OSTKRAFT վերլուծական կենտրոնը հաղորդում է, որ ապրիլի 2-5-ի ռազմական բախումների ընթացքում ԼՂՀ-ին հաջողվեց վերահսկողություն հաստատել նախկին ԼՂԻՄ-ի Շահումյանի շրջանի Գյուլիստան բնակավայրի վրա: Գյուլիստանը ամենահյուսիսայինն է Լեռնային Ղարաբաղի հինգ մելիքություններից, որ ձևավորվել են XVII դարում: Հենց այնտեղ 1813-ին ստորագրվեց խաղաղության պայմանագիր Ռուսական կայսրության և Պարսկաստանի միջև (Իրան): Պարսկաստանն ընդունում էր, որ Ռուսական կայսրությանն են անցնում «հավերժական ժամանակով» Դաղստանը, Քարթլին, Կախեթիան, Մեգրելիան, Իմերեթիան, Գուրիան, Աբխազիան, Բաքվի, Ղարաբաղի, Գյանջայի, Շիրվանի, Շեքինի, Դերբենտի, Կուբանի խանությունները: Ռուսական կայսրությանն էր անցնում նաև Թալիշի խանության մի մասը: Անցած դարերից է սկսվում սիմվոլիկան, որ ստիպում է վերաիմաստավորել վաղեմի պատմական իրադարձությունները տարածաշրջանի ապագա աշխարհաքաղաքական քարտեզի տեսակետից: Դա Պետերբուրգի լուրջ շրջադարձն էր կովկասյան քաղաքականության տեսակետից: Ալեքսանդր I-ին հայտնի էր, որ 1814-ին Անգլիան Պասկաստանի հետ պայմանագիր է ստորագրել, որի համաձայն Լոնդոնը պարտավորվում էր «միջնորդական առաքելություն» ստանձնել ռուս-իրանական սահմանը գծելիս: Նա Գյուլիստանի պայմանագիրը համարում էր «անցումային», քանի որ Ռուսաստանի և Պարսկաստանի սահմանի հարցը շարադրված էր պայմանագրին կից «Սեպարատ ակտում»:
Պարսկաստանը Մեծ Բրիտանիայի աջակցությամբ պնդում էր 1801-ի սահմաններին վերադարձը: Դա սուր ինտրիգ էր, որը, ի վերջո, որոշեց Ղարաբաղյան խանության ճակատագիրը:
Հ.Գ. Լրատվական դաշտում երբեք ու ոչինչ հենց այնպես չի հայտնվում, հենց այնպես չի հիշվում ու մոռացվում: Եթե REGNUM-ը հրապարակում է OSTKRAFT վերլուծական կենտրոնի «սիմվոլիկ հիշողությունը», նվազագույնը թափանցիկ ակնարկ է՝ պատմական իրադարձությունների հավելումով, որ ներկա Ռուսաստանը շարունակում է Ռուսական կայսրության գործը: Այդպես է, թե ոչ՝ իրադարձությունները ցույց կտան: OSTKRAFT վերլուծական կենտրոնում գուցե չգիտեն, որ, բացի չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից, կա ճանաչված Հայաստանի Հանրապետություն: Իսկ գուցե գիտեն, որ ակնարկում են Ղարաբաղի վերադարձը կայսրություն՝ թերևս Հայաստանի հետ:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ