«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Ովքե՞ր կմնան թիմում

Ովքե՞ր կմնան թիմում
11.03.2016 | 00:35

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` իշխանական էլիտայի առջև հնչեցրած հայտնի ծրագրային ելույթից հետո շատ վերլուծաբաններ, փորձագիտական շրջանակներ ջանք ու եռանդ չէին խնայում գուշակելու համար, թե, այնուամենայնիվ, ինչ մարտավարություն է թաքնված այդ տեքստի տողերի արանքում։ Բնականաբար, այդ ելույթի որոշ շեշտադրումներ շատերին հիմք տվեցին ենթադրելու, թե երկրի ղեկավարը սկսում է վերադասավորումներ իշխանության և առհասարակ տնտեսաքաղաքական էլիտայի մեջ՝ առաջ տանելով ՀՀԿ-ական և անկուսակցական երիտթևերին: Պետք է փաստել, որ սպասվող վերադասավորումները երկար սպասել չտվեցին. նախագահը վերջին շաբաթների ընթացքում գործողությունների անցավ՝ կոնկրետ քայլերով ու կոնկրետ նշանակումներով։

Ի սկզբանե պարզ էր, որ նախագահը վերաֆորմատավորման գործընթաց է սկսում՝ հիմք դնելով իր պատկերացրած ապագա իշխանական կառուցվածքին։ Եվ արդեն հիմա կարելի է արձանագրել, որ Սերժ Սարգսյանի գործողություններն ու հետագա նշանակումները խոսում են այն մասին, որ ՀՀ նախագահը հիմնականում հավատարիմ է մնում իր այն խոսքին, թե իշխանության վերաբաշխման տեսակետից կտրուկ, հեղափոխական գործողություններ չեն լինելու։ Նա փորձում է, այնուամենայնիվ, հավատարիմ մնալ իր «խաղաոճին» և չի գնում իր շուրջը համախմբված միայն մեկ ազդեցության խմբի նկրտումների բավարարմանը, ինչպես ի սկզբանե թվում էր։ Կառավարության թե՛ կառուցվածքային, թե՛ կադրային փոփոխությունները ցույց են տալիս, որ իշխանական թիմում առավել մեծ ազդեցության ոլորտներ ունեցող խմբերն առայժմ կարողանում են պահպանել իրենց դերակատարումը։ Նշանակումներ արվում են տարբեր թիմերից՝ պահելով ընդհանուր հավասարակշռությունը։ Այսպիսով, նախագահ Սարգսյանը խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական այս շրջանում փորձում է չհաշվարկելի ռիսկի չդիմել։ Իր կադրային և կառուցվածքային բարեփոխումներով առաջնորդվում է ոչ թե տարիքով, այլ տվյալ պահին աչքի տակ ունենալով 2017 թ. խորհրդարանական ընտրություններն ու իր քաղաքական ապագան։ Նա վերադասավորումներով փորձում է, մի կողմից, ապահովել 2017-ի իշխանության նոր ձևաչափի ձևավորումը, մյուս կողմից էլ` արդեն այսօրվանից Սերժ Սարգսյանն իշխանության ներսում ստեղծում է ցանկալի կոնֆիգուրացիա, որպեսզի ապագա իշխանության մեջ իր համար լինի կոմֆորտային իրավիճակ, և առավելագույն դիսկոմֆորտ՝ նրանց համար, ովքեր Սերժ Սարգսյանի ծրագրերում գուցե պետք է կա՛մ հեռանան իշխանությունից, կա՛մ ոչ առաջնային դերակատարում ունենան։ Այս առումով հետաքրքրական է, որ կատարված կառուցվածքային և կադրային փոփոխությունները իշխանական կլաններում տիրող անորոշության «մշուշը» ամենևին էլ չցրեցին: Ընդհակառակը, կարծես թե ավելացրին, քանզի մինչ օրս այդպես էլ շատերին անհասկանալի է մնում, թե ինչ է լինելու սրա վերջը, և ի վերջո ովքեր են այս նոր իշխանական բարդ կոնֆիգուրացիայում «հավասարների մեջ ավելի հավասար լինելու»:
Զուտ կադրային փոփոխություններից բացի, շատ հետաքրքիր է կիրառվող տակտիկան։ Վերջին մի քանի օրերին կառուցվածքային լուրջ փոփոխություններ կատարվեցին։ Ընդամենը 1,5-2 տարի առաջ, երբ վարչապետ էր դառնում Հովիկ Աբրահամյանը, Սերժ Սարգսյանը երկու բավականին լուրջ լծակներ ունեցող, այսպես կոչված, սուպերնախարարություններ ստեղծեց՝ ֆինանսների նախարարությունը, որի մեջ ներառվեց պետեկամուտների կոմիտեն։ Այն գործնականորեն ամբողջովին վերահսկում էր երկրի բոլոր տիպի ֆինանսական հոսքերը՝ մուտքերն ու ելքերը։ Երկրորդ սուպերնախարարությունը տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունն էր, որը նույնպես բավականին ծանրակշիռ գերկառույց էր։ ՈՒ այստեղ ամենակարևորն այն էր, որ այդ պահի քաղաքական կոնյունկտուրայից դրդված՝ Հովիկ Աբրահամյանին նշանակելով վարչապետ՝ Սերժ Սարգսյանը միևնույն ժամանակ լուրջ զսպող կառույցներ ստեղծեց և ղեկավար նշանակեց իր թիմից ու իրեն նվիրված անձանց։ Հետագայում, ինչպես կյանքը ցույց տվեց, այդ երկու գերկառույցները դարձան յուրահատուկ «կառավարություններ կառավարության մեջ», ինչը լրջորեն կաշկանդում, նյարդայնացնում էր վարչապետին՝ վերջինիս ծայրահեղ անարդյունավետ դարձնելով կառավարման առումով և սասանելով նրա դիրքերն ու հեղինակությունը իշխանական ապարատում:
Այս առումով վարչապետի ամբիցիաները զսպող այդ կառուցվածքը կարծես թե արդեն սպառել է իրեն, քանի որ 2017-ի խորհրդարանական ընտրությունների մոտենալուն պես Սերժ Սարգսյանը ստիպված է գոնե փոքր-ինչ բացել խաղաքարտերը: «Զսպող» նախկին գործիքներն այլևս արդիական չեն, ուստի գործի են դրվում նոր տեխնոլոգիաներ, որոնք առավել կոմֆորտային պայմաններ կապահովեն իր առաքելությունն ավարտին հասցնող Հովիկ Աբրահամյանին փոխարինելու եկող ապագա վարչապետի համար, որը, ամենայն հավանականությամբ, մինչև 2018 թվականը կլինի Սերժ Սարգսյանի մերձավոր շրջապատից, իսկ 2018-ից հետո՝ գուցե նաև հենց Սերժ Սարգսյանը։
Այս համատեքստում շատ հետաքրքիր է, որ նախագահը սկսել է առանցքային պաշտոնների նշանակել անձանց, ովքեր ակտիվորեն ներգրավված էին ՀՀ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ՀՀԿ-ի շտաբի աշխատանքներում։ Շտաբի անդամ, Վերահսկիչ պալատի փոխնախագահ Լևոն Յոլյանը, ով կարծես չէր դիտարկվում որպես առանցքային գործող անձ, նշանակվեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար։ Անակնկալ էր առանձնացված պետեկամուտների կոմիտեի ղեկավարի պաշտոնում նույն շտաբի մեկ այլ անդամի՝ ՀՀ նախագահի վերահսկողության ծառայության պետ Հովհաննես Հովսեփյանի նշանակումը։ Այս նշանակումներն ազդակներ դարձան, որպեսզի սկսեն ավելի ուշադիր հետևել այն մարդկանց, ովքեր ընդգրկված էին հանրաքվեի շտաբում։ Իհարկե, շտաբի պետը Հովիկ Աբրահամյանն էր, սակայն չպետք է մոռանալ, որ նույն այդ կառույցում մեծ դերակատարում ուներ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը։ Գաղտնիք չէ, որ Վիգեն Սարգսյանին նույնպես որոշակի դերակատարում է վերապահված ապագա իշխանական վերադասավորումներում։ Քաղաքական և փորձագիտական շրջանակներում նույնիսկ կանխատեսում են, որ վարչապետին փոխարինողը գոնե մինչև 2018 թ.՝ ՀՀ նախագահի պաշտոնակատարման ժամկետի ավարտը, լինելու է հենց Վիգեն Սարգսյանը։ Հետաքրքրական է, որ հետադարձ հայացք գցելով այդ շտաբի կազմին՝ այսօր կարելի է արձանագրել, որ այն բավականին խայտաբղետ էր, ինչը ժամանակին ուշադրության չէր արժանացել։ Այսօր, սակայն, կարելի է ենթադրել, որ Սերժ Սարգսյանը, ըստ էության, իր ապագա թիմի մի մասը ժամանակին մտցրել էր մի ընդհանուր դաշտի մեջ, որպեսզի միասին, այսպես ասած, նախավարժանքի տեսքով մի ընդհանուր գործ անեն՝ մեծ նավարկության դուրս գալուց առաջ։
Իշխանական ապագա ներկապնակի ձևավորման գործընթացում ուշադրության է արժանի նաև Սերժ Սարգսյանի հարազատ կուսակցությունում տեղի ունեցող «թավշյա հեղափոխությունը»: Հետաքրքիր է, որ Սերժ Սարգսյանն առայժմ չի շտապում որևէ լուրջ պետական պաշտոն առաջարկել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին։ ԿԳ նախկին նախարարը ժամանակավոր դուրս է բերվում խաղից՝ գործուղվելով հայրենի կուսակցություն, որտեղ նա առաջիկա մեկ տարում հավանաբար պետք է մեծացնի իր դերակատարումը ՀՀԿ կառույցներում և պատրաստվի ապագա ընտրություններին։ Այս առումով, հաշվի առնելով Սերժ Սարգսյանի հայտնի ելույթի ուղերձներից մեկը՝ օրինակելի ընտրություններ անցկացնելը, չի բացառվում, որ նախագահն այս պահին հանրապետականների գալիք ընտրական շտաբի պետի դերում տեսնում է հենց ապագայում ՀՀԿ կազմակերպչական գործերում ամրապնդված Աշոտյանին։ Այս ծրագրերի ֆոնին բոլորովին էլ պատահական չէ, որ Բաղրամյան 26-ում ստորագրված ՀՀԿ-ՀՅԴ քաղաքական համագործակցության փաստաթղթի տակ հանրապետականների անունից ստորագրել է հենց Արմեն Աշոտյանը: Եվ սա այն դեպքում, երբ արարողությանը ներկա էր ՀՀԿ մյուս փոխնախագահը՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Շատ ուշագրավ է նաև կառավարության ներկա կոնֆիգուրացիան. ֆինանսների նախարար է մնացել նույն Գագիկ Խաչատրյանը, որը միշտ համարվել է Հովիկ Աբրահամյանի հակակշիռը նախագահի կողմից։ Այսինքն՝ վարչապետը շարունակում է կտրված մնալ ֆինանսական հոսքերից՝ եկամուտներից ու բաշխումից։ Այլևս դժվար է վարչապետի կադր համարել նաև պետեկամուտների կոմիտեի նախագահ նշանակված Հովհաննես Հովսեփյանին, որն արդեն վաղուց ճամբարափոխ է եղել և համարվում է Սերժ Սարգսյանի վստահելի մարդկանցից մեկը: Այս առումով դժվար թե պատահական լինի վարչապետական լրատվական ռեսուրսներում հայտնվող «կոմպրոմատային տարափը» Հովհաննես Հովսեփյանի նախկին գործունեության և ունեցվածքի վերաբերյալ: ՈՒժային կառույցներում նույնպես նախագահի մարդիկ են, և կառավարությունում, ըստ էության, 1-2 պորտֆել է վարչապետի հսկողության ներքո՝ արդարադատության նախարարը, ով վարչապետի պրոտեժեն է, և ինչ-որ չափով գյուղնախարարը, որը գոնե առայժմ է բիզնեսով կապված գործադիրի ղեկավարի հետ։ Սակայն, ինչպես բազմիցս ցույց է տվել փորձը, Հայաստանում որևէ մեկի մերձավոր լինելը (այն էլ բիզնեսում) բավականին հարաբերական է և պայմանավորված է հանգամանքներով, և սրա կամ նրա մարդ կոչվածը շատ կարճ ժամանակում հայտնվում է մեկ ուրիշի թիմում։
Վերջին քայլերը վկայում են, որ Սերժ Սարգսյանը բավականին բազմաժանր խաղացող է։ Նոր քաղաքական էլիտայի ձևավորմամբ վերջինս դրեց համապատասխան նշաձող՝ հասկացնելով, թե ովքեր կարող են լինել այդ իշխանական էլիտայի մաս, ու սկսեց բազմավեկտոր փոփոխությունները։
Սերժ Սարգսյանը ոչ միայն ապագա ընտրություններին է պատրաստվում, այլև ապագա ընտրություններում հարմար արդյունք գրանցելու համար համապատասխան դաշտ է նախապատրաստում։ Ընդ որում, չի բացառվում, որ վերջին օրերի կադրային որոշումները ժամանակավոր լուծումներ լինեն, որոնք ոչ թե ռազմավարական, այլ զուտ տակտիկական խնդիր են լուծելու գոնե մինչև 2017 թ. ընտրությունները։ Իսկ թե ինչ զարգացումներ կլինեն խորհրդարանական ընտրություններից հետո, ցույց կտան արդյունքները, ինչով էլ ՀՀ նախագահը պայմանավորում է իր քաղաքական ապագան։


Արամ Վ. ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1428

Մեկնաբանություններ