ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Լավրովը ոչինչ չի ստանա

Լավրովը ոչինչ չի ստանա
22.04.2016 | 12:24

Երեկ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցում հայտարարել էր՝ Սերգեյ Լավրովը ոչ մի անգամ, ոչ մի տեղ դատարկ ձեռքով չի գնում՝ պատասխանելով հարցին, թե Լավրովը ինչ-որ հատուկ պլան տանու՞մ է Երևան՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորելու համար:


ՀՀ ԱԳ-ն շարունակում է պնդել, որ «Լավրովի ծրագիր» չկա: Մարիա Զախարովան դիվանագիտորեն ճշտել էր. «Ասել, որ դա պլան է, ծրագիր, փաստաթուղթ, կարծում եմ ճիշտ չի լինի: Խոսքը կարգավորմանը միտված որոշակի առաջարկությունների, տարբեր գաղափարների քննարկումների մասին է»: Ռուսական լրատվամիջոցները հիանալի «լրացրել են» դիվանագիտական թերասությունը՝ Լավրովի առաջարկած ծրագրով հայկական կողմը ազատելու է Ղարաբաղին հարակից հինգ շրջանները և հետո հանրաքվե է անցկացվելու: Միաժամանակ Ռուսաստանն ուզում է պահել դիվանագիտական դեմքը ու ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամի կարգավիճակը՝ «Ռուսաստանի միջնորդության դերը հենց դա է՝ խոսել բոլոր կողմերի հետ, քննարկել հնարավորությունները, լսել նրանց մտահոգությունները և հանգուցալուծման տարբերակներ առաջարկել»՝ ասել է Մարիա Զախարովան ու հավելել, որ հակամարտության կողմերը պետք է վերականգնեն բանակցային գործընթացը, Մոսկվան պատրաստ է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել Ղարաբաղում խաղաղության հասնելու համար: Համարել, որ ՌԴ պաշտպանում է Ադրբեջանի՞ն: Բնավ: Ռուսաստանը պաշտպանում է իր ռազմական ու տնտեսական շահերը: Ուկրաինայի իրադարձությունները ՆԱՏՕ-ին ստիպեցին առաջ շարժվել նախկին ԽՍՀՄ-ի մաս կազմող հանրապետությունների տարածքով՝ պաշտպանելու ռուսական հնարավոր ագրեսիայից՝ ինչպես իրենք են հիմնավորում:

Ռուսաստանին Ղարաբաղը պետք է իբրև տարածք՝ խաղաղապահների անվան տակ զորք տեղակայելու համար: Մոսկվան, նույն Ուկրաինայի իրադարձություններից հետո պատժամիջոցների տակ հայտնված՝ տնտեսական ծանր վիճակում է, էներգակիրների գնանկումը ավելի խորտակիչ հարված էր ՌԴ տնտեսությանը, որ նավթի ու գազի ասեղով է կերակրում երկիրը: Իրանի պատժամիջոցների վերացումը երրորդ խորտակիչ հարվածն էր Ռուսաստանին՝ Մոսկվան չի կարող թույլ տալ, որ Իրանի նավթն ու գազը հասնեն Եվրոպա, հենց այդ պատճառով պետք է նախ պատերազմ այս տարածաշրջանում, որպեսզի որևէ մեկ մտքով չանցնի գումարներ ներդնել այնտեղ, որտեղ կրակում են, և երկրորդ՝ պարզապես փակել Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի այն տարածքները, որտեղով անցնում է կամ կարող է անցնել որևէ գազամուղ ու նավթամուղ, որ Իրանի գազը կհասցնի Եվրոպա:

Պատահական չէ, որ Վրաստանը երկար բանակցություններից հետո գործնականում հրաժարվեց Իրանից գազ գնելուց ու ավելի էժան գնով գազ ստացավ Ադրբեջանից: Ռազմական ու տնտեսական հիմքը սա է, որ Լավրովը եկել է Հայաստան ու պահանջում է տարածքներ հանձնել: Իսկ պահանջում է, ոչ թե առաջարկում, որովհետև Հայաստանին նախապես կաշկանդել են միայն Ռուսաստանից զենք գնելու պարտավորությամբ ու հիմա հանգիստ կարող են խախտել իրենց պարտավորություններն ու այլևս զենք չտալ Հայաստանին՝ ակտիվ բիզնես անելով Ադրբեջանի հետ: Առարկությունը, որ թեկուզ տաս մետր հող Ադրբեջանին տալը նշանակում է Ղարաբաղին տաս մետրով ավելի շատ կրակի տակ պահել, Մոսկվայի համար առնվազն ծիծաղելի է: Ավելին՝ ձեռնտու է, իսկ ու՞մ, եթե ոչ «բարեկամ հայերի» համար են ծնվել ռուս խաղաղապահները:


Բանակցությունների, տարանուն քաղաքներով բանակցային սկզբունքների քողը միանգամից ընկավ քառօրյա պատերազմում, կա հստակ իրավիճակ՝ Ռուսաստանը պաշտպանում է իր շահերը, որ համընկնում են Ադրբեջանի շահերի հետ: Հայաստանն այլևս ոչ մի թիզ իր շահերից նահանջելու տեղ չունի: Իշխանությունները կնահանջեն, ժողովուրդը ոտքի կկանգնի: Ոչ բանակցությունները, ոչ նպատակները, ոչ սկզբունքները, ոչ ռեալ իրավիճակն այլևս գաղտնիք չեն: Ձախողված արտաքին ու ներքին տնտեսական քաղաքականության հետևանքները ակնհայտ են, ելքը մեկն է՝ որևէ տարածքի հանձնում չի երաշխավորում խաղաղություն, ոչ Ռուսաստանի, ոչ ԱՄՆ-ի, ոչ Ֆրանսիայի զինվորներն ու քաղաքացիական բնակչությունը չեն գլխատվելու ու անդամատվելու՝ Ադրբեջանի համար չկան միջազգային կոնվենցիաներ ու պատերազմի կանոններ: Եթե Հայաստանը անգամ մեկ շրջան հանձնի, կորցնելու է ոչ միայն ռազմական դիրքերը և անվտանգության գոտին, այլև՝ բարոյահոգեբանական առավելությունը Ադրբեջանի նկատմամբ՝ աշխարհը այսօր լսում է Հայաստանի ձայնը, որովհետև հայ զինվորն է ստիպել լսել: Աշխարհն այսօր մեղադրում ու բանաձևեր է ընդունում ընդդեմ Ադրբեջանի, որովհետև հայ զինվորին է հարգում: Եթե հայ իշխանավորը հանձնվի, հանձնելու է պետությունը: Հանձնելու է տնտեսական զարգացման հեռանկարը: Ռուսաստանը շարունակելու է դատարկել Հայաստանը ու կազմալուծել տնտեսությունը՝ բացառելու ռազմական ու տնտեսական որևէ դիմադրություն ժամանակի մեջ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Պատերազմը չէր դադարել, որ վերսկսվի: Մենք էինք մեզ, գուցե նաև աշխարհին համոզել, որ Ռուսաստանը մեր բարեկամն է: Ուկրաինական իրադարձությունները փոխեցին շահերի հավասարակշռությունը, հավելվեց պատժամիջոցներից ազատված Իրանը, և այլևս Ռուսաստանի ու Հայաստանի շահերը հակադրված են: Սա կյանքն է: Հնարավոր չէ իներցիայով շարունակել նույն ընթացքը, երբ դիմացդ պատ է: Կամ քանդում ես պատը, կամ՝ փոխում ես ընթացքդ:

Դիտվել է՝ 2673

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ