ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Լեռնային Ղարաբաղն այսօր կարելի է համեմատել Կովկասի Սպարտայի հետ

Լեռնային Ղարաբաղն այսօր կարելի է համեմատել Կովկասի Սպարտայի հետ
12.04.2016 | 10:39

Լեռնային Ղարաբաղի պատմության թանգարանի տնօրենի խոսքով՝ իրենք հույս ունեին, որ 1994-ի պատերազմից հետո խաղաղությունը հավերժ է լինելու, բայց սխալվեցին՝ գրում է Le Monde-ի հատուկ թղթակից Բենուա Վիտկինը Ղարաբաղից:
2016-ի ապրիլի 5-ին չորս օրվա համառ կռիվներից հետո Ադրբեջանի ու Լեռնային Ղարաբաղի միջև կրակի դադարեցման համաձայնություն ձեռք բերվեց: Երբ ապրիլի 2-ին գիշերվա ժամը 3-ին ադրբեջանական կողմը սկսեց գնդակոծել Լեռնային Ղարաբաղի տարածքը, Վալերի Բաբայանը զարմուհիների հետ փախավ Թալիշից: Մեքենան արկակոծվեց, երկու րոպեից ավերվեց տունը, 12-ամյա Անահիտը վիրավորվեց արկի բեկորից: Երեք օրից, երբ ադրբեջանցիները իրենց գրաված դիրքերից հետ էին շպրտվել, Բաբայանը վերադարձավ Թալիշ՝ արդեն զինվորական համազգեստով ու Կալաշնիկովը ձեռքին: Նրա հետ էին երեք տասնյակ կամավորներ՝ հիմնականում գյուղի ու հարևան Հայաստանի տարիքով բնակիչները: Կամավորների պատմածներով՝ շաբաթ առավոտյան սպանվել է գյուղի երեք բնակիչ: Նրանց՝ կտրված ականջներով դիակների լուսանկարները հիշեցնում են 1988-1994 թթ. պատերազմի դաժանությունները: Հայ լրագրողը Le Monde-ի թղթակցին պատմել է, որ ամեն ինչ իր աչքով է տեսել:
Բնակավայրի պաշտպանությունն ապահովում են ինքնահռչակ հանրապետության կանոնավոր զորքերը, հարևան բարձունքներում տեղակայված Հայաստանի հատուկ ջոկատայինները: Խաղաղ բնակիչներ չեն երևում: Հրադադարը ուժի մեջ մտավ ապրիլի 6-ին, բայց արդեն 7-ին պարբերաբար լսվում են ինքնաձիգների կրակահերթեր: Լեռնային Ղարաբաղի զինված ուժերն ապրիլի 8-ին հաղորդեցին երկու զոհվածների մասին:
Թալիշը միշտ առաջնագիծ է եղել: 1994-ի զինադադարից սկսած այստեղ միշտ կրակում են: Այս պատմությունը սկսվել է 1923-ին, երբ Ստալինը հայերով բնակեցված շրջանը փոխանցեց Ադբեջանին: Այդ ժամանակներից ադրբեջանցիներին այստեղ անվանում են թուրքեր: 1915-ի ցեղասպանությունից հետո Ղարաբաղի դիմադրությունը և ռազմական հաղթանակը 1994-ին ավելի մեծաթիվ ու լավ զինված բանակի նկատմամբ այս լեռնային շրջանը դարձրին հայկական ազգային վերածնունդի խորհրդանիշ: Այդ ժամանակից ադրբեջանական ռևանշիզմը բախվում է հայկական անհաշտվողականությանը: Մինսկի խումբը, ՌԴ-ի, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի գլխավորությամբ, այդպես էլ չկարողացավ դիվանագիտական լուծում գտնել: Ադրբեջանի հարձակումը, որի նպատակը պարզ չէ՝ շոշափել Ղարաբաղի պաշտպանունակությո՞ւնը, աշխարհին հիշեցնել մոռացվող կոնֆլիկտի մասի՞ն կամ Թուրքիայի աջակցությամբ փոխել տարածաշրջանում ուժերի հավասարակշռությո՞ւնը, ընկալվում է իբրև դաժան հիշեցում:
Լեռնային Ղարաբաղն այսօր կարելի է համեմատել Կովկասի Սպարտայի հետ: Ադրբեջանական հարձակման սկզբից հանրապետություն հարյուրներով սկսեցին գալ կամավորները՝ Ղարաբաղից ու Հայաստանից՝ հայրեր ու որդիներ միասին: Բայց այդքան պաշտպանների անհրաժեշտություն չկար՝ Ադրբեջանը երկու օրվա հարձակումից հետո հայտարարեց, որ երեք «բարձունք» է գրավել հյուսիսում ու տարածքներ հարավ-արևելքում: Երկու կողմերի տվյալներով՝ մարտերում զոհվել են 31 ադրբեջանցի զինվոր, 44 ղարաբաղցի զինծառայող, 10 խաղաղ բնակիչ:
Լեռնային Ղարաբաղի բանակի թիվը «ռազմական գաղտնիք է»: 150 հազար մարդ՝ կատակում են այստեղ, այլ խոսքով՝ հանրապետության ողջ բնակչությունը: Իրականում պաշտպանական ուժերը 25 հազար մարդ են՝ ներառալ Հայաստանի քաղաքացիներին, որ կարող են ծառայել կամ Հայաստանում, կամ Լեռնային Ղարաբաղում: Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ասում է. «Մենք պատերազմական վիճակում ենք մեր անկախության հայտարարման պահից: Բայց մենք սովորական երկիր ենք»: Դա միաժամանակ և ճիշտ է, և ճիշտ չէ: Հայաստանին միանալու անհնարինության առաջ, որ միջազգային հանրության ճնշման տակ բավարարվում է իր հովանավորյալի դեֆակտո անկախության ընդունումով, Ղարաբաղը սկսեց կառուցել իր պետությունը ինստիտուտներով, դրոշով, արտասահմանում դիվանագիտական ներկայացուցչություններով ու նույնիսկ օդանավակայանով, որ չի օգտագործվում ինքնաթիռները խփելու Ադրբեջանի սպառնալիքի պատճառով: Հայաստանը ֆինանսավորում է Լեռնային Ղարաբաղի կարիքների 50 %-ը և ամբողջ ռազմական բյուջեն: Հիմնականում տնտեսությունը դիմանում է, տարածքի մեկուսացածությունը կտրուկ սահմանափակում է նրա ժլատ հեռանկարները:
Լեռնային Ղարաբաղը ձգտում է ճանաչման: 2003-ից հանրապետությունում վերացված է մահապատիժը: Կոռուպցիոներներն այստեղ ավելի քիչ են, քան հարևան Հայաստանում: Պատերազմի հերոսները դարձան քաղաքական գործիչներ, իսկ քաղաքական գործիչներն արագ վերաորակավորվեցին ձեռներեցների: Լեռնային Ղարաբաղում չհայտնվեցին ռեալ ընդդիմադիր ուժեր՝ ասում է Ալբերտ Ոսկանյանը՝ սակավաթիվ ՀԿ-ներից մեկի ղեկավարը: «Չի կարելի խոսել պետության ռազմականացվածության մասին,- նկատում է նա:- Վերջերս հնարավոր է դարձել քաղաքական կարիերա անել՝ չունենալով ռազմական անցյալ»: Ադրբեջանական հարձակումից հետո, այնուամենայնիվ, քննադատություն կա՝ Ադրբեջանի ակտիվ սպառազինության դեմ հանդիման Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը լրջորեն հետ են մնում: Կասկածի տակ է առնվում և Երևանի ու Մոսկվայի դաշինքը, որ զենք է մատակարարում Ադրբեջանին և մտադիր է պաշտպանել իր ածխաջրածիններով հարուստ գործընկերոջը: Քննադատությունը վերաբերում է և հասարակությանը՝ «Մենք հաղթեցինք 1994-ի պատերազմը, կորցնելով 5000 մարդ, իսկ ադրբեջանցիները 25 հազար կորցրին,-ասում է Սարո Սարյանը՝ մարտական գործողությունների մասնակից, Ղարաբաղի պատմական կենտրոն Շուշիի պատմության թանգարանի տնօրենը:- Մենք ուզում էինք մտածել, որ իրավիճակը հավերժ այսպես է մնալու, ու մենք թուլացանք»:
Բենուա Վիտկին, Le Monde


Հ.Գ. Այս օրերին Լեռնային Ղարաբաղի մասին արտասահմանյան մամուլի հրապարակումները կարելի է բաժանել մի քանի խմբի. նախ՝ վերլուծություններ՝ հիմնված տեղեկությունների ու տրամաբանական եզրակացությունների վրա, որոնք հիմնականում չեն համապատասխանում իրականությանը, որովհետև տեղեկություններն են հնացած և իզուր է տրամաբանությանն ապավինելը, ապա՝ պատվիրված հրապարակումներ, որտեղ հստակ երևում է Բաքվի ստվերը, երրորդ՝ հուզական գնահատականներ, որոնք արտացոլում, բայց չեն վերլուծում պատճառահետևանքային կապերը, չորրորդ՝ միայն տեղեկություններ՝ որտեղ, ով, ինչ ասաց, արեց ու չարեց, և վերջապես՝ հինգերորդ, որոնց հեղինակները լրագրողներ են, ովքեր եղել են Ղարաբաղում ու գրում են ականատեսի իրավունքով: Դժվար է նախապատվությունը որևէ մեկին տալ, գուցե ընդհանրության մեջ է ամբողջական պատկերը ձևավորվում, իսկ գուցե պարզապես պետք է կարդալ սրտով:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2800

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ