ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Եվ հանդիպեցին Պուտինն ու Քերին

Եվ հանդիպեցին Պուտինն ու Քերին
25.03.2016 | 22:20

Անգլիալեզու մամուլը ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի Մոսկվա այցին անդրադարձել է մանրամասն ու համակողմանի: «Ջոն Քերիի երկար ժամանակ Մոսկվայում մնալը բացատրվում է ընդհանուր, փոխշահավետ իրողություններով Ուկրաինայում ու Սիրիայում»՝ Independent-ում գրում է Մերի Դեժևսկին: Փաստը, որ Քերին Մոսկվա է եկել երեք օրով (ԱՄՆ պետքարտուղարի այցի համար շատ երկար ժամանակ), արտացոլում է ոչ միայն այն նշանակությունը, որ Սպիտակ տունը տալիս է Կրեմլի հետ հարաբերություններին, այլև փուլի ամբողջ նրբանկատությունը Մոսկվայի ու Վաշինգտոնի համար: ԱՄՆ-ը հարյուրերորդ անգամ փորձում է պարզել, որքան հեռու կգնա Մոսկվան՝ հանուն Ասադին աջակցելու: Իսկ Պուտինը, անկասկած, նույնպես հարյուրերորդ անգամ հասկանալ տվեց, որ Ռուսաստանի համար Ասադի իշխանության պահպանությունը երկրորդական է՝ սիրիական պետության պահպանության համեմատությամբ: Երկու երկրներն էլ քաղաքական մեծ կապիտալ են ներդրել Ժնևի բանակցություններում, որոնց ձախողումը նրանց համար չափազանց ծանր կլինի:
Քերիի մոսկովյան բանակցությունների համար պակաս կարևոր չէ Ուկրաինայի թեման՝ առավել հաստատուն խաղաղության, քան այն պատային իրավիճակը, որին բախվում է Ուկրաինան շատ ու շատ առումներով: ԱՄՆ-ը, ԵՄ-ն, Մոսկվան գտնում են, որ կարգավորումն Ուկրաինայում, այնուամենայնիվ, հնարավոր է: Մոսկվան հրապարակավ հայտարարում է, որ կկատարի Մինսկի համաձայնագրի իր մասը, երբ Կիևը կատարի ապակենտրոնացման պայմանները: Արդյունքում ստացվում է փակուղի, որը կարող է արգելակել, եթե ոչ ձախողել համաձայնագիրը ընդհանուր առմամբ:
ԱՄՆ-ը և Ռուսաստանը ծրագրում են Սիրիայի խաղաղության ռազմավարությունը՝ գրում է The Wall Street Journal-ը: Հինգշաբթի օրը ԱՄՆ-ու Ռուսաստանը բարձր գնահատական տվեցին սիրիական զինադադարի առաջընթացին և խոստացան զարգացնել այդ հաջողությունը՝ աջակցելով Ժնևի միջսիրիական բանակցություններին՝ գրում է Ալան Կուլիսոնը: Մոսկվայի ու Վաշինգտոնի տարաձայնությունները Բաշար Ասադի ապագայի հարցում պահպանվում են, բայց երկու կողմերն էլ հայտարարել են, որ այս պահին հանուն Սիրիայում կարգուկանոնի վերականգնման, կփորձեն մոռանալ տարաձայնությունները: Հինգշաթբի օրը բանակցություններից առաջ Պուտինը, թերթի գնահատմամբ, «անսովոր ջերմ խոսեց Օբամայի մասին»՝ ռուս-ամերիկյան հարաբերությունները հիմա սառն են, Կրեմլը իր երկրում հակաամերիկյան տրամադրությունները հասցրել է համարյա եռման աստիճանի:
Ռուսաստանը և ԱՄՆ-ը երդվեցին վերականգնել ջանքերը հանուն Սիրիայում խաղաղության հաստատման՝ գրում է Financial Times-ը: Պարզ չէ՝ հասա՞վ Քերին Պուտինից Ասադի ճակատագրին վերաբերող ինչ-որ պարտավորությունների՝ նշում է Կետրին Հիլը: Ասադը հրաժարական կտա՞, եթե կտա, ե՞րբ ու ինչպե՞ս հարցից է կախված սիրիական ընդդիմության հետ քաղաքական համաձայնագիր կնքելու հնարավորությունը: Չնայած Լավրովի խուսափողական հրապարակային հայտարարություններին, Քերին տրամադրված է զուսպ լավատեսական: Մոսկվան Քերիի այցն ընդունել է իբրև ԱՄՆ-ի հետ հարաբերություններն աստիճանաբար բարելավելու շանս: «Գուցե Օբամայի վարչակարգի հետ կոմպրոմիսի գալու վերջին փորձն է»՝ գտնում է փորձագետ Սերգեյ Ռոգովը: Եթե հիմա չհաջողվի առաջ շարժվել, ռուս-ամերիկյան հարաբերությունների ճակատագիրը կտնօրինի հաջորդ նախագահը, որ Ռուսաստանի համար կարող է Օբամայից վատը լինել: Թերթը գտնում է, որ Մոսկվայում Քերին խոսում էր այլ տոնով, ու դա նշանավորում է Պուտինի հաջողությունը, նրա ռազմական միջամտությունը Սիրիայում մասամբ ղեկավարվում էր Ռուսաստանը Արևմուտքի համար անփոխարինելի գործընկեր դարձնելու ցանկությամբ և այդպիսով մեկուսացումից դուրս գալով: Հինգշաբթի օրը Պուտինը ընդունեց Քերիին՝ իմանալով, որ այդ նպատակին հասել է:
«Միջսիրիական խաղաղ բանակցություններ՝ Պուտինին հորդորում են ներգործել Բաշար Ասադի վրա» վերնագրում է The Guardian-ը: Ժնևում բանակցությունների առաջին ռաունդի ավարտին սիրիական ընդդիմությունը զգուշացնում էր, որ եթե Պուտինը չներգործի Ասադի վրա, բանակցությունների հաջողության հույս չկա՝ գրում են Պատրիկ Վինտուրը և Շոն Ուոկերը: Ընդդիմությունը հայտարարում է, որ սիրիական հաշտությունը կձախողվի, եթե բանակցությունների երկրորդ ռաունդում, որ սկսվելու է ապրիլի 9-ին, չի հաջողվի քաղաքական կարգավորման հասնել: Զգուշացումը բարձրաձայնել է Բասմա Կոդմանին՝ բանակցությունների բարձրագույն կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչը: ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Մոսկվայում հանդիպեց Պուտինին՝ հողը շոշափելու ու հասկանալու համար՝ պատրա՞ստ է Պուտինը ճնշում գործադրել Ասադի վրա՝ դրդելով հրաժարականի և ի՞նչ գին կուզի Ռուսաստանը իբրև փոխհատուցում: Ամերիկացիները խոստովանում են, որ հիմա Պուտինն է առաջատար ազդեցիկ ուժը Սիրիայում: Կոդմանին ասել է. «Հիմա թանկարժեք, եզակի պահ է, մենք հույս ունենք, որ Ռուսաստանը կօգտագործի պահը և կգործադրի իր լծակները, որ երաշխավորի միջազգային կոնսենսուսի կայացումը: Առանց այդ լծակների մենք հույս չունենք, որ Ժնևի բանակցությունները էական արդյունքներ կտան»:
«Բրյուսելի ահաբեկչություններից հետո Քերին միասնության կոչ արեց՝ ելույթ ունենալով Մոսկվայում»՝ վերնագրել է The Washington Post-ի իր հրապարակումը Էնդրյու Ռոտը: Նա գտնում է, որ Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միավորման նպատակը Սիրիայում կոնֆլիկտի դադարեցմանը նպաստելն է: Քերին հայտարարել է, որ Բրյուսելյան ահաբեկչությունները ընդգծեցին ԻՊ-ի ջախջախման անհապաղ անհրաժեշտությունը: Մոսկվան ուզում է, որ ԱՄՆ-ի հետ բանակցությունները ավելի սերտ լինեն: Մոսկվան պնդում է, որ դա անհրաժեշտ է միջազգային ահաբեկչության դեմ պայքարի համար: Միաժամանակ այդ բանակցությունները կապացուցեն, որ Ռուսաստանը դուրս է եկել միջազգային մեկուսացումից, որ սկսվել էր ուկրաինական կոնֆլիկտից հետո: Անցած շաբաթ Մոսկվան սպառնաց, որ ուժով կողմերին հաշտություն կպարտադրի, եթե չկարողանա ԱՄՆ բանակի հետ պայմանավորվել զինադադարի պահպանման առավել հստակ կանոնների մասին: Ի պատասխան գնդապետ Ուորենը՝ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի ներկայացուցիչը, հայտարարեց, որ ձգձգումներ չկան և այդ հարցերն արդեն քննարկվել ու շարունակվում են կառուցողական ոգով քննարկվել:


Հ.Գ. ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին արդեն Բրյուսելում է, ապրիլին կերևա, թե Մոսկվայում ինչ արդյունքներ են բանակցություններն ունեցել: Ժնևում բանակցությունների երկրորդ փուլում ընդդիմությունը կհասնի՞ նախագահ Բաշար Ասադի հրաժարականին, ուրեմն Պուտինը համաձայնել է, կգտնվի՞ այլ տարբերակ, թե՞ Ժնևի բանակցությունները կհետաձգվեն կամ պարզապես կձախողվեն: Դատելով Մոսկվայի ու Վաշինգտոնի հայտարարություններից, որ Սիրիան պետք է մնա միասնական պետություն, հենց դա է Ասադի հրաժարականի գինը: Մինչ Սիրիայի տարածքում քրդերի ինքնավարության հռչակումը Մոսկվան էլ, Վաշինգտոնն էլ Սիրիայի մասնատման բավականին տպավորիչ արտահոսքեր էին տալիս մամուլում, նույնիսկ քարտեզների տեսքով:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1821

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ