«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Եռագույն Երկիրն ու Սև դահիճը (ճահիճը չորացնելու ժամանակը)

Եռագույն Երկիրն ու Սև դահիճը (ճահիճը չորացնելու ժամանակը)
11.03.2016 | 10:37

Երևանում տատրակ,
Վենետիկում բվեճը...
Վիգեն ՂԱԶԱՐՅԱՆ

ՖԱՐՍ-ՄԱԺՈՐ
(տրագիֆարս-նախերգանք)
1990-ին մենք ազգովին ժողովրդավարության խմորը հունցելով՝ թխեցինք պետականության խնկոսկի ցորյան հացը. ժողովրդի ընտրությամբ կազմավորվեց 3-րդ հանրապետության Գերագույն խորհուրդը՝ հոմոսովետիկուսյան ձևով, ազգային-կառուցողական բովանդակությամբ։
1991-ին համաժողովրդական անըմբռնելի խանդավառությամբ, եթե չեք մոռացել, ընտրվեց ազգընտիր նախագահը։ Դարձյալ կամոք հանրության և ազգի։ Քաղաքական կարոտաբաղձությա՞մբ եմ տառապում։ Ամենևին։ Պարզապես անհրաժեշտ է արիական տոկունությամբ դիմագրավել գալիք արհավիրքին՝ 1 տարի անց համամասնական խորհրդարան ենք ընտրելու, որտեղ, կարծես թե, չեն լինելու քաղաքական բազմաշնորհ պնակալեզներ, մենաշնորհատեր մականունակիրներ և, իհարկե, իսպառ բացակայելու են արտաքին գերատեսչությունների (իմա՝ Մոսադի և ԳՌՈՒ-ի, ՑՌՈՒ-ի և այլն) գործակալները։ Եկեք մանանեխի հատիկի չափ հավատ ունենանք և կազմավորենք 2017-ի Օվալաձև դահլիճը, ձևով, բովանդակությամբ, և անգամ ԱԺ բակի եղևնիներով ու ցայտաղբյուրների ջրերով ազգային ու պետական։ Ցավոք, մինչ օրս երկրի անցյալ և ներկա իշխանակազմը գտնվում է սեռահասուն տարիքում, վարակվում է քութեշով (այսինքն՝ իր կամքից անկախ կլանում է երկնային մանանայի պես երկրի գլխին թափվող վարկերը), չի հանդարտվում և նրանց «մանկամիտ» քութեշը երկրի համար վերածվում է դաժան փտախտի։ Այնինչ հանրապետությունը 25 տարեկան է, նրա բանակը՝ արդեն 24։
Արդյոք բուժելի՞ է իշխանակառավարական և ընդդիմադիր-աճպարարական քութեշը։ Հարկավ այո՛։ Միայն թե «Ձայն բազմաց, ձայն Աստծո» ձևաչափում, որը սիրահոժար ներկայացնում եմ արտաքին և ներքին հայերին, հակահայերին, քաղաքական գործիչներին և այլոց։
Երկրի թիվ 1 խնդիրն է ապահովել 2017-ի խորհրդարանական ընտրությունը՝ արդար ընտրությամբ։ Մի՞թե կասկած ունի որևէ մեկը, որ 1995-ին, այնուհետև 1996-ին երկրից և նրա ժողովրդից կորզվեց մեծագույն առաքելությունը՝ սեփական ընտրությամբ տնօրինելու սեփական ճակատագիրը։ Եթե 1995-ի խորհրդարանական ընտրությունը չխարդախվեր, ապա 1996-ի քաղաքական տանգոն չէր վերածվի պետական քաղաքականության։ Շատ եմ զարմացել, ինչու Լևոնը Բաղրամյան պողոտայում, նախագահական նստավայրի բակում չտեղակայեց «Ձայն բազմացի» ոտնահարման հուշաղբյուրը։ Այնինչ արժեր, զի դա էր ժամանակի ոգեղեն հրամայականը՝ գրոտեսկային գմփոցով։

ԱԿՆ ԸՆԴ ԱԿԱՆ
(խեղված կատակներ)
Այնինչ, իսկապես արժեր, զի դա էր ժամանակի ոգեղեն հրամայականը՝ գրոտեսկային գմփոցով։ Գմփոցի արձագանքը փոթորկվեց 1999-ի հոկտեմբերի 27-ի գունեղ աշնան արևոտ միջօրեում։ Գլխատվեց ժողովրդի ազատ կամքը։ Այո՛, ՑՌՈՒ-ն և ԳՌՈՒ-ն, Մոսադն ու այլք թուջե կրունկներով սմբակահարեցին երկրի ստոծանին և գլխի գցեցին՝ ազատ կամքի դրսևորմամբ Դուք՝ հայերդ, արդեն երբեք իշխանություն չեք ձևավորի։ Այսինքն՝ կառափնարան բարձրացվեց «Ձայն բազմաց, ձայն Աստծո»-ն։ Հետո իրար հաջորդեցին օրերը սրտամաշ, չքնաղ իշխանն ու հպարտ սիգը անհետացան, և Սևանա երկնահամբույր լճում բնակություն հաստատեց բանսարկու խեցգետինը, հայոց խորհրդարանում բուծվեցին և բազմացան կիսաքրեականներն ու քրեաքաղաքականները, արհեստավարժ քամելեոններն ու քծնասպետ-ծովահենները։

Հարկավ, «Ձայն բազմացով» 2017-ին Օվալաձև կփորձեն ներխուժել խաժամուժային դուրսպրծուկները, ովքեր արդեն հոտոտում են առաջատար կուսակցությունների խոհանոցներից դուրս թափվող թերմացքն ու փորձում են որսալ հարմար պահն ու տաքուկ մի տեղ զբաղեցնել խոհարարի գոտկատեղում և, ինչու չէ, հարմար պահին գոտկատեղից վերև ցատկել և գլխատել նախկին բոսին։ Ինչ խոսք, արդեն այսօր համամասնականները պետք է ուշի ուշով մանրամասնեն իրենց հավակնությունների լայնքն ու երկայնքը և ժողովրդի դատին հանձնեն մագաղաթե ցուցակները՝ անուն առ մականուն, մատնանշեն նրանց խորհրդային անցյալն ու հետխորհրդային ներկան և վաղօրոք փորձեն գուշակել՝ այս անվանացանկը իրենց քիմքին խիստ հարմար, որքան նստատեղ կապահովի Օվալաձևում։ Անշուշտ, «փրկչական» ընտրությունը պիտի կազմակերպել լույսի պես արդար և, հավատացեք, այն իր բարերար ազդեցությունը կունենա 2017-ի ընտրության ժամանակ։ Զորօրինակ, եթե 2016-ի սեպտեմբերին ՀՀԿ+ՀՅԴ քաղաքական միավորը հայտարարի համամասնական ընտրարշավ հենց «Ձայն բազմաց, ձայն Աստծո» կարգախոսի հովանու ներքո և հատ առ հատ հաշվի իրական քվեները, ապա իրական պատկերը կլուսավորի նրանց միտքն ու սիրտը, և նրանք կապաշխարեն, կսկսեն երկիր կառուցել և շահել մեր խռոված հոգին։
Մի խոսքով՝ մեր փրկությունն անաղարտ ընտրություններն են, և այսօր աղաղակով թանձրաձայն ես դիմում եմ բոլոր հավակնոտ քաղխորհուրդներին՝ հետևեք Հին հանրապետական Հռոմի օրինակին, որտեղ բարձր պաշտոնյաները պաշտոնավարելուց հետո պարտադիր դատի էին տրվում և կանգնում էին ժողովրդական ժողովի առջև, որն օր առ օր և գործ առ գործ ուսումնասիրում էր նրանց արածն ու թերացածը։ Հռոմի պաշտոնատարները (սրանց թվում նաև կոնսուլները) գունատ ու հեզ, ահը սրտում սպասում էին դատավճռին, որը կամ նրանց լոգարանն էր մատնանշում (Հին Հռոմում ինքնասպանության բավականին ռոմանտիկ մի ձև կար, ընկղմվում էին անուշահոտ տաք ջրում և կտրում էին երակները) կամ էլ ցնծագին ծափերի ներքո ճանապարհում էր վաստակած հանգստի։
(Ի դեպ, եթե այսօր մի հրաշքով վերոնշյալ դատավճիռը կիրառենք, ապա, ինչ խոսք, վաղօրոք պիտի ներկրենք անթիվ լոգարաններ ու նշտարներ, զի մեր իշխանաց մեղքերը օվկիանոսի ընդգրկում ունեն)։
Մի խոսքով՝ անաղարտ թեկնածուն նա է, ով.
ա) դոլարային միլիոնատեր չէ (դրամային կարելի է), ինչն ապացուցելի է նրա ամենօրյա կենցաղում և կիրակնօրյա փայծաղում առկա կալորիաների քանակով,
բ) գիտակցական կյանքում երբեք կուսակցափոխ չի եղել (անդամակցությունը կոմունիստական կուսակցությանը հաշիվ չէ)։
գ) Ոչ հրապարակավ (հեռուստալսարանի առաջ, պետական տոներին ընդառաջ և, վերջապես բոսի զոքանչի թաղմանը՝ լալահառաչ), ոչ էլ գաղտագողի (խոհանոցում կամ էլ գուցե արտաքնոցում) չի քծնել օրվա իշխանություններին, սկսած համատիրության գանձապահից, ավարտած հանրապետության նախագահով։
դ) Անվարան կատարել է պարտքը հայրենիքի առաջ, այսինքն՝ և՛ նա, և՛ նրա արու զավակները ծառայել են Հայոց բանակում։ Եթե թեկնածուն մի զորավոր փաստաթուղթ է ներկայացնում առ այն, որ ինքը բանակում չի ծառայել առողջական խնդիրների պատճառով, ապա ինքնըստինքյան չի ներառվում Օվալաձև դահլիճ։ Մեզ կներեք, մի՞թե պետք են հարթաթաթ երեսփոխաններ։
ե) Աներեր արիությամբ կատարել է քաղաքացիական պարտքը հանրապետության բյուջեի նկատմամբ, այսինքն՝ վճարել է կոմունալ վարձերը, գույքահարկը և երթուղայինի 100 դրամը։
զ) Առաքելական եկեղեցու հետևորդ է և խոր արհամարհանք է տածում (այդ արհամարհանքը չի թաքցնում) աղանդավոր զեռունների հանդեպ։
է) Դժոխային խայտառակություն է համարում, երբ երկրի պանդոկները պայթում են մոլեմսխուն կապիտալի դիվապարից, բայց Գյումրու անօթևաններին օթևանում են մեծն Ազնավուրը, անկրկնելի Թանկյանը, արքունի վերամբարձ ֆուտբոլային ակումբ «Ռեալն» ու կատալոնյան հեքիաթ «Բարսելոնը», նաև «Շիրակ»-ը հարազատ և այսպես շարունակ։

ԲՎԵՃՆ ՈՒ ՏԱՏՐԱԿԸ
(վերջնագիր)
Է՜հ, անծանոթ, բայց և այնպես պոետ պատվելի, Վիգեն Ղազարյան, ներկա հայոց պետայրերի պետականաշեն քաղաքականությունը ցնցել է համաշխարհային քաղաքակրթությունը, և աշխարհը նոր անուն է փնտրում Հայաստանի և հայերիս համար։ Ինչո՞ւ, դե մի՞թե հասկանալի չէ, չէ՞ որ հայ տեսակը շարունակ կառուցել-շենացրել է աշխարհի շատ երկրներ, նրա անունն է եղել Թեոդորա կայսրուհի, Տրդատ ճարտարապետ, իշխան Լոռիս-Մելիքով, Անաստաս Միկոյան և՛ այլն, և՛ այլն, և՛ այսպես շարունակ։ Բայց և այնպես աշխարհում կենարար հերկեր բացած և այնտեղ կենաց հունդեր ցանած հայ տեսակի պատմական հայրենիքն այսօր... ուզվոր է։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 2412

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ