Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                
 

Զինվորը անհաղթ է, երբ թիկունքում ունի նույնպես զինվորներ, որ ընդունակ չեն գործարքների ու դավաճանության

Զինվորը անհաղթ է, երբ թիկունքում ունի նույնպես զինվորներ, որ ընդունակ չեն գործարքների ու դավաճանության
12.04.2016 | 14:05

Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը պետք է կայանար ապրիլի 8-ին Երևանում: Լեռնային Ղարաբաղում սկսված ռազմական գործողությունների ժամանակ Ղազախստանի նախաձեռնությամբ և Ռուսաստանի համաձայնությամբ, որոշվեց նիստը հետաձգել և անցկացնել Մոսկվայում՝ անորոշ ձևակերպմամբ՝ «հաշվի առնելով ստեղծված իրավիճակը»: Ո՞րն էր ստեղծված իրավիճակը: Որ ՌԴ դեսպանատունը Երևանում անցե՞լ էր հատուկ դրության դեռ մարտի վերջին օրերից: Որ Երևանում Ղարաբաղում զոհված զինվորների հիշատակին լուռ երթ ու մոմավառությու՞ն են անում: Որ Երևանում խաղա՞ղ է, կրակոցներ չկան, պետության ղեկավարների անվտանգությունը որևէ կերպ և որևէ մեկը կասկած տակ չի դնում, որ ապացուցվեց ՌԴ վարչապետի մի քանի ժամյա այցի ընթացքում: «Ստեղծված իրավիճակը» կապ ուներ Երևանի՞, թե՞ Բաքվի հետ: Նուրսուլթան Նազարբաևը ինչի՞ց վախեցավ, Ալիևը կնեղանա՞ր: Թե՞ Երևանում կարող էին սխալվել ու հարցնել՝

Այիմդոս Բոզջիգիտովի մեկնումից հետո երկրորդ տարի է Ղազախստանը Հայաստանում դեսպան չունի և հավատարմատարի մակարդակով է գործում, ինչու՞: Աստանան դիվանագետների պակաս ունի՞, թե՞ հարկ չի համարում Երևանում դեսպանի մակարդակով ներկայացված լինել՝ դա էլ, չէ՞, վերաբերմունք երկկողմ հարաբերություններում: Այդքա՞ն են Հայաստանի հետ հարաբերությունները Ղազախստանում գնահատվում: Թե՞ դա էլ է Ադրբեջանի նկատմամբ եղբայրական զգացումների մաս և տեղավորվում է Բաքվին ԵՏՄ-ում տեսնելու նվիրական ցանկության իրականացման շրջագծում: Կամ՝ Բելառուսի վարչապետին կարող էին սխալվել ու հարցնել՝ շա՞տ փող եք աշխատել Ադրբեջանին զենք վաճառելով ու Ալիևի շնորհակալությունը Լուկաշենկոյի կոնֆլիկտի առաջին օրվա հոգատար զանգի համար քաղաքակա՞ն, թե՞ նաև ֆինանսական հետևանքներ ունեցավ: Ու ընդհանրապես՝ հասկացանք, որ Բատկան անկառավարելի ու անկանխատեսելի գործչի կերպարի մեջ իրեն ապահով է զգում, բայց որևէ տրամաբանություն նրա պահվածքում պիտի՞ լինի, թե՞ խորապես թքած ունի տրամաբանության, քաղաքական գնահատականների ու ամեն ինչի վրա, մարդը real politik-ի մեջ է, ի՞նչ ՀԱՊԿ, ի՞նչ ԵՏՄ, կա՞ն, որ ինքն էլ մտածի համաձայնագրերի ու համաձայնագրերով ստանձնած պարտավորությունների մասին:
Ինչու՞ Մոսկվան համաձայնեց Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը կազմակերպել՝ փոխելով միայն ժամկետը՝ ապրիլի 8-ից՝13: Ուրիշ ելք չէր մնու՞մ: Զենքը Ադրբեջանին վաճառել ու վաճառում են, ցինիկաբար էլ անվանում են զսպման գործոն: Ի՞նչը զսպեցին: Հայերի հակահարձակու՞մը: Ալիևի ռենոմեի այլակերպու՞մը: Կոնֆլիկտի շարունակու՞մը:
Ընդունելով ՌԴվարչապետ Դմիտրի Մեդվեդևին՝ նախագահ Սերժ Սարգսյանը ասաց. «Ցավում եմ, որ ԵԱՏՄ մասնակից երկրներից մեր որոշ գործընկերներ հրաժարվել են գալ Երևան՝ նախօրոք ծրագրված միջոցառմանը մասնակցելու նպատակով: Ես չգիտեմ, դրանով նրանք որքանով օգնեցին Ադրբեջանին, բայց որ հաստատապես գցեցին մեր կազմակերպության հեղինակությունը, դա միանշանակ է»: Ուշադրություն դարձրեք՝ «մեր կազմակերպության»: Ի՞նչ է պետք, որ Հայաստանը հասկանա՝ «մերը» չէ այդ կազմակերպությունը, եթե մեր դեմ է գործում:
Ու հիմա ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը գնալու՞ է Մոսկվա, թե՞ ոչ: Պետական պաշտոնական տեսակետից՝ պիտի գնա, որ ներկայացնի իր երկրի տեսակետները: Լավ, գնաց ու ներկայացրեց: Քանիցս այդ շահերը ներկայացվել են և նախագահի մակարդակով ու հաշվի առնվե՞լ են: Հիշեք Սերժ Սարգսյանի ելույթները ու բաց տեքստով գործընկերներին ուղղված մեղադրանքները ՀԱՊԿ-ի գագաթաժողովներում, որևէ փոփոխություն հետևե՞ց: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը գնալու է Մոսկվա, որ հնչեցնի Հայաստանի անհանգստությունն ու տագնապնե՞րը: Բայց դա հիանալի կարող է անել Երևանից, միևնույն է, տեղում պատասխան չի ստանալու ու ոչինչ չի կարողանալու փոխել: Դա իր մեղքը չէ ու ինքը բնավ մեղավոր չէ ստեղծված իրավիճակում՝ Հայաստանի արտաքին քաղաքականությունն է այդպիսին: Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում Հայաստանի վարչապետի բացակայությունը շատ ավելի խոսուն է լինելու, քան նրա մեկնումը ու հարցադրումները, ելույթները, եթե նույնիսկ նա անվերջ խոսի՝ նախապես պատրաստված տեքստերը լավ-վատ կարդալով: ԵՏՄ-ում վերջապես պետք է հասկանան, որ Հայաստանում ոչ միայն իրավունքներ, այլև պարտականություններ ունեն: Չեն հասկանա, եզրակացությունները երկուստեք պետք է լինեն: Քաղաքական խաղերի ժամանակը կտրուկ սպառվեց, երբ Բաքուն սկսեց կրակել:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը գտնում է, որ վարչապետը պետք է մեկնի Մոսկվա. «Մեկնելը բոլոր պարագաներում ճիշտ է, որովհետև բոլոր տեղերում մենք ասելիք ունենք և պետք է հնարավորությունը բաց չթողնենք, անկախ նրանից՝ ինչ հարաբերություններ է եղել, որտեղ է հետաձգվել: Ինձ թվում է, ճիշտ է մեկնելը, և սա այն դեպքը չէ, որ թշնամիներ փնտրենք, նեղացկոտ կեցվածք ընդունենք, այլ ընդհակառակը՝ մենք մեր ասելիքը պետք է բոլոր ամբիոններից ասենք և օգտագործենք բոլոր ամբիոնները»: Հրաշալի հիմնավորում է պառլամենտի անդամի համար, պառլամենտ՝ ֆրանսերեն բառ է, որի արմատը պառլառե՝ խոսել բառն է, լավ, հարյուր տարի էլ խոսեցինք, իսկ որևէ մեկը պիտի՞ արդյունքի մասին մտածի: Պարզ է, որ մեկնել-չմեկնելու որոշումը Հովիկ Աբրահամյանն անձամբ չի կայացնելու՝ կասեն գնա՝ կգնա, կասեն՝ մնա, կմնա, բայց դա նրան չի ազատում անձնական տեսակետ ու անձնական որոշում ընդունելու իրավունքից ու պատասխանատվությունից: Սահմանին ստեղծված իրավիճակը, անկայուն հրադադարը փայլուն հիմնավորում են, որ Հայաստանի վարչապետը մնա երկրում և զբաղվի իր անհետաձգելի գործերով: Եթե նա մեկնի, ևս մեկ պատասխան է տալու հարցին, թե ինչու՞ են համաշխարհային լրատվամիջոցները համառորեն գրում, որ Ադրբեջանին հովանավորում է Թուրքիան, Հայաստանին՝ Ռուսաստանը, առանց ճշտելու հրապարակումների համապատասխանությունը իրականությանը: Նրանք լրացուցիչ փաստարկ կստանան իրենց ապատեղեկատվության համար՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունը: Զինվորը կռվում է ու զինվորը անհաղթ է, երբ թիկունքում ունի նույնպես զինվորներ, որ ընդունակ չեն գործարքների ու դավաճանության: Քաղաքական գործիչները իրենց որոշումներում պետք է առաջնորդվեն ոչ միայն ու ոչ այնքան քաղաքական նպատակահարմարությամբ, որքան ազգային շահով: Ամբողջ խնդիրը՝ ազգային շահի ընկալումն ու ձևակերպումը չկա, և քանի դեռ չկա, ոչ միայն արտաքին գործերի նախարարն ու վարչապետը, նախագահն էլ կգնա ու կգա Մոսկվա: Հոգեցունց ճառեր կամ կլինեն, կամ չեն լինի, այցի արդյունքներ չեն լինի հաստատ: Արդյունքների համար քաղաքականությունը վերագնահատել է պետք:

Դիտվել է՝ 4974

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ