«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

ԵՄ-Թուրքիա. Քաղաքականությունը հեռանում է, սուբսիդիաները մնում են

ԵՄ-Թուրքիա. Քաղաքականությունը հեռանում է, սուբսիդիաները մնում են
08.03.2016 | 16:44

Եվրոպական միությունը ոչ քիչ փողեր է տվել Թուրքիային, հատկապես վերջին տասը տարում: Բայց ո՞վ կհիշեցնի դա նախագահ Էրդողանին: Նա կարծում է, որ 3 միլիարդ եվրոն երկու տարում չափազանց քիչ է միգրացիոն հոսքերը կանխելու համար: Վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հետ նրանց երկու անգամ ավելի շատ է պետք: Այլապես՝ խոսելն իմաստ չունի՝ ասել է Ռեջեփ Թայիբ Էրդողանը Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերին: «Մենք ցանկացած պահի կարող ենք բացել Հունաստանի ու Բուլղարիայի հետ սահմանները և փախստականներին ավտոբուսները նստեցնել,- սպառնացել էր նա նոյեմբերի կեսերին Թուրքիայում կայացած հանդիպման ժամանակ,- ի՞նչ եք անելու այդ փախստականների հետ, եթե պայմանագիր չլինի: Կրակելո՞ւ եք»: Մի քանի օրից՝ նոյեմբերի 29-ին Բրյուսելն ու Անկարան պայմանավորվեցին 3 միլիարդի մասին՝ երկու տարում: Փետրվարի սկզբին ԵՄ-ն հաստատեց այդ օգնության սկզբունքը: Սակայն եվրոպացիները գիտեն, որ գուցե հարկադրված լինեն ավելին վճարել:
2007-2020՝ օգնություն 10,5 միլիարդով
ԵՄ-ն առանց այդ էլ Թուրքիային շատ ավելին է տալիս: Չնայած 2003-2014-ին տնտեսական աճի միջին ցուցանիշը Թուրքիայում չորս անգամ ավելի բարձր էր, քան ԵՄ-ում (6 %՝ 1,5 %-ի դիմաց): Բացարձակ առումով Թուրքիան Բրյուսելի վրա շատ ավելի թանկ է նստում, քան որևէ այլ թեկնածու երկիր՝ 10,5 միլիարդ 2007- 2020՝ ընդլայնման աջակցության շրջանակներում: Այդ սուբսիդիաների մի մասը ուղղվում է սահմանային ու միգրացիոն վերահսկողության ապահովմանը: ԵՄ-ն արդեն Թուրքիային 51 միլիոն եվրո է տվել սիրիացի փախստականների համար: Այդպիսի ֆինանսական աջակցությունը պետք է օգնի Թուրքիային դուրս գալ եվրոպական մակարդակի տարածաշրջանային քաղաքականության, մարդկային ռեսուրսների և ընդհանուր գյուղատնտեսական քաղաքականության մեջ: 2007-2020-ին 6 միլիարդ արդեն վճարվել է, իսկ մնացած 4,5-ը կվճարվի չորս տարում:
Խոր կոմա
Բայց ինչո՞ւ ոչ ոք այդ մասին չի խոսում: Ինչո՞ւ ոչ ոք Թուրքիայի նախագահին չի հիշեցնում միլիարդավոր եվրոների մասին, որ Բրյուսելը հատկացրել ու դեռ հատկացնելու է Անկարային: Պարադոքսալ չէ՞ այդ ֆինանսական աջակցությունը, որ մնացել է անփոփոխ, թեպետ անդամակցության բանակցությունները խոր կոմայում են: Առաջվա պես վիթխարի գումարներ են վճարվում, թեպետ ավելի ու ավելի շատ մարդիկ չեն հավատում Թուրքիայի լիարժեք անդամակցությանը ԵՄ-ին ներկա տեսքով: Ֆրանսիայի արտաքին գործերի նախկին նախարար Յուբեր Վեդրինը երբեք այդպես չի համարել և միանգամայն անթաքույց խոսում է այդ մասին, բայց եվրոպական դրամական փոխանցումները իրենց շարքով գնում են: Ռեն համալսարանից ֆրանսիացի քաղաքագետ Կլեր Վիզիեն որոշել է վերլուծել այդ հարցը և հանգել է զարմանալի եզրակացության՝ Թուրքիային ԵՄ ֆինանսական աջակցությունը ենթարկվում է սեփական տրամաբանությանը և բացարձակապես անկախ է քաղաքականությունից, ոչ մի կապ չունի Անկարայի անդամակցության բանակցությունների հետ: «Ես իրոք ապշած էի՝ տեսնելով երկու, միմյանցից մեկուսացած աշխարհ՝ ֆինանսական համագործակցության և դիվանագիտական բանակցությունների աշխարհները: Մեկը մյուսի հետ ոչ մի կերպ չի գործակցում: Ֆինանսական նախագծերով զբաղվող թուրք ու եվրոպացի պաշտոնական անձինք երբեմն նույնիսկ տեղյակ չեն՝ որ հոդվածներն են բաց բանակցությունների համար և չգիտեն դրանց քաղաքական չափանիշները»:
Օրինակ, մի շարք ոլորտներում ԵՄ օգնության բացակայության պատճառը բնավ էլ վետոն չէ մի քանի գլուխների վրա, նույնը վերաբերում է այն գլուխներին, որ Թուրքիան չի ցանկանում քննարկել (տրանսպորտ, մարդու իրավունքներ և այլն): Ակտիվ ֆինանսական կապերն այս ու այն ոլորտներում բնավ չեն նշանակում բանակցությունների համար բաց լինել: 2013-ին միայն 23 % ֆինանսավորում է ուղղվել այն նախագծերին, որոնք առնչվել են անդամակցության բանակցությունների գերակա ուղղություններին:
Վարչական ռենտա
ԵՄ-ում շատ են խոսում քաղաքացիական հասարակությանը աջակցելու ձգտումի մասին: Բայց նրանց հատկացված գումարները հաճախ փոխանցվում են պետությանը և մի քանի նախարարությունների, որոնք մենաշնորհ ունեն նախագծերի մշակման մեջ: ՈՒթ նախարարություններ ստանում են եվրոպական օգնության 82 %-ը, մինչդեռ քաղաքացիական հասարակության կազմակերպությունները ստանում են չնչին փշրանքներ: Բայց կա ավելին: «Թուրքիան գումարներ է ստանում՝ անկախ բարենորոգումների ու ժողովրդավարության ուղղությամբ գործադրած ջանքերի»՝ հիշեցնում է Կլեր Վիզիեն: Մի քանի տարի առաջ Դիարբեքիրի նախկին քաղաքապետը (քուրդ) ցույց տվեց, որ օգնությունը համարյա չի հասնում ամենաաղքատ ու կարիքավոր նահանգներին: Չի՞ ստացվում, որ եվրոպական ֆինանսները օգնում են միայն իսլամական-պահպանողական «Արդարացում և զարգացում» կուսակցությանը, որ ամրապնդվում է իր ազգայնականության և ավտորիտարիզմի մեջ: «Ոչ, բոլորովին այդպես չէ,-պատասխանում է փորձագետը:-Նախ և առաջ գոյություն ունի եվրոպական կոշտ վերահսկողություն՝ և նախագծերի նախնական որոշարկման ընթացքում, և միջոցների հետագա հատկացման: Իմ ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ, օրինակ, քաղաքացիական հասարակության ոլորտում գումարները չեն ուղղվում բացառապես ԱԶԿ-ի կողմնակիցներին: Անկասկած, կան վարչական ռենտաներ, որոշ նախարարություններ զբաղվում են ծանր ու չափազանց թանկ նախագծերով»: Բայց քանի որ կառավարությունը իրավական պետության հիմքերը չի պաշտպանում և չի կատարում կոպենհագենյան չափանիշները (թեկնածու երկրի գլխավոր պայմանը), ինչո՞ւ է ԵՄ-ն շարունակում նրան գումարներ փոխանցել: Ի վերջո, 1980-ի ռազմական հեղաշրջումից հետո Եվրոպան դադարեցրել է Թուրքիային Եվրոպական ներդրումային բանկի միջոցով փոխառություններ տալը: Այդ միջոցները ապասառեցրել են միայն 1999-ի Հելսինկիի սամմիթում, երբ Անկարան հայտարարվեց ԵՄ-ի անդամության թեկնածու:
Վերջին լծակը
Հնարավոր չէ՞ այսօր այդ օգնությունն օգտագործել իբրև ճնշման լծակ: Չի՞ կարող ԵՄ-ն արգելել Թուրքիայի մասնակցությունը ընդհանուր քաղաքական ծրագրերին, օրինակ, «Էրազմուսին», որով Անկարան այդքան հպարտանում է: Կամ՝ դադարեցնել ֆինանսական օգնության մի մասը: «Իհարկե, Թուրքիայի վրա հնարավոր է ճնշում գործադրել ֆինանսական ծրագրերի դադարեցումով, բայց մեր հանձնաժողովը երևակայության սուր պակաս ունի և ամեն ինչ թողնում է ինքնահոսի ու ծաղրի առարկա է դարձնում իրեն»՝ ասում է Եվրահանձնաժողովի նախկին բարձրաստիճան պաշտոնյան: Եթե ԵՄ-ն դադարեցնի ֆինանսավորումը, կկորցնի ոչ մեծ, բայց միակ լծակը Թուրքիայի վարչական ու հասարակական միջավայրի վրա՝ կարծում է Կլեր Վիզիեն: «Թուրքիայում կան նախարարներ, որ ուզում են բարենորոգումներ անել, առաջ գնալ, նրանց հետ հնարավոր է աշխատել»՝ ասում են եվրոպական հանձնաժողովներից մեկի քարտուղարությունում: Կլեր Վիզիեն ևս մեկ բացահայտում է արել՝ եվրոպական ֆինանսական աջակցությամբ Թուրքիայում զարգացել է տեխնոկրատ մի խավ, որ ամուր կապեր է պահպանում խոշոր կոնսալտինգային ընկերությունների հետ: Եթե Բրյուսելը Թուրքիայի դեմ տնտեսական զենք գործադրի, նրանք կմնան առանց աշխատանքի: «Եթե ԵՄ-ն դադարեցնի ֆինանսավորումը, կկորցնի իր ներդրումների վերադարձելիությունը, որովհետև Թուրքիային տրամադրված գումարների մեծ մասը վերադառնում է Եվրոպա, քանի որ ֆինանսավորվում են եվրոպական փորձագետները և նրանց աշխատանքը Եվրոպայի շտաբ-բնակարանների հետ»՝ բացատրում է ֆրանսիացի փորձագետը:
Կարևոր գործընկեր
Փաստը, որ Եվրոպան օգնության ծրագրերի բյուջեի համարա կեսը (48,2 %-ը 2013-ին) հատկացնում է միայն Թուրքիային, բնավ էլ նրա՝ ԵՄ անդամակցության նկատմամբ հավատին չի առնչվում, այլ Թուրքիայում բարեփոխումներ անելուն, ժողովրդավարացմանը, «եվրոպական արժեքներին համապատասխանեցմանը» առավել սերտ կապերին մի միության հետ, որի անդամը երբեք չի դառնալու: Հենց այդ պատճառով Բրյուսելը ձգտում է Անկարայի վրա ճնշում գործադրել քաղաքական բանակցություններով, այս ու այն գլուխների կամ հոդվածների բացումով ու փակումով, բայց երբեք չի սպառնում ֆինանսավորման դադարեցումով: Ֆինանսական աջակցությունն ապրում է իր կյանքով՝ երբեք չհատվելով քաղաքականության հետ: Ֆինանսական զենքը գործադրելը և օգնության կրճատումը կնշանակեր բնակչությանն իր դեմ տրամադրել և նախագահ Էրդողանին պատրվակ տալ՝ վերսկսելու իր հակաարևմտական արշավը: Բրյուսելը և եվրոպական մի քանի մայրաքաղաքներ հիմա առավել քան վստահ են, որ «Թուրքիան կարևորագույն ռազմավարական գործընկեր է ԵՄ-ի համար, ում այդ համագործակցությունը պետք է՝ հակազդելու սիրիական պատերազմի ողբերգական հետևանքներին Եվրոպայի համար»: Ամենայն հավանականությամբ, այդ նպատակի համար ցանկացած գին կարելի է վճարել:
Արիան ԲՈՆԶՈՆ, Slate.fr, Ֆրանսիա


Հ.Գ. Երեկ ընդհատված ԵՄ-Թուրքիա վերջին գագաթնաժողովը ցույց տվեց, որ Անկարան հիանալի հասկանում է ԵՄ խաղի բոլոր նրբությունները, և ոչ թե երեք միլիարդով է պատրաստվում բավարարվել, այլ քսան միլիարդ եվրո է պահանջում Բրյուսելից՝ փախստականների հոսքը ԵՄ կասեցնելու և մի մասին էլ հետ ընդունելու համար: Պատրա՞ստ է ԵՄ-ն այդ գինը վճարել, առայժմ գագաթնաժողովը հետաձգվեց մինչև մարտի 17-18-ը: Եթե նույնիսկ Բրյուսելը գտնի այդքան գումար, ակնհայտ է, որ Անկարան ինչ-որ քսան միլիարդի վրա կանգ չի առնի և կշարունակի «ազնիվ ավազակի» իր կողոպուտը, քանի դեռ ԵՄ-ն և Արևմուտքը պայքարում են միգրանտների հոսքի հետևանքների, ոչ թե պատճառների դեմ: Փաստորեն՝ գտնված է ինքնատիպ «ստատուս քվո»՝ Թուրքիան ֆինանսավորվում է ու չի բարեփոխվում, Բրյուսելը ֆինանսավորում է ու համաձայն է, որ Անկարան ավելի վատը չդառնա:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1406

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ