Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                
 

Զարմանահրաշ տնտեսություն է մեր ֆուտբոլային տնտեսությունը

Զարմանահրաշ տնտեսություն է մեր ֆուտբոլային տնտեսությունը
17.05.2016 | 22:53

Ասել, թե այս շարքից դուրս է մնում ֆուտբոլը, փոքր-ինչ կողմնակալ գնահատական կլինի, որովհետև այն, ինչ ազգային ընտրանուն է վերաբերում, նախանձախնդրություն, այն էլ բացառիկ նախանձախնդրություն է եղել նրա հանդիպումները լուսաբանելու հարցում, ինչը չես ասի հայկական ակումբային ֆուտբոլի առումով, որտեղ գերազանցապես բավարարվում ենք չորուկ ինֆորմացիա ներկայացնելով:


Սույն մտայնությամբ բացառություն չկազմեց նաև Հայաստանի գավաթի եզրափակչին անդրադարձը: Կներեք, իսկ ի՞նչ գրեինք մի խաղի մասին, որտեղ գոնե կողմերից մեկի կտրվածքով ոչ թե խաղ էր, այլ խաղի իմիտացիա: Ի՞նչ գրեինք մի խաղի մասին, որի պատճառով տնեցիներին իջեցնում ես բնակարանում շարժն առհասարակ դադարեցնելու հրովարտակ, լրջորեն գրկում-գրավում ես բազմոցն ու հանգուցալուծումն այն է լինում, որ այդ չորքոտանին վերջում հռհռում է էշացած դեմքիդ՝ պարզ հասկացնելով այնքան անլուրջ լինելդ, որ ժամուկես անիմաստ, անբովանդակ տրամադրել ես նույնքան անիմաստ, անբովանդակ մի բանի, որտեղ կողմերից մեկի, հնարավորինս մեղմ ասենք, հեչ էլ տանձին չէր, թե ինչ է կատարվում դաշտում, մինչդեռ հետագայում, երբ բացվում են փակագծերը, պարզվում է, որ այդ կողմերից մեկի մարզչական կազմը, ակումբի նախագահն իրենց պաշտոններում են նշանակվել հատկապես գավաթային խաղում ճակատ տալու, գավաթը նվաճելու ու, քանի որ այլ հնար չիք, գոնե այս կերպ ակումբը եվրոպական ֆուտբոլում ներկայացնելու համար:
Չէ, այնպես չէ, որ այդ խաղից հետո «Միկան» մնացել է առանց գլխավոր մարզչի: Առանց ակումբի նախագահի՝ հա, բայց առանց գլխավոր մարզչի՝ ոչ: Առաջնությունում մնացած երեք խաղերին թիմը դաշտ կհանի նրա նոր գլխավորը՝ Արմեն Շահգելդյանը, որից հետո պարզ կդառնա...
Ի՞նչը պարզ կդառնա:


Իմ համեստ կարծիքով՝ հերթական թիմի լուծարված լինելը (մանավանդ որ, ինչ՝ ինչ, այս մրցաշրջանում լուծարված թիմի օրինակ ունենք, թո՛ղ որ ուրիշ հիմնավորումով):
Ինչ խոսք, որ սա ես չեմ պնդում որպես ստույգ իրականանալիք քայլ, բայց հովերը, ոնց որ թե, այդ կողմերն են փչում:


Մի կողմից էլ, խոսքը մեր մեջ, էդ ի՞նչ չտեսնված-չլսված շռայլություն է երկրում ութ թիմից բաղկացած բարձրագույն խումբ ունենալը: Հետո՞ ինչ, որ դա պարտադիր պահանջ է համաշխարհային ֆուտբոլի վերադասի կողմից: Շատ ավելի ճիշտ չի՞ լինի, եթե ունենանք երեք թիմ ու կատարելապես համոզված լինենք, որ այդ երեքն էլ մրցանակակիր են, երեքի մարզիչներն էլ իմանան, որ մեդալակիր թիմերի մարզիչներ են, երեքի ֆուտբոլիստներն էլ իմանան, որ մրցանակակիր թիմերի ֆուտբոլիստներ են, այդ երեք թիմերի մարզասերներն էլ իմանան, որ իրենց երկրպագածները… Մի խոսքով, հասկացաք:
Հարկավ, կլինեն մարդիկ, ովքեր կառարկեն, ասելով, թե այդ դեպքում եվրոպական ֆուտբոլում չենք կարող ներկայացված լինել, ու ճիշտն իրենք կլինեն: Սակայն խորհուրդ կտանք ժամանակից շուտ չցնծալ: Այո, այդ դեպքում եվրոպական ֆուտբոլում չենք կարողանա ներկայացված լինել, սակայն որ հիմա ներկայացված ենք, մե՞ջն ինչ կա:
Մինչ այժմ մեր լավագույն արդյունքը որակավորման երկրորդ փուլից այն կողմն անցե՞լ է:
Ասում եք՝ ահագին մարդ գործազուրկ կմնա՞:


Էս ի՞նչ վարչապետական «զամաշկեք» են ձեր հիվանդագին ուղեղներում:
Լա՜վ, ասենք թե վարչապետությունը ծիրան ու պոմիդոր աճեցնելու հետ նույնացրած էն մարդը պետական ապարատի ուռճացվածությունը փորձում է բացատրել երկրում սոցիալական լարվածություն չստեղծելու, մարդկանց համար աշխատատեղեր ստեղծելու «ազգանվեր» մտահոգությամբ, ու ասենք թե մենք էլ մեզ, խորհրդային արտադրության շլանգի տեղ դրած, փորձեցինք խնամիներին, բարեկամներին, ծանոթներին աշխատանքով ապահովելու նրա ծայրվարչապետական հումանիզմն ընկալել պետականամետությանը, պետականաշինարարամետությանն ուղղված քայլ, բայց չէ՞ որ բոլորս էլ հրաշալի հասկանում ենք, որ նա լավագույն օրինակը չէ, եթե չասենք՝ աղետալի օրինակն է:
Եվ այդուհանդերձ, ինձ համար այդպես էլ անհասկանալի է մնում՝ ձե՞զ ինչն է ստիպում վարչապետանալ:


Հերն էլ անիծած, թե գործազուրկ կմնան:
Այս ի՞նչ մազոխիզմ է այլասիրությամբ տառապելը:
Գոնե գիտե՞ք, թե Հայաստանի ֆուտբոլի գավաթի եզրափակչին դաշտ ելած քսաներկու ֆուտբոլիստից քանիսն է Հայաստանի քաղաքացի եղել, քանիսը՝ այլ երկրի:
Դե, եթե իսկապես չգիտեք, ասեմ՝ տասնյոթ ֆուտբոլիստ եղել է լեգեոներ:
Հիմա ի՞նչ, բազարը հինգ հայրենաբնակի գործազուրկ մնալու շուրջ է՞, թե՞ տասնյոթ խոպանչու, որոնց մեր ֆուտբոլի մակարդակի բարձրացման առաքելությունն անգամ աստվածաշնչյան առաքյալներն ի զորու չեն տեսնելու, էլ ուր մնաց ինձ նման հասարակ մահկանացուն:


Չէ՜, իսկապես զարմանահրաշ տնտեսություն է մեր ֆուտբոլային տնտեսությունն իր պետովուծետով, իր ապշեցուցիչ տեսլականով, որի հիմքում հնարավորինս առատ կորեկ շաղ տալն է հանրությանը: Տարօրինակն այն է, որ որքան կուտակ-կուտակ են լինում ամլության տարիները, այնքան այդ պետերն ու ծետերը լկտիանում են իրենց անփոխարինելիության մեջ՝ մի բանում կատարելապես վստահ լինելով՝ մինչև այժմ ո՞վ է պատասխան տվել, որ իրենք պատասխան տան:
Ինչևէ:


Չերկարացնեմ, որովհետև ֆուտբոլային հրաշք տնտեսությունից անխուսաբար ստիպված կլինեմ անցնելու շատ ավելի գլոբալ հարցերի, շատ ավելի առանցքային ուղղությունների ու դերակատարների, իսկ այդ դեպքում պարզապես կավերվի հրաշք երկրի միֆը, որի ոգեղենության համեստ ջատագովներից մեկն էլ մենք ենք:
Դեռևս:
Միայն ափսոս, որ այդ ոգեղենությունն ու հավատավորությունը գնալով դառնում են շագրենի կաշի:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1711

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ