Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

Մերձավոր Արևելքի նոր հարյուրամյակը

Մերձավոր Արևելքի նոր հարյուրամյակը
21.12.2015 | 07:52

ԱՄՆ-ը, ԵՄ-ն, Համաշխարհային բանկը հաճախ են հարց բարձրացնում, թե ինչո՞ւ Մերձավոր Արևելքը չի կարողանում ինքն իրեն կառավարել: Հարցն անկեղծ է դրվում, բայց առանց ինքնագիտակցության: Ի վերջո, տարածաշրջանում արդյունավետ կառավարման ամենակարևոր խոչընդոտը ինքնավարության բացակայությունն է. քաղաքական ինստիտուտները կաթվածահար են ԱՄՆ-ի ու Եվրոպայի կրկնվող միջամտություններից Առաջին համաշխարհային պատերազմից սկսած, որոշ տեղերում՝ ավելի վաղ ժամանակներից: Մեկ հարյուրամյակը հերիք է: 2016-ը պետք է նշանավորի նոր դարի սկիզբը մերձավորարևելյան քաղաքականության մեջ, որ ուղղված է կայուն զարգացման խնդիրների արագ լուծմանը:
Վերջին 100 տարվա Մերձավոր Արևելքի ճակատագիրը որոշվեց 1914-ի նոյեմբերին, երբ Օսմանյան կայսրությունն ընտրեց պարտված կողմին Առաջին աշխարհամարտում: Հետևանքը դարձավ կայսրության փլուզումը և հաղթող տերությունները՝ Մեծ Բրիտանիան ու Ֆրանսիան վերահսկողության տակ վերցրին կայսրության մնացորդները: Մեծ Բրիտանիան, որ արդեն վերահսկում էր Եգիպտոսը 1882-ից, իր գերակայությունը հաստատեց ժամանակակից Իրաքի, Հորդանանի, Իսրայելի, Պաղեստինի, Սաուդյան Արաբիայի վրա: Ֆրանսիան, որ արդեն վերահսկում էր Հյուսիսային Աֆրիկայի մեծ մասը, հավելեց Լիբիան և Սիրիան:
Ազգերի լիգայի ֆորմալ մանդատները և գերակայության մյուս ինստիտուտները նպատակ ունեին ապահովել բրիտանական ու ֆրանսիական իշխանությունը նավթի, նավահանգիստների, նավագնացության և տեղական իշխանության արտաքին քաղաքականության վրա: Ինչ դարձավ հետո Սաուդյան Արաբիան, հետևանքն է Մեծ Բրիտանիայի աջակցության իբն Սաուդի վահաբիստական ֆունդամենտալիզմին, հաշիմիտական Հիջազի արաբական ազգայնականության հետ մրցակցության մեջ: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ԱՄՆ-ը հագավ ինտերվենցիոնիստական քղամիդը 1949-ին Սիրիայում ԿՀՎ-ի ռազմական հեղաշրջումով և ԿՀՎ-ի մեկ այլ գործողությամբ՝ 1953-ին Իրանում Մոհամադ Մոսադիկի գահընկեցությամբ (որպեսզի պահպանի Արևմուտքի վերահսկողությունը նավթի վրա): Այդ քաղաքականությունը շարունակվում է մինչև այսօր. Լիբիայում Մուամար Քադաֆիի իշխանազրկումը 2011-ին, Եգիպտոսում Մուհամեդ Մուրսիի գահընկեց անելը 2013-ին, շարունակվող պատերազմը Սիրիայում Բաշար Ասադի դեմ: Համարյա յոթ տասնամյակ, ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները բազմիցս միջամտել են (կամ աջակցել են ներքին հեղաշրջումներին), որպեսզի իշխանազրկեն կառավարություններին, որ բավարար չափով իրենց վերահսկողության տակ չէին: Արևմուտքը նաև զինեց ողջ տարածաշրջանը՝ հարյուր միլիարդավոր դոլարների զենք վաճառելով: ԱՄՆ-ը ռազմական բազաներ տեղակայեց ամբողջ տարածաշրջանում և կրկնելով ԿՀՎ-ի անհաջող գործողությունները՝ զինապահեստները թողեց ԱՄՆ-ի ու Եվրոպայի դաժան թշնամիների ձեռքում:
Երբ արևմտյան ղեկավարները արաբներին ու մյուսներին տարածաշրջանում հարցնում են, թե ինչո՞ւ չեն կարողանում իրենք իրենց կառավարել, պետք է պատրաստ լինեն պատասխանին. «Ամբողջ մի դար ձեր միջամտությունները խարխլել են ժողովրդավարական ինստիտուտները (մերժելով ընտրությունների արդյունքները Ալժիրում, Պաղեստինում, Եգիպտոսում և այլ երկրներում), հրահրել են կրկնվող, արդեն քրոնիկ դարձող պատերազմներ, զինել եք ամենադաժան ջիհադիստներին ձեր ցինիկ առևտրի համար և ստեղծել եք մեռյալ դաշտավայր, որ այսօր տարածվում է Բոմակոյից Քաբուլ»:
Ի՞նչ պետք է արվի Նոր Մերձավոր Արևելքի ստեղծման համար: ՈՒզում եմ հինգ սկզբունք առաջարկել.
Առաջինը և ամենագլխավորը՝ ԱՄՆ-ը պետք է դադարեցնի ԿՀՎ-ի գաղտնի գործողությունները՝ ուղղված աշխարհի ցանկացած կետում իրավիճակի ապակայունացմանը կամ կառավարությունների պաշտոնանկությանը: ԿՀՎ-ն ստեղծվել է 1947-ին երկու մանդատներով՝ մեկը գործող (հետախուզական տվյալների հավաքում), մյուսը՝ կործանիչ (գաղտնի գործողութուններ՝ տապալելու վարչակարգերը, որոնք համարվում են ԱՄՆ-ի շահերի համար «թշնամական»): ԱՄՆ նախագահը կարող է և պարտավոր է հրամանագրով դադարեցնել ԿՀՎ-ի գաղտնի գործողությունները՝ վերջ դնելով «հետադարձ հարվածի» ժառանգությանը և քաոսին, որին աջակցում էին գլխավորապես Մերձավոր Արևելքում:
Երկրորդ՝ ԱՄՆ-ը պետք է իրագործի իր արտաքին քաղաքականության հիմնավորված նպատակները տարածաշրջանում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միջոցով: ԱՄՆ-ի գլխավորությամբ «ցանկացողների կոալիցիա» ստեղծելու ներկա փորձերը ոչ միայն ձախողվեցին, այլև վկայում են, որ նույնիսկ ԱՄՆ-ի հիմնավորված նպատակները՝ կասեցնել ԻՊ-ի առաջխաղացումը, արգելակում են աշխարհաքաղաքական մրցակիցները: ԱՄՆ-ը շատ ավելին կստանար, եթե իր արտաքին քաղաքական նախաձեռնությունները դներ ԱԽ-ում քվեարկության: Երբ ԱԽ-ն մերժեց պատերազմը Իրաքում 2003-ին, ԱՄՆ-ը խելամտորեն պիտի հրաժարվեր ներխուժումից: Երբ Ռուսաստանը, որ ԱԽ մշտական անդամ է վետոյի իրավունքով, դեմ էր Սիրիայի նախագահ Բաշար Ասադի պաշտոնանկության ԱՄՆ պահանջին, ԱՄՆ-ը խելամտորեն պիտի հրաժարվեր նրան գահընկեց անելու գաղտնի գործողություններից: Իսկ հիմա ամբողջ ԱԽ-ն կմիավորվի գլոբալ (բայց ոչ ԱՄՆ-ի) ծրագրի շուրջ՝ ԻՊ-ի դեմ պայքարում:
Երրորդ՝ ԱՄՆ-ը և Եվրոպան պետք է ընդունեն փաստը, որ ժողովրդավարությունը Մերձավոր Արևելքում ընտրություններում բերելու է բազում իսլամական հաղթանակներ: Իսլամիստական ընտրված շատ իշխանություններ կձախողվեն, ինչպես այլ նվազ արդյունավետ կառավարություններ: Նրանք տանուլ կտան հաջորդ ընրությունները կամ տեղական գեներալները փողոցում նրանցից կվեցնեն իշխանությունը: Բայց Անգլիայի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի բազում փորձերը բոլոր իսլամական կառավարությունները առանց իշխանության թողնելու՝ միայն արգելակում են քաղաքական հասունացումը տարածաշրջանում, հետևաբար հաջողություն չեն ունենալու և չեն ապահովելու երկարաժամկետ արդյունքներ:
Չորրորդ՝ Սախելից մինչև Հյուսիսային Աֆրիկա ու Մերձավոր Արևելքից մինչև Կենտրոնական Ասիա, ղեկավարները պետք է ընդունեն, որ առավել կարևոր պրոբլեմը, որին բախվում է այսօր իսլամական աշխարհը, կրթության որակն է: Տարածաշրջանը խիստ հետ է մնում իր գործընկերներից միջին կենսամակարդակով՝ գիտության, մաթեմատիկայի, ինովացիաների, ձեռներեցության, փոքր բիզնեսի զարգացման և (այդ պատճառով) աշխատատեղերի ստեղծման հարցում: Առանց բարձրորակ կրթության քիչ շանսեր կան տնտեսական բարգավաճման ու քաղաքական կայունության համար՝ որտեղ էլ լինի: Վերջապես՝ տարածաշրջանը պետք է լուծի իր բացառիկ խոցելիության հարցը շրջակա միջավայրի դեգրադացիայի առաջ և չափազանց կախումը ածխաջրածիններից, հատկապես ցածրածխաջրածնային էներգետիկայի համաշխարհային անցման պայմաններում: Արևմտյան Աֆրիկայից մինչև Կենտրոնական Ասիա մուսուլմանական մեծամասնությամբ բնակեցված շրջանը աշխարհի մեծագույն երաշտային տարածքն է՝ 5000-մղոնանոց (8000 կմ) գոտիով, որտեղ ջրային ռեսուրսները դեֆիցիտ են, որն անապատանում է, բարձրանում է ջերմաստիճանը և չկա պարենային անվտանգություն:
Սրանք են Մերձավոր Արևելքի իրական մարտահրավերները: Սուննիների ու շիաների բախումները, Ասադի քաղաքական ճակատագիրը և հայեցակարգային բանավեճերը վճռականապես շատ ավելի կարճատև նշանակություն ունեն տարածաշրջանի համար, քան որակյալ կրթության, մասնագիտական հմտությունների, բարձրակարգ տեխնոլոգիաների ու կայուն զարգացման չբավարարվող պահանջը: Իսլամական աշխարհի խիզախ ու հեռատես մտածողները պետք է օգնեն իրենց հասարակություններին հասկանալ իրականությունը և ամբողջ աշխարհի բարի կամքի տեր մարդիկ պետք է օգնեն նրանց խաղաղ համագործակցությամբ ու վերջ դնեն պատերազմների ու մեքենայությունների կայսերական ոճին:
Ջեֆրի ՍԱՔՍ, Project Syndicate, ԱՄՆ


Հ.Գ. Պատմության ու ռոմանտիզմի սքանչելի համադրում է, չէ՞, ամեն ինչ ճիշտ է, ամեն ինչ՝ պատճառահետևանքային կապի մեջ ու տրամաբանական, բայց այնքան հեռավոր ապագային են վերաբերում արդյունքները: Թեպետ հասկանում ես, որ իրական ճանապարհը դա է: Իսկ ընդհանրապես, հարյուրամյակի այս սցենարը վերաբերում է ոչ միայն Մերձավոր Արևելքին, այլև՝ մեզ: Ինչպես մերձավորարևելյան պետությունները, մենք ևս Առաջին աշխարհամարտից հետո հայտնվեցինք նոր իրողության առաջ, իսկ սառը պատերազմի ավարտից հետո՝ նոր քաղաքական ու տնտեսական իրավիճակում, բայց երկու դեպքում էլ մեզ չթողեցին սեփական կամքով ապրել՝ սեփական սխալներն անել ու սովորել, թեկուզ հետ գնալ, բայց սեփական ճանապարհով՝ առաջընթացի համար: Իրավիճակը հաղթահարելու Ջեֆրի Սաքսի տարբերակները նույնքան վերաբերում են մեզ: Նման դեպքերում է ափսոսանք ծնվում, որ միտքն անմիջապես չի նյութականանում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1736

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ