Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                
 

Համր «ուղեղային գրոհ»՝ ինչո՞ւ է ՌԴ ԱԳՆ-ն համառորեն լռում Լեռնային Ղարաբաղի հարցում

Համր «ուղեղային գրոհ»՝ ինչո՞ւ է ՌԴ ԱԳՆ-ն համառորեն լռում Լեռնային Ղարաբաղի հարցում
09.05.2016 | 09:21

ՌԴ ԱԳ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, պատասխանելով ԼՂՀ անկախությունը ճանաչելու Հայաստանի ծրագրերի հետ կապված՝ բանակցային գործընթացի դադարեցման հավանականության հարցին, հետաքրքիր հայտարարություն է արել. «Մեզ համար ամենագլխավորն է, թե ինչ են խոսում մայրաքաղաքներում: Մենք նախաձեռնություններ ու քայլեր ենք տեսնում թե մեկ, թե մյուս կողմից: Այդ քայլերը ԶԼՄ-ներում ներկայացվում են իբրև պատրաստի որոշումներ և ագրեսիվ գործունեություն: ԶԼՄ-ներում անմիջապես հայտնվում են տեսություններ, հիպոթեզներ Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի դադարեցման մասին»: Նա կարծում է, որ բոլորը պետք է հաշվի առնեն իրավիճակի բարդությունը և պատասխանատու վերաբերմունք ունենան ասվածի մեկնաբանությանը. «Մենք կատարվածին գնահատական տվել ենք, այդ պատճառով ես չեմ պատասխանի հարցին՝ «եթե սա լինի, հետո ինչ կլինի»: Որովհետև շատ սցենարներ ու տեսություններ կան: Մենք սցենարներով ու տեսություններով չենք աշխատում, դրանցով զբաղվում են քաղաքագետներն ու վերլուծաբանները: Մենք տեսնում ենք, որ այդ ամենը սադրիչ բնույթ ունի և շատ վտանգավոր է: Մենք աշխատում ենք յուրաքանչյուր կոնկրետ կողմի հետ, մենք աշխատում ենք ոչ միայն կոնֆլիկտի կողմերի հետ, այլև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների: Հավատացնում եմ, որ միջազգային հարթակում ակտիվ ուղեղային գրոհ է, ոչ մի դադար չկա»:

Հայտարարությունը հետաքրքիր է և մի քանի մասերի է բաժանվում իմաստային տարբեր նրբերանգներով, որ թույլ է տալիս որոշակի քաղաքական ընդհանրացումներ անել կոնֆլիկտի կողմերի և Մինսկի խմբի համանախագահների դիվանագիտական տեխնոլոգիաների մասին: Նախ՝ ընդհանուր մոտեցումների մասին: ԵԱՀԿ Մինսկի խումբը հակամարտության կարգավորման գլխավոր միջազգային միջնորդն է երկար տարիներ և կոնֆլիկտի կողմերի հետ պայմանավորվածությամբ օգտագործում է գաղտնիության տեխնոլոգիան: Իհարկե, համանախագահները պարբերաբար լինում են տարածաշրջանում, հանդիպում են պետությունների ղեկավարների, արտաքին գործերի նախարարների հետ, ինչ-որ փաստաթղթեր են պատրաստում, որոնց բովանդակության մասին շատ քչերը գիտեն:

Անկասկած է, որ որոշակի փուլում դիվանագետները պետք է գիտակցեն կոնֆլիկտի էությունը, նշեն ուղիները, մեթոդները, կոնֆլիկտի կարգավորման մոտեցումները: Հակառակ դեպքում դիվանագետների աշխատանքը դառնում է սխոլաստիկ և կոնֆլիկտի կողմերից մեկի կամ ինչ-որ արտաքին խաղացողի ցանկությամբ հեշտությամբ կարող է կազմալուծվել: Օրինակներն առավել քան բավական են:


Վերջերս, երբ ԵԱՀԿ Մինսկի խումբը խորհուրդ չտվեց ԵԽԽՎ-ին բանաձև ընդունել ղարաբաղյան կոնֆլիկտի վերաբերյալ, Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևը մեղադրանքներ հնչեցրեց ՄԽ համանախագահների հասցեին, հայտարարելով, որ նրանց աշխատանքը «այսօր հավասար է զրոյի»: Նա մեղադրեց ԱՄՆ համանախագահ Ջեյմս ՈՒոռլիքին, որ, ինչպես միշտ, անկեղծացավ Թվիթերում, որ դա «ծրագրի մի մասն է՝ ուղղված Հայաստանի օկուպացիայի ծրագրի շարունակմանը»: Հաջիևը ՈՒոռլիքին խորհուրդ էր տալիս «հիմք ընդունել համապատասխան փաստաթղթերը, որ ընդունել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ու Անվտանգության խորհուրդը, ԵԽԽՎ-ն, Չմիավորվելու շարժումը, Իսլամական համագործակցության կազմակերպությունը և այլ կառույցներ և խորհրդատվություններ անցկացնել այդ կառույցների հետ»:

Ցավոք, ԵԱՀԿ Մինսկի խումբը լռեց, թեպետ հարկ էր գոնե ճշտել փաստական բազային հիմքը, որի վրա վարվում են բանակցությունները, քանի որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան չի հրաժարվել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունից և տեսանելի ապագայում նման մտադրություն չի երևում: Եթե բանակցային գործընթացի հիմքում նորացված Մադրիդյան սկզբունքների սցենարներն են, որտե՞ղ է Բաքուն հակասություններ տեսնում այդ տեսակետների մեջ:
Մայիսի 4-ին Պրահայում, Վիշեգորոդյան խմբի (Չեխիա, Հունգարիա, Լեհաստան, Սլովակիա) և «Արևելյան գործընկերության» արտգործնախարարների ձևաչափով հանդիպմանը ելույթ ունենալիս Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովն ավելի խճճեց իրավիճակը: Մի կողմից՝ խոսելով կոնֆլիկտի կարգավորման հեռանկարների մասին, նա ընդհանրապես չհիշատակեց Մադրիդյան սկզբունքները, որ, Բաքվի minval. az պորտալի գնահատականով, «ընդգրկում են ինքնորոշման սկզբունքը»: (Նկատենք, որ Մադրիդյան սկզբունքների ամբողջական տեքստը Բաքվում այդպես էլ չի հրապարակվել): Մյուս կողմից՝ դատողություններ էր անում, այսպես կոչված, «Ճանապարհային քարտեզի» մասին, որը «հստակ է, հիմնված միջազգային իրավունքի վրա»: Եվ ճշտեց. «Հայկական զինված ուժերը պետք է անվերապահ դուրս բերվեն ադրբեջանական բոլոր օկուպացված տարածքներից, հարկադիր վերաբնակեցվածներն ու փախստականները պետք է անվտանգ վերադառնան իրենց հարազատ հողի վրա, ինչպես պահանջում են ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերը»:


Իսկ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը «Օրակարգ» հեռուստահաղորդման ժամանակ խոսեց շրջանառվող տեղեկություններից՝ ինչ-որ «նոր փաստաթղթի» մասին բանակցային գործընթացում: «Աշխատանքային փաստաթուղթ է համարվում այն փաստաթուղթը, որ կողմերի միջև քննարկվում է: Այդպիսի փաստաթղթեր շատ են եղել: Երբ բանակցությունները այդ փաստաթղթերի շուրջ հաջողությամբ չեն ավարտվել, նրանք փաթեթով հանձնվել են Վիեննայում ԵԱՀԿ գլխամասային գրասենյակի պահպանությանը»: Նալբանդյանը նշեց. «Միակ փաստաթուղթը, որ դեռ պահպանության չի հանձնվել Վիեննայում, Կազանի փաստաթուղթն է: Հետևաբար, մնացած բոլոր մեկնաբանություններն ավելորդ են: Այո, կան տարբեր գաղափարներ, բայց հեծանիվ հնարելու անհրաժեշտություն չկա: Հայտնի են սկզբունքները և հայտնի են հիմնական բաղադրիչները: Բանակցային գործընթացի հիմնական էությունն է, որ Ղարաբաղը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում»: Ստեղծված քաղաքական ենթատեքստում Մամեդյարովի հիշատակած «Ճանապարհային քարտեզը» բխում է «Կազանյան փաստաթղթի» էությունից, որը կոնֆլիկտի կողմերը տարբեր են մեկնաբանում: Ելքը պարզ է՝ հրապարակել «Ճանապարհային քարտեզը» և քննարկումն ավելի առարկայական դարձնել:

Բայց դա չի արվում և ձևավորվող տեղեկատվական վակուումը լցնում են փորձագետներն ու քաղաքագետները, որ հաճախ առաջնորդվում են «Հիմարը դու ես» սկզբունքով: Եվ տեղեկատվական այդ ողջ հոսքին, որտեղ տեղյակ մարդն էլ դժվարությամբ է առանձնացնում Ռուսաստանի դիրքորոշումը, ՌԴ ԱԳՆ- ն պատասխանում է գեղարվեստական-գրական ստեղծագործությամբ ու բարոյախոսությամբ: «Մենք սցենարներով ու տեսություններով չենք աշխատում, դրանցով զբաղվում են քաղաքագետներն ու վերլուծաբանները,- այսպես է իրավիճակը մեկնաբանում ՌԴ ԱԳ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:-Մենք տեսնում ենք, որ այդ ամենը սադրիչ բնույթ ունի և շատ վտանգավոր է»: Բայց ոչ ոք երբեք ԱԳՆ-ին քաղաքագետների ու վերլուծաբանների սցենարներով ու տեսություններով աշխատելու կոչ չի արել: ՌԴ ԱԳՆ-ն չպետք է լռի խնդրի էության և հարևան մայրաքաղաքներից պաշտոնական մեկնաբանությունների մասին: ԱԳՆ-ն չպետք է հանգամանալից պատմի՝ ինչպես է ուշադիր ուսումնասիրում այդ փաստաթղթերը, այլ պետք է ինքը գրագետ կառուցի իր հրապարակային դիվանագիտությունը՝ ձևավորելու օբյեկտիվ, փաստական հիմք ունեցող պատկերացումներ Լեռնային Ղարաբաղի բարդ կոնֆլիկտի բնույթի մասին, որպեսզի չվերածվի արտաքին մանիպուլյացիաների, այսինքն` տեղեկատվական պատերազմի օբյեկտի, որ վարում են կոնֆլիկտի կողմերը: Այս ենթատեքստում ՌԴ ԱԳՆ տեղեկատվության վարչությունը պետք է հստակ նշի կոնֆլիկտի կողմերի դիրքորոշումները, ակտիվորեն կանխի բարձրաձայնվող հայտարարությունների խեղաթյուրումները՝ արված նույն տիկին Զախարովայի կողմից: Իսկ բազմանշանակ դիվանագիտական «լռություն խաղալը» հարվածում է երկրի ազգային շահերին ու միջազգային հեղինակությանը:


Զախարովայի ևս մեկ թեզիսի մասին՝ «Մեզ համար ամենագլխավորն է, թե ինչ են խոսում մայրաքաղաքներում: Մենք նախաձեռնություններ ու քայլեր ենք տեսնում թե մեկ, թե մյուս կողմից»: Լավ, եկեք գնահատենք, թե ինչ են խոսում մայրաքաղաքներում Ղարաբաղում ապրիլի 2-5-ի իրադարձություններից հետո: Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան հայտարարում է, որ «շատ կարևոր է, որ կողմերը ներկա պահին պահպանեն հրադադարը, ձեռնպահ մնան քայլերից, որոնք ուղղված են իրավիճակի հետագա սրմանը, միասին աշխատեն խաղաղության մեծ համաձայնագրի վրա» և ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կապի մեջ են կողմերի հետ: Ներկա իրավիճակը կոնֆլիկտի կողմերի շփման գծում բնութագրվում է իբրև բանավոր հրադադար՝ ձեռքբերված Ռուսաստանի միջամտությամբ Ադրբեջանի և Հայաստանի ռազմական գերատեսչությունների մակարդակով: Հրադադարի ռեժիմը կարգավորվում է դեռ 90-ական թթ. հայտնի փաստաթղթերի հիման վրա, որ ստորագրել են Բաքուն, Երևանը և Ստեփանակերտը, որոնք, ինչպես հայտարարեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, անժամկետ են: Բայց ԱՄՆ պետդեպարտամենտը չի խոսում մեխանիզմների մասին, որ կապահովեն ներկա զինված առճակատումից անցումը բանակցություններին: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը РИА «Новости»-ին տված հարցազրույցում հայտարարեց. «Կարծում եմ՝ հենց ԵԱՀԿ-ն աշխատելով միջադեպերի հետաքննության մեխանիզմների մշակման և վստահության միջոցների ամրապնդման ուղղությամբ, հիմա դառնում է, ինչպես երբեք, արդիական: Կկենտրոնանանք դրա վրա: Դա ստորագրել են Հայաստանի և Ադրբեջանի նախագահները դեռ հինգ տարի առաջ, երբ մեր նախագահն էր Դմիտրի Մեդվեդևը: Նրանք կողմ էին միջադեպերի հետաքննության մեխանիզմների ստեղծմանը, վստահության ամրապնդմանը և հանձնարարեցին ԵԱՀԿ-ին զբաղվել դրանով: ԵԱՀԿ ներկայացուցիչները մի քանի տարբերակներով նախագիծ ներկայացրին: Ցավոք, այդ փուլում, 2012-ին, գործն առաջ չգնաց: Բայց հիմա մենք ուզում ենք, որ կողմերը դրան վերադառնան»:

Ի դեպ, այդ դիրքորոշումը համապատասխանում է այն դիրքորոշմանը, որ, իբրև բանակցությունները վերսկսելու պայման, բարձրաձայնեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը. «միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրում, հասցեական հայտարարություններ և երաշիքներ, որ Ադրբեջանը չի գնա նոր ագրեսիայի և ահաբեկչությունների Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ»: Սակայն Բաքուն որոշեց «բաժանել» Լավրովի ու Սարգսյանի հայտարարությունները: Ադրբեջանի ԱԳ նախարար Մամեդյարովը, անդրադառնալով միայն «Սարգսյանի պայմաններին», հայտարարեց. «Եթե ինչ-որ մեկը Երևանում մտածում է, որ ինչ-որ պայմաններ առաջադրելով՝ կարող է շարունակել բանակցային գործընթացը ու պահպանել ստատուս քվոն, սխալվում է»: Բայց այդպես մտածում են ոչ միայն Երևանում: Հետևաբար ստացվում է երկմաս բանաձև՝ կոնֆլիկտի կողմերի շփման գծում վերահսկողության մեխանիզմների ներդրում, որ նախատեսում է որոշակի «տեխնիկական համաձայնագրի» ստորագրում Բաքվի ու Երևանի միջև ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո, հետո անցում քաղաքական-դիվանագիտական կարգավորմանը:

Բաքուն նշում է առաջին և գլխավոր պայմանը՝ հայկական կողմի վերահսկողության տակ գտնվող բոլոր շրջանների ազատագրում, հետո միայն Ղարաբաղի կարգավիճակի քննարկում: Ընդ որում՝ ակտիվորեն խաղարկում է ՌԴ նախարար Լավրովի «քարտը»՝ «Կազանի փաստաթուղթը» ներկայացնելով իբրև նրա «անձական ծրագիր»: Ինտրիգին սրություն հաղորդեց հենց ՌԴ ԱԳ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ Լավրովի Երևան այցի նախօրեին հայտարարելով, որ նա «երբեք և ոչ մի տեղ դատարկ ձեռքով չի գնում», թեպետ չհաստատեց, որ նա «ինչ-որ ծրագիր կամ փաստաթուղթ» ունի: Եթե ՌԴ նախարարը Երևան էր գնում, Զախարովայի խոսքով, «իմանալու կողմերի կարծիքը», ո՞ւմ էր պետք այդ խորհրդավորությունը:


Վերջապես՝ ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ տիկին Զախարովայի ևս մեկ թեզիս՝ «Հավատացնում եմ, որ միջազգային հարթակում ակտիվ ուղեղային գրոհ է, ոչ մի դադար չկա»: Դադար իսկապես չկա, կա քաղաքական-դիվանագիտական ճգնաժամ, որը ձևավորվել է Ղարաբաղում ապրիլի 2-5-ի ողբերգական իրադարձություններից շատ առաջ, որ, իմ կարծիքով, գաղտնի դիվանագիտության հետևանքներից մեկն է: Ոչ ոք հաստատ չգիտի՝ ինչ են իրենցից ներկայացնում, այսպես կոչված, Մադրիդյան նորացված սկզբունքները, որոնց Բաքուն ու Երևանը տարբեր մեկնաբանություններ են տալիս: Հավաստի տեղեկություններ չկան և վերակենդանացված «Կազանի փաստաթղթի» մասին, որի բովանդակությունը մասնակի շարադրել են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ԶԼՄ-ները՝ հղում անելով տեղեկացված «դիվանագիտական աղբյուրներին»:

Հաստատվում է, որ «Ճանապարհային քարտեզը», որի վրա հղում է անում Ադրբեջանի ԱԳ նախարար Մամեդյարովը, ենթադրում է հետևյալը. Երևանը պետք է վերադարձնի պատերազմի ժամանակ գրավված ադրբեջանական տարածքները Լեռնային Ղարաբաղի շուրջը, այդ թվում` Ֆիզուլիի, Աղղամի, Ջեբրայիլի, Զանգելանի, Քելբաջարի շրջանները, ևս 13 գյուղ Լաչինի շրջանում: Անվտանգությունը այդ տարածքներում պետք է ապահովեն միջազգային խաղաղապահները: Իսկ Լաչինի շրջանում պետք է լինի միջանցք, որ կապում է Հայաստանը Ղարաբաղին: Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակը մի քանի տարի հետո կորոշվի հանրաքվեով՝ փախստականների վերադարձի պայմանով: Ընդ որում՝ Բաքուն ու Երևանը հրաժարվում են ուժի օգտագործումից վեճերը լուծելիս՝ իրավական պարտադիր ձևով: Եթե նշված կետերը հավաստի են, կարիք ունեն ամենամանրամասն հրապարակային վերլուծական և այլ փորձաքննության, քանի որ «Ճանապարհային քարտեզի» որոշ կետեր անմիջականորեն շոշափում են Ռուսաստանի ազգային շահերը և անվտանգությունը: Տարօրինակ է Ռուսաստանի ազգային անվտանգության հարցերում սահմանափակվել խորիմաստ հղումներով խորհրդավոր «ակտիվ ուղեղային գրոհին միջազգային հարթակում», որի մասին խոսում է տիկին Զախարովան և լռել այդ հարցերի էության մասին:
Աստված չանի, որ ՌԴ դիվանագիտության պաշտոնական ձայնը ինքն էլ չգիտի՝ ինչի մասին է խոսում՝ այսինքն Ռուսաստանի ազգային շահերի «ուղեղային գրոհի» էության: Եթե մենք բախվում ենք սովորական քաղաքական-դիվանագիտական բլեֆին, գալիս է ամեն ինչին իր անունը տալու պահը՝ իրավիճակը տարածաշրջանում սրընթաց դոփում է վտանգավոր աշխարհաքաղաքական դեգրադացիայի ուղղությամբ:
Ստանիսլավ ՏԱՐԱՍՈՎ, REGNUM


Հ.Գ. Համարենք ազնիվ պոռթկում՝ քաղաքական-դիվանագիտական բլեֆների դեմ՝ ի պաշտպանություն քաղաքագետների ու փորձագետների: Բայց հազիվ թե հեղինակը չգիտի, որ դիվանագիտական տեխնոլոգիաներից մեկն էլ միևնույն իրադարձությունից առաջ, ընթացքում ու հետո տարբեր, հաճախ ներհակ տեղեկատվական հոսքեր ասպարեզ նետելն է: ՈՒ միայն Ռուսաստանը չէ, որ օգտագործում է այդ «տեխնոլոգիան», այնպես որ Մարիա Զախարովան շարունակելու է «մտքի գոհարներով» փայլել: Դա չէ գլխավորը: Իսկապես ապրիլյան քառօրյա պատերազմից հետո ժամանակն է, որ բացահայտվի բանակցությունների բովանդակությունը, հստակ շարադրվի «Կազանյան փաստաթուղթը», «ճանապարհային քարտեզն» ու տրվի քաղաքական, ռազմական, դիվանագիտական, տնտեսական, աշխարհաքաղաքական գնահատական: Դա այլևս չի նշանակելու բանակցությունների գաղտնիությունը խախտել, երբ բոլորն ամեն ինչ գիտեն, բայց չգիտեն՝ որքանով է հավաստի իրենց իմացածը, դա նշանակելու է բանակցությունները դնել իրական հողի վրա, մեծացնել կողմերի պատասխանատվությունը՝ կանխելով տարընթերցումների հնարավորությունը, կամ, վատագույն դեպքում, եթե բանակցությունները չեն շարունակվելու, հասկանալ պատճառները՝ ինչ ու ինչու կորցրինք, ինչ ու ինչու գտանք: Ինչ պիտի անենք հետո:
Եվ մի մանրամասն՝ երբ Մարիա Զախարովան հայտարարում է՝ «Մենք աշխատում ենք յուրաքանչյուր կոնկրետ կողմի հետ», դա նշանակո՞ւմ է, որ Մոսկվան բանակցում է Ստեփանակերտի հետ: Հաջորդ մանրամասնը՝ եթե կոնֆլիկտի կողմերի շփման գծում վերահսկողության մեխանիզմների ներդրումը նախատեսում է որոշակի «տեխնիկական համաձայնագիր» ստորագրել, ինչո՞ւ պիտի ստորագրեն Բաքուն ու Երևանը, երբ շփման գծում կանգնած է Ղարաբաղի Պաշտպանության բանակը: Նախատեսելո՞ւ է համաձայնագիրը կետ, որով սահմանվում է կողմերի, այդ թվում՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների պատասխանատվությունը՝ կանխել հրադադարի խախտումները պատժամիջոցներ սահմանելով խախտողի նկատմամբ: Եթե ոչ, հրադադարի խախտման վերահսկողության մեխանիզմների ներդրումը դառնալու է «Բողոքի գիրք»՝ առանց բողոքները վերացնելու հնարավորության: Կամ էլ՝ այդ համաձայնագիրն էլ պահ է տրվելու Վիեննայի ԵԱՀԿ կենտրոնակայանի չհրկիզվող պահարանին: Նույնիսկ անկախ նրանից՝ համաձա՞յն է Մարիա Զախարովան՝ իմա ՌԴ ԱԳՆ-ն, թե՞ ոչ: Վերջապես՝ որո՞նք են այս կոնֆլիկտում ՌԴ ազգային շահերն ու ինչպե՞ս են վտանգված: Գուցե պատմությունը հենց այս հարցի պատասխանից պետք է սկսել:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3823

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ