«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Zaman: Թուրքիան վտանգի մեջ է

Zaman: Թուրքիան վտանգի մեջ է
06.03.2016 | 18:11

Մենք ապրում ենք ամենամռայլ ու մութ օրերը՝ մամուլի ազատության առումով, որը ժողովրդավարության և օրենքի գերակայության հիմնական չափանիշն է: Մտավորականները, բիզնեսմենները, հայտնի մարդիկ, հասարակական կազմակերպությունների անդամները, զանգվածային լրատվամիջոցներն ու լրագրողները ենթարկվում են հալածանքների, սպառնալիքների, շանտաժի: Կառավարության ձեռնարկած բոլոր բռնաճնշումներն ունեն մեկ առաքելություն՝ նրանց ստիպել, որ լռեն: Մենք հասել ենք նրանց ճնշումների վերջին փուլին, ովքեր համառորեն անկախություն են պահպանում իրենց հրապարակումներում: Լրագրողները հիմա ավելի հաճախ լինում են դատարաններում, քան իրենց խմբագրություններում: Լրագրողների մեծ մասը, որ ձերբակալվել է, մնում է բանտերում: Cumhuriyet-ի գլխավոր խմբագիր Ջան Դունդարը և Անկարայում թերթի ներկայացուցիչ Էրդեմ Գյուլը այդ բռնաճնշումների վերջին զոհերն էին: Երեք ամիս բանտում անցկացնելուց հետո նրանք ազատ արձակվեցին Սահմանադրական դատարանի վճռով: Այնուամենայնիվ, վատ կանխազգացում կա, որ նրանք, ովքեր շարունակում են ժողովրդավարության համար պայքարը, աստիճանաբար կորցնում են ոտքի տակի հողը: Երբ նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հայտարարեց, որ չի հարգում Գերագույն դատարանի վերջերս կայացրած վճիռը և չի ենթարկվի, դատարանները հայտնվեցին ուժեղ ու խաչաձև կրակի տակ: «Նրանք նորից են ձերբակալվելու»՝ միմյանց են կրկնում իշխանամերձ կուլուարներում:

Երկու հեռուստաալիքներ, որ քաղաքական սպեկտրի հակադիր ծայրերում են՝ Bengütürk-ը և IMC ТВ-ն, վերջերս անջատվեցին արբանյակային հեռարձակման պետական Türksat համակարգից: Ինչպես ժամանակին անջատվել էին Samanyolu-ի և İpek Media-ի հեռուստաալիքները: Իշխանություններն այդ արդյունավետ քայլը քանիցս օգտագործել են, որ ստիպեն լռել տասնյակ ընդդիմադիր տրամադրված հեռուստաալիքների: Ընդդիմադիր ԶԼՄ-ներին լռեցնելու կառավարության երկրորդ միջոցը իր վստահված անձանց նշանակումն է մեդիա խմբերի հոգաբարձուների խորհրդում: 2015-ի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների նախօրեին կառավարության որոշումով արտաքին վարչակազմ նշանակվեց Bugün TВ և Kanaltürk հեռուստաալիքներում, որ այդ պահին Թուրքիայի սակավաթիվ անկախ ԶԼՄ-ներից էին: Հոգաբարձուների ջանքերով երկու թերթերն ու երկու հեռուստաալիքները մի քանի օր առաջ սնանկացան:
Մինչդեռ ազգային բոլոր օրենքները, ներառյալ Թուրքիայի Հանրապետության Սահմանադրությունը և կատարման համար պարտադիր միջազգային պայմանագրերը, մամուլի ազատության և տեղեկատվություն ստանալու իրավունքի բազմակողմանի երաշխիքներ են տրամադրում: Սահմանադրության 26-րդ հոդվածը երաշխավորում է խոսքի և մտքի ազատությունը, 28-րդ և 30-րդ հոդվածներում հռչակվում է մամուլի ազատության պաշտպանությունը՝ երկու հոդվածներն էլ ծայրահեղ պարզ են: «Հրատարակչությունը և նրա մասնաճյուղերը, օրենքով սահմանված կարգով հաստատված իբրև տպագիր ձեռնարկություններ, նաև տպագրական սարքերը չեն կարող վերցվել, առգրավվել կամ անջատվել այն հիմքով, որ օգտագործվել են անօրինական նպատակներով»՝ նշում է 30-րդ հոդվածը, որ նաև երաշխավորում է ձեռնարկության գործունեության ազատությունը և ներդրումների անձեռնմխելիությունը: Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածը իրավականորեն պարտադիր է Թուրքիայի դատարանների համար: Թուրքիայի առավել տարածված տպագիր հրատարակություններից մեկը՝ Zaman թերթը և նրա մասնաճյուղ Today's Zaman-ը արդեն երկու տարի լուրջ քաղաքական ճնշումների տակ են՝ արգելվում է լրագրողների հավատարմագրումը, հարկային տեսուչները հաճախացրել են այցերը, միջամտում են գովազդատուների և հրատարակչության հարաբերություններին, մշտական սպառնալիքներ են հնչում ընթերցողների հասցեին: Արտաքին վարչակազմի նշանակման հետևանքով մեր պարբերականը փակման սպառնալիք տակ է: Մենք խորապես անհանգստացած ենք այս իրադարձություններից, որ խարխլում են ժողովրդավարության սկզբունքները Թուրքիայում և կարծում ենք, որ մղձավանջի մթնոլորտից միակ ելքը վերադարձն է ժողովրդավարության և օրենքի գերակայության սկզբունքների պահպանությանը: Մենք մեր պարտքն ենք համարում մեր տագնապների մասին տեղեկացնել Թուրքիայի ժողովրդին, մտավորականներին, որ հավատում են ժողովրդավարությանը և համաշխարհային հանրությանը:
«Ջիհան» լրատվական գործակալություն, REGNUM


Հ.Գ. Zaman-ի խմբագրության գրոհի՝ արցունքաբեր գազի, մահակների օգտագործմամբ, ցուցարարաների ձերբակալությունների կադրերը պտտվեցին ամբողջ աշխարհում, Մոսկվայից ու Վաշինգտոնին Անկարային ժողովրդավարության նորմերի պահպանման և ազատ խոսքի բռնաճնշումները դադարեցնելու կոչեր հնչեցին, բայց Ռեջեփ Թայիբ Էրդողանը վստահորեն գնում է դեպի բռնապետության հաստատում՝ օգտագործելով փաստը, որ ԵՄ-ն ունի իր կարիքը՝ կասեցնելու միգրանտների ներհոսքը Եվրոպա, որ ինքը՝ Թուրքիան էլ հարուցում է՝ ստանալով միլիարդներ ԵՄ-ից: Էրդողանի վերջին գյուտը Սիրիայի տարածքում միգրանտների համար քաղաք կառուցելն է: Առաջին հայացքից միանգամայն մարդասիրական ու խելամիտ որոշում, որ, սակայն, Թուրքիային հնարավորություն է տալու պահպանել ու խորացնել իր ներգործությունը սիրիական իրադարձությունների վրա:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1344

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ