Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                
 

Ո՞վ է մեղավոր՝ մարգինալնե՞րը, թե՞ մարգինալ քաղաքականությունը

Ո՞վ է մեղավոր՝ մարգինալնե՞րը, թե՞ մարգինալ քաղաքականությունը
08.04.2016 | 15:25

Բոլորն այսօր խոսում են հայ զինվորի հզորության ու ուժի մասին, մինչդեռ հայ զինվորը խախտում ու խափանում է մի քանի պետությունների հանգամանալից մշակված ծրագիրը, հայ դիվանագիտությունը խախտում ու խափանում է նրա հաղթանակները: Մի քանի օրում ակնհայտ դարձավ այն, ինչի մասին խոսում էր Հայաստանի ընդդիմության այն հատվածը, որին հիրավի ու հանիրավի պիտակավորում էր թե իշխանությունը, թե օրվա ընդդիմությունը, բայց նույնիսկ նրանք չեն կարող ասել, որ այդ ընդդիմությունը գործում է ռուսական դաշտում՝ ինչպես իրենք: 2016-ի ապրիլի 2-ին մենք կանգնեցինք այն իրողության առաջ, որ ինքներս էինք ստեղծել 2013-ի սեպտեմբերի 3-ին՝ Հայաստանի անդամակցությամբ Մաքսային միությանը, իսկ ավելի ճիշտ՝ Հայաստանի եվրաասոցացման կասեցմամբ: Տարբեր բացատրություններից գլխավորը անվտանգությունն էր, ավելի ճիշտ՝ Ղարաբաղը: Ու՝ ի՞նչ: Երեք տարի անց ակնհայտ է, որ Հայաստանը ԵՏՄ-ում չունի որևէ դաշնակից ու ընդհանրապես Հայաստանի անդամակցությունն այդ կառույցին մեծագույն սխալ էր, որի հետևանքները այսօր դրսևորվում են ողջ անհերքելությամբ, իբրև փաստեր:

Տեղական նշանակության սխրանքները, որ գործում են ՀՀ նախագահն ու ՀՀ վարչապետը, ուժը կորցրած են: Որևէ մեկը կարո՞ղ էր պատկերացնել իրավիճակ, երբ ՀՀ նախագահը ՌԴ վարչապետի հետ խոսեր այդ տոնով ու ասեր՝ ինչ երեկ երեկոյան ասել է Սերժ Սարգսյանը Դմիտրի Մեդվեդևին: Կամ՝ Հովիկ Աբրահամյանը: Առավելևս ՌԴ վարչապետի փաստացի խլությունը և պատասխանների անկապությունը տրված հարցերի համադրությամբ: Սերժ Սարգսյանը ասում է՝
«Վստահ եմ, գիտեք, որ Հայաստանում լայն արձագանք ստացավ փաստը, որ ադրբեջանցիները ողջ ուժով կիրառեցին այն զինատեսակները, որ նրանք ձեռք են բերել վերջին ժամանակներում Ռուսաստանից: Դա հասկանալի է, քանի որ Հայաստանում ժողովրդական մակարդակով Ռուսաստանին համարում են մերձավոր դաշնակից և բարեկամ»: «Այսօր ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որ մենք չենք բացառում հերթական սադրանքը, քանի որ և երեկ, և այսօր լրատվական դաշտում այդ սադրանքները շարունակվում են, և մենք, իհարկե, մեծ պատրանքներ չունենալով, ակնկալում ենք Մինսկի խմբի համանախագահներից և մեր դաշնակիցներից հասցեական հայտարարություններ և որոշակի գործողություններ, որովհետև երկրորդ փորձը, կարծում եմ, կբերի լայնամասշտաբ օպերացիայի, քանի որ հենց սկզբից մենք՝ որպես 1994 թվականի Զինադադարի համաձայնագրի մասնակից երկիր, չէինք կարող մի կողմ մնալ այդ ամենից», իսկ ՌԴ վարչապետը պատասխանում է. «Ցանկանում եմ Ձեզ տեղեկացնել, որ մենք բանակցություններ անցկացրինք, քննարկեցինք մեր երկրների տնտեսական համագործակցության ողջ սպեկտրը, ստորագրեցինք, իմ կարծիքով, ապագային վերաբերող կարևոր փաստաթղթեր, պայմանավորվեցինք տարբեր հարցերի, այդ թվում՝ այնպիսի բարդ, բանավիճային և կարևոր հարցերի շուրջ, ինչպիսին է, օրինակ, գազի գնագոյացումը, ինչը, իմ կարծիքով, կարևոր է Հայաստանի կայուն զարգացման համար: Երևի, դարձյալ որոշ հարցեր մենք Ձեզ հետ հակիրճ կքննարկենք»: Այսինքն՝ գազի ասեղի վրա եք նստած, հաշվի առեք: 1000 խորանարդ մետր գազի գինը 165 դոլարից 150-ի իջեցնելը նույն շանտաժն է, որով Ռուսաստանը միշտ արձագանքել է իրեն ուղղված որևէ մեղադրանքի: Դաշնակցային պարտավորության կատարման մասին խոսելն ավելորդ է: Իրադարձությունները վկայում են, որ Բաքվի հարձակումը Ղարաբաղի վրա ուներ հստակ պլան, որին Մոսկվան տեղյակ էր, ավելին՝ նախապատրաստվել էր Բաքվի հետ միասին մի քանի տարի՝ Ադրբեջանին վաճառելով հարձակողական ժամանակակից զինատեսակներ, իսկ Հայաստանին՝ ինչպես իրենք են շահարկում, գործարանային գնով՝ 80-ականների զենք: Ծրագիրը շատ հստակ էր՝ Հայաստանը չունի պաշտպանության համարժեք միջոցներ, տարիներ շարունակ Մոսկվան ամեն ինչ արել է /ճիշտ է՝ Հայաստանի իշխանությունների ակտիվ գործակցությամբ/, որ բնակչության գործունակ ու մարտունակ մասը արտագաղթի երկրից՝ հիմնականում Ռուսաստան /այսինքն՝ հայտնվի պատանդի կարգավիճակում/, աշխարհը զբաղված է Սիրիայով ու ԻՊ-ով, հարմար պահն է, որ Բաքուն հարձակվի շփման գծի ողջ երկայնքով ու հյուսիսից դուրս գա Սարսանգ, հարավից՝ Լաչին, Ղարաբաղը կտրի Հայաստանից ու կենտրոնով գրոհի Ստեփանակերտը: Որևէ մեկը ուշադրություն դարձրե՞ց, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Վաշինգտոնի միջուկային համաժողովին Օբաման իրեն անձամբ էր հրավիրել, ինքն էր ուզում էր գնալ, բայց ԱԳ-ն խորհուրդ չտվեց: Ավելի կարևոր գործեր կային, քան ևս մեկ անգամ աշխարհին ասել, որ Ռուսաստանը միջազգային խաղացող է: Ինչու՞ էր Կրեմլը երկու օր դիտորդի կարգավիճակում և ինչու՞ ակտիվացավ, երբ պետք էր կասեցնել հայ զինվորին, որ Բաքվի պարտությունը չդառնա անդառնալի ու բանակցային գործընթացում իրավիճակ փոխող: Իրենք սկսեցին, իրենք էլ կասեցրին, երբ Ադրբեջանը ձախողվեց: Ինչպե՞ս Ալիևը նորհակալություն չհայտներ Լավրովին: Բայց Լավրովը Լավրով չէր լինի, եթե անմիջապես չասեր.՛՛Տնտեսության և անվտանգության ոլորտներում ՀԱՊԿ-ի ու ԵՏՄ-ի առաջադեմ ինտեգրացիոն միություններում ընդգրկված են ԱՊՀ ոչ բոլոր երկրները, օրինակ՝ Ադրբեջանը ոչ ԵՏՄ, ոչ ՀԱՊԿ անդամ է: Հուսով եմ՝ այդ իրավիճակը կարող է փոխվել»: Փաստացի՝ Կրեմլը կամ համոզված է, որ Հայաստանը ԵՏՄ-ում չի օգտագործի վետոյի իրավունքը, կամ պատրաստ է Հայաստանի փոխարեն Ադրբեջանին տեսնել կառույցում:
Ավելի շուտ առաջինը, որովհետև Հայաստանի իշխանությունները չունեն Մոսկվային դիմակայելու քաղաքական ռեսուրս: Անգամ երբ նախագահ Սերժ Սարգսյանը Մեդվեդևին բաց տեքստով մեղադրում է հարձակողական զենք վաճառելու ոչ դաշնակցային պահվածքի մեջ, վարչապետ Հովիկ Աբրահամյանը արդարացնում է. «Եթե մարդիկ հնարավորություն ունեն զենք գնելու ... Եթե ուզում եք զենք գնեն Թուրքիայից… Ամեն դեպքում եթե իրենք ցանկություն ունեն, հնարավորություն ունեն զենք գնելու, ապա գնելու են՝ Թուրքիայից կամ Իսրայելից»։ Զարմանալի չի լինի, որ նա ապրիլի 13-ին մեկնի Մոսկվա՝ մասնակցելու ԵՏՄ այն նիստին, որ պիտի լիներ Երևանում, բայց Ղազախստանի նախագահը կանխեց: Թեպետ դա կլինի Հովիկ Աբրահամյանի հանրային քաղաքական կապիտալի փայլուն զրոյացում: Պատահական չէ, որ հենց այս օրերին Սերգեյ Լավրովը իր առաջարկները նորից ասպարեզ բերեց՝ ՌԴ-ն պարզապես փորձում է սկսածը շարունակել՝ հաշվի չառնելով ներկայացման առաջին արարում պարտությունը, երկրորդ արարում հասնել ռևանշի: Որևէ մեկը կարո՞ղ է բացատրել՝ ինչու՞ Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը մեկնեց Մոսկվա: Պաշտոնապես՝ մասնակցելու ԱՊՀ արտգործնախարարների նիստին, որի շրջանակներում պատրաստվում է հանդիպել Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ: Ու ի՞նչ են քննարկելու: Կազանի՞ առաջարկները, Լավրովի՞ առաջարկները, հարցի լուծման այն տարբերա՞կը, որի մասին վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասում է՝ մենք տեղյակ չե՞նք: Այդ առաջարկները նույնությամբ կրկնում են Բաքվի տեսակետը՝ հայկական օկուպացիոն զորքերը պետք է դուրս բերվեն Ադրբեջանի տարածքից, որից հետո միայն կքննարկվեն շփման գծում տեխնիկական միջոցների տեղակայման հարցերը: Թե ինչ կլինի, երբ հայկական ՛՛օկուպացիոն զորքերը՛՛ դուրս գան, ադրբեջանցիները Թալիշում պարզ ասել են: Ու Ադրբեջանի տարածքն էլ միֆ է, որից Բաքուն չի հրաժարվում, որովհետև այդպես է պետք Մոսկվային ու Անկարային միաժամանակ: Հիմա շատ մեծ հարց է՝ կոնֆլիկտի կարգավորման Մինսկի խումբը գործու՞ն ձևաչափ է, երբ բացահայտորեն համանախագահներից մեկը՝ Ռուսաստանը, տասնամյակներ խաղացել ու խաղում է հօգուտ կոնֆլիկտի կողմերից մեկի, ու այդ կողմը Ադրբեջանն է: Փաստացի՝ տասնամյակներ ստատուս քվոն պահել են Ֆրանսիան ու ԱՄՆ-ը: Այս օրերին՝ ԱՄՆ-ի ու Եվրոպայի քաղաքական գործիչներն են հայտարարում, որ ԼՂՀ-ն պետք է ճանաչել ու դա է հարցի լուծումը, իսկ Մոսկվան Լավրովի առաջարկներ է դնում սեղանին, Նալբանդյանն էլ վազում է քննարկելու: Բաքուն էլ, որ քննարկումը իր համար բարենպաստ լինի, խախտում է չկրակելու պայմանավորվածությունը: Ինչքա՞ն պիտի հայ դիվանագիտությունը չորեքթաթի Կրեմլի առաջ ու տանուլ տա հաղթած կռիվը: Երբ համազգային միասնությունը ու կռիվը մինչև վերջ կռվելու ցանկությունը սպանում են հանուն ռուսական շահի, երրորդ շանս կարող է չտրվել:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Իշխանությունն է կրում հաղթանակների ու պարտությունների պատասխանատվությունը՝ միշտ ու բոլոր երկրներում, որից հետո իշխանության է գալիս ընդդիմությունը: Հայաստանում անգամ քաղաքական այբուբենն է խախտված՝ իշխանությունը վարում է մարգինալային քաղաքականություն, օրվա ընդդիմությունը երկորդում է նրան՝ ստանալով իր դիվիդենտները ներսում ու դրսից, իսկ այն քաղաքական ուժերը, որ միշտ խոսել են հօգուտ Հայաստանի եվրաասոցացման և դեմ են եղել Մաքսային, ապա՝ Եվրասիական միությանն անդամակցությանը, անվանվել են մարգինալ: Իրադարձությունների զարգացումը վկայեց, որ մարգինալներն են ճիշտ, որ ժողովուրդը դեռ չի մարգինալացվել՝ հակառակ առողջ տրամաբանությանը ու բազում հաշվարկներին, իսկ դա նշանակում է, որ ռուսները ինքնաբացահայտվեցին, բայց հայերը չհասկացան: Համենայն դեպս՝ քաղաքական մակարդակում:

Դիտվել է՝ 2545

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ