«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

ՈՒժեղ Պուտինի թիկունքում Արևմուտքը տեսավ թույլ Ռուսաստան

ՈՒժեղ Պուտինի թիկունքում Արևմուտքը տեսավ թույլ Ռուսաստան
19.12.2015 | 12:14

Ամենամյա մամլո ասուլիսում նախագահը փորձում էր ռուսաստանցիներին համոզել, որ վատագույն ժամանակները տնտեսության մեջ անցել են, բայց դա հակասում է իրական տվյալներին: Պուտինը հետևում է ավտոկրատների մարտավարությանը՝ աղքատացած ժողովրդին պետք է արբեցնել հաղթանակներով: Թուլությունը կարող է ռուսներին խելահեղության մղել՝ գրում է Die Welt-ը՝ Արևմուտքին կոչ անելով՝ «ամեն ինչի պատրաստ լինել, թույլ չտալ, որ վախեցնեն ու բոլոր դռները բաց պահել»:
«Նախագահ Վլադիմիր Պուտինը վճռականորեն պաշտպանեց իր արտաքին քաղաքականությունը ամենամյա մամլո ասուլիսում և փորձեց ռուսաստանցիներին վստահեցնել, որ տնտեսական ճգնաժամի վատագույն ժամանակներն անցյալ են»,- գրում է The Wall Street Journal-ը:
Պուտինը լուրջ փոփոխութուններ չխոստացավ, որի կոչն էին անում որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ՝ փակելու համար բյուջեի ճեղքերը: Ռուսական տնտեսությունը այս տարի 3,7 % -ով կկրճատվի, և նորից կսկսի աճել 2016-ին՝ հայտարարեց Պուտինը, հենց վերականգնվի նավթի գինը: «Շատ մեծ է փոփոխականությունը,- ասաց Պուտինը նավթի գնի վերաբերյալ,-մենք չենք շտապի վերահաշվարկել և փոփոխել բյուջեն, որովհետև դրան կհետևի ֆինանսավորման ծավալի, սոցիալական ծախսերի և ռեալ սեկտորի կրճատում»: Պուտինը հատկապես փորձում էր հանգստացնել ռուսաստանցիներին կենսամակարդակի անկման պատճառով, սակայն «հինգշաբթի հրապարակված տվյալները վկայում են ապրանքաշրջանառության նվազումը, ներդրումների նվազման հետ դա հիմք է տալիս ենթադրել, որ ռեցեսիան շարունակվում է: Բնակչությունը վնասներ է կրում երկնիշ ինֆլյացիայից ու ռուբլու անկումից: Հարցումը ցույց է տվել, որ նոյեմբերին 58 %-ի է հասել ռուսաստանցիների թիվը, որ հարկադրված են տնտեսել սննդի ծախսերը, անցյալ տարվա դեկտեմբերի 37 % -ի համեմատ: ING-ի գլխավոր տնտեսագետ Դմիտրի Պոլևոյի խոսքով՝ «տնտեսության մասին Պուտինի հայտարարությունների համեմատաբար լավատեսական տոնը նկատելիորեն հակասում է իրական տվյալներին»: Պուտինը «առանց պատասխանելու կոնկրետ մեղադրանքներին՝ շրջանցեց վերջին սկանդալները»՝ այդ թվում սպորտում՝ դոպինգի և էլիտայի որդիների վերաբերյալ:
Պատասխանելով ՈՒկրաինայի արևելքում կոնֆլիկտի մեջ Ռուսաստանի դերի մասին հարցին՝ Պուտինը կարծես ընդունեց այնտեղ ռազմական գործողություններին մասնակցության ինչ-որ մակարդակ: «Մենք երբեք չենք ասել, որ այնտեղ չկան մարդիկ, որ զբաղվում են ռազմական ոլորտում որոշակի հարցերի լուծմամբ, բայց դա չի նշանակում, որ այնտեղ կա ռուսական կանոնավոր բանակ, զգացեք տարբերությունը»՝ ասաց Պուտինը: Նա հավելեց, որ երկու երկրներն էլ պետք է պայմանավորվեն գերիների փոխանակման մասին:
Հինգշաբթի օրվա մամլո մեծ ասուլիսում նախագահ Պուտինը «երկար տարիների մեջ՝ առաջին անգամ առավելագույնս հստակ ցույց տվեց, որ աշխարհը բաժանում է մի կողմից բարեկամների ու հավատարիմ դաշնակիցների, մյուս կողմից՝ թշնամիների»՝ Bloomberg View-ում գրում է Լեոնիդ Բերշիդսկին:
«Չայկան, Կադիրովը, Ռոտենբերգը՝ նրանք անխախտ հավատարիմ են Պուտինին և նա չի պատրաստվում նրանց դավաճանել»,- գրում է հեղինակը: Միևնույն ժամանակ Պուտինը միշտ պատրաստ է հավատալ իր թշնամիների մասին վատագույն տեղեկություններին՝ «Թշնամիները թույլատրված թիրախ են հարձակումների համար»: «Պուտինը բավականին անտարբեր է նրանց նկատմամբ, ովքեր ոչ բարեկամ են, ոչ թշնամի: Գուցե դրանով է բացատրվում, որ նա շատ ազատ է վարվում փաստերի հետ՝ իր գործողություններին դրական փայլ հաղորդելու համար և այդքան հեշտությամբ մի կողմ է նետում բացասականը: Պուտինը մի քանի ամիս հերքում էր ռուսական զորքերի մասնակցությունը անցյալ տարի Ղրիմը ՈՒկրաինայից անջատելուն, իսկ հետո հպարտորեն հայտարարեց, որ ինքն է ծրագրել այդ գործողությունը և հրամայել է դեսանտայիններին Ղրիմ ուղևորվել»:
«Պուտինն առանց չնչին խղճի խայթի ապատեղեկատվություն է հաղորդում մարդկանց, որ նրա համար շատ քիչ նշանակություն ունեն, կամ խոստովանում է, որ սխալ տեղեկություններ է տվել, երբ իրեն հարմար է»: Այդ պատճառով Տրամպը շատ չպիտի հրճվի, որ Պուտինն իրեն գովել է:
«Պուտինին թվում է, որ ամեն ինչ անձնապես իրեն է վերաբերում, գուցե դա նրա մեծագույն թուլությունն է: Հավատարմությունը բարեկամներին նրան ստիպում է պահպանել կոռումպացված համակարգը, որը հիմա ռուսաստանցիներին կարող է սանձած պահել միայն ուժով»: «Նրա անչափելի ատելությունը թշնամիների նկատմամբ շարունակելու է տնտեսական խնդիրներ հարուցել և խոչընդոտել միջազգային ասպարեզում նպատակներին հասնելուն»՝ կանխատեսում է Լեոնիդ Բերշիդսկին:
Մամլո ասուլիսում «Վլադիմիր Պուտինը իրեն ձևացնում էր ուժեղ ղեկավար, բայց այդպիսին չէ»՝ կարծում է Die Welt-ի մեկնաբան Ժակ Շուստերը: «Պուտինը այս մեծ ներկայացման գլխավոր դերակատարն է: Նրա դեմքը՝ հարթ, ձիգ, վարդագույն, մոմե է թվում: Այդ դիմակը պատրաստում են Կրեմլի կոսմետիկ խոհանոցում: Երբեմն նա թողնում է մտածկոտ կամ ռազմատենչ մարդու տպավորություն, բայց դա միայն դիմակ է»: Պուտինը գիտի, որ «ընտրողները ցանկանում են Կրեմլի տիրոջը տեսնել զորավարի կերպարում և այդպես էլ պահում է իրեն՝ մոռանալով, որ ուժեղ իշխանությունն իրեն հանդարտ է պահում՝ աղմկում են միայն թույլերը»:
«Ռուսաստանը 2015-ին բավականին թույլ երկիր էր,- շարունակում է Ժակ Շուստերը,- նավթի գինը մոտենում է վտանգավոր (ինչպես ԽՍՀՄ-ի փլուզման տարիներին) սահմանին՝ 36 դոլար բարելի դիմաց և վստահություն չկա, որ, ինչպես Պուտինն ասաց, հաջորդ տարի կդառնա 50 դոլար»: Քանի որ Պուտինը հիմա ի վիճակի չէ ընտրություններին նվերներ անել, նա շեշտը դնում է արտաքին քաղաքականության վրա և դա լիովին համապատասխանում է «ավտոկրատների մարտավարությանը՝ աղքատացած ժողովրդին պետք է արբեցնել հաղթանակներով»: Բայց հաղթանակներն այնքան էլ համոզիչ չեն՝ «Եվրոպայում Ռուսաստանը մեկուսացած է, Վաշինգտոնը լուրջ չի ընդունում, ՈՒկրաինան Մոսկվայի վարքագծի պատճառով՝ Ռուսաստանին թշնամացել է երկար ժամանակով, իսկ ռազմական գործողությունները միլիարդավոր ռուբլիներ են խժռում, որոնք չկան»: Սիրիայում Ռուսաստանը «կարող է խեղդվել՝ այդպես էլ հաջողության չհասնելով», իսկ այդ ժամանակ Չինաստանը նրանից կվերցնի «ամերիկացիների գլխավոր թշնամու սիրելի դերը»:
«Ռուսաստանը թույլ է, բայց այդ թուլությունը վախեցնում է՝ կարող է խելահեղության մղել ռուսներին,- գրում է Ժակ Շուսերը:- Ի՞նչ է դա նշանակում Արևմուտքի համար: Միաժամանակ՝ և վախ, և լիցքաթափում»: Արևմուտքը պետք է ամեն ինչի պատրաստ լինի՝ թույլ չտա վախեցնել և բաց պահի բոլոր դռները, որպեսզի ցանկացած պահի հնարավոր լինի վերսկսել բանակցությունները»:
Ծավալուն մամլո ասուլիսը թույլ է տալիս Պուտինին «պատնեշների խորտակման տպավորություն ստեղծել իր և իր հեռավոր հեռուստադիտողների միջև ու ցուցադրել որ ինքը, ակներևաբար, վերահսկում է Ռուսաստանի բոլոր պրոբլեմները»՝ գրում է The Christian Science Monitor-ի մեկնաբան Ֆրեդ ՈՒեյրը:
«Պուտինի ելույթը տպավորիչ էր,- կարծում է Նիկոլայ Սվանիձեն,- Ռուսաստանում տարածված խոսք է, որ մշտական պայքար է մղվում հեռուստացույցի ու սառնարանի միջև: Պուտինն այդ խաղում կարողանում է ապահովել հեռուստացույցի հաղթանակը»:
«Այս տարի այդ խնդիրը հաջողությամբ լուծելն ավելի կարևոր էր, քան երբևէ: Ռուսաստանը երկրորդ տարին տնտեսական խոր անկման մեջ է, ներքաշվել է Սիրիայի քաղաքացիական պատերազմի մեջ, քստմնելի բանակռվի մեջ է մտել իր նախկին գործընկեր Թուրքիայի հետ և մի քանի տարվա մեջ առաջին անգամ բախվել է ահաբեկչության սպառնալիքին»՝ նշում է ՈՒեյրը՝ հիշեցնելով «արևմտյան պատժամիջոցների պատը»:
«Ընդհանրապես ու մասնավորապես, փորձագետների կարծիքով, այս տարի Պուտինը իր խնդիրը վատ չլուծեց, թեպետ նա հարկադրված էր ավելի բաց պաշտպանվել՝ անցյալ հեռուստամարաթոնների համեմատությամբ»:
«Նա լավագույն մարզավիճակում չէր, - կարծում է քաղաքագետ Գլեբ Պավլովսկին,- նա առաջվա նման կենտրոնացած չէր: Նա հաճախ էր խուսանավում՝ «մենք դա կքննարկենք» կամ «մենք կմտածենք այդ մասին» ասելով: Նրա պատասխանները չափազանց կանխատեսելի էին»:
Ադամ Թեյլորը The Washington Post-ում մեկնաբանում է Պուտինի պատասխաններից մեկը՝ ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Տրամպի վերաբերյալ:
«Թերևս զարմանալի չէ, որ Պուտինը աջակցում է Դոնալդ Տրամպին: Ամերիկացի միլիարդատերը հիացած է Պուտինով, երկուսն էլ միատեսակ քաղաքական ոճի մեջ են, որը արտահատվում է վիրավորանքներով ու ուժի ցուցադրության այլ ձևերով: Պուտինի ոչ պաշտոնական հայտարարությունը Տրամպին աջակցելու մասին ամերիկացի ընտրողը կարող է միանշանակ չընդունել»՝ կարծում է լրագրողը:
«Վերջին մի քանի տարիներին միջազգային ասպարեզում Պուտինը պարիա է դարձել: Երկու կուսակցությունների հիմնական քաղաքական գործիչներից հազիվ թե որևէ մեկը նրա համար բարի խոսքեր գտնի: Օրինակ, Հանրապետական կուսակցության թեկնածու Մարիո Ռուբիոն նրան գանգստեր է համարում:
Սակայն ամերիկացի ընտրողին ընդհանրապես հետաքրքրո՞ւմ են այլ երկրների ղեկավարների կարծիքները: 2004-ին Պուտինը աջակցում էր Ջորջ Բուշին, 2012-ին՝ Բարաք Օբամային (երկուսն էլ հաղթեցին): Կիմ Չեն Իրը 2004-ի ընտրություններին պաշտպանում էր Ջոն Քերիին (նա պարտվեց), իսկ ՈՒգո Չավեսը և Մուամար Քադաֆին Օբամայի կողմից էին:
Inopressa


Հ.Գ. Նկատեցի՞ք, որ արևմտյան մամուլից արված ռուսական դայջեստում ոչ մի բառ չկա ռուս-թուրքական հարաբերությունների ու Անկարայի հասցեին Պուտինի անվայելուչ հայտարարությունների մասին, համարյա անդրադարձ չկա Սիրիայի թեմային: Իսկ դա նշանակում է՝ կամ ռուսները երկար ժամանակով փակված են համարում թուրքական թեման, կամ՝ չեն ուզում առավել սրել: Իսկ ընդհանրապես՝ Պուտինը երևի ոչ մի մամլո ասուլիսում այդքան չէր հազացել, որքան այս հինգշաբթի: Նրա կոկորդը պարզապես քերծվում էր խոսելիս, իսկ բառերը շարում էր հոգնած, անկյանք ու կանխատեսելի: ՈՒ քանի դեռ նա խոսում էր, ՌԴ վարչապետը Չինաստանում էր ու համաձայնագրեր էր կնքում, բայց Պուտինը Մեդվեդևի մասին ոչինչ չասաց, միայն այն, որ կառավարության պատասխանատուն ևս ինքն է ու ինքը չի պատրաստվում փոփոխություններ անել:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2076

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ