ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Սիրիացի քրդերը դաշնային շրջանի հույս ունեն

Սիրիացի քրդերը դաշնային շրջանի հույս ունեն
18.03.2016 | 11:20

Սիրիացի քրդերի կուսակցությունները ծրագիր են մշակում, որի նպատակը Սիրիայի հյուսիսում բավականին ընդարձակ տարածքում դաշնային շրջանի հռչակումն է՝ հաղորդում է The New York Times-ը՝ հղում անելով այդ կուսակցությունների հայտարարություններին: Նրանք ասում են, որ ծրագրում են պաշտոնական կարգավիճակ տալ կիսաինքնավար գոտուն, որ ձևավորել են պատերազմի հինգ տարիներին, նաև օրինակ ստեղծել՝ ամբողջ երկրում ապակենտրոնացած պետական կառավարման համար՝ գրում է Էնն Բառնարդը: Եթե սիրիացի քրդերը իրականացնեն իրենց ծրագիրը, հայտնվելու են Մերձավոր Արևելքում սահմանների վերանայման երկու նախագծերի բուռն քննարկումների մեջ:

Առաջին նախագիծը քրդերի վաղեմի երազանքն է սեփական պետության կամ ընդլայնված ինքնավարության մասին Թուրքիայում, Իրաքում, Իրանում, Սիրիայում: Այդ բոլոր երկրները սարսափով են նայում նման հեռանկարին:

Երկրորդ նախագիծը Սիրիայի քաղաքացիական պատերազմին վերջն դնելու գաղափարն է՝ երկիրը բաժանելով կամ «հատվածական պետությունների» կամ, որ առավել հավանական է, դաշնային համակարգի, որին առարկում են թե Սիրիայի կառավարությունը, թե շատ ընդդիմադիրներ:

Սիրիայի քրդերը ուզում են ստեղծել դաշնային շրջան ամբողջ տարածքում, որ հիմա վերահսկում են «Սիրիայի դեմոկրատական ուժերը»՝ քրդերի գլխավորած խմբավորումը, որին ԱՄՆ զինվորականներն աջակցում են ԻՊ-ի դեմ պայքարում: Ոմանք ասում են, որ այդ գոտին նույնիսկ կընդլայնվի՝ քրդերը հույս ունեն տարածքները հետ նվաճել ոչ միայն ԻՊ-ից, այլև այլ արաբական խմբավորումներից (ոմանց ԱՄՆ-ը նույնպես աջակցում է): Քրդերը վստահեցնում են, որ դաշնայնացումը բնավ էլ արմատական քայլ չէ, հակառակը՝ Սիրիան հետագա մասնատումից փրկելու փորձ է: «Դաշնայնացումը կփրկի ամբողջ Սիրիայի միասնականությունը»՝ ասել է Իբրահիմ Իբրահիմը՝ ձախ Դեմոկրատական միության (P.Y.D.)՝ քրդական շրջանների առաջատար կուսակցություններից մեկի, պաշտոնական ներկայացուցիչը: Նրա և P.Y.D.-ի ևս երեք անդամների խոսքով՝ դաշնայնացման հնարավորությունը քննարկվում է ոչ միայն այն շրջանների համար, որտեղ մեծամասնությունը քրդերն են, այլև ամբողջ Սիրիայում: Նրանք ընդգծել են, որ այդ կազմավորումը կանվանվի ոչ քրդական շրջան, այլ Հյուսիսային Սիրիայի դաշնային շրջան արաբների ու սիրիական թուրքմենների համար հավասար իրավունքներով: Նրանք նաև ակնարկել են, որ գաղափարն իրենցը չէ, այլ առաջ են մղում ամերիկացիները ու մյուս պետությունները: ԱՄՆ վարչակազմի նախկին բարձրաստիճան պաշտոնյա Ֆիլիպ Գորդոնը և այլք վերջերս առաջարկում էին Սիրիան բաժանել գոտիների, որոնք մոտավորապես համընկնում են այն տարածքներին, որ հիմա վերահսկում են կառավարությունը, ԻՊ-ը, քուրդ աշխարհազորայինները և այլ ուժեր: Ռուսաստանը հայտարարել է Սիրիայի դաշնային համակարգին աջակցության մասին: ԱՄՆ-ը նույնպես կողմ է ապակենտրոնացմանը, նրանք արդեն համակարգել են ինքնավար շրջանային քրդական կառավարության ստեղծումն Իրաքում: Թուրքիան կողմ է միասնական Սիրիային և դեմ է որևէ դաշնայնացման:

Էնն Բառնարդ, The New York Times

Հ.Գ. Իհարկե, Սիրիայի քրդերը կպնդեն առաջին տարբերակը, որ գոնե երկրորդը ստանան: Դաշնային պետության ստեղծմանը դեմ է ոչ միայն Թուրքիան, այլև Բաշար Ասադը՝ նա ուզում է պահպանել պետության ամբողջականությունը: Կստացվի՞ դիմակայել Ռուսաստանին ու ԱՄՆ-ին, որ ակնհայտորեն միմյանց միջև բաժանել են ազդեցության գոտիները: Բոլոր դեպքերում՝ միասնական Սիրիա արդեն հինգ տարի չկա: Ու՞մ բախտը կբերի՝ քրդերի, թուրքմենների, ալավիների, արաբների, հայտնի և անհայտ ցեղախմբերի, հայերի բախտը, կարծես, նորից չի բերելու՝ նրանք, մնալով Սիրիայում, հայտնվելու են տարբեր պետություններում և գուցե այլևս այլ պետություններից չեն վերադառնալու Սիրիա, որ իրենց հայրենիքն էր դարձել:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1368

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ