Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 

Էրդողանը՝ բռնակալ, որ սպանում է ինքն իրեն

Էրդողանը՝ բռնակալ, որ սպանում է ինքն իրեն
15.05.2016 | 23:53

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը չի կարողանում հանգիստ նստել իր Սպիտակ պալատում, որ կառուցեց մինչև կյանքի վերջ այնտեղ իբրև տեր մնալու համար: Նա կառուցեց իր նստավայրը՝ չմտահոգվելով, որ հետևելու է մամուլի կոշտ քննադատությունը՝ իշխանության մեջ իր կասկածելի վարքի պատճառով: Վաղեմի տիրակալների նման՝ նա հստակ սադրում է դատավորներին ու հասարակական գործիչներին իր հասցեին «կասիդներ» գրելու՝ քննադատելով իր բռնապետությունը, ագրեսիան ընդդիմախոսների նկատմամբ: Թուրքիայի նախագահի հոբբին ընդդիմության ցանկացած ձևի վերացումն է:

Նա երկրի երեսից ջնջում է՝ ինչ իրեն հակասում է: Էրդողանն արդեն հոգնել է այս ու այնտեղ անվերջ հայտնվող տեղեկություններից, որ բացահայտում են նրա ներքին քաղաքականությունը և կասկածելի հարաբերությունները տարատեսակ էքստրեմիստական խմբավորումների հետ ամբողջ աշխարհում: Թուրքիայի նախագահը կարծում է, որ ընդդիմադիր ԶԼՄ-ները Անկարային սպառնացող քաղցկեղային ուռուցք են: Հենց ապաշնորհ լրագրողներն են խանգարում նրա «ավտորիտար նախագծին»՝ հանուն որի նա պատրաստ է ամեն ինչի: Էրդողանը դաժան է բոլորի նկատմամբ՝ առանց բացառության: Նա ոչ մեկին հանգիստ չի տալիս՝ սպառնալիքներից զգուշանալով անգամ իր սեփական տանը: Նա ուզում է երկրում բացարձակ իշխանություն ունենալ: Այդ պատճառով նրան չափազանց անհանգստացնում է ընդդիմախոսների քննադատությունը երկրում կատարվողի վերաբերյալ: Նա ճնշում է ցանկացած քննադատություն՝ նույնիսկ իր մերձավոր շրջապատում: Էրդողանը կառավարում է 14 տարի՝ նախ իբրև վարչապետ, հետո՝ նախագահ:

Իր քաղաքական կարիերայի ընթացքում նա բազմիցս փոխել է դիրքորոշումներն ու կարգախոսները: Նա երկար ճանապարհ է անցել, որ ի վերջո նրան դարձրել է անխնա բռնապետ: Հատուկ դաժանությամբ ցույցերի ու բողոքի գործողությունների ցրել, անցանկալի ԶԼՄ-ների աշխատանքի կասեցում, տարատեսակ ազատությունների սահմանափակում՝ այսպիսին է նախագահ Էրդողանի Թուրքիան: Նա առևտուր է անում փախստականներով՝ նրանց օգտագործելով անձնական շահերով: Ի՞նչն է նրան դեռ պակասում: Նրա ցանկությունները ոչ մի կապ չունեն թուրք ընտրողի հետ, ում շնորհիվ Էրդողանն այսօր նստած է նախագահական գահավորակին: Նա ցանկանում է ցմահ ու բացարձակ իշխանություն, ինչպես ունեցել են արաբ ղեկավարները, որ այդ ցանկությունների համար գահընկեց են եղել: Էրդողանն ուզում է անսասան իշխանություն, սակայն ինքը սկսել է հեղափոխական շարժումները գովերգելուց, բողոքների անմիջական մասնակից է եղել: Թուրքիայի ներկա նախագահը «Մուսուլման եղբայրների» բուռն կողմնակիցն էր, անմիջական մասնակցություն է ունեցել կազմակերպության քայքայիչ գործունեությանը արաբական այլ երկրներում «Իսլամի, ազատության և բռնապետության դեմ պայքարի» անունից: Ինչպե՞ս նա այսօր կմեկնաբաներ իր նախկին կարգախոսները՝ Սպիտակ դղյակում նստած ժողովրդի ազատական տրամադրությունների դրսևորումները ճնշելու հրամաններ տալով՝ ընդ որում՝ բացառապես բռնություններով ու ահաբեկչությամբ:

Նա դաժան է բոլորի հետ՝ ժողովուրդ լինի, ընդդիմախոս կամ իշխող կուսակցություն ու նրա ղեկավարություն, որի շնորհիվ ինքն այսօր նախագահ է: Ի՞նչ կասի Էրդողանը իր մերձավոր զինակից, ընկեր ու եղբայր Ահմեդ Դավութօղլուին, որ երկար տարիներ իրականացրել է իր երազները և ում գրչի մի շարժումով հանեց ԱԶԿ-ի նախագահությունից: Դավութօղլուն, ինչպես ոչ ոք, գիտի՝ ո՞վ է Էրդողանն ու ի՞նչ է ուզում: Նա բոլոր ուժերով փորձում է երկրում ստեղծել այնպիսի համակարգ, որտեղ նախագահ-բռնակալը կունենա բացարձակ իրավասություններ: Թուրքիայի նախագահը, որ ձգտում է դառնալ Եվրամիության անդամ, չի հանգստանա, քանի դեռ երկրի երեսից չի վերացրել իր յուրաքանչյուր ընդդիմախոսի կամ քննադատի, եթե նույնիսկ դա Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն է: Նրա արտաքին քաղաքականությունը ներքինից քիչ հարցեր չի հարուցում: Նա կասկածելի կոալիցիաների մեջ է մտնում արաբների թշնամիների հետ, ԻՊ-ի հետ նրա կապերն ակնհայտ են: Նա սկսում է խաղեր տալ Իրանի հետ, երբ իրեն ձեռնտու է: Ի՞նչ է որոնում Էրդողանը Մերձավոր Արևելքի իրադարձությունների լաբիրինթոսում, որ 2011-ից փոթորկում են տարածաշրջանը: Էրդողանի որոնածը Թուրքիայի սահմաններից դուրս է: Նա տարածաշրջանային առաջատարություն է ուզում, որ չի սահմանափակվելու Դամասկոսով: Նա ուզում է Թուրքիային վերադարձնել Օսմանյան կայսրության նախկին հզորությունն ու ազդեցությունը՝ անսահմանափակ իշխանությամբ:

Նա թափանցեց Սոմալի՝ օգնության անվան տակ, աջակցում է Լիբիայի արմատականներին, առևտուր է անում ՀԱՄԱՍ-ի հետ՝ ի շահ Թել Ավիվի: Համայն աշխարհին հայտարարելով ԻՊ-ի երեք հազար զինյալների ոչնչացման մասին, նա չի թաքցնում, որ իբր անվտանգության ինչ-որ խնդիրների պատճառով միջադեպ է եղել և ահաբեկիչների ղեկավարները փախել են թուրքական բանտից:
Էրդողանն իր համար հիմք է դարձրել «մուսուլմանական մոդեռնիզմի» մոդելը: Մեծ հարց է՝ կկարողանա՞ կյանքի կոչել այդ մոդելը: Նրա վիճակը բավականաչափ երերուն է նորանոր մարտահրավերների դեմ հանդիման, որոնց բախվում է Մերձավոր Արևելքը:
Ահմեդ ՖԱԻԶ ԱԼ ՖԱԴՎԱ, Al Arab, Մեծ Բրիտանիա


Հ.Գ. Բախտներս խայտառակ բերել է հարևանների տեսակետից: Ադրբեջանը քիչ էր, Թուրքիան էլ՝ նվեր: «Մուսուլմանական մոդեռնիստ» Էրդողանի օրոք հայ-թուրքական հարաբերությունները կմնան՝ ինչ կան, այսինքն՝ չեն լինի: Անկարան չի վտանգի Բաքվի հետ իր «եղբայրությունը»՝ ոչ հանուն «Մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսի, նրանք պետք են միմյանց ռազմական ու տնտեսական շահերի բերումով, որպեսզի մենակ չմնան իրենց բռնապետական հակումների հետ ու չհանդիպեն իրենց ժողովրդին, քանի դեռ բոլորն իրենց նման չեն մտածում: Անիմաստ է սպասել, թե երբ թուրք կամ ադրբեջանցի ժողովուրդը նրանց կուղարկի հանդիպելու Քադաֆիին կամ գահընկեց արված այլ տիրակալի: Թուրքիա-Ադրբեջան տանդեմը բացահայտորեն տարածաշրջանի անկայունության պատճառ է, որ հաջողությամբ խաղարկում են տարածաշրջանից դուրս գտնվող պետությունները ու հարևանները՝ շահերի ժամանակավոր համընկնումներ ունենալով Անկարայի ու Բաքվի հետ, բայց իրադարձությունների ընթացքը ավելի ու ավելի մեծացնում է շահերի բախումները ու նվազեցնում համընկնումները: Ի վերջո, առանց Էրդողանի ու Ալիևի էլ Թուրքիան ու Ադրբեջանը կլինեն, նավթն ու գազն էլ նրանց հետ չեն անհետանա, փաստ, որ նրանք պարզապես չեն ընկալում: ՈՒրեմն՝ պետք է բացատրվի: Բայց ինչքան ժամանակ կկորչի: Ափսոս է ժամանակը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1744

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ