«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Միգրացիոն ճգնաժամ՝ Եվրոպան անզոր է թուրքական շանտաժի առաջ

Միգրացիոն ճգնաժամ՝ Եվրոպան անզոր է թուրքական շանտաժի առաջ
09.03.2016 | 11:19

Եվրոպայի քրոնիկ անկարողությունը՝ ինքնուրույն վերացնելու պատմական սպառնալիքները, սովորաբար այդ իրավունքը տալիս է ուրիշներին, առավել հաճախ՝ Վաշինգտոնին: Այսօրվա միգրացիոն ճգնաժամին դեմ հանդիման՝ Եվրոպան իր ճակատագիրը հանձնում է Ռեջեփ Թայիբ Էրդողանի իսլամական-պահպանողական վարչակարգի ձեռքը և զիջումներ է աղերսում՝ գրում է Ալեքսիս Ֆերչակը Le Figaro-ում: Դա Թուրքիայի համար անակնկալ հաջողություն է, որ առաջ բնորոշվում էր միջազգային ասպարեզում դիվանագիտական մեկուսացում՝ սիրիական կոնֆլիկտում կրակի հետ խաղալու պատճառով: Չլինելով ԵՄ անդամ՝ Թուրքիան բարձր գին է նշանակում իր ծառայություններին: Ինչպե՞ս Եվրոպան ինքն իրեն փակուղի մտցրեց, որ այսօր տրվում է Էրդողանի շանտաժին:
Գերմանիան կրակի հետ էր խաղում, երբ հայտարարում էր, որ 800 հազար միգրանտ կընդունի 2015-ին և 3,6 միլիոն՝ մինչև 2020-ը, չմտածելով, որ այդ գթասիրտ քաղաքականությունը նախ պետք էր համաձայնեցնել բոլոր եվրոպական երկրների հետ, որ ստորագրել են Շենգենի համաձայնագիրը: Սովոր լինելով թելադրողի կարգավիճակին՝ Բեռլինը կարծում էր, որ կարող է եվրոպական մյուս երկրներին պարտադրել քվոտաների քաղաքականությունը, որը թույլ է տալիս ամբողջ մայր ցամաքում բաշխել Միջերկրականն անցնող միգրանտներին: Բեռլինը չտեսավ կամ չցանկացավ տեսնել, որ ԵՄ-ի ոչ մի կառույց չունի իրավասություններ և գործնական հնարավորություններ՝ կազմակերպելու միգրանտների ընդունման այդ գործընթացը: Ցանկանալով կիսել աշխարհի տառապանքների մի մասը, բայց հնարավորությունները չհաշվարկած՝ կանցլեր Անգելա Մերկելն անձամբ փորեց Շենգենյան գոտու գերեզմանը, որը եվրոյի հետ եվրոպական միասնության առավել շոշափելի դրսևորում էր: Մերկելը, որ չէր կարող թույլ տալ միգրանտներին թափառել եվրոպական երկրների միջև, վերջապես 2015-ի նոյեմբերին վճռեց վերականգնել Դուբլինյան համաձայնագրի գործունեությունը, որի համաձայն փախստականները պետք է գրանցվեն եվրոպական այն երկրում, որտեղ հատել են սահմանը: Դա դարձավ առաջին շեղումը «մամա Մերկելի» հյուրընկալ քաղաքականությունից, ինչի պատճառով Հունաստանը աստիճանաբար վերածվեց միգրանտների վիթխարի սպասասրահի: Այդ անխելամիտ քաղաքականության հետևանքով Եվրոպան դարձավ կամակոր Էրդողանի պատանդը: Նա հասկացավ, որ միգրանտները եվրոպական երկրներին սանձելու աշխարհաքաղաքական զենք են: Մարտի 7-ի ԵՄ-Թուրքիա սամմիթը գերմանական քաղաքականության պտուղն էր, որ Թուրքիան դարձրեց միգրացիոն ճգնաժամ խաղի տեր: Եվրոպան անզոր է Էրդողանի շանտաժի առաջ, բայց ի՞նչ երաշխիքներ ունի, որ Անկարան կկատարի համաձայնագրի իր մասը: Անկարայի համար Եվրոպայում միգրացիոն ճգնաժամի պահպանումը արդյունավետ միջոց է՝ պահպանելու ուժերի իր համար շահեկան հարաբերակցությունը և ավելին պոկելու Բրյուսելից: Երբ Թուրքիան առավել ու առավել է հիշեցնում «իսլամական դեմոկրատուրա», որտեղ խոսքի ազատությունը բռնաբարվում է, իսկ իսլամական պահպանողականությունը օրեցօր խստանում, Անկարան հասնում է ԵՄ ինտեգրման գործընթացի խորհրդանշական վերսկսման՝ եվրոպական գումարների հավելումով: Միգրացիոն ճգնաժամը ինքնուրույն կարգավորելու իր անկարողության համար Եվրոպան շատ մեծ գին է տալու Անկարային: Փորձելով ցանկացած գնով Անկարայի հետ միգրացիոն ճգնաժամի հարցը լուծել, եվրոպացի ղեկավարները մոռանում են, որ ճգնաժամը կհաղթահարվի, երբ ավարտվի Սիրիայի ու Իրաքի կոնֆլիկտը: Թուրքիայից կախվածության ամենամեծ վտանգը՝ այս վիճակը խրախուսում է Անկարային բորբոքել կրակը Լևանտում, կասկածելի խաղեր խաղալ ան Նուսրայի ու ԻՊ-ի ահաբեկիչ-իսլամիստների հետ և ռմբակոծել սիրիացի քրդերի դիրքերը՝ սպառնալով խախտել սիրիական հողում հաստատվող փխրուն զինադադարը:
Կանցլեր Անգելա Մերկելի՝ նախագահ Էրդողանին միգրացիոն ճգնաժամի հաղթահարման գործընթացում Եվրոպայի գլխավոր գործընկեր դարձնելու մղումը կրկնում է Սիրիայում կատարված ռազմավարական սխալները, երբ Արևմուտքը վտանգավոր դաշինք կնքեց սուննի պետությունների՝ Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Կատարի հետ: Լևանտը խաղաղեցնելու ու ժողովրդավարացնելու փոխարեն Անկարան, Էր Ռիադը և Դոհան առաջին հերթին ուզում էին ապակայունացնել Ասադի Բաասական վարչակարգը: Այդ երկրների ներխուժումը Սիրիա՝ «արաբական գարունը» փրկելու փոխարեն վերջնականապես հուղարկավորեց եղբայրասպան քաղաքացիական պատերազմում: Անկարայի ու Բրյուսելի միջև համաձայնագրի կնքման դեպքում բաց է մնում հարցը՝ իրո՞ք Թուրքիան ուզում է, որ միգրացիոն ճգնաժամը հաղթահարվի Եվրոպայում: Էրդողանն ըստ արժանվույն գնահատել է աշխարհաքաղաքական նոր զենքը, որ իր ձեռքն են տալիս եվրոպական, հատկապես գերմանական միգրացիոն ճգնաժամի քաղաքականությամբ: Իսկ գլխավոր զոհերը դառնում են միգրանտները:
Ալեքսիս ՖԵՐՉԱԿ, Le Figaro


Հ.Գ. Տարօրինակ չէ՞, որ մեկ-երկու միլիոն մուսուլմանների պատճառով միլիարդավոր եվրոներ ջուրը գցող Եվրոպան համաձայնում է ԵՄ դռները բացել 80 միլիոնին մոտեցող Թուրքիայի առաջ: Կամ՝ խոստումներն են սուտ, իսկ իբրև սկիզբ խոստացվել է անվիզա անցուդարձ, կամ՝ Եվրամիությունը համակվել է ինքնասպանության ախտով և հանձնարարել է այդ գործը ամենալավ մասնագետին՝ Անկարային, որ մասնագիտական ունակությունները կատարելագործում է հիմա էլ քրդերի հաշվին:
Financial Times-ը գրում է՝ Թուրքիան ու Գերմանիան պայմանավորվեցին ճեղքումային համաձայնագրի շուրջ, որ նախատեսում է հունական կղզիներ հասած բոլոր սիրիացիների ու տնտեսական միգրանտների սիստեմատիկ վերադարձ՝ Անկարայի համար զիջումների դիմաց՝ այդ թվում եվրոպական վիզաների և լրացուցիչ միլիարդների՝ եվրոյով: ԵՄ մյուս ղեկավարները ապշահար էին թուրք-գերմանական հանդուգն տեքստից, որ երկուշաբթի օրն անսպասելի ներկայացվեց սամմիթի սկզբում, սակայն բարդ քննարկումների 12 ժամերից հետո նրանք ներկայացրին գործարք, որը հաջորդ շաբաթ հույս ունեն վերջնականապես համաձայնեցնել: Զանգվածային վերադարձի քաղաքականությունը այս պահին կանցլեր Անգելա Մերկերի ամենահամարձակ արկածախնդրությունն է, որով հույս ունի կրճատել Էգեյան ծովով օրը 2 հազար միգրանտների հոսքը և ամրապնդել դիրքերը հայրենիքում: Թուրքիան համաձայնել է, եթե ԵՄ-ն լրացուցիչ ֆինանսավորում հատկացնի (Դավութօղլուն քսան միլիարդ եվրո էր ուզել), անվիզա ելքումուտք Շենգենի գոտի, ԵՄ-ին անդամակցության բանակցությունների արագացում, բացի այդ՝ Եվրոպայում նույնքան սիրիացիների տեղավորում, որքան Թուրքիան կընդունի Հունաստանից:
«Թուրքական կողմի առաջարկը ճեղքում է, եթե իրականացվի,- ասել է Անգելա Մերկելը:- Այս ամբողջ կառույցի հիմնաքարը, որ հիմնավորում է առաջարկը՝ մենք աջակցում ենք և մենք ուզում ենք հնարավորինս շուտ պայմանավորվել»: Հավելեմ, որ Գերմանիան, Ֆրանսիան և Եվրահանձնաժողովը կարծում են, որ վիզաների դյուրացումը չի կարող լինել ի հաշիվ չափանիշների փոփոխության, իսկ դա ենթադրում է բարդ քաղաքական լուծումներ Անկարայի կողմից, մասնավորապես՝ Կիպրոսի և Նիկոսիայի հունակիպրական կառավարության ճանաչում:
Պատկերացնո՞ւմ եք՝ ինչպես կարող է Անկարայի հաղթական կամարը փլուզել Բաշար Ասադը, եթե Սիրիայում ավարտվի քաղաքացիական պատերազմը և սիրիացիները այլևս չցանկանան Եվրոպա գնալ: Իսկ մենք միամտորեն ակնկալում ենք, որ ապրիլին Բունդեստագը կճանաչի ու կդատապարտի ցեղասպանությունը: Թեպետ դա հիանալի լծակ է կանցլերի ձեռքին, որ պարտադրի Էրդողանին կատարել գործարքի իր պարտավորությունները:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1792

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ