«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Տարածաշրջանը փոխում է դեմքն ու դիմակները

Տարածաշրջանը փոխում է դեմքն ու դիմակները
02.02.2016 | 00:38

Վերջապես կայացավ Հայաստանի և Իրանի նախագահների հանդիպումը՝ առայժմ հեռախոսով: Հասան Ռոհանին ասել էր. «Չպետք է ջանք խնայենք՝ կապելու Պարսից ծոցը Սև ծովին»: Հայկական համառոտ և իրանական ընդարձակ տեղեկատվությունից հետո Թեհրան գնաց տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը: Պաշտոնական տեղեկատվությամբ՝ բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել Հնդկաստանը Իրանի, Հայաստանի, Վրաստանի տարածքով ու Սև ծովով Եվրոպային կապող ճանապարհի վերաբերյալ, որ ավելի էժան է լինելու, քան Ադրբեջանով և Թուրքիայով անցնողները: Գագիկ Բեգլարյանը Թեհրանում հանդիպել է առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրիի և կապի ու տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Մահմուդ Վայեզի հետ, չորս հուշագիր է ստորագրել՝ տրանսպորտի, կապի ոլորտի վերաբերյալ: Իրանական կողմին ներկայացվել է երկաթգծի նոր ուղի՝ Մեղրի-Վայոց ձոր-Երասխ: Սա հայ-իրանական հարաբերությունների գագաթնակետն է այս պահին: Երբ բացում ենք քարտեզը, առաջանում են ավելի շատ հարցեր, քան նախարարի Թեհրան այցից առաջ կային: Իսկ ի՞նչ է կատարվում Թեհրանում:
Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի Թեհրան այցից հետո, որի ընթացքում բազմամիլիարդանոց համաձայնագրեր ստորագրվեցին, Իրանի նախագահ Հասան Ռոհանին մեկնեց Հռոմ, Վատիկան, Փարիզ: Իրանյան Arman թերթը գրեց. «Իրանը պետք է ձեռնպահ մնա սպառման առարկաների չվերահսկվող ներմուծումից և ավելի բարձր մակարդակի բարձրացնի սեփական արտադրանքի որակը: Իրանն ի վիճակի է արտադրական պայմաններ ստեղծել և ապահովել տարածաշրջանային շուկաների պահանջարկը՝ մերձավորարևելյան շատ երկրներ, ներառյալ Սաուդյան Արաբիան, Պակիստանը և մերձկասպյան պետությունները, չունեն անհրաժեշտ ենթակառույցներ արդյունաբերական արտադրության և Եվրոպայի հետ համագործակցության համար: Իրանի ներուժը՝ կրթված կադրերը, սարքերն ու բնական ռեսուրսները լավ հայտնի են Եվրոպային և բարձրացնում են համագործակցության շահագրգռությունը»: Shargh-ի առաջնորդողը նշում էր, որ նախագահի այցը նախ Հռոմ, ապա՝ Փարիզ, քաղաքական ու տնտեսական վիթխարի նշանակություն ունի. «Մերձավոր Արևելքին հարևանող Եվրոպան պատրաստ է որոշակի զիջումների գնալ՝ ընդհանուր շահեր ունենալով: Մերձավոր Արևելքի իրադարձությունները արագ ու տարածական ազդեցություն ունեն ամբողջ Եվրոպայի վրա: Եվրոպայի ղեկավարները լավ հասկանում են, որ անվտանգության, կայունության, ի հետևանս՝ զարգացման ու տնտեսական անկման դադարեցման համար իրենց անհրաժեշտ է Իրանի պես երկիրը»: Ghanoon-ը հիշեցնում է. «Իրանը պետք է արդար հավասարակշռություն պահի Արևելքի ու Արևմուտքի միջև: Արևմտյան տեխնոլոգիաները որակով գերազանցում են Արևելյան Եվրոպայի և Ռուսաստանի տեխնոլոգիաներին: Եվրոպայում արդյունաբերապես զարգացած չորս երկրներ կան, որ մրցակցում են միմյանց հետ, մենք կարող ենք օգտվել նրանց հետ համագործակցությունից»: «Մենք չպետք է անտեսենք ԱՄՆ-ը: Ամբողջ տնտեսական հզորությունը, տեխնոլոգիաները և մնացած ռեզերվները Եվրոպայի երկրները ստացել են ԱՄՆ-ից: Իր հաջողությունը զարգացնելու համար Իրանը տնտեսության տեսակետի՝ հարկադրված է համագործակցություն որոնել ԱՄՆ-ի հետ: Էներգետիկ առումով՝ Հարավային Փարսի (Պարսից ծոցի խոշորագույն նավթագազային հանքավայրեր) բոլոր տեխնոլոգիաները ամերիկյան են: Եթե եվրոպական երկրներն ունեն սեփական գիտատեխնիկական նվաճումներ, ամերիկյան գյուտերի մշակումներ են և կարող են օգտագործվել միայն ԱՄՆ-ի թույլտվությամբ: Հարավային Փարսում ամենատարբեր երկրներ են աշխատում, բայց նրանք չեն արդարացնում ակնկալիքները: Եթե մենք ուզում ենք արդար հավասարակշռություն հաստատել Արևելքի ու Արևմուտքի միջև, ԱՄՆ-ի հետ պետք է լուծենք տնտեսության և էներգետիկայի ոլորտի խնդիրները»:

Farheekhtegan-ը գրում է. «Ավիացիոն արդյունաբերությունից բացի Իրանը Իտալիայի ու Ֆրանսիայի հետ կարող է համագործակցել ավտոմեքենաշինության ոլորտում: Կարևոր է, որ նախագահը կարողանա արտասահմանյան ներդրողներին համոզել, որ Իրանում իրենց կապիտալներն ապահով են: Բայց պետական ու կիսապետական ավտոմեքենաշինությունը Իրանում չի ստեղծի այն պայմանները, որ Իրանի շուկայում անմիջական ներկայության դեպքում՝ նրանք չվտանգեն իրենց կապիտալը»:
Hamdeli-ն անդրադառնում է ներքին խնդիրներին. «Ընդդիմադիր քաղաքական գործիչների քննադատությունը արտասահմանյան ներդրումների առումով տուրք է տալիս մտայնությանը, որ դրսից ֆինանսավորումը պայմաններ կստեղծի ուժեղ պետությունների համար միջամտել երրորդ աշխարհի երկրների ներքին գործերին: Արտաքին ներդրումների այդ պատկերացումը շատ պարզունակ ու հետամնաց է: Նախ՝ եթե երկրում ցանկացած օտարերկրացու կամ օտարերկրյա ընկերության ներկայությունը հասկանանք իբրև արտաքին ճնշում, պետք է ընդունենք իրանական ինքնատիպության թուլությունը, երկրորդ՝ նման պատկերացումները մեզ կմեկուսացնեն արտաքին աշխարհից՝ ստիպելով ապրել ինչ-որ կղզում, որտեղ մենք պիտի վախենանք ուրիշ պետության ցանկացած ներկայացուցչից, որ իբր թե մեզ համար միայն պրոբլեմներ է ստեղծելու: Այդ վախի պատճառով Իրանը պետք է հրաժարվի մասնակցել բոլոր միջազգային նախագծերին ու միավորումներին»: «Նախագահ Ռոհանիի այցը Իտալիա և Ֆրանսիա մասամբ կարող է ձևավորել արտասահմանյան կապիտալի ներգրավման մթնոլորտ: Նման իրավիճակում քաղաքական ուժերը երկրի ներսում, գիտակցելով իրենց համերկրացիների տնտեսական վիճակը և ղեկավարվելով նախ և առաջ ազգային շահերով ու հասարակական օգուտով, պիտի ձեռնպահ մնան սեկուլյար դատողություններից և օգնեն կառավարությանը լուծել այն խնդիրները, որ ուղղված են իսլամական Իրանի համընդհանուր բարեկեցությանը, առաջընթացին և զարգացմանը»: Jomhouri Eslami-ին կարծում է. «Մենք չպետք է զգուշանանք այլ երկրների հետ գործակցելուց: Անհրաժեշտ է լուրջ աշխատել՝ բարձրացնելու համար մեր իմացության և ունակությունների մակարդակը: Չափազանց վստահությունը սեփական ուժերին ի վերջո հանգեցնում է վստահության կորստի: Չափազանց ինքնավստահությունը արտաքին աշխարհի հետ կապերի հաստատման մեջ վնասակար է, ինչպես սեփական ուժերի նկատմամբ հավատի իսպառ բացակայությունը: Նույնիսկ նրանք, ովքեր այսօր մեզ գովում են, դեռ երեկ բոլորովին այլ կարծիքի էին: Նրանք աջակցում էին այլ երկրների ռեպրեսիվ քաղաքականությանը կամ լուռ հետևում էին՝ ոչ մի քայլ չձեռնարկելով: Գուցե նրանք այդպես էին վարվում՝ իրենց շահերից ելնելով: Փաստ է, որ մենք ևս պիտի հետևենք մեր ազգային շահերին և որոշարկենք սեփական նպատակները՝ ելնելով մեր երկրի քաղաքական իշխանությունից: Անհրաժեշտ է հաշվի առնել մեր թույլ կողմերը, ռիսկերը պետք է այնպես կառավարել, որ պաշտպանվեն ազգի և պետական իշխանության շահերը: Իրանի բազմաչարչար ժողովրդի փորձը՝ ժամանակակից դաշրջանում կուտակած, լավագույն հենքն է արտաքին աշխարհի հետ հարաբերություններ կառուցելու համար»: Javan-ը գրում է. «Պատժամիջոցները հանելով՝ եվրոպացիներն անհամբեր սպասում են իրանական շուկա մտնելուն և մեր հաշվին ուզում են դուրս գալ տնտեսական ճգնաժամից: Այդ պատճառով էլ երկկողմ բանակցությունների նշանակալից մասը տնտեսական հարցերին էր նվիրված: Ապացույցն այն փաստն է, որ Իրանի նախագահի Իտալիա այցի ընթացքում ստորագրվեց 17 միլիարդ դոլարի պայմանագիր»:
Իրանի հետ մեր հարաբերություններում մենք մտածում ենք միայն էժան գազի ու մեծ աշխարհ տանող ճանապարհի մասին, իսկ ի՞նչ գիտենք բուն Իրանի մասին՝ ինչո՞վ են ապրում, ի՞նչ են մտածում, ինչպե՞ս են պատկերացնում իրենց ապագան: Ճանաչողական կտրվածքը մի կողմ, հարցի պրակտիկ կողմը կա՝ ունե՞նք բավարար պատկերացում հարևանի մասին՝ բիզնես կապերի, քաղաքական զարգացումների համար: Չմոռանանք, որ Իրանը միջնորդական հայտ է ներկայացրել ԼՂՀ հարցի լուծման մեջ: Ինչպես Վրաստանը: Իրանը միջազգային քաղաքական ու տնտեսական նոր ինտեգրում է սկսում: Լավ հիմքերի վրա՝ ակտիվների ապասառեցումը կբերի 100 միլիարդ դոլար: Նավթի նախարար Բիջենա Զենգենեն հայտարարել է, որ Իրանը նավթի արդյունահանումը զարգացնելու է երկաստիճան: Առաջին փուլում՝ 500 հազար բարել օրական, կես տարուց՝ ևս 500 հազար: Գուցե խիստ լավատեսական կանխատեսում է՝ արդյունաբերության վերականգնման, արտահանման մեծացման համար անհրաժեշտ են ներդրումներ, նավթի արդյունահանումը մեկ միլիոն բարել դարձնել տարեվերջին գուցե չհաջողվի: Խնդիրը միայն նավթի պաշարը չէ, ոչ էլ ենթակառույցների թուլությունը: Նավթի գինն է: Որոշ փորձագետներ այն կարծիքին են, որ ամռանը մեկ բարելը կարող է արժենալ 20-30 դոլար: Իրանի նավթի կեսը կհոսի ԵՄ՝ ավանդական գնորդներին: Կա հնդկական շուկան: Հավելեք Չինաստանը: Կան նաև այլ կանխատեսումներ՝ տարեվերջին մեկ բարել նավթի գինը կարող է հասնել 40 դոլարի, 2017-ին՝ 50, 2018-ին՝ 60: Եթե 2-3 տարում մեկ բարելի գինը հասնի 60 դոլարի, Իրանն էլ մեծացնի նավթի արդյունահանումը, տնտեսական աճը կարող է հասնել 3-4 %-ի: Հենց այդ պատճառով են կտրուկ սրվել Թեհրանի և Էր Ռիադի հարաբերությունները՝ Սաուդյան Արաբիան չի նվազեցնում նավթի արդյունահանումը՝ կանխելով գնաճը:
Իսկ հիմա՝ քաղաքականություն. փետրվարի 26-ին Իրանում խորհրդարանական ընտրություններ են: Նախագահ Հասան Ռոհանին պատժամիջոցները հանելուց հետո հնարավորինս արագացնում է գործընթացները՝ ընտրություններում պահպանողականներին հաղթելու համար: Ակնկալվում է, որ հոգևոր առաջնորդ Համենեին կաջակցի նոր քաղաքական-տնտեսական ճանապարհային քարտեզին: Միջուկային համաձայնագիրն ընդունել են և պահպանողականների պրագմատիկ շրջանակները (օրինակ՝ խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին), թերևս փետրվարյան ընտրություններին կորուստներ կունենան արմատական պահպանողականները, որ շեշտադրում են անվտանգության ամրապնդումը: Հենց այդ պատճառով է Սաուդյան Արաբիան սադրում պատերազմ Իրանի հետ, որ տարածաշրջանում կառուցողական դիրքերում է ամրապնդվում և խորացնում է հարաբերությունները աշխարհի առաջատար պետությունների, նախ և առաջ ԱՄՆ-ի հետ: Տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը փոխվում է՝ ոչ սուննիների օգտին: Քանի դեռ Թուրքիան վարում է արտաքին ու ներքին ներկա քաղաքականությունը՝ սուննիների ու շիաների առճակատում, մնալու է մանրիկ խաղացող տարածաշրջանում և չի դառնալու առաջատար ուժ: Ի սարսափ սուննի Ադրբեջանի, որտեղ նավթի գնանկման պատճառով ոչ միայն մանաթն է արժեզրկվում ու բանկեր են սնանկանում, այլև ժողովուրդն է ոտքի կանգնում: Առայժմ՝ տեղ-տեղ: Միջազգային ֆինանսական կառույցներն արդեն զորահավաք են արել Բաքվում՝ Ադրբեջանի փրկության համար: Գուցե Ադրբեջանի, գուցե Ալիևի: Բայց «փրկված» Ալիևը ակնհայտորեն նախկինը չի լինելու՝ փողը չեն տա: Վրաստանն էլ քննարկում է՝ Իրանի գազը որտեղով ստանա՝ Ադրբեջանո՞վ, թե՞ Հայաստանով: Եվ հպարտանում է, որ ադրբեջանական ու ռուսական գազին հավելելով իրանականը՝ երեք երկրների հետ էլ բանակցություններում մրցակցային քարտ բլանշ է ունենալու՝ գնի հարցում:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Աշխարհը Թեհրանի հետ հարաբերվում է առաջին դեմքի մակարդակով՝ Սի Ցզինպինի՝ Մատեո Ռենցի ու Ֆրանսուա Օլանդ, Հռոմի պապն էլ՝ հոգևոր հենարան, իսկ պատժամիջոցների վերացումից հետո Թեհրան մեկնած հայ պաշտոնյան ուներ նախարարի մակարդակ: Ինքներդ դատեք՝ Թեհրանում ինչ առաջնահերթություն կտան հարևանին: Միայն չասեք՝ ո՞վ է մեղավոր: Դա ռուսական հավերժական հարցն է՝ ի՞նչ անել և ո՞վ էր մեղավորը: Գերցենի ժամանակներից: ՈՒ ոչինչ չի փոխվել:

Դիտվել է՝ 1144

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ