Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 

Թուրքիայի վարչապետը հրաժարական է տալիս

Թուրքիայի վարչապետը հրաժարական է տալիս
06.05.2016 | 10:21

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարեց վարչապետի պաշտոնից և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության նախագահությունից հեռանալու որոշման մասին: Նա վճռել է չառաջադրել իր թեկնածությունը կուսակցության նախագահի հերթական ընտրութուններում, որ կայանալու են մայիսի 22-ի համագումարում: Որոշումը վարչապետն ընդունել է կուսակցության գործադիր կոմիտեի ազդեցիկ անդամների հետ բանակցություններից հետո: Ի վերջո, իր խոսքով, Դավութօղլուն հանգել է եզրակացության, որ կուսակցության միասնության և կայունության համար օգտակար է ղեկավարի փոփոխությունը: Նա նշել է, որ հաջող է համարում իր աշխատանքը վարչապետի պաշտոնում, որ համընկավ երկրի կյանքի ծանր շրջանին: Մինչ այդ հաղորդվել էր, որ ԱԶԿ-ն մտադիր է բարձրացնել Դավութօղլուի հրաժարականի հարցը արտահերթ համագումարում, որ նշանակված է մայիսի վերջին: Իշխող կուսակցության նոր նախագահի թեկնածուներ ԶԼՄ-ներն անվանում են Էրդողանի մտերիմ, տրանսպորտի նախարար Բինալի Յիլդիրիմին և էներգետիկայի նախարար Բերատ Ալբայրակին, որ Էրդողանի փեսան է:


Փորձագետները նշում են, որ Դավութօղլուի ու Էրդողանի միջև վաղուց տարաձայնություններ կային, չնայած Էրդողանն ինքն էր նախագահ դառնալուց հետո ընտրել Դավութօղլուին իբրև ԱԶԿ նախագահ: Սակայն հետո Դավութօղլուն սկսեց իր անհամաձայնությունն արտահայտել քաղաքականությանը, որ որոշել էր կառավարման խորհրդարանական համակարգը փոխարինել նախագահականով, այսինքն՝ առավելագույնս ընդլայնել նախագահի իրավասությունները, իսկ վարչապետին թողնել երկրորդական դեր: Վարչապետի դերի թուլացման օրինակը իրեն երկար սպասել չտվեց՝ անցած շաբաթ Ահմեդ Դավութօղլուն զրկվեց ԱԶԿ-ի տարածքային ղեկավարներ նշանակելու իրավունքից:


Ներքաղաքական կոնֆլիկտը համընկավ Թուրքիայի համար բարդ ժամանակների հետ՝ ավելի է ուժեղանում դիմակայությունը «Քրդստանի աշխատավորական կուսակցության» ապստամբների հետ հարավ-արևելքում, երկրում ահաբեկչություններ են կազմակերպում Իսլամական պետության էքստրեմիստները, երկիրը հեղեղել են տասնյակ հազարավոր փախստականներ ու միգրանտներ: Բացի այդ՝ Թուրքիան սպասում է ԵՄ-ի հետ պայմանագիրն ուժի մեջ մտնելուն, որի հիման վրա Թուրքիան պարտավորվում է երկրի սահմանների վրա զսպել փախստականների հոսքը, որ ջանում են Եվրոպա հասնել, եվրոպական երկրների հետ վիզային ռեժիմի և մասշտաբային ֆինանսական օգնության փոխարեն: Համաձայնագիրը վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հոգեզավակն է, հենց նա էր բանակցում Բրյուսելում, իսկ նախագահ Էրդողանի դերը նվազագույն էր: Դավութօղլուի հեռանալով համաձայնագրի ճակատագիրը կախվում է օդում՝ կարծում են քաղաքագետները: BBC-ի Թուրքիայի թղթակից Մարկ Լոուենը իրադարձությունն այսպես է մեկնաբանել՝ Ռեջեփ Թայիբ Էրդողանին շատերն են համարում ամենաազդեցիկ քաղաքական գործիչը Աթաթուրքի ժամանակներից: 11 տարի նա եղել է երկրի վարչապետ, իսկ 2014-ին ընտրվեց նախագահ: Թուրքիայի խորհրդարանական կառավարման պարագայում այդ պաշտոնն ունի հիմնականում արարողակարգային նշանակություն: Սակայն չափազանց հավակնոտ Էրդողանը մտադիր է կառավարման համակարգը վերածել նախագահականի, որը նրա կարծիքով՝ թույլ կտա Թուրքիային ավելի արդյունավետ գործել: Դա նշանակալից մեծացնում է նրա սեփական իշխանությունը:

Դառնալով նախագահ՝ նա ինքն ընտրեց վարչապետ, որ նրան թվում էր հնազանդ՝ արտաքին գործերի նախկին նախարար, հիանալի կրթված Ահմեդ Դավութօղլուին: Բայց նա, կարծես, սխալ էր հաշվարկել: Հետևելով՝ ինչպես են զանգվածները աջակցում նախագահական կառավարման համակարգին և հասկանալով, որ եթե գաղափարը նյութականանա, իրեն անկյուն կմղեն, չհամաձայնելով նախագահի հետ քաղաքական այլ հարցերում, վարչապետը աստիճանաբար հայտնվեց բարիկադի մյուս կողմում: Չենթարկվելու հրապարակային դրսևորումներ, բացահայտ կոնֆլիկտ չեղան: Դա Դավութօղլուի ոճը չէ: Ընդհանրապես նման կոնֆլիկտը հազիվ թե հնարավոր է՝ հաշվի առնելով համընդհանուր վախը Էրդողանից կառավարող կուսակցության մեջ: Բայց քիչ-քիչ դիմակայության նշանները հայտնվում են:
BBC


Հ.Գ. Փաստորեն՝ նախագահական կառավարման անցման ճանապարհին Ռեջեփ Թայիբ Էրդողանը վերացրեց անպատեհ առաջացած խոչընդոտը: Դեռ մի ամիս առաջ եվրոպացի փորձագետները կանխատեսում էին քաղաքական ճգնաժամ և համարյա հավասարը հավասարի դեմ պայքար երկուսի միջև՝ ելնելով Սահմանադրությունից, որով իշխանությունը Դավութօղլուի ձեռքում էր: Բայց նրանք սխալ ելակետ էին ընդունել՝ ա. որ Թուրքիան ժողովրդավարական երկիր է, բ. որ ժողովրդավարական երկիր Թուրքիայում լիարժեք գործում է Սահմանադրությունը, գ. որ ժողովրդավարական երկիր Թուրքիայում, որտեղ լիարժեք գործում են Սահմանադրությունը և օրենքները, գործում են նաև քաղաքական օրինաչափությունները: Եվրոպացի փորձագետները պարզապես շտապում են Թուրքիան կցել Եվրոպային և հաշվի չեն առնում զուտ արևելյան մենթալիտետը ու թուրքական ազգային առանձնահատկությունները՝ սուլթանը միշտ ճիշտ է: Իսկ Դավութօղլուն կմնա ԱԶԿ-ի շարքային անդամ՝ ընտրված Կոնիայից:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1746

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ