ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Մենք պետք է սովորենք ապրել կորոնավիրուսի հետ

Մենք պետք է սովորենք ապրել կորոնավիրուսի հետ
21.04.2020 | 10:38

Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպը ապրիլի 19-ին կորոնավիրուսի դեմ պայքարի միջանկյալ արդյունքներն ամփոփեց: Նրա կարծիքով՝ Covid-19-ի տարածումը հաջողվել է վերահսկողության տակ վերցնել, բայց վաղ է խոսել վիրուսին հաղթելու մասին՝ կարանտինը դեռ կշարունակվի, իսկ պանդեմիայից հետո աշխարհին սպասվում է դաժան տնտեսական ճգնաժամ: Մամլո ասուլիսի ժամանակ, որ վարչապետը հրավիրել էր առողջապահության նախարար Օլիվիե Վերանի հետ, Էդուար Ֆիլիպը հայտարարեց, որ սանիտարական ճգնաժամը Ֆրանսիայում չի ավարտվել: «Մեր կյանքը կարանտինից հետո չի լինի՝ ինչպես կարանտինից առաջ էր»՝ զգուշացրեց վարչապետը: Էդուար Ֆիլիպը չասաց՝ ինչպիսին է լինելու ֆրանսիացիների ապագան մայիսի 11-ից հետո, բայց խոստացավ մի քանի շաբաթից ներկայացնել ճգնաժամից դուրս գալու ծրագիր: Առողջապահության նախարարը ճշտեց, որ իշխանությունները ծրագրում են շաբաթական 500000 տեստավորում, հիմա երեք անգամ քիչ է: «Սխալ է մտածել, որ եթե իրավիճակը այլևս չի վատանում, համաճարակը հետևում մնաց»՝ ընդգծեց վարչապետը և ֆրանսիացիներին կոչ արեց խստորեն պահպանել կարանտինի պայմանները մինչև մայիսի 11-ը: Նա գովեց հայրենակիցներին «քաղաքացիական պատասխանատվության» զգացում ունենալու համար՝ Ֆիլիպի կարծիքով՝ նրանք «կարողացան ընտելանալ չտեսնված իրավիճակին»: Վարչապետը տեղեկացրեց, որ կարանտինը խախտելու համար 800000 տուգանք է գրվել, և այդ թվերը վկայում են, որ ֆրանսիացիների մեծ մասը պահպանում է սահմանափակումները:


Իշխանությունների կարծիքով, եթե սահմանափակումներ չմտցվեին, երկրի բոլոր շրջաններում հիվանդանոցների վերակենդանացման բաժանմունքները գերծանրաբեռնված կլինեին: Համաճարակի ժամանակ այդպես եղավ միայն այն շրջաններում, որտեղ ամենասկզբից կորոնավիրուսն առավել տարածված էր: Ամբողջ Ֆրանսիայում ապրիլին վերակենդանացման բաժանմունքներւոմ 7100 մարդ է եղել, իսկ պատրաստված էր 10500 մահճակալ:
Համաճարակի սկզբին ֆրանսիացիները, հատկապես բուժաշխատողները, քննադատում էին կառավարությանը դիմակների պակասի պատճառով: Վարչապետը հավատացրեց, որ հիմա Ֆրանսիան ամեն օր արտադրում ու գնում է արտասահմանում ավելի շատ դիմակներ, քան օգտագործում է: Էդուար Ֆիլիպի կարծիքով՝ հիմա շաբաթական արտադրվում է 8 միլիոն դիմակ՝ երկու անգամ ավելի, քան հունվարին: «Առաջիկա շաբաթներին մենք կարող ենք ընդլայնել դիմակների տարածման մեր քաղաքականությունը»՝ հայտարարեց Էդուար Ֆիլիպը: Իշխանությունները խոստացել են առաջիկայում սկսել շաբաթական 17 միլիոն պաշտպանական հատուկ դիմակների արտադրությունը: Վարչապետը չբացառեց, որ մայիսի 11-ից հասարակական տրանսպորտում դիմակ կրելը կարող է պարտադիր լինել: Նախկինում իշխանությունները խորհուրդ էին տալիս դիմակներ կրել միայն բուժաշխատողներին ու հիվանդներին:


Վարչապետը հայտարարեց, որ Ֆրանսիան կարողացել է հայրենիք վերադարձնել 160 000 քաղաքացիներին, որ ժամանակավորապես այլ երկրների տարածքում էին: «Մինչև կարանտինի սկիզբը շատ ֆրանսիացիներ արտասահմանում էին հազար ու մի, տարատեսակ ու լեգիտիմ պատճառներով: Նրանք պետք է վերադառնային»՝ հայտարարեց Էդուար Ֆիլիպը: Ֆրանսիացիներին տուն բերելու համար ԱԳՆ-ն բացեց ճգնաժամային կենտրոն: Իշխանությունները կազմակերպել են 1600 հատուկ չվերթներ 100 երկրից: «Մեր արածը չհաջողվեց բազմաթիվ երկրների»՝ նշեց վարչապետը:


Էդուար Ֆիլիպը ընդգծեց, որ կարանտինից դուրս գալու գերակայությունը ֆրանսիացիների առողջությունն է: Սահմանափակումները կհանվեն աստիճանաբար: «Կորոնավիրուսի տարածումը դանդաղել է, Ֆրանսիայի շատ բնակիչներ են վարակվել: Մինչև կոլեկտիվ իմունիտետ մենք շատ հեռու ենք: Մեր հաշվարկներով՝ կորոնավիրուսով կարող էին վարակվել 2-6 միլիոն քաղաքացիներ»՝ ասաց Էդուար Ֆիլիպը:
Նա հիշեցրեց քայլերի մասին, որ արել է Ֆրանսիան կորոնավիրուսի տնտեսական հետևանքների դեմ պայքարում: «Կառավարության նպատակն է պահպանել՝ ինչ հնարավոր է՝ համաճարակից հետո վերագործարկելու համար: Գաղափարը պարզ է, բայց իրականացնելն է բարդ»: Այդ նպատակին հասնելու հիմնական մեթոդներից մեկը իշխանությունները համարում են «մասնակի գործազրկությունը», որ թույլ է տալիս կարանտինի ժամանակ չաշխատող ձեռնարկություններին աշխատակիցներին աշխատանքից չազատել, այլ վճարել աշխատավարձի 85%: Աշխատավարձն ամբողջությամբ փոխհատուցում է բյուջեն: Հիմա այդ նպաստները ստանում են 9 միլիոն աշխատողներ:
RFI


Հ.Գ. Ֆրանսիայի իշխանությունները թույլ են տվել ավանդական պանիրների արտադրողներին փոխել բաղադրատոմսերը կորոնավիրուսի համաճարակի պատճառով: Կառավարության հրամանագրից հետևում է, որ Օվերնում, Ֆրանշ Կոնտեում ու այլ շրջաններում արտադրվող պանիրներին կներկայացվեն նվազ խիստ պահանջներ: Այդպես արտադրողները կարող են լուծել կաթի սեզոնային գերարտադրության հարցը, որ այս տարի համընկավ պահանջարկի նվազման հետ՝ պանդեմիայի ու կարանտինի պատճառով: Պանիր արտադրողները նշում են, որ ամեն տարի գարունը համընկնում է կաթի ու կաթի հիմքով մթերքների արտադրության պիկին: Բայց այս տարի մթերքներ վաճառելը շատ ավելի բարդ է՝ ֆրանսիական սուպերմարկետներում փակ են պանրի վաճառակետերը, իսկ արտահանումը դադարեցված է: BFMTV հաղորդում է, որ այդ պատճառով ֆերմերներից մեկը ստիպված է եղել երեք շաբաթում 15000 լիտր կաթ թափել: Պանիր արտադրողների իրավիճակը բարդացել է AOP (Appélation d’origine protégée) կատեգորիայի ապրանքներին բարդ պահանջներով: Ֆերմերները իրավունք են ստանում պանիրը վաճառել պատմական անուններով, օրինակ՝ կոնտե, կամամբեր կամ կանտալ, եթե պահպանվում են բոլոր կանոններն ու ժամկետները, որոնցից հեռանալ արգելված է նույնիսկ կարանտինի դեպքում: Պահանջների փոփոխությունը, որոնց համաձայնել են իշխանությունները ֆերմերների դիմումից հետո, թույլ կտա հումքը պահպանել մինչև կարանտինի ավարտը, մեծացնել նրանց պիտանելիության ժամկետը և մի քիչ հեռանալ ավանդական բաղադրատոմսերից: Le Monde-ը գրում է, որ այդ փոփոխությունները թույլ կտան ավելի քիչ կաթ մթերել: Պանիրներից յուրաքանչյուրի համար կարգավորիչը սահմանել է տարբեր նորմեր՝ Web-agri գյուղատնտեսական նորությունների կայքը գրում է, որ պանիրների բոլոր տեսակների համար չեն կարող լինել միասնական լուծումներ՝ բաղադրամտոմսերի առանձնահատկությունների պատճառով: Սա էլ մի նրբագիծ կորոնավիրուսի դեմ պայքարից՝ ֆրանսիացիների կատարմամբ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 6165

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ