Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                
 

Ի՞նչ կարող են պայմանավորվել Ալիևն ու Սարգսյանը Վիեննայում

Ի՞նչ կարող են պայմանավորվել Ալիևն ու Սարգսյանը Վիեննայում
15.05.2016 | 11:59

Մայիսի 16-ին Վիեննայում պետք է հանդիպեն Ադրբեջանի ու Հայաստանի նախագահներ Իլհամ Ալիևն ու Սերժ Սարգսյանը: Նրանք քննարկելու են ղարաբաղյան կարգավորման հարցը: Հանդիպումն անցնելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրների արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ՝ Ռուսաստանը կներկայացնի Սերգեյ Լավրովը, ԱՄՆ-ը՝ Ջոն Քերին, Ֆրանսիան՝ Ժան-Մարկ Էյրոն՝ հայտարարել են ԵԱՀԿ ՄԽ համանախագահները:

«Բռնության վերջին բռնկումից հետո և շփման գծում անհապաղ լարումը նվազեցնելու անհրաժեշտությունից ելնելով՝ մենք կարծում ենք, որ ժամանակն է Ադրեջանի ու Հայաստանի նախագահների հանդիպման: Մեր արտաքին գործերի նախարարները եկող շաբաթ Վիեննայում պատրաստ են նպաստել այդ հանդիպման անցկացմանը»՝ ասված էր ԵԱՀԿ ՄԽ հայտարարությունում: Հետո փաստը հաստատեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Եվ նորից այդ ուղղությամբ ի հայտ են գալիս ավանդական նրբերանգները: ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը մի քիչ կոնկրետացրեց իրավիճակը. «Կոնկրետ այդ տեղեկության մասին դեռևս ոչինչ չունեմ ասելու: Անկասկած, Մոսկվան ողջունում է ցանկացած քայլ, որը նպատակ ունի լարվածության թուլացումը կոնֆլիկտի գոտում և վերադարձը երկխոսությանը՝ քաղաքական կարգավորման որոնումների նպատակով»:

Նախօրեին ադրբեջանական լրատվամիջոցներում տեղեկություն տարածվեց «լավատեղյակ աղբյուրներին» հղումով, որ մեկօրյա այցով Բաքու է մեկնելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Իբր, ինքնաթիռը Սոչիում պատրաստ կանգնած է և ուր որ է ուղղություն է վերցնելու Բաքու: Բաքվի Haggin.az պորտալի այդ իրադարձությանը նախորդեց ՌԴ ԱԳ նախկին փոխնախարար, «Քաղաքական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի տնօրեն Անդրեյ Ֆյոդորովի հարցազրույցը «Ակցենտ» վերլուծական ծրագրին «Մոսկվա-Բաքու» պորտալում: Նա վստահորեն ասում էր, որ «հնչել է մոտավոր օրը, երբ Հայաստանը ստիպված կլինի նստել բանակցությունների Ադրբեջանի հետ՝ հակառակ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հիստերիկ հայտարարության, որով հրաժարվում էր բանակցային գործընթացից Ղարաբաղում Ադրբեջանի հաջողված մարտական գործողությունների համապատկերում», և «դա շատ արագ տեղի կունենա՝ երկու շաբաթում»:

Ֆյոդորովը նաև հայտարարել էր. «Եղել է որոշակի ստատուս քվո, որ առանց հատուկ ջանքերի փորձում էին պահպանել: Հիմա իրավիճակը փոխվել է: Տեղի ունեցած իրադարձություններից հետո Երևանը չի կարող այն վիճակում լինել, ինչ առաջ էր, նրան այդ կոնֆլիկտում պետք են նոր բանակցային դիրքեր, ընդ որում՝ նոր դիրքեր ոչ թե ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության շրջանակներում, այլ Ադրբեջանի հետ ուղիղ բանակցությունների՝ Մոսկվայի միջնորդությամբ: Ինչքան ես գիտեմ, այդպիսի նոր դիրքեր Երևանը հիմա չունի»: Ավելին՝ Ֆյոդորովը ասում էր, որ «Հայաստանի նախագահը առաջիկայում նոր խորհրդակցություններ կանցկացնի ՌԴ ղեկավարության հետ բանակցությունների թեմայով, և միայն դրանից հետո որոշակի շարժ կլինի:

Մոսկվան կարող է շատ հետաքրքիր որակով ներկայանալ՝ ոչ միայն իբրև միջնորդ, այլև միջնորդ-դիտորդ: Թե ինչ դեր կխաղա Մոսկվան ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորման մեջ, կախված է՝ կողմերին կհարկադրի՞ բանակցել, թե՞ համբերատար կսպասի, որ կողմերը դրսևորեն երկխոսելու պատրաստակամություն, դա շատ մեծ տարբերություն է»: Նա հաստատում էր, որ Երևան այցի ժամանակ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը բանակցությունները վերսկսելու համառ խնդրանք է ներկայացրել: «Ադրբեջանի բանակցելու պատրաստակամությունը շատ կարևոր քաղաքական ազդանշան էր՝ ոչ այնքան Երևանին, որքան Մոսկվային,- ընդգծում էր Ֆյոդորովը:- Որովհետև եթե երկու կողմերը՝ և Բաքուն, և Երևանը, ասում էին, որ իրենց պետք չեն բանակցություններն ու Մոսկվան, իբրև միջնորդ, ոչինչ չի կարող անել, դա կլիներ մեկ վիճակ: Իսկ մենք տեսնում ենք այլ իրավիճակ՝ Բաքվում ասում են, որ պատրաստ են բանակցելու առանց որևէ հատուկ նախապայմանի, որ իրենք պատրաստ են երկխոսություն սկսելու: Իսկ երկրորդ կողմը՝ Հայաստանը, ասում է, որ պատրաստ չէ բանակցությունների: Արդյունքում ստացվում է, որ շահում է այն կողմը, որը պատրաստ է բանակցելու»:

Այսինքն՝ Բաքուն կառուցում էր ինտրիգային սցենար՝ ապրիլի 2-5-ի իրադարձությունների ընթացքում Ռուսաստանը գլխավոր միջնորդն էր շփման գծում փխրուն հրադադարի հաստատման, որ պետք է ընկալվի ոչ միայն իբրև նախաձեռնության խլում Ռուսաստանի կողմից ղարաբաղյան կարգավորման մեջ, այլև փոփոխություններ ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային օրակարգում: Իրադարձությունների ընթացքի այդ մտացածին սցենարում Երևանը, որ առաջադրել էր նոր բանակցային գործընթացի իր պայմանները, կարող էր հրամցվել ու արդեն հրամցվում է իբրև «մարտահրավեր Մոսկվայի ծրագրին»: Բայց Պուտինը Բաքու չգնաց (իսկ պատրաստվո՞ւմ էր):

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը միանշանակ հաստատեց, որ կոնկրետ այս պահին գործում են 1990-ական թթ. հրադադարի պայմանագրերը, որպեսզի «փորձենք ամրապնդել հրադադարի ռեժիմը, նվազեցնենք ռազմական ռիսկերը, պայմանավորվենք վստահության կոնկրետ միջոցների ամրապնդման մասին», իսկ հետո արդեն դուրս գանք կոնֆլիկտի կարգավորման քաղաքական գործընթաց: Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբադյանը նշեց, որ «հանդիպումները կարող են նպատակաուղղված լինել ղարաբաղյան կոնֆլիկտի գոտում 1994−1995 թթ. հրադադարի ամրապնդման և եռակողմ անժամկետ համաձայնագրի անխախտ կատարման մեանիզմների ստեղծմանը, այդ թվում՝ հրադադարի խախտման դեպքերի հետաքննության մեխանիզմների ներդրմանը»: Այդ դիրքորոշումն ունեն և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, մինչդեռ Ադրբեջանը պնդում է, որ ուժի մեջ մտնեն նախ և առաջ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի չորս բանաձևերը, որոնք չկան Մադրիդյան սկզբունքներում:


Երբ հայտնվեց Վիեննայում Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների առաջիկա հանդիպման տեղեկությունը, անմիջապես հարց ծագեց՝ ինչի՞ մասին նրանք պետք է պայմանավորվեն, եթե Բաքուն մտադիր է քաղաքականապես վավերացնել ձեռքբերումները, որ հայտարարել է իբրև ապրիլի 2-5-ի «հաղթական մարտեր», իսկ Երևանը մտադիր է ամրապնդել անվտանգությունը շփման գծում վերահսկողության համակարգի հաստատմամբ: Բաքվեցի քաղաքագետ Ֆարհադ Մամեդովը Haggin.az-ում հետաքրքիր վարկած է առաջադրել՝ Հայաստանին և Ադրբեջանին բանակցությունների սեղան վերադարձնելու միջազգային միջնորդների ջանքերը, կարծես, հասան հաջողության և երկու նախագահների մասնակցությունը Վիեննայի հանդիպմանը առավել քան հավանական է: Մյուս կողմից՝ Վիեննայի հանդիպումը երկու մասի է բաժանվում՝ նախագահների հանդիպումից բացի, կբանակցեն ԱՄՆ-ի, ՌԴ-ի, Ֆրանսիայի ԱԳ նախարարները: REGNUM-ի տեղեկություններով՝ նրանք կարող են նախագահներ Ալիևին ու Սարգսյանին առաջարկել ԵԱՀԿ Մինսկի խմբի մշակած մեխանիզմների պարտադիր տեղակայում՝ միջադեպերի վերահսկողության համար և երաշխիքների, որ կոնֆլիկտի կողմերը գրավոր կհաստատեն ղարաբաղյան պրոբլեմը ուժային միջոցներով լուծելուց հրաժարվելու իրենց պարտավորությունը: ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս ՈՒոռլիքը արդեն հայտարարել է, որ «մենք շարունակում ենք աշխատել արտգործնախարարների հետ բանակցային գործընթացում առաջարկների ուղղությամբ, շփման գծի երկայնքով ու միջազգային սահմաններին լարվածության սրման ռիսկի նվազեցման, նաև՝ Լեռնային Ղարաբաղի համայնքների միջև երկխոսության խրախուսման»:

Թերևս պայմանավորվածություններն արդեն կայացել են ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի և ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի խորհրդակցությունների ժամանակ: Մոսկվան «ղարաբաղյան ծածկոցը» իր վրա չքաշեց: Գնահատելով այդ հեռանկարը՝ Բաքուն հիմա հայտարարում է, որ Վիեննայում գլխավոր խնդիրը լինելու է «կոնդոմինիմումի և շահերի հավասարակշռության ապահովումը»: Թեպետ ակնհայտ է դառնում, որ «հրադադարի ռեժիմի ամրապնդման և զորքերի շփման գծում վստահության միջոցների ներդրման գաղափարները չեն լուծի Ղարաբաղի հարցը ադրբեջանական սցենարով, լավագույն դեպքում կծառայեն ստատուս քվոյի պահպանմանը»: Գուցե հենց դա էլ դառնա իրադարձությունների զարգացման առավել ընդունելի տարբերակը Ադրբեջանի համար թեկուզ այն պատճառով, որ լարվածությունը Ղարաբաղում կասկածի տակ է դնում տարածաշրջանում Բաքվի նախատեսած տրանսպորտային և էներգետիկ հաղորդակցուղիները:
Ստանիսլավ ՏԱՐԱՍՈՎ, REGNUM


Հ.Գ. Իրոք, ինչի՞ շուրջ են բանակցելու երկու նախագահները, երեք համանախագահները և երեք, ավելի ճիշտ՝ հինգ արտգործնախարարները, հաստատ՝ բացի Ջոն Քերիից, Սերգեյ Լավրովից, Ժան-Մարկ Էյրոյից, այնտեղ են լինելու և Էդվարդ Նալբանդյանն ու Էլմար Մամեդյարովը: Եվ՝ ի՞նչ ձևաչափով՝ տետ ա տե՞տ, համանախագահների՞ հետ, բոլորը միասի՞ն, թե՞ նախագահներն իրար հետ, արտգործնախարարներն իրար հետ, համանախագահները՝ իրար, ու ի՞նչ հաջորդականությամբ: Գուցե այս հարցերը չեն կարևորվում այնքան, որքան նախագահների հանդիպման արդյունքը, բայց ամեն հանդիպում կարող է մի աղյուս լինել՝ շարելու պայմանավորվածության պատը, կամ՝ քանդելու: Ի՞նչ է պետք Հայաստանին: Բացի ՀՀ նախագահի բարձրաձայնած երեք պայմաններից՝ հասցեական հայտարարություններ, շփման գծում վերահսկողության մեխանիզմների տեղակայում և Ղարաբաղի բնակչության անվտանգության երաշխիքներ, նաև՝ վերադարձ 1994-ի հրադադարի կնքման պահի սահմաններին, որ մտնում է հենց անվտանգության երաշխիքների մեջ: Ի՞նչ է պետք Ադրբեջանին: Եթե հիմք ընդունենք ապրիլյան պատերազմից հետո հնչած հայտարարությունները, նույնը՝ ինչ առաջ, ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերի կատարում, հայկական զորքերի դուրս բերում «օկուպացված տարածքներից», նրանք համարում են, որ կարող են պայմաններ թելադրել՝ ելնելով իրենց «ռազմական հաղթանակից»: Ի՞նչ են ուզում համանախագահներն ու երեք արտգործնախարարները՝ ամենամեծ ինտրիգն է՝ նրանք արտահայտում են իրենց երկրների շահերը: Եթե այդ շահերը համընկնեին, հարցը լուծված կլիներ վաղուց: Սպասելու մնաց մեկ օր: Իսկ ընդհանրապես՝ հանդիպումը կարող է և որևէ գրավոր պարտավորության ստորագրության չհասնել, պարզապես կհանդիպեն, որ չստացվի, թե հրաժարվում են բանակցություններից ու Մինսկի խմբի ծառայություններից:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2115

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ