Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                
 

Քրիստոնյաները XXI դարում, իսկ մե՞նք

Քրիստոնյաները  XXI դարում, իսկ մե՞նք
01.04.2016 | 01:51

Իսպանիայի բարձրագույն գիտահետազոտական խորհրդի անտրոպոլոգ, գրող Մանուել Մանդիանեսը El Mundo-ում գրում է. «Անհատականությունը ժամանակի և տարածության մեջ բնականի ու գիտակցականի նյութական համադրումն ու մարմնավորումն է: Մարդը կառչում է իր ես-ից ու հասարակությունից և պայմանավորված է նրանցով, նրա մտածողությունը, կրոնական զգացումները, ազատության ընկալումները, մեծավ մասամբ, կանխորոշված են որոշակի տեղում ու որոշակի ժամանակի մեջ կյանքի պայմաններով: Ոմանք հայտնվում են առավել ծանր ու արյունոտ դարաշրջաններում ու երկրներում, քան մյուսները: Ոմանք լողում են իրենց ժամանակի ճղճիմ միջավայրում, մյուսները փորձում են նրա դեմ ապստամբել, ոմանք ապրում են իրենց միկրոտիեզերքում, մյուսները համամարդկային խնդիրներով են տարված: Հիսուսը ոչ միայն սովորական մարդ է, այլև գալիլեացի հրեա, որ կրում է ուսերին ժամանակի ամբողջ բեռը և իր ծննդավայրի կնիքը, բոլոր գծերով, որ տալիս են տոհմը և արյունը: Աշխարհում նրա գոյության կերպը պայմանավորված է պատմական պահով և հասարակական իրավիճակով, որտեղ նա հարկադրված է ապրելու: Նա անցել է տառապանքների, հուսահատության ու դավաճանության միջով»:
Հայաստանցի լրագրողը ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովային հարցրել է Մինսկի խմբի համանախագահների հասցեին Ալիևի հայտարարությունների մասին: Նա համանախագահներին մեղադրել էր հայամետության, հակամարտությունը սառեցնելու, ստատուս քվոն պահպանելու համար: «Դուք ճշտեք ադրբեջանական կողմից, թե որ համանախագահ երկրի մասին է խոսքը: Մենք չենք կարող այդ խոսքերն ընդունել մեր հասցեին: Երկար տարիներ Ռուսաստանն ապացուցել է իր անկեղծ, բարեխիղճ նպատակները: Մենք ամբողջ սրտով ցանկանում ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորում»,- պատասխանել էր Մարիա Զախարովան:
Մանուել Մանդիանեսը վկայում է՝ քրիստոնյայի կյանքը պետք է կառավարվի երկու սկզբունքներով՝ անհատականացման ու համերաշխության (կարեկցանքի, համբերատարության, գթասրտության, սիրո, արդարության): Քրիստոնյան պետք է ապրի կատարելության, առավել լավը դառնալու ձգտումով (բայց ոչ լավագույնը), ամեն օր և վերափոխի հասարակությունը ավետարանական օրենքներով: Քրիստոնյան պետք է ինքն իրեն ճանաչի ուրիշի մեջ և փորձի իր իդեալը մարմնավորել՝ չխառնելով իր խնդիրը իդեալի մասին սեփական մտահանգումների ու պատկերացումների հետ: Քրիստոնյան ֆանատիկ չէ, որ չի կասկածում, և հոռետես չէ, որ չի հավատում: Յուրաքանչյուր ուրիշ առանձին ես է: Բոլորս միասին մենք միասնական մարմին ենք՝ միասնական մկրտություն, միասնական աստված, միասնական ոգի: Մենք բոլորս պարտավոր ենք անել հնարավորը, որ ապրենք խղճով, բայց նույնիսկ եթե ամեն ինչ անելով չենք հասնում խղճով ապրելուն, հետևանքների համար պատասխանատու չենք: ՈՒրիշը տարբերվում է մեզնից միայն արտաքինով: Նա, ով սիրում է, սիրելիի տառապանքը սեփականի պես է զգում: Հավատն առանց գործերի մեռյալ է ու անիմաստ: Գործերն առանց հավատի ֆանատիզմի դրսևորում են և մարդուն կարող են աղետի հանգեցնել: Քրիստոնյաները պետք է գերադասեն աղքատությունն ու թափառումները հաջողությունից կոռումպացված հասարակությունում: Ծայրահեղ աջ գաղափարախոսության համար գոյություն ունի միայն անհատականացման սկզբունքը, մինչդեռ հասարակականը, համերաշխությունը մնում են փակագծերից դուրս: Նրա համախոհները անհատապաշտներ են, յուրաքանչյուրն իր մասին հոգ է տանում ինչպես կարողանում է: Հաղթում է շահի տրամաբանությունը: Ծայրահեղ ձախ գաղափարների տերերը, հակառակը, շեշտը դնում են զանգվածի, կոլեկտիվի վրա (ոչ հանրության)՝ մոռանալով անհատականացման սկզբունքի մասին և պնդելով, որ բոլոր դժբախտություններում մեղավոր է համակարգը:

«Մարդը բնությունից բարի է, և միայն համակարգն է նրան վատը դարձնում»՝ ասում են նրանք՝ խմբագրելով Ռուսոյին: Ծայրահեղ աջերը ատում են քրիստոնեությունը՝ համերաշխություն քարոզելու համար, իսկ ծայրահեղ ձախերը՝ անձնական ջանքերը շեշտադրելու համար:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս ՈՒոռլիքը հայտարարել է, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Վաշինգտոնում միջուկային անվտանգության 4-րդ գագաթնաժողովի շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի միջև հանդիպում չեն ծրագրում:
Քրիստոսին խաչեցին հոգևորականները, իր ժամանակակիցները, որովհետև կասկածի տակ առավ ամուսնության ու ամուսնալուծության օրենքներն ու կանոնները, որ վտանգում էր հրեաների էթնիկ և կրոնական մաքրության պահպանության ինստիտուտը, աստվածանարգության և Տիրոջ գործառույթները ստանձնելու համար՝ մեղքերը ներում էր, քարոզում էր Աստծո անունից, հաց էր կիսում մեղավորների հետ, հրաշքներ էր գործում, մարդկանց ազատում էր օրենքից ստրկական կախվածությունից, ասում էր՝ շաբաթն է մարդու համար, ոչ թե մարդը՝ շաբաթի, քննադատում էր ծեսերի ու ծոմերի չարաշահումը հոգևորականների պարտադրանքով, խոսում էր սամարացիների ու «անմաքուր» կնոջ հետ, իսկ նրա քարոզները մերկացնում էին շահի բարոյականությունը, որ Աստծո անունից հռչակել են կրոնական ու քաղաքական ինստիտուտները:
Երկուշաբթի օրը ԱԺ քառօրյայում կքննարկվի նոր Ընտրական օրենսգրքի նախագիծը: Իշխանությունները համարում են, որ իրենք արեցին ամեն ինչ՝ ցույց տալու, որ նախագծի քննարկումն ընթացել է շահագրգիռ՝ տարբեր կողմերի տեսակետը և դիրքորոշումը լսելով: Խորհրդարանում երկու քննարկում եղավ, որին մասնակցում էին քաղաքական ուժերի, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, նրանք նշեցին՝ ինչը չի բավարարում իրենց այս նախագծում, ինչը կցանկանային փոխել: Նախագիծը քննարկվել է արտախորհրդարանական ձևաչափով: Իշխանությունները նախագիծն ուղարկել են Վենետիկի հանձնաժողով:
Ոգևորությունը, որ Հիսուսը հարուցում էր զանգվածների մեջ, ասելով, որ ինքը Փրկիչն է, բավարար հիմք էր, որ կուսակալը նրան մահապատժի դատապարտեր: Քրիստոսը խաչի վրա վախճանվեց 30 թվականի նիսան ամսի 7-ին: Որևէ իշխանություն չի հանդուրժի, որ իրեն ստի ու երեսպաշտության մեջ մերկացնեն: Իշխանությունն իրեն վտանգված էր զգում, քանի դեռ Հիսուսն անում էր՝ ինչ ուզում էր: Նա շատ ավելի մեծ վտանգ էր ներկայացնում, քան ապստամբության և անկարգությունների կոչեր անողները, որովհետև, քննադատելով շատ կանոններ ու սովորույթներ, նա ասում էր, որ եկել է ոչ թե օրենքը բեկանելու համար, այլ հակառակը՝ օրենքի լիակատար կատարմանը հասնելու համար: Նա ընդունում էր Աբրահամին, Մովսեսին ու Դավթին և պատմում էր Աստծո մասին ավելի, քան իր: Հիսուս Քրիստոսը չէր ձգտում տառապանքների և մահ չէր որոնում: Հակառակը՝ նրա, ինչպես և Տիրոջ համար, ամենաթշվառների տառապանքները դառնում էին սեփական տառապանքների պատճառ: Քրիստոսի նպատակն էր պատմել, որ հավատում ու մտածում է Աստծո մասին: Հիսուսի Աստվածը՝ սիրող և ազատագրող, խոնարհվում էր այն ժամանակի ագրեսիվ ու իշխանատենչ աստծո առաջ: Քրիստոսը ժխտում է ենթակայության տրամաբանությունը և խրախուսում է արարումը՝ բարձր դասելով քաղաքական ու կրոնական ցանկացած իշխանությունից: Մարդը ձգտում է բացարձակ իշխանության և հարստության՝ իր համար պատրանք ստեղծելով, որ խուսափել է մահկանացուի ճակատագրից: Հիսուսի ուսմունքը անհատի վրա պատասխանատվություն է դնում իր գործողությունների համար և միաժամանակ նրան դարձնում է հանրության մաս, որ ենթադրում է համերաշխության հարաբերություններ: Հոգևոր ու նյութական գթասրտության գործողությունները քրիստոնեական կյանքի լավագույն առավելություններն են, իսկ Աստծո երանությունը, Ավետարանի էությունը պահանջում են համերաշխություն՝ ինչպես նույնականացման նշան: Հակառակ այն տեղին, որ Հին կտակարանը հատկացնում էր կանանց, Հիսուսը նրանց ներառում է իր հովվական գործունեության ոլորտում, հովանավորում է նրանց և որոշ հարցերում տղամարդկանցից բարձր դասում: Փաստը, որ Ավետարանն ընտրում է կնոջը՝ Փրկչի մայր դառնալու համար, իսկական հեղափոխություն է կատարում կնոջ նկատմամբ: Եկեղեցին չի կարող հավասարություն քարոզել՝ կնոջն արգելելով պատասխանատու պաշտոններ զբաղեցնել իր ինստիտուտներում, որովհետև դա հակառակ է ժամանակի ոգուն և, բացի այդ, Ավետարանում ոչ մի տեղ ասված չէ, որ կինը պետք է զրկված լինի ղեկավար պաշտոններից եկեղեցական հիերարխիայում: Եթե եկեղեցին ստիպված լինի կառուցվածքի լուրջ բարեփոխումներ անել, որ կինը կարողանա առավել արժանի տեղ ունենալ այդ հիերարխիայում, եկեղեցին պետք է դա անի:
Հայաստանի նորանկախ պատմության մեջ առաջին անգամ ստեղծվել է պահանջների միասնական պլատֆորմ՝ ասել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ անդրադառնալով հինգ պահանջների փաթեթին։ Ներկայացված կետերից կոնկրետ մի խնդրի շուրջ միավորվել են բոլոր քաղաքական ուժերը՝ առանց բացառության, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները: «Պլատֆորմը ձևավորվեց, իսկ դա թույլ կտա Ընտրական օրենսգրքի շուրջ գրագետ առաջարկներ ներկայացնել»՝ կարծում է Լևոն Զուրաբյանը:
Եկեղեցին պետք է սպառման դարաշրջանին համարժեք դարձնի իր լեզուն, եթե ուզում է բոլորին լսելի ու հասկանալի դառնալ, հատկապես ամենաերիտասարդ սերնդին: Բառերը, որ նա ասում է այսօր, վաղը կարող են հնացած լինել: Լեզուն համարժեք դարձնել չի նշանակում լուրեր փոխանցել, այլ օգտագործել հարմար միջոցները՝ լուրը ժամանակակիցներին հասցնելու համար: Այո, Հիսուսը և նրա ավետիսն անմահ են, բայց արտահայտման միջոցները անցողիկ ու երևութական՝ քրիստոնեությունը հետևությունն է մի մարդու, որ իր աշակերտներին ուսուցանում էր, որ նրանք հասկանան: Որքա՞ն հասկացան: Որքան ավելի երևութական են սերունդների գործերը, այնքան ավելի է հետևում մոդային, որը տարբեր տեղերում ու տարբեր ժամանակներում տարբեր են բավարարում մարդու առաջնային պահանջները: Լեզուն արարում է մաքուր արհեստ, անտրոպոլոգիա ու գիտություն:
Մինչև վերջերս աստվածաբանները իրենց ուշադրությանն արժանի չէին համարում ժողովրդական կրոնականությունը: Մինչդեռ դա շփման միջոց է, մոտեցնում է սրբությանը, հրաշքին, բացարձակին, անսպասելիին, Աստծուն: Ժողովրդական կրոնականությունը, ինչպես ժողովրդական ամեն ինչ, միշտ դիմում է ճանաչման զգայական միջոցին, որ հիմա շատ մոդայիկ է: Նրա ներկա հանրաճանաչությունը հիմնականում անտրոպոլոգիայի շնորհիվ է: Քարոզը, ծիսակարգերն ու արարողությունները պետք է ներառեն կինոյի, գրականության, թատրոնի, քաղաքական քրոնիկոնի փորձը: Ինչպես Համլետն էր ասում՝ դերասանները «հայելի են և իրենց ժամանակի սեղմ ժամանակագրությունը»: Ավետիսն անփոփոխ է, բայց քարոզները, մեկնաբանությունները իրենց էությամբ ընթացիկ են, ոչ միանշանակ, և հավատացյալները հեշտ պիտի ընկալեն: Աստվածաբանությունն ամեն անգամ պետք է Հիսուս Քրիստոսին նորովի ներկայացնի պատմական մարդուն, միաժամանակ՝ լուրջ, հետաքրքիր, գրավիչ ու պատասխանատու: Տեքստն ինքնին վերացական է, նույնիսկ Սուրբ գիրքը: Աստված մարդկանց հետ խոսում էր այն ժամանակի լեզվով, որը պետք է թարգմանել այլ դարաշրջանների մարդկանց համար: Երբեմն քրիստոնեական աստվածաբանությունը պետք է հեռանա դիվանագիտական կանոններից: Ով ուզում է բոլորին դուր գալ, ոչ մեկին դուր չի գալիս: Աստվածաբանությունը չի կարող սուսուփուս անցնել մեր օրերի բարոյական, քաղաքական, ինտելեկտուալ անկումի կողքով:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ.Գ. Հրապարակումը կարդալու երեք տարբերակ կա. 1. սկզբից մինչև վերջ, 2. սովորական տառատեսակով գրվածը՝ առանձին, ընդգծվածը՝ առանձին, 3. չկարդալ ընդհանրապես: Մտածելը պարտադիր է բոլոր տարբերակներում:

Դիտվել է՝ 1145

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ