«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Հռչակագիր ընդդեմ ԱՄՆ-ի քաղաքականության և բոլոր հակաքրիստոնեական ուժերի

Հռչակագիր ընդդեմ ԱՄՆ-ի քաղաքականության  և բոլոր հակաքրիստոնեական ուժերի
19.02.2016 | 00:56

2016 թ. փետրվարի 12-ի ուշ գիշերին Կուբայում տեղի ունեցավ գրեթե տիեզերական ընդգրկման իրադարձություն. չէ՞ որ համարյա 1000 տարի աշխարհի կաթոլիկների և ուղղափառների հոգևոր առաջնորդները չէին հանդիպել դեմ առ դեմ։ Ավելին, քրիստոնեական աշխարհի երկու խոշորագույն համայնքները հակամարտության մեջ էին, իսկ երբեմն էլ բացահայտ թշնամաբար էին տրամադրված լինում միմյանց նկատմամբ։ Հեռու գնալ պետք չէ. հիշենք թեկուզ Ռուսաստանում կաթոլիկների կրոնափոխության դեմ ձեռնարկվող միջոցները, կամ ունիատ կաթոլիկների կողմից ՈՒկրաինայում ուղղափառ եկեղեցիների շարունակվող զավթումները և այլն, և այլն։ Հաղորդելով համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի ու Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հանդիպման մասին, մեկնաբանները մատնանշում էին, որ, իբր, հանդիպումը նախապատրաստվում էր վաղուց, համարյա 20 տարի։ Հնարավոր է, որ այդպես լինի, այն իմաստով, որ, որպես կրոնական հաստատություններ, Ռուս ուղղափառ եկեղեցին և Հռոմի Աթոռը իրոք ուզում էին երկխոսություն սկսել 90-ականների կեսերին։ Սակայն, մեզ թվում է, կոնկրետ Կիրիլ պատրիարքի և Ֆրանցիսկոս պապի հանդիպման պայմանավորվածությունը ձեռք է բերվել գերօպերատիվ կարգով` 2015-ի ամռանը։

Ինչևէ, ինչ-որ բան եղել է Ռուս ուղղափառ եկեղեցու և Հռոմի կաթոլիկ եկեղեցու բարձրագույն առաջնորդների երկխոսության արագացման խթանը, սակայն, այդուամենայնիվ, դեռ վաղ է խոսել առարկայական մերձեցման մասին։ Ընդհանուր շահեր և ընդհանուր անհանգստություն` ահա սրանք են Հավանայի հանդիպման և ստորագրված համատեղ հռչակագրի շարժիչ ուժերը։ Ընդ որում, ակնհայտ է, որ ուղղափառների ու կաթոլիկների շահերի ընդհանրությունն այսօր կենտրոնացած է նույնիսկ ոչ ՈՒկրաինայի վրա, բնավ, Կիրիլ պատրիարքն ու Հռոմի Ֆրանցիսկոս պապն արդեն առնվազն մեկ տարուց ավելի քրիստոնեությանը սպառնացող վտանգը տեսնում են Մերձավոր Արևելքի իրադարձություններում, Իրաքում և Սիրիայում քրիստոնյաների ցեղասպանության, Լիբիայում, Եգիպտոսում և այլուր քրիստոնյաների հալածանքների մեջ։ Բայց կա նաև մեկ այլ, ոչ պակաս կարևոր պատճառ` քրիստոնեության վիճակն ամբողջ աշխարհում, հատկապես Արևմուտքում։ Համաձայնեք, երկու պատճառն էլ չէին կարող միմյանց չձգել Վատիկանին և Ռուս ուղղափառ եկեղեցուն։ Իսկ ահա հանդիպման կազմակերպման ու ամեն տեսակի համաձայնեցումների օպերատիվությունը պայմանավորված է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Իտալիա կատարած պաշտոնական այցով։ Նա հանդիպում ունեցավ և բավական տևական բանակցություններ վարեց Ֆրանցիսկոս պապի հետ, և իրականում ոչ մի լրատվամիջոց այդպես էլ կարգին չիմացավ, թե մոտ 50 րոպե ինչ են խոսել կաթոլիկ աշխարհի հոգևոր առաջնորդն ու Ռուսաստանի առաջնորդը փակ դռների հետևում։ Հայտնի է, որ կողմերը հոգևոր արժեքավորության տեսակետից թանկարժեք նվերներ են փոխանակել։ Իսկ բանակցությունների ավարտից հետո Հռոմի պապը ՌԴ նախագահին ուղեկցել է մինչև Վատիկանի մատենադարանի դուռը և հրաժեշտ տալիս խնդրել է իր լավագույն մաղթանքները փոխանցել Մոսկվայի և Համայն Ռուսիո սրբազնագույն պատրիարք Կիրիլին։
Ահա թե որտեղից է բխում Մոսկվայի պատրիարքի և Ֆրանցիսկոս պապի կուբայական հանդիպման կազմակերպման օպերատիվությունը, անգամ այն պարագայում, որ մենք ապրիորի ճանաչում և ընդունում ենք, ասենք, բոլոր քրիստոնեական եկեղեցիներում Զատկի տոնակատարության միասնական օր սահմանելու անհրաժեշտությունը։ Փորձենք մեր ուշադրությունը սևեռել համատեղ հռչակագրի տեքստի մի քանի կետերի վրա. «Հանդիպելով «Հին աշխարհի» հին վեճերից հեռու, մենք առանձնակի ուժով ենք զգում կաթոլիկների և ուղղափառների համատեղ ջանքերի անհրաժեշտությունը, որոնք կոչված են հեզաբարո ու խոնարհ կերպով աշխարհին ներկայացնելու մեր հույսերը»։ Բայց չէ՞ որ դա նշանակում է, որ աշխարհի երկու առաջատար եկեղեցիների առաջնորդները չեն ուզում կողմնորոշվել դեպի Եվրոպա, հատկապես դեպի Արևմտյան Եվրոպա։ «Մեր եղբայրական հանդիպումը տեղի ունեցավ Կուբայում` Հյուսիսի և Հարավի, Արևմուտքի և Արևելքի խաչմերուկում։ Այս կղզուց` «Նոր աշխարհի» հույսերի և 20-րդ դարի պատմության դրամատիկ իրադարձությունների խորհրդանիշից, մենք մեր խոսքն ենք ուղղում Լատինական Ամերիկայի և մյուս մայրցամաքների ժողովուրդներին։ Մենք ուրախ ենք, որ այսօր այստեղ դինամիկ զարգանում է քրիստոնեական հավատը։ Լատինական Ամերիկայի հզոր կրոնական ներուժը, նրա բազմադարյան քրիստոնեական ավանդույթները, որոնք իրացվում են միլիոնավոր մարդկանց կենսափորձով, այս տարածաշրջանի մեծ ապագայի գրավականն են»։ Ահա սա էլ ԱՄՆ-ից, Հյուսիսային Ամերիկայի անգլալեզու մասից Վատիկանի և Ռուս ուղղափառ եկեղեցու առանձնակի «խորթացածության» ակնարկ է։ Հետո գալիս է ամբողջ չորս կետ` նվիրված Մերձավոր Արևելքում քրիստոնյաների և քրիստոնեության վիճակին։ Այս կետերը շա՜տ են անհանգստացրել Արևմուտքին, հատկապես ԱՄՆ-ին։ ՈՒ երևի զուր չէ, որ հենց Կիրիլ պատրիարքի և Ֆրանցիսկոս պապի հանդիպման օրը «Orient» հեռուստաալիքին տված հարցազրույցում ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին լրիվ անտեսեց Սիրիայում կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունները և, ըստ էության, սպառնաց Սիրիային, Ռուսաստանին և Իրանին, անձամբ Բաշար Ասադին։ Դա հավասարակշռությունը կորցրած և ընթացիկ իրավիճակը անհամարժեք գնահատող քաղգործչի հարցազրույց էր. ռուսներ` մի ռմբակոծեք, Ասադ, կորիր գրողի ծոցը և իշխանությունը հանձնիր ԱՄՆ-ի խամաճիկներին, իրանցիներ և բոլոր շիադավաններ` դուրս կորեք այդտեղից... Մի համեստ հարց ԱՄՆ-ի պետքարտուղարին. իսկ նա կպահանջի՞, որ «գրողի ծոցը գնա» կեղծ ընդդիմությունը, որը «արաբական գարունից» շատ առաջ ազատ ու հանգիստ քեֆ էր քաշում արևմուտքներում և վաղուց կորցրել է սիրիական ժողովրդի անունից խոսելու իրավունքը։ Նա կպահանջի՞, որ Թուրքիան, Սաուդյան Արաբիան, Կատարը և մյուսները Սիրիայից «ռադ անեն» իրենց ահաբեկիչներին ու վարձկաններին, վերջապես, նա կպահանջի՞, որ Սիրիայում օրինական նախագահի դեմ կռվող ԱՄՆ-ի հազարավոր քաղաքացիներ կորչեն այդտեղից։ Հազիվ թե։ Դրա համար էլ, իհարկե, ԱՄՆ-ի բարձր հավանությամբ, սաուդցիները հունվարի 12-ին և 13-ին Թուրքիա նետեցին իրենց ինչ-որ բանակային ստորաբաժանումներ, թե, իբր, «մենք չենք կատակում»։
Անհասկանալի է, թե ինչու են ԱՄՆ-ում և մյուս հակաքրիստոնեական կենտրոններում կարծում, թե կատակում են Դամասկոսում, Թեհրանում, Մոսկվայում, երբ նախազգուշացնում են, որ ցանկացած «ցամաքային գործողություն» կհանգեցնի արևմտյան և վահաբական զավթիչների ոչնչացման։ Եվ Աստված չանի, որ մեջտեղ խցկվի Թուրքիան, այդ դեպքում իրավիճակը Անկարայի դեմ շուռ կգա ոչ միայն թուրքահպատակ քրդերի ապստամբությունների սաստկացման ձևով։ Եվ քրիստոնեության հոգևոր հովիվները Համատեղ հայտարարության նշված կետերում բացահայտ հանդես են գալիս ընդդեմ Արևմուտքի, Թուրքիայի, նրանց արաբ արբանյակների` հետևյալ տողերում. «Անհրաժեշտ է, որ միջազգային ընկերակցությունը բոլոր հնարավոր ջանքերը գործադրի վերջ դնելու ահաբեկչությանը ընդհանուր, համատեղ, համակարգված գործողություններով։ Ահաբեկչության դեմ պայքարում ներգրավված բոլոր երկրներին կոչում ենք պատասխանատու, կշռադատված գործողությունների։ Կոչ ենք անում բոլոր քրիստոնյաներին և Աստծո հավատով ապրողներին ջերմեռանդ աղոթել Արարչին, որ Նա պահպանի Իր արարածը ավերումից և նոր համաշխարհային պատերազմ թույլ չտա»։ Իսկ որ այս խոսքերն ուղղված են հենց Արևմուտքի (այսինքն` ԱՄՆ-ի) ու նրա վասալների դեմ, ապացուցվում է հետևյալ տողերով. «Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի շատ երկրներում մեր քրիստոնյա եղբայրներն ու քույրերը կոտորվում են ամբողջ ընտանիքներով, գյուղերով ու քաղաքներով։ Նրանց տաճարները բարբարոսաբար ավերվում ու թալանվում են, սրբավայրերը` պղծվում, հուշակոթողները` ոչնչացվում։ Սիրիայում, Իրաքում և Մերձավոր Արևելքի այլ երկրներում մենք ցավով տեսնում ենք քրիստոնյաների զանգվածային արտահոսք այն հողից, որտեղից սկսվել է մեր հավատքի տարածումը և որտեղ նրանք ապրել են առաքելական ժամանակներից` այլ կրոնական համայնքների հետ կողք կողքի։ Մենք միջազգային ընկերակցությանը կոչ ենք անում անհապաղ քայլեր ձեռնարկել կանխելու Մերձավոր Արևելքից քրիստոնյաների հետագա արտաքսումը։ Մեր ձայնը բարձրացնելով ի պաշտպանություն հալածվող քրիստոնյաների, մենք կարեկցում ենք նաև կրոնական այլ ավանդույթների տառապյալ հետևորդներին, որոնք քաղաքացիական պատերազմի, քաոսի և ահաբեկչական բռնության զոհեր են դառնում»։ Ընդ որում` փաստ է, որ այժմ Արևմուտքում ևս շատերն ընդունում են, որ Մերձավոր Արևելքի քրիստոնյաների ողբերգությունը (ոչ միայն ահաբեկչության տարածումը) սկսվել է այն բանից, որ ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան ստահոդ մեղադրանքով ներխուժեցին Իրաք, և Կիրիլ պատրիարքի ու Ֆրանցիսկոս պապի բառերի խորքային իմաստը, անշուշտ, հակաարևմտյան բնույթ է կրում։
Այնուհետև էլի շատ ու շատ կետեր, որոնք, կարծես, քողազերծ են անում այն, որ Ֆրանցիսկոս պապը և Կիրիլ պատրիարքը հանդիպման ընթացքում կես խոսքից բացահայտորեն հասկանում էին միմյանց։ Իհարկե, Համատեղ հայտարարության տեքստն ամենքին հասանելի է, և ամեն ոք կարող է համոզվել, որ, սկսած «Մենք մրցակիցներ չենք, մենք եղբայրներ ենք» տողից, Ռուս ուղղափառ եկեղեցու ղեկավարն ու պոնտիֆիկոսը իրոք աշխարհին հասկացրին, որ կաթոլիկներն ու ուղղափառները, եթե նրանք ճշմարիտ հավատացյալներ են, ունեն ընդհանուր արժեքներ։ Եվ ընդհանուր ոչինչ չունեն այն «արևմտյան արժեքների» հետ, որ «արևմտյան ժողովրդավարության հայրերն» ու «եվրաինտեգրման ջատագովները» պարտադրել և պարտադրում են թե՛ Արևելյան Եվրոպայի երկրներին, թե՛ նախկին խորհրդային հանրապետություններին, թե՛ ջանում են տարածել ամբողջ աշխարհում։ Արևմուտքի այդ մասի համար են նախատեսված այս խոսքերը. «Մեզ մտահոգում է շատ երկրներում տիրող իրավիճակը, որտեղ քրիստոնյաներն ավելի ու ավելի են բախվում կրոնական ազատության, իրենց համոզմունքները բարձրաձայնելու և դրանց համապատասխան ապրելու իրավունքի սահմանափակմանը... Որոշ երկրների վերածումն ապակրոնականացված հանրությունների, որոնց խորթ է Աստծո և Նրա ճշմարտության մասին ամեն մի հիշատակություն, լուրջ վտանգով է հղի կրոնական ազատության համար։ Մենք անհանգստացած ենք քրիստոնյաների իրավունքների ներկա սահմանափակման կապակցությամբ, էլ չենք խոսում նրանց խտրականության ենթարկելու մասին, երբ որոշ քաղաքական ուժեր, առաջնորդվելով ապակրոնականացման գաղափարախոսությամբ, որ այնքան հաճախ դառնում է ագրեսիվ, ձգտում են նրանց հրել հասարակական կյանքի ճամփեզր։ Մենք զգուշացնում ենք այնպիսի ինտեգրման առնչությամբ, որը չի հարգում կրոնական ինքնությունը։ Բաց լինելով մեր քաղաքակրթության մեջ այլ կրոնների ներդրման համար, մենք համոզված ենք, որ Եվրոպան իր քրիստոնեական արմատներին հավատարմության կարիք ունի։ Արևմտյան և Արևելյան Եվրոպայի քրիստոնյաներին կոչ ենք անում միավորվել Քրիստոսի ու Ավետարանի մասին համատեղ վկայության համար, որպեսզի Եվրոպան պահպանի երկուհազարամյա քրիստոնեական ավանդույթով ձևավորված իր հոգին»։
Օրինակ, նույն ՈՒկրաինային նվիրված է ընդամենը երկու կետ։ Փոխարենը կա մի կետ, որն առանձնապես ընդգծում է, որ արդի աշխարհում հենց Ռուսաստանում և մյուս արևելաեվրոպական երկրներում «տեղի է ունենում քրիստոնեական հավատի աննախադեպ վերածնություն»։ Քրիստոնեության կանոններից Արևմուտքի հեռանալն արձանագրելու ֆոնին դա ոչ թե Ռուսաստանի և այլ երկրների ուղղափառ հոգևորականության ջանքերի ճանաչում է, այլև հստակ ուղերձ Արևմուտքին` քրիստոնեական հավատի փրկությունը կգա հենց այդ պետություններից ու ժողովուրդներից։ Տեսեք, է, ուր հասանք, կաթոլիկ և ուղղափառ քահանայապետերը հարկադրված են Համատեղ հռչակագրի հատուկ կետերով գերժողովրդավարներին ու գերազատականներին «հիշեցնելու», թե ինչ բան են ընտանիքն ու ամուսնությունը. «Ընտանիքը մարդու և հասարակության կյանքի բնական կենտրոնն է։ Մենք անհանգստացած ենք շատ երկրներում ընտանիքի ճգնաժամի առնչությամբ։ ՈՒղղափառներն ու կաթոլիկները, միևնույն պատկերացումներն ունենալով ընտանիքի մասին, կոչված են վկայելու ընտանիքի մասին որպես սրբության ուղու, ինչը ենթադրում է ամուսինների հավատարմություն, երեխաներ ծնելու և դաստիարակելու պատրաստակամություն, սերունդների համերաշխություն և ծերերի նկատմամբ հարգանք։ Ընտանիքը հիմնված է ամուսնության՝ որպես տղամարդու և կնոջ ազատ ու հավատարիմ սիրո, ակտի վրա... Մենք ափսոսում ենք, որ ներկայումս համակեցության ձևերը հավասարեցվում են այդ միությանը, իսկ աստվածաշնչային ավանդությամբ լուսավորված պատկերացումները հայրության և մայրության մասին՝ որպես ամուսնացած տղամարդու և կնոջ առանձնահատուկ կոչման, դուրս են մղվում հանրային գիտակցությունից»։
Ստացվում է, որ 2016 թ. և հետագա տարիներին Ռուս ուղղափառ եկեղեցու և Վատիկանի ընդհանուր շահերն են. 1) փրկել և պահպանել քրիստոնեությունը Մերձավոր Արևելքում, 2) ջանքեր գործադրել Արևմուտքում քրիստոնեության վերածնության համար և դիմակայել այն ուժերին, որոնք «մարդու իրավունքների համար պայքարի» պատրվակով ոչնչացնում են քրիստոնեական բարոյականությունն ու արժեքները, 3) փորձել միավորել աշխարհի բոլոր այն ուժերը, որոնք ձգտում են և պատրաստ են իրական պայքար մղելու ահաբեկչության դեմ։ Այս բոլոր նպատակները, ինչպես գիտենք, ոչ մի կերպ չեն համապատասխանում ԱՄՆ-ի և մի շարք եվրոպական երկրների նպատակներին ու շահերին ինչպես Մերձավոր Արևելքում, այնպես էլ ամբողջ աշխարհում։ Կհաջողվի՞ կաթոլիկներին և ուղղափառներին իրական միասնության հասնել բարձրաձայնված նպատակների իրականացման ճանապարհին, դժվար է ասել։ Ցավոք, պատմության մեջ եղել են բազմաթիվ անցքեր և, ցավոք, դեռ չենք մոռացել հատուկ ծառայությունների (արևմտյան երկրների) ջանքերը՝ «համոզելու» որոշ պոնտիֆիկոսների, և ամենավերջինը՝ մահափորձը Հովհաննես Պողոս Երկրորդի դեմ, որ ձեռնարկել էին, իբր, թուրք ահաբեկիչները։

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 1939

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ