«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Կարայըլանի ցանկությունները թուրք-քրդական պատերազմի ֆոնին

Կարայըլանի ցանկությունները թուրք-քրդական պատերազմի ֆոնին
11.03.2016 | 00:29

Հիմա արդեն շատերն են աշխարհում տագնապով նշում, որ Արևմտյան Հայաստանի տարածքում քրդերի դեմ Թուրքիայի ռազմական գործողությունները տարածաշրջանային պատերազմի են վերածվել. երկու կողմն էլ կորուստներ ունեն։ Բայց մենք համարյա ոչինչ չգիտենք զոհված, վիրավորված ու գերված թուրք զինվորների մասին։ Հարց է առաջանում. ինչո՞ւ։ Արաբական առաջատար աղբյուրները հաղորդում են, որ թուրքական զինված ուժերն օրեցօր ավելի շատ զինվորներ ու սպաներ են կորցնում։ Բայց ոչ ոք այդ մասին չի խոսում Թուրքիայում կամ Արևմուտքում։ Թուրքիայի կառավարությունը խիստ գրաքննություն է սահմանել երկրում։ Անվտանգության ուժերը մաղով են անցկացնում ցանկացած տեղեկություն, եթե այն ինչ-որ չափով կարող է վնաս հասցնել Էրդողանի հեղինակությանը ինչպես բուն Թուրքիայում, այնպես էլ արտասահմանում։ Ահա թե ինչու ոչ ոք չի կարող թուրքական մամուլում որևէ լուր գտնել փետրվարի 16-ին խփված ուղղաթիռի և Իրաքում անհետ կորած վեց զինծառայողների մասին։ Սակայն դա առաջին դեպքը չէ։ Ընդ որում, «Reuters» գործակալության տվյալներով, քրդական զինվորականներն արդեն հաղորդել են 2015 թ. օգոստոսին և նոյեմբերին Շիրնակ քաղաքում խփված թուրքական ուղղաթիռների մասին։
Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ ներկայումս նախագահ Էրդողանն ու նրա «Արդարություն ու զարգացում» կուսակցությունը (AKP) ուզում են վերականգնել Օսմանյան կայսրությունը։ Նեոօսմանիզմ հորջորջվող այդ կուրսը վերագրվում է նաև ներկա վարչապետ Դավութօղլուին։ Այսպիսով, նրանք ջանում են պահպանել իրենց «անպարտելի» բանակի նկարագիրը իբրև առավել հզորի ու մարտունակի` ոչ միայն Թուրքիայում, այլև ամբողջ տարածաշրջանում։ Այդուամենայնիվ, քրդերի դեմ ուղղված ռազմական գործողությունը ցույց է տալիս, որ Թուրքիայի բանակի մեծ ուժ լինելու կարծիքը առասպել է ընդամենը։ Թուրք ասկյարը արդյունավետ կարող է պայքարել սոսկ քաղաքացիական անձանց դեմ։ Եվ այն էլ «տեղացի» դավաճանների աջակցությամբ։ Այսպես, մարտի 3-ին հայտնի դարձավ, որ Իրաքում տեղակայված Քրդական տարածաշրջանային կառավարությունը Մասուդ Բարզանիի գլխավորությամբ, պարզվում է, կտրականապես դեմ է, որ «Իսլամական պետության» (ԻՊ) զինյալներից Մոսուլի ազատագրման գործողությանը մասնակցեն Իրաքի շիական կամավորականները։ Այսպիսով, թուրքերի մեղսակիցներն աստիճանաբար մատնում են իրենց. և կարելի է չկասկածել, որ երբ վահաբականներից մաքրվեն Իրաքն ու Սիրիան, ապա Բարզանիի կլանը պատասխանատվություն կկրի նախ իր քրդերի առջև, որոնք հազարներով զոհվել են ահաբեկիչների ձեռքով, ապա նաև Իրաքի ամբողջ ժողովրդի առջև։
Թուրքերը պարծենում են, որ «ճնշել են ահաբեկիչներին» Ջիզարե, Շիրնակ և այլ ոչ մեծ քաղաքներում։ Սակայն բառ անգամ չի ասվում, որ Դիարբեքիրում և հատկապես Սուրի շրջանում մարտերը շարունակվում են։ ՈՒ նորից ոչ մի լուր թուրքական ուժայինների կրած կորուստների թվի մասին։ Ընդսմին, Թուրքիան չի դադարեցնում զինված սադրանքներն ընդդեմ Սիրիայի և, իհարկե, սիրիացի քրդերի։ Այս ֆոնին մեծանում է դեռ փետրվարի 17-ին Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) առավել ակտիվ ղեկավարներից և «փեշմերգի» դաշտային հրամանատարներից մեկի` Մուրատ Կարայըլանի տված հարցազրույցի կարևորությունը։ Հարցազրույցում նրան ներկայացնում են որպես «Քրդական համայնքների միություն» կազմակերպության «երկրորդ դեմք», որը համարվում է PKK-ի քաղաքային թևը, բայց միաժամանակ խոստովանում են, որ թղթակիցներին ընդունել է, ինչպես, օրինակ, 2013 թ. ամերիկացի ու կանադացի լրագրողներին. «Իրաքյան Քրդստանի տարածքի Կանդիլ սարի շրջանում տեղակայված շտաբում»։ Չնայած չի բացատրվում, թե ինչու է PKK-ի «քաղաքային թևի» առաջնորդներից մեկն իր շտաբը տեղակայել Իրաքի լեռներում, սակայն հարցազրույցի ամսաթիվը համադրելով փետրվարի 16-ին այդ նույն լեռներում թուրք զինվորականների կրած անհաջողության մասին հաղորդագրությունների հետ, մենք հիանալի հասկանում ենք, որ Կարայըլանը առաջվա նման PKK-ի հենց զինվորական առաջնորդներից մեկն է։ Եվ այս կապակցությամբ նրա խոսքերի նշանակությունը ծանրակշիռ է դառնում։
Եվ Արևմտյան Հայաստանում ու Միջագետքում տեղի ունեցող իրադարձությունների նրա բնութագրումը պերճախոս է. «Թուրքական պետությունն անցել է քուրդ ժողովրդի բացահայտ ահաբեկման և ճնշումների։ Դա միակողմանի կարգով պատերազմի հայտարարում է։ 21-րդ դարում Թուրքիան հրետակոծում է քաղաքներ, որոնք մի քանի հազար տարվա պատմություն ունեն, ոչնչացնում է տարածաշրջանի պատմական ու մշակութային ժառանգությունը»։ Ամեն ինչ ճիշտ է, միայն անկեղծորեն ափսոսալ կարելի է, որ Կարայըլանը, խոսելով թուրքական նորագույն ագրեսիայի ենթարկվող և մի քանի հազար տարվա պատմություն ունեցող քաղաքների մասին, բառ անգամ չի ասել Հայաստանի ու հայերի մասին, թեև այսօր այդ հողերում ապրող ամեն մի քուրդ ցանկացած հայից լավ գիտե, թե ում հողն է դա իրավամբ։ Հատկանշական է նաև Արևմտյան Հայաստանի և Սիրիայի տարածքում տիրող իրավիճակին Կարայըլանի տված համեմատական բնութագրումը. «Այսօր նման բախումներ են տեղի ունենում նաև Սիրիայում. բայց այնտեղ թուրքական վարչակարգի դեմ մարտնչող ուժերն ունեն տանկեր, գնդացիներ, զրահատեխնիկա։ Սիրիական քաղաքներում բախումները տեղի են ունենում ծանր սպառազինությամբ։ Իսկ Ջիզարեում թուրքական իշխանությունների կամայականության դեմ հանդես եկող մարդկանց ձեռքին սոսկ Կալաշնիկովի ինքնաձիգեր են, որսորդական հրացաններ ու «Մոլոտովի կոկտեյլներ»։ Թուրքական պետությունը ամենայն դաժանությամբ նրանց դեմ ծանր սպառազինություն է օգտագործում։ Սիրիայում երկու կողմերի դիմակայություն է։ Քրդստանում թուրքական պետությունը մեր ժողովրդի դեմ մարտեր է մղում միակողմանի կարգով»։
Այսպես թե այնպես, բացի Արևմտյան Հայաստանի տարածքում Թուրքիայի հետ քրդերի զինված դիմակայության պաթետիկ հերոսականությունից, Կարայըլանի խոսքերում բացահայտորեն լսելի է այն ակնարկը, որ վատ չէր լինի թուրքական քրդերն էլ ծանր սպառազինություն ունենային, այդ թվում նաև զրահատեխնիկա։ Իսկ ահա PKK-ի պարտիզանների կողմից զինված պայքարի շարունակման պատճառները մոտակա ռազմավարական հեռանկարում մեզ հստակորեն կտանեն ոչ միայն Փոքր Ասիա, այլև ամբողջ Մերձավոր Արևելք. «PKK-ն դասական պատերազմ չի մղում։ Դա չի համապատասխանում մեր շարժման սկզբունքներին... PKK-ն զինված պայքար է մղում միայն այն պատճառով, որ AKP-ն խաղաղ քուրդ բնակչության վրա իր ստոր, ֆաշիստական հարձակումներով և նրան լիովին ստրկացնելու փորձերով պարզապես մեզ այլ ընտրություն չի թողել։ Հենց որ թշնամական հարձակումները դադարեցվեն և մեր ժողովուրդն ազատություն և անկախություն ստանա, զենք գործադրելու անհրաժեշտությունն էլ կվերանա։ Ասեմ ուղղակի. երբ դա տեղի ունենա, այլևս զինված բախումների անհրաժեշտություն չի լինի։ Ահա արդեն 17 տարի շարունակվում է Իմրալը կղզում մեր առաջնորդի անօրինական բանտարկությունը։ Մենք մտադիր ենք Քրդստանում շարունակել մեր զինված դիմադրությունը այնքան ժամանակ, քանի դեռ մեր առաջնորդն ու ամբողջ քուրդ ժողովուրդը անկախություն ու ազատություն չեն ստացել»։
Առաջադրված պայմանը, այսինքն, առաջին հերթին PKK-ի առաջնորդ Աբդուլլա Օջալանի ազատ արձակման պահանջը, հնչել է դեռ 2013-ի մայիսի վերջին-ամռան սկզբին, և դրան համակարծիք է նաև Թուրքիայի ժողովուրդների ժողովրդավարական քրդամետ կուսակցությունը, որի առաջնորդ Սելահետտին Դեմիրթաշը, ինչպես հայտնի է, հետապնդվում է թուրքական իշխանությունների կողմից և 2015 թ. վերջին այցով եղել է Մոսկվայում։ Անփոփոխ է նաև երկրորդ պայմանը. «Քրդերը մոտեցել են հասարակական զարգացման այն փուլին, որն արտահայտվում է ժողովրդավարական ինքնավարության հռչակմամբ... Այսօրվա դրությամբ հասարակական կյանքի այդ բանաձևը, ըստ էության, հնարավոր է միայն դաշնային կառուցվածքի պայմաններում կամ ինքնավարության շրջանակներում։ PKK-ն կարծում է, որ ժողովրդավարական ինքնավարությունն ու ժողովրդավարական համադաշնությունը պետական կառուցվածքի ձևեր են, որոնք առավել հարմար են մերձավորարևելյան տարածաշրջանի համար...»։ Երրորդ պայմանը Թուրքիայում բանտարկված բոլոր քուրդ քաղգործիչների ազատ արձակումն է. «Մենք կշարունակենք պաշտպանել մեր պատիվն ու պայքարել հանուն ազատության։ Այսօր մեր առաջնորդ Ափոյի (Աբդուլլա Օջալանի-խմբ.) հետ կալանավորված են ևս ավելի քան 7 հազար քուրդ քաղաքական գործիչներ։ Քանի դեռ նրանք ազատություն չեն ստացել, կարգավորման ոչ մի գործընթացի մասին խոսք լինել չի կարող»։
Այսպիսով, պատերազմը Արևմտյան Հայաստանի տարածքում և Միջագետքում, այսօրվա դրությամբ, փաստորեն անխուսափելի է։ ՈՒրեմն, չի լինի նաև թուրքերի ու քրդերի քաղաքական հաշտության գործընթացի վերականգնում։ «Միակ ուժը, որը կարող է տեղից շարժել կարգավորման գործը, մեր առաջնորդ Ափոն է։ Քանի դեռ նա բանտարկված է, խոսք անգամ չի կարող լինել կարգավորման մասին։ Մենք պատրաստ ենք բանակցելու, եթե թուրքական կողմը կատարի այս առաջին և գլխավոր պայմանը,- վկայում է Կարայըլանը։- Այս խնդիրը չի կարող լուծվել, քանի դեռ իշխանության գլուխ կանգնած է Էրդողանը` իր ներկա հայեցակարգով։ Կա՛մ Էրդողանը կփոխի այդ հայեցակարգը, կվերանայի իր դիրքորոշումը, կա՛մ Թուրքիան կփոխի նախագահին։ Այն հայեցակարգը, որ մենք տեսնում ենք հիմա, ռասիզմի, ֆաշիզմի, շովինիզմի դրսևորում է։ Նրա հետ անհնար է որևէ արդյունքի հասնել։ Թուրքիային փոփոխություններ են պետք։ Եթե նա փոխվի, դառնա հիրավի ժողովրդավարական պետություն, իսկ Քրդստանը ինքնավարություն ստանա, ապա զինված ելույթները կդադարեն»։
ՈՒրիշ շատ բաների մասին էլ է խոսել Թուրքիայի քրդերի զինվորական առաջնորդը։ Օրինակ այն մասին, թե ինչպես տարածաշրջանում գործի Ռուսաստանը. «Եթե Ռուսաստանը ձգտում է ամրապնդել իր դիրքերը Մերձավոր Արևելքում, ապա նա պետք է մշակի քրդական խնդրի լուծման ծրագիր։ Իմ կարծիքով, ներկա պայմաններում Ռուսաստանը միակ ուժն է, որ կարող է մշակել և իրականացնել խնդրի կարգավորման հիրավի արդյունավետ ծրագիր։ Բացի այդ, Ռուսաստանը պետք է նախանշի Մերձավոր Արևելքի ժողովրդավարացման և տարածաշրջանի լուրջ բարեփոխման ծրագիր»։ Միաժամանակ կրկնել է նաև, որքան էլ տարօրինակ է, և՛ Թուրքիայից, և՛ Սաուդյան Արաբիայից, և՛ ԱՄՆ-ից հնչած թեզիսը, թե. «Սիրիան արդեն երբեք առաջվանը չի դառնա, նրան փոփոխություններ են պետք»։ Իսկ թե ինչպիսի՞, հասկանալի է դառնում քրդերի «ժողովրդավարական ինքնավարության» մասին Կարայըլանի խրատներից։ Ենթադրաբար, Արևմտյան Հայաստանի և Միջագետքի հարևանությամբ քրդական երկու ինքնավարությունների առկայության պարագայում, ինչպես ինքը Կարայըլանն է խոստովանում, անհնար կլինի զսպել «իր» քրդերի պոռթկումը. «20 միլիոն թուրքական քրդերը կցանկանան նույն բանին հասնել...»։ Կա նաև ծրագիր, թե ինչպես ամեն ինչ տեղի կունենա. «Ներկա պահին մենք քննարկում ենք ռազմական գործողությունները քաղաքներ տեղափոխելու հարցը։ Իհարկե, մեզ համար քաղաքային պատերազմ մղելը վտանգավոր քայլ է։ PKK-ի գործողության հիմքը միշտ գյուղական տեղանքն է եղել։ Առաջ մենք գործում էինք հետևյալ ռազմավարությամբ. PKK-ի պարտիզանական ջոկատները հսկողության տակ էին առնում գյուղական վայրերը, PKK-ի քաղաքային կազմավորումները հասարակական գործունեություն էին ծավալում քաղաքներում, աստիճանաբար ստեղծելով կառավարման իրենց համակարգը` ժողովրդավարական ինքնավարություն։ Բայց ներկա պայմանները թելադրում են փոխել մարտավարությունը, և մենք հիմա քննարկում ենք այդ հարցը»։
Այն, որ Կարայըլանը երկուսուկես տարի անց հիշեցրեց իր կարևորությունը Թուրքիայում քրդական խնդրի լուծման գործում, զարմանալի չէ։ Բայց ապշեցնում է, որ Սիրիայի և Թուրքիայի ներկա քրդաբնակ հողերի «աստիճանական ինքնավարացման» ծրագրերի մասին խոսվում է որպես փաստորեն լուծված հարցի մասին։ Ընդ որում, չի կարելի չնկատել գերտերություններին Կարայըլանի եզրափակիչ ուղերձի անաչառությունը. «ԱՄՆ-ը, Եվրոպան և Ռուսաստանը պետք է հանդես գան Թուրքիայի գործողությունների դեմ, որոնք սպառնում են հանգեցնել լայնածավալ ռազմական բախման»։ Իսկ եթե դա միջնորդավորված կարգով տեղեկության փոխանցում է Թուրքիայի մոտ ապագայի մասին` համաձայնեցված Կարայըլանի մատնանշած «հասցեատերերի» հե՞տ...
Կապրենք` կտեսնենք...

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 2335

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ