«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

ՈՒմ կվերցնի Սերժ Սարգսյանն իր ապագա թիմում

ՈՒմ կվերցնի Սերժ Սարգսյանն  իր ապագա թիմում
19.02.2016 | 08:28

Շատերի համար անակնկալ էր ներքաղաքական թոհուբոհում, երբ բոլորը սպասում էին ՀՅԴ-ՀՀԿ համագործակցության մասին պաշտոնական հայտարարությանը և, ինչն ավելի ինտրիգային է, կադրային նշանակումներին, տեղի ունեցավ մի միջոցառում, որը, ըստ էության, կուսակցական ակտիվի հավաք էր հիշեցնում։ Դաշնակցական վերնախավի հերթական սիրավեպը հանգուցալուծման բերելով՝ Սերժ Սարգսյանը չինովնիկական ապարատի վերնախավին հավաքել էր, որպեսզի հանդես գար արդեն ծրագրային ելույթով։ Ընդ որում, տպավորությունն այնպիսին էր, թե չինովնիկական վերնախավի մեծ մասը որևէ պատկերացում չուներ՝ ինչու են այդ երեկո իրենց հավաքել Բաղրամյան 26-ում։
Եվ իրոք, ինչո՞ւ է Սերժ Սարգսյանը որոշել հանկարծ ծրագրային կոնցեպտուալ ելույթով հանդես գալ հենց այս պահին, երբ ՀՀԿ-ականների գերակշիռ մասը դեռ չէր մարսել իշխանության մի մասը դաշնակցական նոմենկլատուրայի հետ կիսելու «գույժը»: Ընթերցված տեքստից հստակ երևաց, որ ՀՀ նախագահը սկսել է շտապել։ Եվ այդ շտապողականությունը պայմանավորված է ոչ միայն 2017 թ. խորհրդարանական ընտրությունների մոտենալով, ինչն ինքնին կարևոր գործոն է, այլև աշխարհում, հատկապես մեր տարածաշրջանում ստեղծված գեոքաղաքական բավականին բարդ կացությամբ։ Սերժ Սարգսյանը՝ որպես ի պաշտոնե երկրում ամենաինֆորմացված մարդկանցից մեկը, հասկանում է, որ շատ շուտով ինչ-ինչ սցենարների պարագայում գուցե պահանջվի դիտորդի իր չեզոք կարգավիճակից անցնել ավելի ակտիվ դիրքորոշումների, իսկ գուցե նաև գործողությունների։ Եվ ամենից խնդրահարույցը թերևս այն է, որ դա կարող է պայմանավորված լինել ոչ թե Հայաստանի իշխանությունների ցանկությամբ, այլ առաջին հերթին տարբեր աշխարհաքաղաքական կենտրոնների պահանջներով, որոնք կարող են դրվել մեր երկրի առջև։
Սերժ Սարգսյանը շատ լավ հասկանում է, որ պետության մեջ եղած արդյունավետության, կառավարելիության, կարգապահության մակարդակով ու ամենակարևորը՝ հասարակության կոնսոլիդացիայի բացարձակ բացակայության պայմաններում Հայաստանն իրականում պատրաստ չէ ստանձնելու պահանջված դերը։ Եվ կարող են բավականին բարդ խնդիրներ առաջանալ թե՛ երկրի, թե՛ իշխանության առջև։ Աշխարհաքաղաքական կենտրոնները՝ հիմնականում ՌԴ-ն և Արևմուտքը, որոնք կարծես թե «բարեհաճ» կոնսենսուսի են եկել ՀՀ այսօրվա իշխանությունների շուրջ, կարող են նաև, հիասթափվելով վերջիններիս անգործությունից կամ անկարողությունից, հենց իրենք էլ խաչ քաշել նրանց վրա ու ինչպես նման դեպքերում ընդունված է ասել՝ ստրատեգիապես «դուրս գրել»։
Այս հանգամանքներում Սերժ Սարգսյանը շտապեց նախ և առաջ դեռևս ՀՅԴ-ի հետ համագործակցելու հեռանկարից ուշքի չեկած «գործընկերներին» և արդեն հետսերժսարգսյանական դարաշրջանում իրենց պատկերացնողներին ավելի քան թափանցիկ ավետել, որ գործող նախագահը պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո ակտիվ քաղաքականության մեջ մնացող ֆիգուր է։ Սա մնացող քաղաքական առաջնորդի, երկրի ղեկավարի ելույթ էր։ Եթե ոմանց մոտ տարեվերջյան հայտնի մամուլի ասուլիսից հետո դեռ մնացել էին որոշակի կասկածներ Սերժ Սարգսյանի քաղաքական հեռանկարի մասին, ապա այժմ չինովնիկական ապարատը, որը, ըստ որոշ ինֆորմացիաների, այնուամենայնիվ, կասկածում էր, վերջնականապես հասկացավ ու համոզվեց, որ ՀՀ նախագահը ամենևին էլ չի պատրաստվում անցնելու թոշակի։ Սա ամենակարևոր մեսիջն էր ոչ միայն հայաստանյան ապարատի, այլև շահագրգիռ աշխարհաքաղաքական կենտրոնների համար։ Սերժ Սարգսյանը հասկացրեց, որ ինքը որոշել է ոչ թե ստվերային, այլ ուղղակի կառավարում իրականացնել։ Իսկ թե ինչ պաշտոնի միջոցով` զուտ տեխնիկական հարց է։
Երկրորդ կարևորագույն հաղորդագրությունն այն էր, որ ելնելով վերոնշյալ երկու հիմնական խնդիրներից՝ Սերժ Սարգսյանը գրեթե չքողարկված հայտարարեց, որ առկա քաղաքական և տնտեսական, այսպես կոչված, էլիտայով և նրան սպասարկող ապարատով (գոնե նրա մի մասով) մտադիր չէ շարունակել իշխանավարելը։ ՈՒղղակիորեն ասվեց, որ Հայաստանում ձևավորվել է մի չինովնիկական խավ, որը չի ուզում ստանձնել որևէ պատասխանատվություն և գործ անել, ուզում է միայն փող աշխատել՝ անձնական շահագրգռվածությունից ելնելով, ամեն ինչ, այսպես ասած, բարդելով «վերևների» վրա։ Սերժ Սարգսյանը հասկացրեց, որ նման խմբի հետ այլևս ցանկություն չունի շարունակելու ճանապարհը և ապագա իշխանությունը կապելու վերջիններիս հետ։ Ըստ էության, նոր նշաձող դրվեց այդ ապարատի համար։ Երկրի ղեկավարն իրեն հատուկ ոճով՝ փափուկ բարձ դնելով, ասաց, որ փոփոխություններ լինելու են, սակայն ոչ հեղափոխական ճանապարհով։ Նախագահն ակնարկեց նաև, թե ովքեր են գալու, միևնույն ժամանակ հիասթափեցրեց իրենց «ստատուսից» գոհ վերնախավի ներկայացուցիչներին։ Փաստացի ասվեց, որ փոխարինելու է գալիս երիտասարդ թևը. «Մենք՝ պետությունը, հասարակությունը և ընտանիքը, պետք է սովորենք գտնել, մեծացնել, դաստիարակել և պաշտպանել այդպիսի մարդկանց, ոչ թե շահարկենք երիտասարդ ու շնորհալի կադրերի առաջընթացը»: ՈՒ քանի որ այդ ամեն ինչն ասվում էր այդ օրերին արդեն իրագործված կադրային փոփոխությունների ֆոնին, մասնավորապես, երբ ԱԱԾ տնօրեն նշանակվեց նոր սերնդի, նախագահի անմիջական շրջապատից դուրս եկած երիտասարդ կադրը՝ Գեորգի Կուտոյանը, շատերը հասկացան, որ այդ գործընթացն իրոք մեկնարկել է։ Եթե դրան գումարենք, որ մարդու իրավունքների պաշտպան նույնպես նշանակվում է երիտասարդ թիմի ներկայացուցիչ Արման Թաթոյանը, ապա պետք է նկատել, որ թեև Սերժ Սարգսյանը հեղափոխություն չի խոստանում, այնուամենայնիվ, իր գործն անում է։
Հետաքրքիր է, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսում ստացած Գեորգի Կուտոյանին ԱԱԾ աշխատակազմին ներկայացնելիս Սերժ Սարգսյանն առանձնապես շեշտը դրեց կոռուպցիայի դեմ պայքարի վրա. «Ձեր առաջնային խնդիրներից մեկը լինելու է պետության ներքին անվտանգության ապահովումը, մասնավորապես՝ մի կողմից կոռուպցիոն երևույթների դեմ ավելի սուր պայքարը, մյուս կողմից՝ կանխարգելումը: Դուք պետք է պատրաստ լինեք ստանձնելու այդ պատասխանատվությունը»:
Իսկ սա արդեն հետաքրքիր նյուանս է, եթե հաշվի առնենք՝ ինչ հետևողականությամբ են ԱՄՆ-ի պաշտոնական ներկայացուցիչներն իրենց հայաստանյան գործընկերներից պահանջում կոռուպցիայի դեմն առնել և նույնիսկ վերջերս ֆինանսավորել իրենց հետ կապված ֆինանսական կազմակերպությունների միջոցով հակակոռուպցիոն ծրագրերը: Նկատենք, որ կոռուպցիայի դեմ պայքարով են ամերիկացիները պայմանավորում դեպի Հայաստան ներդրողների և այլ ֆինանսական աջակցությունների ապահովումը: Այսպիսով, Սերժ Սարգսյանը մի կողմից` ի լուր ամբողջ աշխարհի և իհարկե ԱՄՆ-ի հեռուստաէկրաններից «թարմացված» ԱԱԾ-ին է հանձնարարում կոռուպցիայի դեմ պայքարելու «սուրբ գործը» (ի դեպ, զուգահեռաբար կամ ի հակակշիռ վարչապետի գլխավորած հակակոռուպցիոն մարմնի): Մյուս կողմից, փաստորեն, կոռուպցիայի դեմ պայքարով երկրի ղեկավարը քարտ բլանշ է տալիս երիտասարդներին։
Հակակոռուպցիոն պայքարը լավ առիթ է, որպեսզի հող նախապատրաստվի անցանկալի հնաբնակներից կամ այլ կլաններից ազատվելու համար։ Ակնհայտ է, որ երիտասարդների ձեռքում հայտնվում է բավականին լուրջ զենք՝ ուժային կառույց։ Եթե մինչ այժմ երիտթևը ներկայացնողների տիրապետության տակ էին մասմեդիան, ինչ-որ չափով՝ արտաքին քաղաքական ասպարեզը, ինչու չէ, նաև բավականին լուրջ ֆինանսական կարողություններ, հիմա արդեն՝ կարևոր ուժային լծակներից մեկը։ Բավականին հզոր լծակ, որ որոշ սցենարների իրագործման պարագայում կարող է դերակատարում ունենալ նաև ներքին վերադասավորումների համար։
Նշմարվող այս զարգացումների պարագայում զարմանալի չէ, որ Սերժ Սարգսյանը ոչ մեկին երաշխիք չտվեց։ Դահլիճում նստած իր թիմակիցներին նա ասաց, թե որևէ քաղաքական թիմ կամ անձ իր երաշխավորված տեղը չունի ապագա խորհրդարանում։ Այդ օրը, փաստորեն, նա բարձրաձայնեց խաղի նոր կանոնների մասին՝ ակնարկելով, որ ներկաներից շատերը գուցե նաև մոտ ապագայում այդ թիմի մեջ չլինեն։ ՈՒ թեև նշեց, որ այս պահին պետք չէ զբաղվել նախընտրական արշավով, սակայն իր ելույթով գրեթե պաշտոնապես ազդարարեց նախընտրական պայքարի սկիզբը, ընդ որում, նախընտրական պայքարի սկիզբ՝ իշխանական էլիտայի ներսում։ Բոլորի համար դրվեց նոր նշաձող, և դրան համապատասխանելու դեպքում թիմակիցները կշարունակեն իրենց ճանապարհը Սերժ Սարգսյանի հետ, եթե, իհարկե, իշխանությունն այսօրվա արագ փոփոխվող աշխարհաքաղաքական իրողություններում պահպանի։
Բայց ամեն դեպքում պետք չէ մոռանալ, որ նախագահից քարտ բլանշ ստացած երիտթևը նույնպես միատարր չէ, և հենց այդ թևում սուր պայքար է գնալու իշխանական կարկանդակից իրենց մասը տանելու համար:
ՈՒշագրավ էր նաև նախագահի մի արտահայտությունը. խոսելով ընտրությունների մասին՝ նա շեշտեց, որ դրանք պետք է լինեն օրինակելի։ Այսինքն՝ ոչ թե լավ, քայլ առաջ, ավելի լավ, թափանցիկ, այլ հենց՝ օրինակելի։ Ինչ խոսք, Սերժ Սարգսյանի նշած օրինակելի հասկացությունը չի ասոցացվում ՀՀԿ շտաբի կողմից իրականացվող աշխատանքների հետ, որը սովորաբար գլխավորում է Հովիկ Աբրահամյանը։ Այստեղից կարելի է եզրակացնել, որ աստիճանաբար ձևավորվելու է նոր թիմ, որը կզբաղվի ընտրությունների կազմակերպմամբ։ Սա, կարելի է ասել, հերթական ահազանգն էր Հովիկ Աբրահամյանին։
Եթե ծրագրային ելույթի դրույթները և իրական կյանքում արդեն իսկ միս ու արյուն ստացող գործընթացները համադրում ենք, պարզ է դառնում, թե ինչպես է պատկերացնում Սերժ Սարգսյանը առաջիկա մեկ տարվա ընթացքում իշխանական էլիտայի որոշակի վերադասավորումները. մի կողմից` բազմավեկտորանոց երիտասարդական թևի ակտիվացում, մյուս կողմից՝ այլ քաղաքական ուժերի, տվյալ դեպքում` ՀՅԴ-ի միջոցով իշխանության մեջ կառավարելի խճանկարի ստեղծում։


Արամ Վ. ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1294

Մեկնաբանություններ