ներկայացրել, մեկ էլ ասում է` ուղարկել է:
Առանձին քննարկման թեմա է ադրբեջանական լրատվամիջոցներով արդեն իսկ սպրդած ինֆորմացիան` Սերժ Սարգսյանի Ֆրանսիա կատարելիք այցի մասին: Գնալո՞ւ է, թե՞ ոչ: Եվ ընդհանրապես` ի՞նչ են պայմանավորվել Մեդվեդևն ու Սարկոզին իրականում այդ խնդրի առնչությամբ:
Եթե Սերժը գնալու է, ուրեմն Ռուսաստանը չեզոք գոտո՞ւմ է շարունակելու գործընթացը, իմա` «տորգը». հիշենք, որ ամերիկյան կողմը վերջին շրջանում «տակից» պնդում է, որ Ալիևն ու Սարգսյանն ապրիլին հանդիպելու են ԱՄՆ-ում: Ըստ որոշ չար լեզուների` լինելու է Դեյթոն:
Այս մասին` առաջիկայում:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ
Հ. Գ. -Նյութը պատրաստ էր տպագրության, երբ պաշտոնապես իրազեկվեց, որ Սերժ Սարգսյանը մեկնում է Ֆրանսիա։ Այս և այլ մանրամասները` առաջիկայում։

Դիտվել է՝ 1417

Մեկնաբանություններ