Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 

Իշխանությունը սկսում է և... կանգնո՞ւմ

Իշխանությունը  սկսում է և... կանգնո՞ւմ
13.05.2016 | 00:45

Վերջին շրջանում Հայաստանի կողմից Արցախի անկախության ճանաչման շուրջ գործընթացները որքան էլ արդիական և օրակարգային են թվում, այնուամենայնիվ, արդարացի լինելու համար պետք է նկատենք, որ վաղուց քաղաքական «նոու-հաու» չեն կարող համարվել: Փաստ է, որ դեռևս 1990-ականներից սկսած՝ ժամանակ առ ժամանակ, այս կամ այն քաղաքական կամ ռազմաքաղաքական իրավիճակից ելնելով, հայաստանյան քաղաքական էլիտայի կողմից առաջ էր քաշվում Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման թեզը։ Անգամ թվում էր, թե այս հարցում դերերի բաժանում կա գործող իշխանության և այդ պահի ընդդիմության միջև։

Այն, ինչ որոշակի աշխարհաքաղաքական գործոններից ելնելով չէր կարող իրեն թույլ տալ իշխանությունը, անում, ասում էր ընդդիմությունը՝ այս կամ այն հարթակից կամ ձևաչափով հնչեցնելով Արցախի անկախության հարցը։ Եվ քանի որ թեման առաջ տանողը գրեթե միշտ ընդդիմությունն էր, ապա այն ՀՀ ղեկավարության համար բանակցային զինանոցում դառնում էր պահեստային տարբերակ։ ՀՀ մասնակցության դադարեցումը ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային գործընթացին չցանկանալու «հերթապահ» պատրվակով ՀՀ իշխանությունը միշտ, ի ցույց միջազգային հանրության, մերժում էր Արցախի անկախության ճանաչման տարբերակը։ Ավելին, այն երբեք էլ ՀՀ պաշտոնական օրակարգ չէր մտնում։ Նշվածի ամենավերջին արտահայտությունն էր թեկուզ այն, որ ընդամենը կես տարի առաջ՝ 2015-ի տարեվերջին, լրագրողների հետ հանդիպման ընթացքում ՀՀ նախագահն ուղղակիորեն հայտարարեց, որ Ղարաբաղի անկախության ճանաչման դեպքում մենք փաստացի դուրս ենք գալիս բանակցային գործընթացից, և եթե կարգավիճակի շուրջ քննարկումները դադարում են, մենք ճանաչում ենք ԼՂՀ անկախությունը, էլ ինչի՞ շուրջ ենք բանակցում։ Եվ դա նշանակում է մտնել հավանական պատերազմի մեջ։


Ինչևէ, ԼՂՀ անկախության ճանաչման քաղաքական ռեսուրսը Հայաստանի կողմից արդեն այնքան է շահարկվել, որ շատերին թվում էր, թե հերթական անգամ զուտ սպառնալիքներից և դեկլարատիվ հայտարարություններից այն կողմ գործը չի անցնի։ Սակայն այս անգամ, հավանաբար, ՀՀ իշխանությունների վրա, այնուամենայնիվ, բավականին լուրջ արտաքին քաղաքական ճնշումներ կան, ինչը ստիպեց զուտ դեկլարատիվ սպառնալիքից փոքր-ինչ ավելին անել, ինչը տարբեր գնահատականների արժանացավ: Որոշ քաղաքական գործիչներ, մասնավորապես «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը, այս գործընթացն անվանեցին աշխարհաքաղաքական շանտաժ։ Իսկ անկախության ճանաչման շուրջ ՀՀ իշխանությունների խաղարկած սցենարները, ինչպես և սպասվում էր, հանգեցնում են այն եզրակացության, որ պարզապես փորձ է կատարվում կիրառելու քաղաքական տեխնոլոգիաներ, որոնց միջոցով յուրաքանչյուր փուլ ուզում են դարձնել քննարկման առարկա, անհարմարություններ ստեղծել աշխարհում որոշումներ ընդունողների համար, բարձրացնել խնդիրներ, որոնց շուրջ հետագայում գուցե կարելի է և սակարկել ու բանակցել։


Այն, որ հայաստանյան իշխանությունների՝ ԼՂՀ անկախության ճանաչման շուրջ գործողությունների տրամաբանությունը պետք է դիտարկել հենց վերը շարադրվածի տիրույթում, մատնանշում է այն փաստը, որ հիմնախնդրի ճանաչման գործընթացը մեկնարկեց ՀՀ կառավարության օրակարգ մտնելով: Մինչդեռ հետաքրքիր է, որ ԱԺ կանոնակարգը հնարավորություն է ընձեռում պատգամավորներին օրինագիծը միանգամից խորհրդարանի օրակարգ մտցնելու։ Փաստորեն, ակնհայտ է, որ գործողությունների ալգորիթմը հետևյալն է. ՀՀ իշխանությունները փորձում են ավելի երկար ճանապարհով գնալ՝ երկարաձգելով ճանաչման հարցը տարբեր օղակներում, որպեսզի այն ավելի տևական ժամանակ մնա միջազգային լրահոսներում և քաղաքական ու աշխարհաքաղաքական կենտրոնների սեղանին։ Հայաստանը Լեռնային Ղարաբաղի ճանաչման խնդիրը դամոկլյան սրի նման կախում է՝ քաղաքական և բանակցային սակարկությունների մեջ մտնելով աշխարհաքաղաքական կենտրոնների հետ։ Ստեղծվում են նոր պրոբլեմներ, նոր իրավիճակ, և համապատասխան կենտրոններին հասկացվում է, որ նրանց առաջարկները, մասնավորապես, Արցախի ազատագրված տարածքները փոխզիջելն ընդունելի չէ, քանի որ դա, Հայաստանի ներքին քաղաքական տրամադրութուններից ելնելով՝ անհնար է։

Եթե ՀՀ իշխանությունները համաձայնում են այս քայլին, ապա փաստացի ստորագրում են սեփական ինքնաոչնչացման փաստաթուղթը։ Եվ որ տրամադրությունները Հայաստանում Արցախի հարցում արմատական են, ցույց տվեցին բարձրաստիճան ՀՀԿ-ականների զիջողական հայտարարությունների նկատմամբ բավականին լուրջ հասարակական և քաղաքական հակազդեցությունները։ Սա, իհարկե, ՀՀ իշխանություններին նաև թույլ է տալիս դրսի ուժերին ապացուցել, որ զիջումների մասին թեմայի վրա տաբու են դրել հասարակության ամենալայն զանգվածները՝ սկսած երկրապահ կամ քաղաքական «բազեներից», վերջացրած «աղավնիներով» և ազատական պացիֆիստներով։


Ամեն դեպքում հասկանալի է, որ անկախության ճանաչման խնդիրը բավականին երկար ճանապարհ կարող է ունենալ նաև խորհրդարան մտնելուց հետո: Եվ ինչպես ցույց տվեց, օրինակ, հայ-թուրքական հայտնի արձանագրությունների ճակատագիրը, թեման խորհրդարանում կարող է տարիներով արծարծվել՝ անընդհատ դառնալ քաղաքական տարաբնույթ քննարկումների և մեսիջների առարկա, և հանձնաժողովների բազմաթիվ լսումների ոլորաններում շրջանառվելով՝ նույնիսկ չհասնել իրական քվեարկության։
Այնպես որ՝ ելնելով թե՛ ռազմավարական, թե՛ մարտավարական խնդիրներից ու գործելաոճից, Արցախի ճանաչման սկսված գործընթացը կարելի է դիտարկել և՛ որպես գեոքաղաքական շանտաժ, և՛ քաղաքական սակարկություն, և՛ ինքնապաշտպանության դրսևորում։ Բայց այն, որ այդ որոշումը հնարավոր վերջին քայլն է, ցույց է տալիս նաև Լևոն Տեր-Պետրոսյանի «Ղարաբաղի անկախության ճանաչման շուրջ» վերտառությամբ հայտնի հրապարակումը։

Հաշվի առնելով վերջին շրջանում ՀՀ առաջին նախագահի և ՀՀ ու ԼՂՀ իշխանությունների հարաբերությունների մեղմացումը՝ պետք է ենթադրել, որ Տեր-Պետրոսյանի հնչեցրած գաղափարներն առնվազն համաձայնեցված են ՀՀ գործող նախագահի հետ։ Հոդվածում Լևոն Տեր-Պետրոսյանը նշում է, որ եթե Հայաստանը զուրկ է միջազգային կազմակերպությունների կամ թեկուզ մեկ գերտերության աջակցությունից, պետք է զերծ մնա Ղարաբաղի անկախությունը միակողմանիորեն ճանաչելու խելահեղ մտքից։


Դրա փոխարեն Լևոն Տեր-Պետրոսյանը նաև նոր գաղափար մտցրեց շրջանառության մեջ՝ փորձելով միջազգային հանրությանը զբաղեցնել արդեն այդ նոր գաղափարով։ Նա առաջ է բերում միջազգային իրավունքի բնագավառում, իր պնդմամբ, վերջին տասնամյակների ընթացքում ակտիվորեն մշակվող, այսպես կոչված, «անջատում հանուն փրկության» թեզը։ Եվ այստեղ, ըստ էության, արդեն դրված է ոչ թե ինքնորոշման, այլ էթնոսի փրկության խնդիրը։ Բնականաբար, այս մոտեցման հիմքն այն է, թե Ադրբեջանի հետ Արցախի համակեցության որևէ սցենար դիտարկվել չի կարող, քանի որ ուղղակիորեն վտանգված է հայերի գոյությունը։
Ինչևէ, այսօր, թերևս, կարելի է համաձայնել ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ, որը իր հարցազրույցում, անդրադառնալով ԼՂՀ-ի անկախության ճանաչման սցենարին, նկատել է, թե «Երևանի կողմից Ղարաբաղի ճանաչման «փամփուշտի» կրակոցը խոլոստոյ ստացվեց»:

Այս հանգամանքներում կարծես նոր կյանք է ստանում հարցի լուծման ևս մեկ ճանապարհ՝ Արցախը ճանաչել որպես ՀՀ մաս։ Այսպիսով վերադարձ է կատարվում դեռևս 1989 թ. դեկտեմբերի 1-ի Խորհրդային Հայաստանի Գերագույն խորհրդի ընդունած վերամիավորման որոշմանը։ Ընդ որում, այս ճանապարհին ևս տարբեր սցենարներ կարող են խաղարկվել։ Ըստ էության, ԼՂՀ-ն այսօր էլ կարող է դիմել Հայաստանին, եթե խորհրդարանների մակարդակով ճանաչվի Արցախի վերամիավորումը Հայաստանին։ Հնարավոր է նաև՝ Հայաստանը նախ ճանաչի ԼՂՀ անկախությունը, այնուհետև Արցախում անցկացնեն հանրաքվե՝ միավորվելով ՀՀ-ին։ ՈՒշագրավ է, որ այս ամենը կարող է արվել՝ ունենալով Ղրիմի նախադեպը, ինչը դժվար չէ ենթադրել՝ անընդունելի է նախ և առաջ Ռուսաստանի համար, քանի որ դրանով Հայաստանը նորից ջրի երես է հանում Ռուսաստանի կողմից դեռևս մինչև վերջ չմարսված խնդիրը։ Միևնույն ժամանակ, գուցե այս քայլը դուր գա ԱՄՆ-ին և նրան աջակցող Եվրոպային։

Այնպես որ՝ ամենաշահագրգիռ կողմը, որպեսզի հարցը չհասնի ՀՀ և ԼՂՀ միավորման, Ռուսաստանն է, որը պետք է ամեն ինչ անի, որ Հայաստանը նման դեմարշների չդիմի։ Առավել ևս, չի բացառվում, որ արդեն Արցախի հետ վերամիավորված Հայաստանի Հանրապետությունը կարող է պաշտոնապես դիմել ՀԱՊԿ-ին՝ պահանջելով, որպեսզի Ադրբեջանի հետ ընդհարումների դեպքում դաշնակից երկրները կատարեն իրենց դաշնակցային պարտավորությունները: Սա իհարկե ևս մեկ անցանկալի խնդիր է Ռուսաստանի և ՀԱՊԿ անդամ մյուս երկրների համար, որոնք կարող են առաջանալ, եթե գործը հասնի Հայաստանի կողմից Արցախի հարցում «վաբանկ» գնալուն:


Այստեղ առաջ է գալիս Հայաստանի իշխանությունների արդյունավետության հարցը. որքա՞ն ներուժ ունեն վերջիններս նման հարցեր լուծելու համար։ Ինչպես ցույց տվեցին ԼՂՀ անկախության ճանաչման գործընթացի ընդամենը մեկօրյա տրանսֆորմացիաները, երբ առավոտյան ՀՀ իշխանությունները մի բան էին ասում, ցերեկը՝ մեկ այլ բան, երեկոյան՝ լրիվ ուրիշ, մեր ղեկավարությունն արտաքին ճնշումներին առանձնապես չի դիմանում։


Արամ Վ. ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2300

Մեկնաբանություններ