ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Եվ վրացիներն ասացին

Եվ վրացիներն ասացին
21.04.2016 | 10:32

Ղարաբաղյան կոնֆլիկտն ու նրա ազդեցությունը Վրաստանի վրա անցած շաբաթ եղել են վրացական մամուլի ուշադրության կենտրոնում: «Ընդհանուր թերթում» (13.04) Կովկասի իսլամական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Շոթա Աթխարիձեն ընդգծել է, որ իշխանությունները չպետք է «եվրաատլանտյան քաղաքականությունը» երկրի շահերից վեր դասեն:

Պետք է վերանայել Թուրքիայի ու Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցության պայմանագրերը ու նրանց հետ համագործակցել միայն պրագմատիկ հողի վրա՝ Վրաստանի համար շահեկան հարցերում: Նրա կարծիքով՝ պետք է հրաժարվել ծովային, ցամաքային, օդային ռազմական միջանցքների տրամադրման պարտավորությունից՝ Ռուսաստանի ու նրա դաշնակիցների հետ ուղղակի կոնֆլիկտի մեջ չմտնելու համար, այլապես անպայման կհաջորդի ռուսական ինտերվենցիան:

Ղարաբաղն արթնացած հրաբուխ է, որն «արթնացրեց» Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը՝ կարծում է փորձագետը: Սիրիայում պարտության դիմաց Թուրքիային պետք էր տարածաշրջանային պատերազմ՝ փոխադարձելու Ռուսաստանին: Համապատասխանաբար՝ Ղարաբաղում կրակի դադարեցումը Ռուսաստանի ու անձամբ նախագահ Պուտինի շնորհիվ ձեռք բերվեց:
«Վրաստանը և աշխարհը» (13-19.04) նախազգուշացնում է Կովկասում ծավալվող իրադարձությունների հապճեպ գնահատականներից: Պարզունակ մոտեցման շրջանակներում տարածաշրջանի փոքր երկրների ղեկավարները ներկայացվում են հզոր պետությունների ղեկավարների քաղաքականությունը փոխանցողներ, հնազանդ խաղատիկնիկներ՝ զրկված սեփական կամքից:

«Ալիևն ընկալվում է իբրև Էրդողանի խաղատիկնիկ, Էրդողանը՝ Օբամայի: Սարգսյանը՝ Պուտինի»: Ակնհայտ է որ տարածաշրջանային քաղաքականությունը իբրև «տիկնիկների թատրոն» ներկայացնելը քննադատության չի դիմանում: Բայց մյուս տեսակետը հանգեցնում է հակառակ ծայրահեղության: Իբրև քաղաքականության գլխավոր շարժիչ դիտարկվում է տեղական ղեկավարների՝ իրենց մարտավարական խնդիրները լուծելու ցանկությունը: Նույն Էրդողանն ու Օբաման ներկայանում են իբրև Ալիևի «քաղաքական պատանդներ», իսկ Պուտինը՝ Սարգսյանի: Ցավոք, առավել հավասարակշռված տեսակետը, որ թույլ կտար գործընթացները դիտարկել թե մեծ, թե փոքր խաղացողների շահերի համընկնումի կամ հակադրության առումով, Վրաստանում չի ընկալվում: Պատճառը լայն տարածված կոգնիտիվ ձևաշեղումներն են, որ մղում են աշխարհի պատկերի առավելագույնս պարզունակեցման: Ադրբեջանի նախագահ Ալիևը լավ հասկանում է, որ Լեռնային Ղարաբաղի բանալիները Վաշինգտոնում չեն, Բրյուսելում չեն, ոչ էլ եղբայրական Անկարայում՝ արձանագրում է «Շաբաթվա համայնապատկերը» (14.04):

Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնումը կախված է ոչ էլ «վիրտուալ» ԵԱՀԿ Մինսկի խմբից, այլ ընդամենը Մոսկվայի կամքից: Հենց այդ պատճառով, տեսնելով 2008-ի օգոստոսյան պատերազմի արդյունքները, Ադրբեջանն արագ սկսեց Կրեմլի հետ հարաբերությունները բարելավել, այդ թվում՝ զենք գնելով: Հիմա Մոսկվան հարկադրված է մտածել՝ ի՞նչն է «ավելի շահավետ ղարաբաղյան հարցում՝ աջակցել իր ձեռքին նայող, աղքատ Հայաստանին կամ ամրապնդել բարեկամությունն Ադրբեջանի հետ, որ արդեն չի նայում Հյուսիսատլատյան դաշինքի կողմը և մեծ հաճույքով գնում է ռուսական զենքը»: Փոխարենը Բաքուն «ընդամենը» խնդրում է, որ Ռուսաստանը «չխանգարի վերադարձնել Լեռնային Ղարաբաղը և ադրբեջանական օկուպացված շրջանները»:
Վրացիների մեկ քառորդը երկրի անվտանգության ապահովումը կապում է ՆԱՏՕ-ի հետ՝ հաղորդում է «24 ժամը» (11.04)՝ հղում անելով NDI-ի հարցման արդյունքներին: ԵՄ-ի և ՌԴ-ի օգտին ձայն են տվել 13-ական տոկոսը, ԱՄՆ-ին՝ 10 %-ը: ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցությանն աջակցում է 69 %-ը, մերժում՝ 19 %-ը: Պետք չէ զարմանալ, որ հարցվածների համարյա կեսը Ռուսաստանն է համարում ամենամեծ վտանգը: Համարյա նույնքանը վտանգ է զգում ԻՊ-ից: 77 %-ը աջակցում է Վրաստանի եվրաինտեգրմանը, 20 %-ը ցանկանում է միանալ ԵՏՄ-ին: «Ռեզոնանսի» կարծիքով (16.04)` ՆԱՏՕ-ի վարշավյան սամմիթում հուլիսին Վրաստանին ու Ադրբեջանին կառաջարկվի նոր ձևաչափ՝ «ասոցացված գործընկերություն»՝ իբրև Սևծովյան տարածաշրջանում ուժերի հավասարակշռության վերականգնում: Դա ենթադրում է ՆԱՏՕ-ի նավատորմի ստեղծում՝ տարածաշրջանային ուժերի մասնակցությամբ: «Բալթիկ ծովի տարածաշրջանում մենք ակտիվորեն համագործակցում ենք Ֆինլանդիայի ու Շվեդիայի հետ 28+2 ձևաչափով,- մեջբերում է թերթը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ալեքսանդր Վերշբոուի խոսքերը:- Նման մոտեցում ենք ակնկալում նաև Սև ծովում»: Ռումինիան արդեն առաջարկել է Սև ծովում ՆԱՏՕ-ի նավատորմ ստեղծել, նախագիծը սկսվել է փետրվարին, իսկ սամմիթում կընդունվի քաղաքական որոշում:


Հ.Գ. Փաստորեն «ռուսահպատակ» մնացել է Վրաստանի 20 %-ը, բայց որքանո՞վ են պրագմատիկ մյուսները: Ճանապարհը դեպի Արևմուտք Վրաստանին տարավ դեպի արևելք՝ Թուրքիա ու Ադրբեջան և Թբիլիսին այսօր տնտեսության դիվերսիֆիկացման խնդիր ունի նույնքան, որքան մենք: Մենք ամեն ինչ տվել ենք Ռուսաստանին, նրանք՝ Թուրքիային ու Ադրբեջանին, բայց կարողացել են պահպանել սեփական մանևրի ազատությունը: Սև ծովում ՆԱՏՕ-ի նավատորմի ստեղծման դիմաց, փաստացի, Ռուսաստանն ուզում է, որ փոխհատուցեն Հայաստանն ու Ղարաբաղը՝ խաղաղապահներ տեղակայելով շփման գծում: Ի՞նչ կանեն ցամաքային զորքերը նավատորմի դեմ: Ոչինչ, կարևորը ուժերի հավասարակշռությունը վերականգնելն է: Հարավային Կովկասում Մոսկվան այլևս ոտքը դնելու տեղ չունի՝ ՆԱՏՕ-ն մոտենում է, իսկ Կրեմլը տեղ չի գտնում պատասխանի՞:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2094

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ