Կիսատ-պռատության հմայքները
10.09.2019 | 00:43
Որևէ նորմալ մարդ իր կյանքում հակված չէ հանդուրժել անորոշությունը և ձգտում է կոնկրետության: Այնուամենայնիվ, «այո»-ի ու «ոչ»-ի միջև հաստատուն ապրում է ոչ միայն «չգիտեմ»-ը, այլև՝ «տեսնենք»-ը, «ոնց կստացվի»-ն ու «Հետոն հետո կերևա»-ն: Դա կյանքը դարձնում է բազմաշերտ, անակնկալներով լի ու անկանխատեսելի: Անհատի կյանքը: Իսկ պետությա՞ն: Գերտերությունները այլ պետությունների հետ հարաբերություններում կարող են իրենց թույլ տալ իրավիճակ ու ժամանակ ձգելու մարտավարություն: Ավելին՝ այդ մարտավարությունը դարձնել ռազմավարություն, եթե չեն ուզում խնդիր լուծել: Պատրաստ չեն լուծման, կամ՝ նպատակ ունեն իրենց ցանկացած լուծումը պարտադրել: Դատելով ՀՀ ներքին ու արտաքին քաղաքականության մեջ արվող քայլերից, շնորհավորում եմ բոլորիս, մենք գերտերություն ենք: Եվ գլխավորը՝ մենք ակնհայտորեն տիրապետում ենք ժամանակն արագացնելու ու դանդաղեցնելու արվեստին՝ ըստ նպատակահարմարության: Սա առավելություն է, որ չեն ունեցել անգամ Ալեքսանդր Մակեդոնացին, Հուլիոս Կեսարն ու Նապոլեոն Բոնապարտը: Երեքին էլ պակասել է ժամանակը՝ մտադրությունները կյանքի կոչելու ճանապարհին: Մենք ավելին ենք, մենք ժամանակի խնդիր բնավ չունենք՝ ժամանակի գետը մեր երկրում հոսում ու կանգ է առնում կամայական: Երկրորդում եմ շնորհավորանքս, մենք, իսկապես, գերտերություն ենք, որ նույնիսկ իրեն թույլ է տալիս ժամանակի հետ հաշվի չնստել: Երրորդ շնորհավորանքն էլ չէի խնայի, բայց ես պատմությունը չեմ: Պատմությունը կգա ու կասի իր անբեկանելի խոսքը ժամանակի ու տարածության մեջ մեր արածների ու չարածների հաշվեկշռի մասին: Իսկ ընդհանրապես՝ գերտերությունները, որպես կանոն, ոչ թե սպասում են պատմության դատավճռին, այլ ծրագրում են պատմությունը: ՈՒ, դարձյալ որպես կանոն, իրենց արտաքին գործելակերպից արտաքսել են անորոշությունը ու հստակ են նպատակների, խնդիրների, քայլերի մեջ, եթե անգամ, արտաքուստ, հակառակն է թվում: Նրանք այդ իրավունքը նվաճել են՝ խաբուսիկ լինելու ու խաբս տալու: Իրենց համար՝ անպատիժ ու անհետևանք: Կամ՝ արդյունավետ: Հենց դա կոչվում է մեծ քաղաքականություն: Փաստացի՝ մեծ քաղաքականություն ենք վարում նաև մենք, բայց սա այն դեպքն է, որ շնորհավորել չեմ կարող: Մեզ համար այդ մեծ քաղաքականությունը լի է սպառնալիքներով ու ռիսկերով ու կարճ որակվում է՝ բումերանգի վերադարձ, որ նետվել է սխալ պահին ու սխալ տեղից:
Անհամբերները հաստատ մտքում կասեն՝ ի՞նչ եք ծամծմում, ասելիք չունեք, գնացեք գրողի ծոցը: Եվ չեն սխալվի: Ասելիք չկա, կա մեծ, շատ մեծ դառնություն ու ավելի մեծ ձանձրույթ: Դե ինչքա՞ն կարելի է գրել օրվա լրահոսի ատաղձը դարձող ու ոչ մի լուծում չստացող իրադարձությունների մասին: Մարդ ես, սիրտդ ուրախություն է ուզում, ուզում ես վերջապես արձանագրել, որ այս մի խնդիրը լուծվեց, անցնում ենք մյուսին: Ո՞վ թույլ կտա: Ամսեամիս, շաբաթից շաբաթ, օր առ օր գրել ու գրել նույնը, ու՞մ է պետք: Ոչ լրագրողին, որ լինելով անմեղ՝ դառնում է մեղավոր, որովհետև երբ երկիրդ դոփում է տեղում, նաև դու ես պատճառը:
Օրինակ, որ ՌԴ-ում շարունակում է գործել օրենքը, որն արգելում է օտարերկրյա վարորդական իրավունք ունեցող անձանց աշխատել, բացառությամբ այն երկրների, որտեղ ռուսերենը երկրորդ պետական լեզու է: 3 տարի Երևանը չի կարողանում օրենքում փոփոխության հասնել: Թեպետ կա ԵԱՏՄ, ու դա խախտում է ԵԱՏՄ կանոնները: Եվ՝ ակնհայտ է, որ անիմաստ է Հայաստանում ռուսերենը երկրորդ պետական լեզու հայտարարել՝ այդքան ռուս չկա միատարր բնակչությամբ մեր երկրում, ի տարբերություն, ասենք, Ղազախստանի, որտեղ, ռուսները մեծ տոկոս են, թեպետ հեռանում են՝ տնտեսական պատճառներով: Կամ՝ որքա՞ն կարելի է գրել աղբի մասին: «Սանիթեքի» սագան նման է մերժված սիրո պատմության, երբ երկուսն էլ մեղադրում են միմյանց ձախողված ճակատագրի համար՝ չընդունելով սեփական սխալները: Փոխադարձ սիրո ու պատերազմի այս փուլում «Սանիթեքը» դադարեցրել է աղբահանությունը ու հայտարարել, որ իրեն վճարվող գումարից պահվել է 300 միլիոն ՀՀ դրամ: Քաղաքապետարանը հարցի լուծումը տեսնում է «Սանիթեքի» հետ պայմանագրի լուծարման մեջ: Իրականում՝ այս լուծումը կար ի սկզբանե, բայց նորին մեծություն ընթացակարգը պահանջում էր, որ քաղաքում մշտական տոն լինի կատուների ու առնետների համար՝ գարնանը, ամռանը, աշնանը: Գուցե նաև ձմռանը:
Աղբը՝ Երևանի այցեքարտ: Ինչո՞վ զբոսաշրջային գովազդ չէ: Նոու հաու: Տարիներ առաջ աղբի մեջ կորած Նեապոլը չմոռացածները կվկայեն, որ լավ աշխատող գովազդ է՝ բոլոր երկրների լրատվամիջոցների առաջին լուրը լինելու համար: Նրանց բախտը բերեց՝ քաղաքապետը դերասան չէր, ոչ էլ վարչապետն էր քաղաքապետի ընտրության քարոզարշավը վարել: ՈՒ ընդհանրապես՝ աղբի մշակույթ սովորեք, դուք դեռ երկար եք ապրելու աղբի հետ:
Կամ՝ ձեր ականջները չե՞ն նվվում Ամուլսար լսելիս: Իմոնք տնքում են: Պետական կառավարման համակարգի կաթվածահարությունն ու որոշում կայացնելու անկարողությունը ողջ հմայքով ամեն օր ներկայացվում են ՀՀ հպարտ ու շարքային քաղաքացիներին իբրև վարչապետի հրավիրած խորհրդակցություն, հանդիպում, քննարկում: Գրողը տանի՝ ի՞նչ եք այդքան քննարկում: Կամ՝ հանքը աշխատում է: Կամ՝ չի աշխատում: Կիսահղի չեն լինում՝ երեխա կամ կունենաս, կամ չես ունենա: Հերթը հասավ Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանի նկատմամբ ծառայողական քննություն սկսելուն՝ Իվանյանի ոչ անաչառ լինելու տեղեկությունը ստուգելու համար: Դե լավ, էլի: Շրջակա միջավայրի նախարարությունը նորից վարչապետին է ներկայացրել Ամուլսարի՝ Շրջակա միջավայրի ազդեցության նոր գնահատման անհրաժեշտության եզրակացությունը։ Բա այսքան ժամանակ որտե՞ղ էիք, ի՞նչ էիք անում: Տեղա՞նքն է փոխվել, տարերային աղե՞տ է եղել, նոր իրավիճա՞կ է ստեղծվել, ի՞նչ նոր ՇՄԱԳ: ՈՒ՞մ համար: Դեռ ինչքա՞ն ենք լսելու, որ վերջնական որոշում չկա, քննարկումները շարունակվում են: Չկա լուծում, երբ գայլերը կուշտ կլինեն, ոչխարները՝ ողջ: Ինչքա՞ն կարելի է բնապահպաններին դնել պատվանդանին ու երկրպագել: Պատկերացնու՞մ եք որևէ ժողովրդավարական պետություն, որտեղ բնապահպանները թույլ չեն տալիս հանք շահագործել՝ փակելով ճանապարհը, ինչի՞ համար են իրավապահները: Ոստիկանություն չկա՞ երկրում: Այդ հայրենասեր բնապահպանները ինչու՞ չեն փակում Սոտքի ճանապարհը, ինչու՞ չեն բողոքում աղբի ու հրդեհների հետևանքներից: Որովհետև փողը կոնկրետ գործի համա՞ր են տվել: Այլ խնդրի պատվեր չունե՞ն: Անցած շաբաթ Ամուլսարի գործում ձեռքերը տաքացրեց նաև ՍԾԿ-ն: Ինչու՞ չօգտվի ձրի ինքնագովազդի շանսից: Ժիրայր Սէֆիլյանը իրեն դրեց Պուտինի խոսնակի տեղը ու Կրեմլի խոհանոցի գիտակությամբ բացատրեց, որ Ռուսաստանը օր առաջ ուզում է ձերբազատվել Փաշինյանից: Պարզ է, որ մինչև հիմա քաղաքական դաշտ մտնելու սողանցք ՍԾԿ-ն չէր գտնում: Հին մարգարեությունները չգործեցին, հասարակությունը չունի ՍԾԿ-ի կարիքը: Ո՞վ, եթե ոչ Ժիրայր Սէֆիլյանը պիտի հայտարարեր՝ Ամուլսարի շահագործման որոշման դեպքում կլինի քաղաքական ցնցում. նախկին իշխանությունը սպասում է շահագործման որոշմանը, որ Ռուսաստանի օգնությամբ գնա ցնցումների: ՈՒ՞մ է վախեցնում: Եթե ոչ իր նմաններին, որ ռուսների պոչը բռնած՝ ուզում են իրենց բաժինը ստանալ: Հույժ հայրենասիրական կուսակցության համար անվայել պահվածք է, եթե ընդհանրապես, ՍԾ-ն կարելի է կուսակցություն անվանել: ԱՆ-ի գրանցումը ոչինչ չի նշանակում՝ կուսակցությունը պիտի առաքելություն ու պահանջարկ ունենա: Ամուլսարի չշահագործման դեպքում, միանշանակ, «Լիդիանը» կդիմի միջազգային արբիտրաժ: Տանուլ կտա՞, թե՞ կշահի Հայաստանը, հարցի մի կողմն է: Ավելի կարևոր է հարցը, որ Հայաստանը կորցնում է տնտեսությունը զարգացնելու ռեալ ճանապարհ, փակում է արտասահմանյան ներդրումների մուտքը ու ինքնահռչակվում անհուսալի գործընկեր: Արտաքին քաղաքական ցնցումները վերաճելու են ներքաղաքական ցնցումներին: Սա հասկանալու համար Պուտինի քարտուղար պետք չէ լինել: Ամուլսարը վճռում է Հայաստանի ինքնիշխանության և Նիկոլ Փաշինյանի՝ իբրև վարչապետի, փորձառության ու ռիսկի հարցը: Եթե կուլ գնաց պոպուլիզմին ու կայացրեց հանքը չշահագործելու որոշում, դա լինելու է քաղաքական ու տնտեսական պարտությունների սկիզբ: Եթե վարկանիշի ժամանակավոր անկումով կայացրեց հանքը շահագործելու որոշում, նոր հեռանկարներ է բացելու Հայաստանի ու ՔՊ-ի առաջ՝ նաև հաջորդ ընտրություններում հաղթելու շանսով: Նիկոլ Փաշինյանի զրույցն էլ քաղաքացու հետ Ամուլսարի հարցով իրավիճակային խոսք էր։
Խորհրդարանը կարող է 2 պատգամավոր կորցնել. ՔՊ պատգամավոր Էդգար Առաքելյանը ԱԺ նախագահին մանդատը վայր դնելու դիմում է ներկայացրել: ԼՀԿ-ն նույնն է ակնկալում Արման Բաբաջանյանից, որ դուրս է եկել խմբակցությունից՝ ընդարձակ ու հուզառատ բացատրություններով: Ի՞նչ է ասում Արման Բաբաջանյանը: Նոր՝ ոչինչ: Նա թե իբրև լրագրող, թե քաղաքական գործիչ՝ ծնունդն ու արդյունքն է քաղաքական այն համակարգի, որ պիտի քանդեր հեղափոխությունը, բայց դեռ մտմտում է: Ի հետևանս հայտնվում են անհատներ, որ ամեն ինչ մերժելու ու ժխտելու արտոնությունն են իրենց վերագրում՝ մատնացուցելով այլոց ու անտեսելով սեփական սխալները: Չի բացառվում, որ Արման Բաբաջանյանը ևս մի տնաբույծ կուսակցություն բացի: Հայաստանում նոր տրենդ է՝ կուսակցությունները սնկերի պես են աճում: Իսկ կուսակցապետերը տեր են փոխում՝ ինչպես հանքափորը՝ ձեռնոցները: Երեկ Սերժն ու Միշիկն էին, ձեռքի հետ էլ սնուցում էին Հովիկ Աբրահամյանն ու Գագիկ Ծառուկյանը, այսօր կլինեն ուրիշները: Սկզբունք չունենալը սկզբունք դարձրած՝ կլինեն նաև այլք, որ հանձն կառնեն այլ պետության շահեր պաշտպանել վարձավճարով, բայց ներկայանալ խստիվ ազգասեր ու ապագայամետ: Նրանց կենսունակության պարարտ հողը մթնոլորտն է, որտեղ ոչինչ չի փոխվել: Էդմոն Մարուքյանը ակնկալում է, որ ԼՀԿ-ով ԱԺ մտած պատգամավորը վայր կդնի մանդատը՝ ԱԺ կանոնակարգով անկախ պատգամավոր հասկացություն չկա: Հետո ի՞նչ: Իսկ ինքը, ինչպես Արման Բաբաջանյանը, ընտրություններից առաջ տեսակետ չփոխե՞ց՝ արևմտյան արժեքների փոխարեն, որ դավանում էր մինչ այդ, շեշտը դնելով… Նիկոլ Փաշինյանի փառաբանության վրա: Այլ արժեք այդ ժամանակ չկար: Քանի դեռ հասարակությունը ընդունում է քաղաքական կերպարանափոխությունը ու չի պատժում գաղափարներին դավաճանելու համար, իրավիճակ չի փոխվելու: ՈՒ դեռ շատերն են նույն դոփապարը պարելու՝ հավակնելով մենապարողի դերին:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ. Նույն շարքից է ՍԴ որոշումը: Արդեն մեղվապահ Գագիկ Հարությունյանը բոլոր իրավունքներն ունի Հրայր Թովմասյանին հարցնելու՝ դու՞ էլ ես Սողոմոն արքայի դափնիներին հավակնում: ՍԴ-ն սեպտեմբերի 4-ին հրապարակեց Ռոբերտ Քոչարյանի դիմումի վերաբերյալ որոշումը: ՍԴ որոշումից հետո վերսկսվեցին հակասական մեկնաբանություններ: ՈՒ՝ ի՞նչ: Ոչինչ: Մենք ընտելացել ենք տարաբնույթ մեկնաբանություններին, մեզ դժվար է զարմացնել: Զարմանալի է, սակայն, որ դադարել ենք հարցեր տալ: Օրինակ՝ ինչու՞ են երկրորդ նախագահին զրկում տասնամյակներով իրեն ուղղված մեղադրանքները հերքելու հնարավորությունից: Նրա իսկ պաշտպանները: Նա կարող է անձեռնմխելի լինել օրենքի առաջ, իսկ ժողովրդի՞: Ե՞րբ ենք դուրս գալու կիսատ-պռատության ինքներս մեզ շնորհած կարգավիճակից: Աշխարհի վրա կա՞ մի հարց, որին Հայաստանը հստակ պատասխան տա: Թե՞ կիսատ-պռատության հմայքներն են այն միջակայքը, որտեղ գերադասում ենք ապրել ու գործել՝ համարելով մեզ պաշտպանված: Չհարցնեմ, չէ՞, ո՞րն է Արցախի հարցում մեր կոնկրետ տեսակետը: Թե՞ հարցնեմ, որ արձանագրեմ՝ չկա, կա ներքին ու արտաքին օգտագործման հայտարարությունների դայջեստ, որի միակ հմայքը հակասությունների կծիկն է: Հիմա Արցախը Հայաստան է, և վե՞րջ: Թե՞ մադրիդյան սկզբունքների շուրջ բանակցում ենք, ու՝ առանց Արցախի: Նման դիվանագիտություն իրենց թույլ են տալիս գերտերությունները, ուրեմն ինչու՞ մենք գերտերություն չենք: Թե՞ ենք, բայց միայն մենք գիտենք:
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ