ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ բանակցությունների ընթացքում հաստատել է Ռուսաստանի աջակցությունը Ադրբեջանի հետ միջանցքների և հաղորդակցության ուղիների հարցում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականությանը՝ գրում է իրանական Mehr գործակալությունը։               
 

Բեռլինում կհանդիպեն Վիլհելմ կայսրը, Թալեաթն, Էնվերը, Ջամալը

Բեռլինում կհանդիպեն Վիլհելմ կայսրը, Թալեաթն, Էնվերը, Ջամալը
02.06.2016 | 11:25

Այսօր Բունդեստագում պետք է քվեարկվի հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը, որ կազմել են ձախերի և աջերի իշխող կոալիցիան և ընդդիմադիր «կանաչները»: Նրանք համաձայն են, որ ցեղասպանություն եղել է, բայց դա շատ քիչ է՝ վստահության համար, որ բանաձևը կընդունվի:


Բնականաբար՝ Անկարան գործի է դրել իր զինանոցի բոլոր միջոցները՝ կանխելու բանաձևի ընդունումը՝ նախագահից մինչև իշխանամետ վերջին թուրքը: Բայց այս ընթացքում, օրինակ, լսելի չեղավ այն թուրք մտավորականների ու գործիչների ձայնը, որ ընդունել ու դատապարտել են ցեղասպանությունը՝ Նոբելյան մրցանակակիր Օրհան Փամուկից՝ պատմաբան Թաներ Աքչամ:

«Գերմանիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը բացասական անդրադարձ կունենա թուրք-գերմանական հարաբերությունների վրա», - հայտարարել է վարչապետ Բինալի Յիլդիրիմը: «Մենք ոչինչ չունենք թաքցնելու: Թող ուսումնասիրվի բոլոր երկրների պատմությունը, թող ի հայտ բերվեն կողմերի սխալները, բայց սա պատմաբանների գործն է»՝ ասել է Յիլդիրիմը և բանաձևն անհեթեթ որակել՝ նշելով, որ իրավական ուժ չունի: Նա ընդգծել է, որ Թուրքիան չի ուզում «փչացնել Գերմանիայի հետ հարաբերությունները, սակայն անցանկալի օրինագծի ընդունման պարագայում նման շրջադարձը անխուսափելի կդառնա»:


Նախօրեին հեռախոսելով Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ՝ Էրդողանը հասավ նրան, որ Բունդեստագում չեն լինի կանցլերն ու արտաքին գորերի նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը: Ի՞նչ է ասում Էրդողանը: Որ բանաձևի ընդունումը կվնասի Գերմանիայի և Թուրքիայի դիվանագիտական, տնտեսական, առևտրային, քաղաքական և ռազմական կապերին, նշելով, որ երկու երկիրն էլ՝ Գերմանիան և Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ են։ Էրդողանն ասել է, թե այդ ամենը կվերանայվի։ Թուրքիան Սուրբ Պետրոսի տաճարում հայտնի պատարագից հետո Վատիկանի հետ էլ խզեց դիվանագիտական հարաբերությունները, հետո վերականգնեց: Տնտեսական կապերը վերջնականապես վտանգել Գերմանիայի ու ԵՄ-ի հետ Անկարան չի կարող զուտ տնտեսական պատճառներով՝ Անթալիայից ռուսների հեռանալուց հետո՝ թուրքական զբոսաշրջության և հանգստի ինդուստրիան գերմանացիների հույսին է: Էրդողանը չի կարող երկրորդ խարխլող հարվածը հասցնել երկրի տնտեսությանը՝ կենսամակարդակի անկման պայմաններում: Քաղաքական կապերը Գերմանիայի ու ընդհանրապես Արևմուտքի հետ պայմանավորվում են Թուրքիա-ԵՄ փոխհարաբերություններով, որոնք հայտնի պատճառներով բավականին երերուն են դարձել և հայոց ցեղասպանության ճանաչումը երբեք էլ գլխավորը չի եղել:

Փախստականների հոսքը կասեցնելու շանտաժով ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման ու ԵՄ-ի անդամակցության վերսկսման բանակցություններ պահանջող Անկարան ինքն է այսօր կասեցնում գործնթացը՝ հրաժարվելով կատարել վիզաների ազատականացման ԵՄ պայմանները, որ ընդհանուր են բոլոր երկրների համար (մասնավորապես՝ ահաբեկչության մասին օրենքի փոփոխությունը, որը Էրդողանը օգտագործում է երկրում այլախոհությունը ահաբեկչություն որակելու ու օրենսդրության շրջանակներում կասեցնելու համար): ՆԱՏՕ-ի անդամ լինելը հիշեցնելն էլ զուտ տեսական է՝ Անկարան ոչ կարող է ՆԱՏՕ-ից դուրս գալ, ոչ պահանջել Բեռլինի դուրս գալը: Էրդողանը Մերկելին հեռախոսազրույցում կոչ է արել ողջամիտ ու խելամիտ լինել: Թուրքական ընկալումով՝ հերքել անհերքելին: Բացի բարձր մակարդակով շփումներից՝ Էրդողանը խաղարկել է գերմանաբնակ թուրքերի խաղաքարտը՝ 3.5 միլիոն թուրքերը այս օրերին ցույցեր են անում խորհրդարանի շրջակայքում ու պահանջում չընդունել բանաձևը, կրկնում են թուրքական դիվանագիտության բազմաչարչար պոստուլատները՝ պատմաբաններին թողնել հարցը, քաղաքական գործիչների խնդիրը չէ պատմությամբ զբաղվել և այլն, և այլն: Բայց ոչ մի թուրք դեռ չի կարողացել ապացուցել, որ ժամանակի մեծագույն պատմաբաններն էին Թալեաթը, Էնվերն ու Ջեմալը:
Ինչո՞ւ հարցը, այնուամենայնիվ, հասավ Բունդեստագ:


Մեծագույն մարդասիրությամբ գերմանական քաղաքական գործիչները հազվադեպ են աչքի ընկել՝ գուցե միլիոնից մեկը: Նորագույն պատմության մեջ՝ սկսած Վիլհելմ կայսրից Ադոլֆ Հիտլեր: Բայց բոլորն ունեցել են ու ունեն գերմանացիների՝ իբրև արիացիների խորին համոզում և պատմական առաքելության գիտակցություն, որին այսօր քաղաքական շրջանակներ չեն տրվում, պարզապես գործունեություն են ծավալում։ Եվրամիության մեջ Գերմանիան է այսօր առաջին ջութակը, հատկապես Նիկոլա Սարկոզիից հետո Ֆրանսուա Օլանդի նախագահության շրջանում՝ Ֆրանսիայի արտաքին քաղաքական համեմատաբար պասիվության պարագայում: «Մամա Մերկելին» ԵՄ գործընկերները մենակ են թողել Եվրոպան պատուհասած խնդիրների դեմ հանդիման, որոնց լուծումներում աներեր կանցլերը կտրուկ կորցրել է ժողովրդականությունը ու վարկանիշի աննախադեպ անկում է գրանցել՝ թե իր, թե իր կուսակցության: Հիմնական պատճառը փախստականներն են ու հարաբերությունները Անկարայի հետ: Ավելի ճիշտ՝ շարունակական զիջումները Էրդողանի շանտաժին՝ թե ֆինանսական, թե գաղափարական: Շարքային ընտրողը կանցլերին չի ներում ազատ մամուլի նկատմամբ ոտնձգությունները, երբ նա թույլ տվեց գերմանացի երգիծաբան Յան Բյոհերմանին դատարան հասցնել՝ Էրդողանին նվիրված բանաստեղծության համար, և շարունակվում են բողոքները մամուլի ազատության նկատմամբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի ոտնձգությունների դեմ՝ նորանոր դրսևորումներով: Օրինակ՝ Քյոլնի Urban Burgery սրճարանների ճաշացանկում հայտնվել է «Էրդողան բուրգեր», հետո՝ «Բյոհերմանի թխվածքը»:

Վաճառքից ստացված հասույթը տրամադրվում է Թուրքիայում բանտարկված լրագրողների աջակցությանը։ Այս տրամադրությունները ցրելու համար հայոց ցեղասպանության բանաձևը Մերկելի կուսակցության համար հրաշալի շանս է, որը կորցնելոց հետո նա պարզապես չի կարողանալու նորից առաջադրվել իբրև կանցլեր՝ նրան ու նրա կուսակցությանը գերմանացիները կուղարկեն Թուրքիայում քվեարկվելու՝ հիշեցնելով, որ կանցլերը ոտքի տակ է տալիս գերմանացու արժանապատվությունը՝ հանուն Էրդողանի բարեհաճության: Բայց քաղաքականության մեջ անտրամաբանական քայլերը տրամաբանական դարձնելը՝ քաղաքական գործիչների աշխատանքն է: Սպասենք Բունդեստագի որոշմանը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Bild-ի հարցազրույցում ասել էր՝ արդարացի չէ, որ Հայոց ցեղասպանությունը չանվանվի ցեղասպանություն, որովհետև մեկ այլ երկրի ղեկավար կզայրանա: «Գերմանացի քաղաքական գործիչներից ոչ ոք չի հերքում, որ դա ցեղասպանություն էր, որը 101 տարի առաջ դարձավ 20-րդ դարի առաջին համակարգված ցեղասպանությունը: Անգամ նրանք, ովքեր հիմա հանկարծ դեմ են բանաձևին, չեն վիճարկում դա: Ես կարծում եմ, որ գերմանացի քաղաքական գործիչների համար համամարդկային արժեքներն ավելի կարևոր պիտի լինեն, քան կարճաժամկետ քաղաքական շահերը: Շատ երկրներ, այդ թվում՝ Ֆրանսիան, արդեն նման բանաձևեր են ընդունել»: «Գերմանիան հզոր երկիր է, և Բունդեսթագի ձայնը աշխարհում ամենուր լսելի է: Եվ հենց այդ պատճառով Գերմանիան առանձնահատուկ պատասխանատվություն է կրում ու իրավունք չունի բարոյական հարցերում, ինչպիսին, օրինակ, արժեքները պաշտպանելն է, զիջումների գնալ: Երբ կարճաժամկետ քաղաքական շահերի պատճառով մեկ անգամ զիջումների են գնում, ապա դա կրկնվում է նորից ու նորից: Եվ դա վատ է ոչ միայն Գերմանիայի համար, այլև Եվրոպայի և ամբողջ աշխարհի»՝ սա է Երևանի կարծիքը այսօր Բեռլինում կայսեր Վիլհելմի, Թալեաթի, Էնվերի, Ջեմալի ժառանգների «մենամարտից» առաջ խորհրդարանական հարթակում: Գերմանիայի Բունդեստագը այսօր կպատասխանի հարցին՝ պատրա՞ստ է Եվրոպան դիմակայել ընդհանրական մարտահրավերներին, որոնցից մեկը ձևակերպվել է իբրև հայոց ցեղասպանության ճանաչման բանաձև, բայց ունի նույն խորքային պրոբլեմները, որ միշտ եղել են Արևելք-Արմուտք հարաբերություններում:

Դիտվել է՝ 1224

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ