«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Թուրքիայի արտաքին քաղաքական դիլեմաները

Թուրքիայի արտաքին քաղաքական դիլեմաները
05.03.2016 | 00:43

Թուրքիայի արտաքին քաղաքականությունը վերջին յոթ տարիներին լուրջ խնդիրներ է ստեղծել Իսրայելի, Իրաքի, Եգիպտոսի, Սիրիայի, Իրանի, Ռուսաստանի ու ԱՄՆ-ի հետ հարաբերություններում: Ինչպես ասում են՝ նույնիսկ խուլ սուլթանը դա լսել է: Քանի որ ենթադրաբար կան մարդիկ լսողության մեծ խախտումներով, ավելորդ չի լինի նորից կրկնել: Հասկանալու անընդունակության համար՝ ինչպես այդ ամենը կանդրադառնա աշխարհի հետ Թուրքիայի հարաբերությունների վրա, լսողության հետ կապ չունեցող այլ օրգաններն են պատասխանատու:
Ռուսական ինքնաթիռի ոչնչացումը 2015-ի նոյեմբերի 24-ին այնքան բացասաբար անդրադարձավ Թուրքիայի ու Ռուսաստանի հարաբերությունների վրա, որ համարյա անհնար է վերականգնելը: Փուլը, որին մենք մոտեցել էինք 2004-ից զգուշորեն արվող քայլերով, որ նման էին ասեղով ջրհոր փորելուն, ստեղծել էր գուցե երկու երկրների պատմության մեջ աննախադեպ մթնոլորտ: Ապրանքաշրջանառությունը հասել էր 30 միլիարդ դոլարի, Ռուսաստանից Թուրքիա տարեկան չորս միլիոն զբոսաշրջիկ էր գալիս: Ռուսաստանը Թուրքիայի տնտեսական կարևոր գործընկեր էր: Թեպետ մեր էներգետիկ կախումը որոշ անհամաչափություն էր ստեղծում հարաբերություններում, Թուրքիան շանս ուներ հարթել անհամաչափությունը, դիվերսիֆիկացնել էներգառեսուրսների մատակարարման աղբյուրները՝ առանց հարաբերություններում լարում ստեղծելու: Այսօր բոլոր հաշվարկները 180 աստիճանով շրջվել են՝ դրական բևեռից բացասական: Ասեղով փորած ջրհորը բուլդոզերով լցվեց: Ակնհայտ է, որ Թուրքիայի ու Ռուսաստանի հարաբերությունները նախկին մակարդակին վերադարձնելու համար երկու կողմերն էլ պետք է ջանքեր գործադրեն, բայց Թուրքիայի կորուստները շատ ավելին են: Ավելին՝ իրավիճակը բացասաբար է ազդում (և ավելի է ազդելու) Թուրքիայի և այլ երկրների հարաբերությունների վրա՝ նախկին ԽՍՀՄ-ի անկախ հանրապետությունների եվրասիական տարածքում: Ռուսաստանի հետ հարաբերություններում իրադարձությունների զարգացումն արտաքուստ ընկալվում է իբրև երկկողմ ճգնաժամ, որ սիրիական պլատֆորմի վրա երկրներին հանգեցնում է ավելի մեծ լարվածության: Հիմա Ռուսաստանը Թուրքիային համարում է թշնամի, ում դեմ պետք է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում բանաձևի նախագիծ առաջարկել: Ռուսաստանը Սիրիայի քաոսի գլխավոր մեղավոր է համարում Թուրքիային՝ մեղադրելով անօրինական գործողությունների մեջ, փորձելով պսակազերծել Թուրքիայի իմիջը համաշխարհային հանրության աչքում: Իրադարձությունների այս զարգացումը ուրախացնում է բոլոր նրանց, ովքեր հույսեր ունեն, որ Թուրքիայի ու իր ավանդական դաշնակիցների վաղուց սառած հարաբերությունները նորից կջերմանան և Թուրքիան նորից ներդաշնակության կհասնի ՆԱՏՕ-ի ու ԵՄ-ի հետ հարաբերություններում: Երբ մարտերը դադարեն, արևելյան Միջերկրածովյան տարածքում իրավիճակը կարող է փոխարինվել նոր տարածաշրջանային հավասարակշռությամբ և վերափոխվել տարածաշրջանային սառը պատերազմի: Դա կարող է Թուրքիան դարձնել լարվածության կենտրոն, բայց այդ իրավիճակում ՆԱՏՕ-ին անդամությունը հերթական անգամ ցույց կտա՝ ինչքան կարևոր ու անփոխարինելի ռազմավարական վիճակ ունի Թուրքիան: Բացի այդ՝ սիրիացի փախստականների թեման նպաստեց ԵՄ-ի հետ Թուրքիայի հարաբերությունների վերակենդանացմանը և գործերը, կարծես, ստացվում են: Բայց Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարարի խոսքերը, որ ՆԱՏՕ-ի երազանքը չէ Ռուսաստանի հետ կոնֆլիկտի մեջ ներքաշվել ռուս-թուրքական հարաբերությունների լարման դեպքում, ստիպում են երկնքից երկիր իջնել: Անկասկած, դա ժամանակակից վարկածն է 1964-ի ու «Ջոնսոնի նամակի» միջադեպի: Այն ժամանակ ԱՄՆ նախագահը անհանգստություն էր հայտնում, որ Թուրքիայի ներխուժումը Կիպրոս կարող է հանգեցնել թուրք-հունական պատերազմի: Ենթադրվում էր, որ այդ պատերազմին կմիջամտի ԽՍՀՄ-ը, իսկ այդ դեպքում ՆԱՏՕ-ն կտատանվի Թուրքիային աջակցության հարցում: Ակնհայտ է՝ Թուրքիայի վերջին տարիների ինքնասածի արտաքին քաղաքականությունը նաև դաշնակիցների կասկածներն է հարուցել: Նախ և առաջ՝ ԱՄՆ-ի: Թուրքիայի և ԱՄՆ-ի բարձր մակարդակով երկկողմ բոլոր բանակցությունները գործնականում հանգում են նույն արդյունքին՝ կողմերը համաձայնեցին, որ միջազգային կարևոր հարցերում ունեն տարակարծություններ: Դաշնակիցները ունենո՞ւմ են տարակարծություններ: Իհարկե: Բայց հարաբերությունների հուսալիության տեսակետից մեկ միության շրջանակներում դաշնակիցները պատասխանատվություն են կրում այդ տարակարծությունները հաղթահարելու համար: Իսկ ձևացնել, որ ամեն ինչ լավ է, նշանակում է խարխլել փոխադարձ վստահությունը և հարվածել հուսալիությանն ու կանխատեսելիությանը հարաբերություններում: Այդ ամենն ավարտվում է հայտարարություններով, որոնցում կողմերը տարբեր մեկնաբանություններ են տալիս նույն բանակցությունների բովանդակությանը: Գլխավոր փոփոխությունը, որ 50 տարում եղել է նախագահ Ջոնսոնից մինչև նախագահ Օբամա, նույն կասկածների դրսևորման տարբեր միջոցներն են: Նշանակում է՝ ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների բարելավման շրջադարձի որոնումները դժվարանում են Ռուսաստանի հետ վատացած հարաբերությունների պատճառով: Պատճառը մեկն է. հուսալիության ու կանխատեսելիության վարկանիշում Թուրքիայի միավորներն այնքան բարձր չեն, որքան առաջ: Մենք դա կհասկանայինք, եթե Moody’s-ի, Fitch-ի, Standard and Poor’s-ի վարկանիշներով չափվեր և արտաքին քաղաքականության հուսալիության ու կանխատեսելիության վարկանիշը:
Ինչպե՞ս են մի կողմից Ռուսաստանի, մյուս կողմից ԱՄՆ-ի ու արևմտյան դաշնակիցների հետ լարված հարաբերությունների շրջանում ձևավորվում երկկողմ հարաբերությունները տարածաշրջանային հարևանների հետ: Իսրայելն ու Եգիպտոսը հաշվից դուրս են, նրանց հետ մեր հարաբերությունների կարգավորման մեջ շատ ավելի կարևոր են նորմալ արտաքին քաղաքական կոդերից ու գործողություններից դուրս գործոնները: Բայց կգա օրը, երբ սիրիական կոնֆլիկտը նոր փուլ կմտնի: Կարո՞ղ են Թուրքիայի հարաբերությունները նոր Սիրիայի նոր կառավարության հետ վերադառնալ 2010-ի մակարդակին հուսալիության ու կանխատեսելիության տեսակետից: Հատկապես այն պայմաններում, երբ ամբողջ աշխարհը հայտարարում է, որ պատրաստ է աշխատել կառավարության հետ, ում կընտրի սիրացի ժողովուրդը, ինչի՞ կհանգեցնի մեր աներեր դիրքորոշումը՝ «սա չի կարելի, սա էլ չի կարելի, սա ընդհանրապես անհնար է» բանաձևով: Բացի այդ՝ Իրանի վերադարձը միջազգային ասպարեզ փոքր, բայց հաստատուն քայլերով, քրդական հարցը և արտասահմանում ապրող քրդական համայնքների հետ մեր հարաբերությունների թեման նոր պրոբլեմներ են հավելում Թուրքիայի արտաքին քաղաքականության դիլեմաներին: Իսկ այդ դիլեմաները գլորվող ձնագնդի պես մեծանում են: Մեր պարտքն է այդ մասին ասելը:
ՈՒնալ ՉԵՎԻԿՅՈԶ, Radikal, Թուրքիա


Հ.Գ. Իսկ ո՞րն է մեր պարտքը: Անհուսալի ու անկանխատեսելի՞ է Թուրքիան, թե՞ այդպիսին են դարձնում հանգամանքները, որ Անկարայից կախված չեն: Թուրքիա-Ադրբեջան տանդեմը կարո՞ղ է խզվել՝ հանգամանքների ճնշման տակ, թե՞ ավելի է սերտանալու: Դատելով եվրապաշտոնյաների այցերից Բաքու, նաև այդ դիլեման է քննարկման թեմա: Իսկ ԱՄՆ-ի Կոնգրեսը շատ ավելի արմատական է տրամադրված: Գրեթե բացառված են միմյանց համար միջնորդության տարբերակները: Սկսվում է յուրաքանչյուրն ինքն է իրեն խեղդվելիս փրկում փուլը: Ինչպե՞ս: Առաջիկայում Իլհամ Ալիևը մեկնելու է ԱՄՆ, մի երկընտրանք կարելի է հաշվից հանել, եթե Ալիև-Օբամա հանդիպում չլինի: Եթե հանդիպեն, ուրեմն երկընտրանքները շարունակվում են: Իսկ մինչ այդ Թուրքիային մնում է ապակայունացնել վիճակը Սիրիայում ու ձերբազատվել քրդերի հարցից:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1290

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ