Հայաստա՛ն, ըմբռնի՛ր Լավրովի հայտարարությունները. Ռուսաստանը պահել է իր դիրքորոշումը, բայց հիշեցրել է Արցախ-ԼՂՀ-ի սուբյեկտ լինելը
29.11.2019 | 02:54
Բայց հո հետո Լավրովը Երևանում ասաց. «Ինչ-որ փուլում Հայաստանի ղեկավարությունը, նախկին նախագահներից մեկը որոշեց, որ Ղարաբաղի շահերը ներկայացնելու է Երևանը։ Եվ ցանկացած դեպքում մենք, որպես Մինսկի խմբի համանախագահներ, կարող ենք, առաջ մղելով այդ գործընթացը, հասնել միայն նրան, որ այն ընթանա ընդհանուր հունով»։ ՈՒ վեճերը 2018 թ. Երևանում, Ստեփանակերտում էլ, բռնկվեցին նոր ուժով։ Հեղափոխական վարչախումբը և Տեր-Պետրոսյանի կողմնակիցները բառացիորեն ցնծում են. ուռա, Լավրովն ասաց, որ «Նիկոլը ճիշտ է», Ռոբերտ Քոչարյանն է բանակցություններում «փոխարինել» Արցախի իշխանություններին։ Այլ կարծիքի են նրանք, ում հիշողությունը տեղն է։ Բայց սկզբում հիշատակենք Հայաստանի երկրորդ նախագահի գրասենյակի պատասխանը Փաշինյանի ու Տեր-Պետրոսյանի կողմնակիցներին, ինչպես և հենց Փաշինյանին ու Տեր-Պետրոսյանին, որոնք հանդես են գալիս առաջինը՝ որպես առաջին նախագահի «սան» (քաղաքական իմաստով), իսկ երկրորդը՝ որպես ներկայիս վարչապետի «կնքահայր» (նույնպես քաղաքական իմաստով)։ Տվյալ պատասխանը ձևակերպվել ու հնչեցվել է դեռևս 2018-ի հունիսին, այսինքն՝ դա ոչ թե պարզապես բանավեճ է, այլ կատաղի վեճ, և նրա մասնակիցները պատրաստ են բացահայտ հակամարտության։ Սակայն կրկին հիշեցնենք. Հայաստանի և Արցախի հասարակությունը վաղ թե ուշ ստիպված կլինի հրաժարվելու քաղաքական կեղծ կուռքերի պաշտամունքի գործոնից, կանսա այն բանին, ինչ ասում են այն զինվորականները, որոնք ծանրագույն 90-ականներին իրենց ուսերին են տարել պատերազմի բոլոր դժվարությունները։ Եվ գեներալ-մայոր Վ. Բալասանյանը մեկն է նրանցից, ովքեր իրենց աչքով են տեսել, թե ում կողմից է եղել դավաճանությունը։
Հայաստանի երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի գրասենյակը 2018 թ. հունիսին պատասխանել է Փաշինյանի ու նրա կողմնակիցների, իմա՝ Տեր-Պետրոսյանի կողմնակիցներին։ Գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հիշեցրել է վարչապետին, որ Արցախը բանակցություններին անմիջական մասնակցությունը դադարեցրել է ոչ թե 1998-ին, այլ 1996-ին, այսինքն Հայաստանում Քոչարյանի նախագահությունից առաջ։ Հենց այն ժամանակ Հայաստանի իշխանություններն ինչ-ինչ պատճառներով համաձայնեցին դրան, ասաց Սողոմոնյանը՝ ավելացնելով, որ այդ հարցով կան համապատասխան պատմական նյութերը բաց մուտքով։ Նա նաև նշել է, որ Արցախն անմիջականորեն ներգրավված է եղել Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գործողությունների մեջ։ Ճիշտ է, ղարաբաղյան կողմը միացած չի եղել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումների ձևաչափին։ «Այստեղ Ղարաբաղի շահերը պաշտպանում էր Հայաստանի նախագահը՝ իր գործողությունները համաձայնեցնելով Լեռնային Ղարաբաղի նախագահի հետ»,- ասել է Սողոմոնյանը։ Այսինքն, խոսքն այն մասին է, որ Տեր-Պետրոսյանն իր դիրքորոշումն ու հայտարարությունները համաձայնեցնում էր Քոչարյանի հետ, ու Երևանը չէր կարող խոսել Ստեփանակերտի անունից, եթե երկու նախագահները համակարծության չէին հանգում։
Այդ բոլոր տարիներին մշտապես ընդգծվել է, որ կարգավորման գործընթացում ոչինչ չի կարող համարվել վերջնականորեն համաձայնեցված, եթե Ստեփանակերտը չի տվել իր համաձայնությունը, իսկ ամփոփիչ փաստաթուղթը պետք է վավերացնի նաև Ղարաբաղի ներկայացուցիչը։ «Այնպես որ, Ղարաբաղը, ըստ էության, ներգրավված է բանակցային գործընթացում, թեև ոչ ամբողջովին»,- հայտարարել է Սողոմոնյանը։ Անցյալ տարի նա ողջունել էր նախագահների մակարդակով գոյություն ունեցող բանակցային ձևաչափին Ստեփանակերտը մասնակից դարձնելու՝ Հայաստանի նոր իշխանությունների ձգտումը։ Նրա կարծիքով, լավագույն ձևաչափը Արցախի և Ադրբեջանի ուղղակի բանակցություններն են, քանի որ դա ստույգ կարտահայտեր հակամարտության էությունը։ «Այլ հարց է, թե ինչ հետևանքների կհանգեցնի խաղաղ բանակցություններից Հայաստանի իշխանությունների փաստացի հրաժարվելը»,- ասել է Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարը։
Եվ դա ճշմարտություն է։ Ի տարբերություն այն բանի, ինչը պնդում են Փաշինյանն ու Տեր-Պետրոսյանը և նրանց կողմնակիցները։ Լավրովի հայտարարություններից անմիջապես հետո հանդես եկավ նաև Արցախի ներկայիս նախագահի խորհրդական, ԼՂՀ-ի անկախության համար պայքարի բազմամյա մասնակից Դավիթ Բաբայանը։ «Ժողովուրդ» թերթի հետ զրույցում նա ասաց. «Այստեղ շոշափվում են բոլոր սկզբունքները, և դա հավասարակշռված հայտարարություն է, ամենակարևորը՝ ընդգծվում է հարցի խաղաղ լուծման անհրաժեշտությունը»։ Իսկ խոսելով այն մասին, թե ում նկատի ուներ Լավրովը, Դ. Բաբայանը դիվանագիտական հայտարարություն արեց. «Ես չգիտեմ, թե նա ում նկատի ուներ։ Բայց պետք է հստակ նշել, որ դա, անկախ ամեն ինչից, Ադրբեջանի քմահաճույքն է եղել։ Եթե նրանք շահագրգռված են, որ Արցախը վերադառնա բանակցությունների սեղանի շուրջը, ինչու՞ չեն այդ մասին ասում հիմա։ Բացի դրանից, մեկ մարդն ինչպե՞ս կարող է լուծել այդ հարցը»։ Բայց Դ. Բաբայանը գոհ էր, որ ՌԴ արտգործնախարարը Երևանում հայտարարեց, որ առանց Արցախի ցանկացած բանակցություններ չեն կարող ավարտի հասնել։ Զրույցի վերջում «Ժողովուրդ» թերթն ինքը շատ ավելի կարևոր եզրահանգում արեց, քան Հայաստանի «ամենահին» և այսօրվա իշխանությունների հետևորդների անպտուղ ու անիմաստ վեճերը։ Կարդում ենք. «Հարկ է արձանագրել, որ այդպիսով Լավրովը Ստեփանակերտի սուբյեկտիվության ենթատեքստային աջակցություն ցուցաբերեց, որը, ըստ էության, հեղափոխությունից հետո առաջ է քաշում պաշտոնական Երևանը»։ Թերթը պարզապես մի քիչ սխալվել է. Փաշինյանի, հետևաբար նաև ողջ նոր իշխանության դիրքորոշումը, ինչպես ասել է գեներալ Բալասանյանը, Տեր-Պետրոսյանի մոտեցումների պատճենն է, և Արցախի հարցում հենց «տերպետրոսյանականությունը» հանգեցրեց Արցախ-ԼՂՀ-ի դուրսմղմանը ուղղակի խաղաղ բանակցություններից, ինչն էլ արձանագրված է երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վ. Սողոմոնյանի 2018 թ. հունիսի մեկնաբանության մեջ։
Բայց ամբողջության մեջ «Ժողովուրդ» թերթի եզրակացությունը ճիշտ է, ուղղակի բանակցություններին Արցախի ներկայացուցիչների մասնակցության պատմության հիշատակումը, որն ստիպված Երևանում արեց Լավրովը, ինչպես և փորձագետ Դեմուրինի հիշեցումը, թե 1994 թ. մայիսին ով է ստորագրել զինադադարի պայմանագիրը հենց աջակցություն են բանակցություններում Արցախ-ԼՂՀ-ի գործոնի ինքնուրույն սուբյեկտ լինելու սկզբունքին, ոչ թե անձամբ Փաշինյանին կամ Հայաստանի նախկին առաջնորդներից որևէ մեկին։ Դա այն խոսակցության վերականգնումն է, որ Արցախ-ԼՂՀ-ի սուբյեկտ լինելը հարգելու դեպքում (ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի կողմից) բանակցությունները, այնուամենայնիվ, դինամիկ կերպով առաջ էին շարժվում։ Հո չենք կարող գերեզմաններից արթնացնել հանգուցյալ Պավել Գրաչովին ու Վազգեն Սարգսյանին, որ Ադրբեջանի և Հայաստանի ներկայիս իշխանությունները վերջապես «հիշեն», որ Արցախ-ԼՂՀ-ն բանակցությունների մասնակից ինքնուրույն սուբյեկտ է, ոչ թե կարգավորման օբյեկտ։
Իսկ Լավրովի ասածն ահա թե ինչպես է մեկնաբանել վերլուծաբան Անդրանիկ Թևանյանը. «Զինադադարի ռեժիմ հաստատվելուց հետո, որին փաստացի մասնակցել է Արցախը՝ ի դեմս պաշտպանության բանակի հրամանատար Սամվել Բաբայանի, սկսվեց բանակցային գործընթացը։ Զինադադարի ռեժիմի համաձայն, 30-օրյա ժամկետում պետք է գտնվեր համապարփակ լուծում, բայց այդ 30 օրն արդեն տասնամյակներ է ձգվում։ Այդ գործընթացից հետո մենք մի իրավիճակ ստացանք, երբ բանակցային գործընթացը փաստացի մտավ փակուղի առաջին նախագահի օրոք, երբ Ղարաբաղի հիմնախնդրով վետո կիրառվեց Լիսաբոնի հայտնի գագաթնաժողովում (1996 թ. դեկտեմբեր)։ Դրանից հետո Հայաստանը գործնականում Արցախը դուրս մղեց բանակցային գործընթացից, և մինչև 1997 թ. Արցախը, առաջին նախագահի և նրա շրջապատի վարած քաղաքականության պատճառով, բանակցություններին ուղղակիորեն չի մասնակցել։ Հետագայում Արցախը, եթե վերցնենք ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակի բանակցությունները, երբեք ուղղակիորեն բանակցությունների սեղանի շուրջը չի նստել այն ձևաչափով, որն այսօր տեսնում ենք։ Հայաստանի առաջին նախագահի օրոք Արցախը դուրս մղվեց բանակցային գործընթացից։ Հետագայում այդ իրավիճակը պահպանվեց այն իմաստով, որ չպահպանվեց ուղղակի մասնակցությունը, բայց Արցախը միշտ ներկայացված էր` և համանախագահների այցերը, և Հայաստանի իշխանությունների հետ շփումները, և ի վերջո, միշտ հնչեցվել է այն տեսակետը, որ առանց Արցախի մասնակցության անհնար է հակամարտության վերջնական կարգավորումը»։
Ի դեպ, որպեսզի «հանդարտվեն» Տեր-Պետրոսյանի և Փաշինյանի կողմնակիցները, նշենք, որ բանակցություններին Արցախ-ԼՂՀ-ի ուղղակի մասնակցության վերաբերյալ կոնկրետ Լավրովի դիրքորոշումը բոլորովին չի փոխվել 2018 թ. ամառվանից։ Եթե որևէ մեկը մեզ չի հավատում, կարող է հեշտությամբ դրանում համոզվել. ՌԴ արտգործնախարարը մեկ տարի առաջ էլ է ստիպված եղել նման հարցի պատասխանելու։ Տեղեկատվությունը շատ է և ազատ մուտք ունի: Ահա թե ինչ է ասել Լավրովը 2018 թ. հունիսին Հայաստանի ԱԳ նախարար Զ. Մնացականյանի հետ կայացած բանակցությունների արդյունքների շուրջ հրավիրված մամուլի կոնֆերանսում. «Եթե կողմերն ինչ-որ փուլում պայմանավորվեն, որ Լեռնային Ղարաբաղը նորից ներկայացված լինի բանակցություններում, դա կլինի նրանց որոշումը, և մենք այդ որոշումը կհարգենք»։
Դա չի նշանակում, որ Լավրովի երևանյան բանակցությունների թեմաները սահմանափակվում էին միայն ԱՄՆ-ի Պենտագոնի կողմից ֆինանսավորվող կենսալաբորատորիաներով և Արցախի հարցով։ Ոչ, ՌԴ ԱԳՆ-ի ղեկավարի հայտարարությունները Սիրիայի, ԱՄՆ-ի կողմից այդ երկրի նավթային կողոպուտի, Թուրքիայի և Հայաստանի միջև պատերազմի հնարավորության կամ անհնարինության, ՌԴ և Ֆրանսիայի նախագահներ Պուտինի և Մակրոնի բանակցությունների և այլ հարցերի մասին վկայում են, որ այն խնդիրները, որ իրենց համար փորձում էին պարզել Հայաստանի իշխանությունները Լավրովի հետ իրենց շփման ընթացքում, հիրավի ռազմավարական բնույթ ունեին։ Մենք տեսնում ենք, որ Երևանը, կարծես, փորձում է հասկանալ և Սիրիայում ռուս-իրանական գործակցության, և ռուս-ամերիկյան ու ԵՄ-ի հետ Մոսկվայի հարաբերությունների էությունը։ Իսկ գլխավոր խնդիրն այն է, թե ինչ եզրահանգումներ կանեն Հայաստանի իշխանությունները Լավրովի հետ բանակցություններից և նրա պատասխաններից հետո։ Կարծում ենք, որ ՌԴ ԱԳՆ-ն ևս բանակցությունները արդյունքները հաջողված է համարում։
Հայաստանի քաղաքացիներ, հաշվի առեք, որ Երևանում Լավրովի հայտարարություններից հետո Ապշերոնի խանությունում խուճապ տիրեց։ Որպեսզի դուք կողմնորոշվեք, թե ինչքան էին իրար անցել հարևանները, բերեմ միայն Հայաստան Լավրովի այցի շուրջ ապշերոնյան ԶԼՄ-ների հրապարակումներից մեկի վերնագրի իմաստը. վա՛յ, «Լավրովն անջատողականների կո՞ղմն անցավ»։ Վախեցողի աչքին մեկը երկուս է երևում, և ապշերոնցիներն առաջին անգամ շատ տարիներ հետո, և առաջին անգամ՝ 2018-ից հետո լիովին զգացին, թե ինչ է իսկական սարսափը...
Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ
Հեղինակի նյութեր
- Թուրքիայի Հանրապետությունը Մուստաֆա Քեմալ փաշայի ժամանակներից մինչ օրս․ առաջին սիոնիստական պետությունն աշխարհում-3
- Թուրքիայի Հանրապետությունը Մուստաֆա Քեմալ փաշայի ժամանակներից մինչ օրս․ առաջին սիոնիստական պետությունն աշխարհում-2
- Թուրքիայի Հանրապետությունը Մուստաֆա Քեմալ փաշայի ժամանակներից մինչ օրս․ առաջին սիոնիստական պետությունն աշխարհում
- Ժամանակակից «Ադրբեջանի հանրապետությունը» սիոնիստների, անգլո-սաքսոնների և պանթուրքիստների հենակետն է՝ ընդդեմ Իրանի և ՌԴ-ի- 2
- Ժամանակակից «Ադրբեջանի հանրապետությունը» սիոնիստների, անգլո-սաքսոնների և պանթուրքիստների հենակետն է՝ ընդդեմ Իրանի և ՌԴ-ի-1
- Երևանի և Ստեփանակերտի առաջին խնդիրը պաշտպանության երկու պետական կոմիտեների շտապ ձևավորումն է
- Երևանի և Ստեփանակերտի առաջին խնդիրը պաշտպանության երկու պետական կոմիտեների շտապ ձևավորումն է
- Կրկին ու կրկին՝ «Փաշինյա՛ն, հեռացի՛ր». սա ժողովրդի պահանջն է
- Կրկին ու կրկին՝ «Փաշինյա՛ն, հեռացի՛ր». սա ժողովրդի պահանջն է
- Փաշինյանն ամեն օր, կամավոր հրաժարական չտալով, ընդամենն ապացուցում է, որ հակահայ ուժերի դրածո է
- Բաց հարց Ռուսաստանի ԶԼՄ-ներին. Ինչքա՞ն կարելի է ստել Արցախի հարցում հայերի «մեղքի» մասին
- Ռուսաստանը, Հայաստանի իշխանությունների թողտվությամբ, Թուրքիային ներս է թողել Այսրկովկասի մեր մասը
- Թուրքիան մուտք է գործել տարածաշրջան ու Արցախից սպառնում է և՛ Իրանին, և՛ Ռուսաստանին
- Փաշինյան, խոստովանիր, գուցե Զանգեզուրն է՞լ եք արդեն վաճառել թուրքերին
- Հայաստանի քաղաքացիների մի մասը դավաճանել է ողջ հայ ժողովրդին
- Մեր ժողովրդին ԱՄՆ-ը, Իսրայելը, Անգլիան և Թուրքիան դավաճանների ձեռքով «Այսրկովկասյան Դեյթոն» են պարտադրել
- «Ով խաղաղություն է ուզում խայտառակության գնով, կստանա և՛ պատերազմ, և՛ խայտառակություն»
- Թեհրանում արդեն ընդունված են ինչ-որ պատշաճ որոշումներ
- Թեհրանում արդեն ընդունված են ինչ-որ պատշաճ որոշումներ
- Թեհրանում արդեն ընդունված են ինչ-որ պատշաճ որոշումներ
Մեկնաբանություններ