ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Սերժ Սարգսյանը մեկնել է Լեռնային Ղարաբաղ, ու՝ ի՞նչ

Սերժ Սարգսյանը մեկնել է Լեռնային Ղարաբաղ, ու՝ ի՞նչ
19.04.2016 | 10:12

Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Լեռնային Ղարաբաղ: Ստեփանակերտի օդանավակայանում ՀՀ նախագահին դիմավորել են ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, հայկական երկու հանրապետությունների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները, պաշտոնատար այլ անձինք: Երեկ երեկոյան նա ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ խորհրդակցություն է անցկացրել Պաշտպանության բանակի բարձրագույն սպայական կազմի հետ: Քննարկվել է բանակաշինությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Այսքանը՝ պաշտոնական տեղեկատվություն, որը երբեք չի բացում փակագծերը: Մինչդեռ կան հարցեր, որոնք չեն կարող փակագծում մնալ: Վաշինգտոնից անհապաղ վերադարձած ՀՀ նախագահը կատարեց իր անհրաժեշտ պաշտոնական ու դիվանագիտական քայլերը, հասցրեց մեկնել Բեռլին այս ընթացքում, բայց գոնե հինգ րոպե չգտավ՝ ուղերձով դիմելու ժողովրդին, որ առանց վայրկյան իսկ հապաղելու և ավելի արագ, քան կկողմնորոշվեր իշխանությունն իր կառույցներով, նետվեց Ղարաբաղ ու մի քիչ ուշացավ միայն Սիսիան-Գորիս ճանապարհահատվածում լռվելով: Ճանապարհ, որ ունի ռազմական նշանակություն, բայց երբեք անցանելի վիճակում չի լինում: Իսկ ժողովուրդն արժանի էր, զոհվածների հարազատներն արժանի էին, վիրավորների մերձավորները սպասում էին, բոլորս ենք ուզում կատարվածի գնահատականը լսել Գերագույն գլխավոր հրամանատարից: Բայց Սերժ Սարգսյանը չունի նման սովորություն:
Այս օրերի պաշտոնական հակասական տեղեկությունները ո՞վ պիտի ամփոփի, ո՞վ է Սահմանադրության երաշխավորը և գլխավոր պատասխանատուն՝ եղածի ու չարվածի: Անելիքի: Նախագահի խոսքը անհրաժեշտություն է արտակարգ իրավիճակներում: Ո՞վ, եթե ոչ Սերժ Սարգսյանը իրավունք ունի ու կարող է ասել՝ ի՞նչ է կատարվում Լեռնային Ղարաբաղի հետ հարաբերություններում: Ճանաչման գաղափարը քարոզչակա՞ն էր, թե՞ ռեալ: Ի՞նչ է կատարվում Լեռնային Ղարաբաղում: ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի ասուլիսը, մեղմ ասած, ինքնախոստովանական ցուցմունք էր: 80-ականների զենքով կռվելով՝ Բաքվի բլից կրիգը ձախողելու հայտարարությունը փայլուն դիվանագիտական քայլ էր: Բաքուն հիմա երկար պիտի բացատրի, թե իր միլիարդները ինչու՞ է ջուրը գցել, եթե հայերը անցյալ դարի զենքով իր գերժամանակակից սպառազինությանը դիմակայեցին ու ելման դրություն վերադարձրին: Բայց դա Բաքվի խնդիրն է: Մի կերպ կլուծի: Մենք մեր խնդիրները կլուծե՞նք: Ինչու՞ պիտի վիրավոր զինվորը ասի՝ փամփուշտ ունենայինք՝ կկռվեինք, փամփուշտ լիներ՝ տղերքը ողջ կլինեին: Ու՞ր էին փամփուշտները ու ի՞նչ հրամաններ են տվել դիրքերում կռվող ու մեռնող իրենց զինվորներին հրամանատարները: Ինչու՞ ադրբեջանցիների զինտեխնիկայի ու զինուժի շփման գծի ողջ երկայնքով կուտակման մասին հետախուզական տվյալներ հայկական կողմը չուներ, եթե ուներ, ինչու՞ համարժեք մարտական պատրաստվածություն չհայտարարվեց: Վերջապես՝ ինչու՞ է այսքանից հետո Սեյրան Օհանյանը հայտարարում, որ հայկական կողմի միակ խնդիրն է ապացուցել, որ հարձակումը Բաքուն է սկսել: Սեյրան Օհանյանն ընդհանրապես պատկերացնու՞մ է իր խնդիրները, ի վիճակի՞ է լուծել: Եթե այսպես, պետք չէ հաստատ: Առանձին խոսակցության թեմա է, թե ԵԱՀԿ ՄԽ անդամ երկրները ինչու՞ արբանյակային նկարահանումների տվյալները ունենալով՝ չեն տեղեկացրել Հայաստանին՝ ինչ է կատարվում շփման գծում, չեն փորձել կանխել Ադրբեջանի հարձակումը դիվանագիտական ճանապարհով: Սեյրան Օհանյանի համար իրեն հասու գործ էի՞ն ուզում ստեղծել: Իսկ Գլխավոր շտաբի պե՞տը: Համարժե՞ք էին նրանց ձեռնարկած քայլերն իրավիճակին՝ չավարտված, սողացող, գիշերային պատերազմի, արդեն չասած՝ ապրիլյան պատերազմի: Շատ չե՞ն տարվել քաղաքականությամբ ՀՀ ՊՆ և ԼՂՀ ՊԲ բարձրաստիճան պաշտոնյաները: Քաղաքական գործիչները տարիներ շարունակ հաստատում էին՝ Բաքուն կխոսի-կխոսի, բայց ռազմական ճանապարհով հարցի լուծման չի դիմի: Զինվորականները իրավունք ունեի՞ն նրանց հավատալ, թե՞ պարտավոր էին համադրել փաստերը ու եզրակացություններ անել, որ կարող է և կրակել: Ու պարտավոր էին ամեն պահ՝ գիշեր-ցերեկ պատրաստ լինել, դա է իրենց գործը, ոչ թե քաղաքական գործիչներից ավելի շատ քաղաքականություն խաղալը: Զինվորներն ու սպաները մնացին խրամատներում ու կռվեցին մինչև վերջին փամփուշտը, վերջին նռնակով պայթեցրին իրենց ու թշնամուն, ու հնարավորություն տվեցին, որ շարունակվի՞՝ ինչպես եղել է: Քննարկե՞լ է ՀՀ նախագահը ԼՂՀ նախագահի հետ Ստեփանակերտում այս և ևս մեկ տասնյակ այլ հարցեր, որոնք պարզապես բարձրաձայնման ենթակա չեն, թե՞ այցը ճանաչողական նպատակ ունի՝ ի՞նչի են պատրաստ ու ի՞նչ չեն ընդունի Ղարաբաղում: Չգիտեմ: Բայց երբ այսօր նորից հաղթում են մահապարտները, որոնց զորակոչեց Վազգեն Սարգսյանը, ուրեմն նրա սպանությունից հետո անցած տարիներին պաշտպանության նախարար չենք ունեցել փաստացի: Ու եթե ողջ լիներ Վազգեն Սարգսյանը, զինվորը փամփուշտ հաստատ կունենար ու հրամանատարն էլ չէր համարձակվի ասել՝ կրակում են, չենք կարող օգնել, դիրքերը թողեք, հետ եկեք:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Ինչքա՞ն է Եռաբլուրը մեծանալու: Չգիտեմ: Մենք կոնկրետ հարցեր դրել ու լուծել ենք, երբ պաշտպանության նախարարը Վազգեն Սարգսյանն էր: Հաղթողներին չե՞ն դատում: Դատում են՝ հաղթանակն է դատում: Հաղթանակի գինը:

Դիտվել է՝ 2071

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ